Հին խնդիրներ, նոր լուծումներ. Հայաստանի նորարարական ոլորտի զարգացումները 2018 թվականին
Հին խնդիրներ, նոր լուծումներ. Հայաստանի նորարարական ոլորտի զարգացումները 2018 թվականին
Նորարարական գործունեությունը երկարաժամկետ տնտեսական աճի և մրցունակության շարժիչ ուժն է: Գիտությունն ու տեխնոլոգիան առանցքային ռեսուրս են սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար:
Իսկ ի՞նչն է դարձնում երկիրը նորարարական: Նորարարական համակարգի բազմաթիվ տարրեր չափելի չեն, ուստի դրանց ուսումնասիրման և արդյունավետ պետական քաղաքականության մշակման համար անհրաժեշտ է համալիր գնահատում: Երկրների նորարարական ներուժի առավել հայտնի և մասշտաբային ուսումնասիրություն է Նորարարությունների գլոբալ ինդեքս զեկույցը, որի շրջանակներում իրականացվում է երկրների նորարարական զարգացման համադրելի գնահատում: 2018 թ. ուսումնասիրվել է 126 երկրների նորարարական գործունեությունը 80 ցուցանիշների հիման վրա:
Երկրի ընդհանուր միավորը հաշվարկվում է որպես նորարարությունների վրա կատարվող ծախսերի և ձեռք բերված գործնական արդյունքների միջին ցուցանիշ: Նորարարությունների վրա կատարվող ծախսերը ներառում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են մարդկային կապիտալը և հետազոտությունները, ենթակառուցվածքները, գործարարության և շուկայի զարգացման մակարդակը: Նորարարական գործունեության արդյունքներին են վերաբերում տեխնոլոգիաների, գիտելիքի ստեղծումն ու ստեղծագործական արդյունքը:
Համաձայն Գլոբալ նորարարությունների ինդեքս 2018 զեկույցի՝ վարկանիշավորումը գլխավորում են Շվեյցարիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Միացյալ Թագավորությունը և Սինգապուրը:
Աղյուսակ 1.
Գլոբալ նորարարությունների ինդեքս-2017
* 126 երկրների շարքում
** 127 երկրների շարքում
2018 թ. Հայաստանը զբաղեցրել է 68-րդ հորիզոնականը՝ նահանջելով միանգամից 9 հորիզոնականով: ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանը զիջում է միայն Ռուսաստանին: Ռուսաստանը զբաղեցնում է 46-րդ տեղը, Ղազախստանը՝ 74-րդ, Բելառուսը՝ 86-րդ, Ղրղզստանը՝ 94-րդ հորիզոնականը: Եթե նախորդ տարի Հայաստանը տարածաշրջանի երկրներից զիջում էր միայն Թուրքիային, ապա 2018 ցուցանիշով հետ է մնում նաև Վրաստանից և Իրանից:
Նորարարությունների վրա կատարվող ռեսուրսների ծախսի և արդյունքների հարաբերակցությամբ որոշվում է նորարարությունների արդյունավետության գործակիցը: Նորարարությունների վրա կատարվող ծախսերի ցուցանիշով Հայաստանը զիջում է հարևան և ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներին, ստացված արդյունքներով հետ է մնում միայն Իրանից: Արդյունքում, նորարարությունների արդյունավետության ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 15-րդ տեղը աշխարհի 126 երկրների շարքում՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքերը 2 հորիզոնականով, ինչը ենթադրում է, որ ցածր ռեսուրսապահովածության պայմաններում Հայաստանը ապահովում է նորարարական գործունեության բարձր արդյունքներ: Համեմատության համար նշենք, որ նորարարական գործունեության արդյունավետությամբ Սինգապուրը զբաղեցնում է 63-րդ տեղը:
Որպեսզի հասկանանք՝ ինչով է պայմանավորված ՀՀ դիրքի անկումը 2018 թվականին, վերլուծենք ՀՀ դիրքը ԳՆԻ-ում առավել մանրամասն:
Ինչպես երևում է աղյուսակ 2-ի տվյալներից, Հայաստանի դիրքի անկում նկատվել է բոլոր 7 խմբերում, առավել մեծ անկում գրանցվել է շուկայի զարգացում (-35), գիտելիքի և տեխնոլոգիաների ստեղծում (-12), մարդկային կապիտալ և հետազոտություններ (-7) խմբերում:
Աղյուսակ 2
ԳՆԻ մի շարք ցուցանիշների գծով Հայաստանի դիրքերի դինամիկան***
Զգալիորեն վատթարացել է Հայաստանի դիրքը վարկ ստանալու դյուրինություն ցուցանիշի գծով, որը ավանդաբար համարվում է ՆԳԻ-ում ՀՀ ուժեղ կողմը: Նվազել են նաև միկրոֆինանսավորման ծավալները:
Ընդհանուր ենթակառուցվածքների վիճակը շարունակում է մնալ ՀՀ տնտեսության նորարարական զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը (113-րդ տեղ 126 երկրների շարքում):
Հայաստանի նորարարական համակարգի ամենաթույլ կողմը մարդկային կապիտալ և հետազոտություններ խումբն է (110-րդ տեղ): Դրա հիմնական պատճառը կրթության և գիտության պետական ֆինանսավորման անբավարար ծավալներն են: Մասնավորապես, կրթության վրա կատարվող պետական ծախսերը կազմում է ՀՆԱ 2.8 %, այս ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 107-րդ տեղը 126 երկրների շարքում: Հետազոտությունների և մշակումների վրա կատարվող պետական ծախսերը կազմում են ՀՆԱ 0.2 % (86-րդ տեղ): Թերևս կրթության և գիտության ոչ բավարար ֆինանսավորումն է պատճառը, որ տարեցտարի նվազում է գիտության և տեխնիկայի ոլորտի շրջանավարտների թիվը (2017 թ. բնական գիտությունների շրջանավարտների թիվը կազմել է շրջանավարտների ընդհանուր թվի 14.1 %-ը, 2018 թ.՝ 11.3 %-ը):
Չնայած գիտության վրա կատարվող ծախսերի անբավարար մակարդակին՝ գիտելիքի ստեղծման ցուցանիշներով Հայաստանը աշխարհում առաջատարներից մեկն է: Մասնավորապես, գիտական և տեխնիկական հոդվածների ցուցանիշով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 15-րդ տեղը, ՏՏ ծառայությունների արտահանմամբ՝ 18-րդ տեղը: Թույլ է գիտելիքի ազդեցությունը տնտեսության վրա (106-րդ տեղ), ինչը մեր կարծիքով մեծապես պայմանավորված է բուհ/գործարար ոլորտ համագործակցության ցածր մակարդակով (85-րդ տեղ):
Գծ. 1 Նորարարությունների որակը
Վարկանիշային զեկույցում 2013 թվականից սկսած նորարարությունների որակի (quality of innovation) գնահատման համար ներմուծվել են 3 ցուցանիշներ՝
· ազգային 3 լավագույն համալսարանների միջին միավորը QS համալսարանների վարկանիշավորման համակարգում,
· տեղական գյուտերի՝ միջազգային շուկա դուրսբերում,
· Հիրշի ինդեքսը ցիտվող հոդվածների համար:
Նորարարությունների որակի ցուցանիշը հաշվարկվում է որպես վերոնշյալ երեք ցուցանիշների հանրագումար (առավելագույնը 300 միավոր): Հայաստանը զբաղեցնում է 83-րդ տեղը, մյուս երկրներից զգալիորեն հետ է մնում համալսարանների համաշխարհային վարկանիշավորման ցուցանիշով: ՀՀ որևէ համալսարան ընդգրկված չէ QS վարկանիշավորման համակարգում:
Այսպիսով, ՀՀ տեխնոլոգիական զարգացման հիմնական խոչընդոտը շարունակում է մնալ ենթակառուցվածքների վիճակը: Կրթության և գիտության անբավարար ֆինանսավորման պայմաններում Հայաստանն ապահովում է գիտական գործունեության բարձր արդյունք: Միաժամանակ, ցածր է գիտելիքի ազդեցությունը տնտեսության վրա՝ պայմանավորված բուհ/գործարար ոլորտ համագործակցության ցածր մակարդակով: Անհրաժեշտ է կենտրոնանալ կրթության ոլորտի բարեփոխումների, համալսարանների հետազոտական հնարավորությունների և գործարար ոլորտի հետ համագորգծակցության զարգացման վրա, ինչը թույլ կտա մրցակցել արագ փոփոխվող ժամանակակից գլոբալ տնտեսությունում: