ՀՀ ներքին ներդրումային միջավայրի արձագանքը քաղաքական անորոշությանը

Հայկազ Արամյան
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի
հրավիրյալ փորձագետ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից 2018թ. առաջին կիսամյակի իրական հատվածում կատարված օտարերկյա ներդրումների հրապարակումից ի վեր վերլուծականները ակտիվորեն քննարկում են օտարերկյա ուղղակի ներդրումների ներհոսքի կրճատումն ու պատճառները՝ արդարացիորեն այն վերագրելով քաղաքական իրավիճակով պայմանավորված անորոշությանը։ Մասնավորապես նշվում է, որ 2017թ. նույն եռամսյակների համեմատ ընդհանուր ներդրումներն աճել են, իսկ ուղղակի ներդրումները նվազել, ինչն էլ թերևս կապված է Ամուլսարի ծրագրի փաստացի դադարեցմամբ[1]։

Գծապատկեր 1. Ընդամենը և ուղղակի ներդրումների դինամիկան

Ինչպես տեսնում ենք, բացի այն, որ ուղղակի ներդրումները (ստացումները) նվազել են նախորդ տարվա եռամսյակների համեմատ, և ընդհանուր և ուղղակի ներդրումները 2018թ. երկրորդ եռամսյակին նվազել են նաև նույն տարվա առաջին եռամսյակի նկատմամբ, համապատասխանաբար 17%-ով և 59%-ով։
Ամենևին էլ նպատակ չունենալով վերլուծել Օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերն ու դրանց պատճառները և հիմնվելով այդ թեմայով արդեն իսկ կատարված վերլուծությունների վրա, փորձենք գնահատել, թե ինչպես են փոփոխվել ներքին, այն է՝ հայաստանյան ֆինանսական շուկայի մասնակիցերի կողմից իրականացվող ներդրումների մեծությունները։ Քանզի, կարծում ենք, որ ներքին ներդրումները անորոշության հաղթահարման կարևոր գործոն են հանդիսանում և այդտեղ կուտակված ՀՀ տնտեսության նկատմամբ վստահության պաշարը կարող է խթան հանդիսանալ օտարերկյա ներդրումների ներհոսքի համար։
Դիտարկելով ՀՀ առևտրային բանկերի վարկային պորտֆելի դինամիկան 2018թ. մարտ - օգոստոս ամիսներին՝ կարող ենք նշել, որ չնայած վարկային պորտֆելը գրեթե չի փոխվել, բայց էականորեն նվազել է տրամադրվող վարկերի աճը։

Գծապատկեր 2. Առևտրային բանկերի վարկային պորտֆելի դինամիկան

Այսպես, դիտարկվող ժամանակաշրջանում Տնային տնտեսություններին տրամադրվող վարկային պորտֆելը շարունակ, չնայած աննկատ, աճել է, իսկ Ձեռնարկություններին տրամադրվող վարկային պորտֆելը 1%-ով նվազել է Հուլիս ամսին՝ գրեթե ամբողջությամբ վերականգնվելով հաջորդ ամսվա ընթացքում։
Այս ցուցանիշները վերլուծելիս, առաջին հայացքից թվում է, որ քաղաքական և հետևաբար նաև տնտեսական անորոշությունը որևէ կերպ չի ազդել առևտրային բանկերի կողմից վարկավորման ծավալներին։ Սակայն, երբ դիտարկում ենք Ընդամենը վարկերի աճը նախորդ ամիսների նկատմամբ, ակնհայտ է դառնում, որ մայիս ամսից ի վեր բանկային վարկավորման աճի տեմպը նվազել է (աճի մեծության անկումը օգոստոս ամսին մայիս ամսվա նկատմամբ կազմել է շուրջ 64%), ինչը թերևս, փաստում է այն մասին, որ չնայած նրան, որ վարկային պորտֆելներ չեն նվազել, առևտային բանկերը էական զգուշավորություն են ցուցաբերել նոր վարկեր տրամադրելիս։
Ընդ որում, վարկավորման ծավալների ոլորտային կառուցվածքի և աճի մեծությունների հաշվարկի վերլուծությունն էլ ցույց է տալիս, որ ամենամեծ անկումները դիտարկվել են շինարարություն` ապրիլ – մայիս ամիսներին նվազել է շուրջ 6%-ով, և առևտուր՝ հունիս ամսին նվազել է շուրջ 2%-ով, ոլորտներին ուղղված վարկային պորտֆելներում։
Անդրադառնալով առավել երկարաժամկետ ներդրումային հորիզոն ունեցող շուկայական ինստիտուտների՝ կենսաթոշակային ֆոնդերի կողմից իրականացված ներդրումներին՝ նշենք, որ վերջիններիս ներդրումային քաղաքականության վրա քաղաքական անորոշությունը ազդել է միայն կարճաժամկետ ներդրումային հորիզոնում, իսկ երկրարաժամկետում հորիզոնոմ, կենսաթոշակային ֆոնդերը, թերևս չեն արձագանքել քաղաքական դրսևորումներին։

Գծապատկեր 3. Կենսաթոշակային ֆոնդերի ներդրումների դինամիկան

Վերը բերված եզրակացությունը հստակ բացատրվում է կենսաթոշակային ֆոնդերի պորտֆելների կառուցվածքի վերլուծությունից։ Մասնավորապես պետական պարտատոմսերում ներդրումները, որը համարվում է կենսաթոշակային ֆոնդերի ամենաերկարաժամկետ ներդրումային ակտիվը, դիտարկվող ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում աճել են, մինչդեռ առավել կարճաժամկետ ակտիվ համարվող ավանդների ծավալները ապրիլ ամսվա ընթացքում նվազել են 10%-ով։ Փոխարենը ապրիլ-մայիս ամիսներին շուրջ 20%-ով աճել են (ինչը մասամբ գործիքների շուկայական արժեքների աճի հաշվին է) կենսաթոշակային ֆոնդերի ներդրումները բաժնային գործիքներում, որոնք բացառապես ներդրված են միջազգային շուկաներում։
Դիտարկելով ներդրումային ընկերությունների ներդրումների դինամիկան կորող ենք նշել, որ 2018թ. երկրորդ և երրորդ եռամսյակներում նվազել են ավանդներում իրականացվող ներդրումները, իսկ արժեթղթերում ներդրումները նվազել են միայն երրորդ եռամսյակի ընթացքում։

Գծապատկեր 4. Ներդրումային ընկերություննների ներդրումների դինամիկան

2018 թ. առաջին եռամսյակում ներդրումային ընկերությունների ներդրումները ավանդներում նվազել են 4.6, հաջորդ եռամսյակում՝ 5.5 տոկոսով։ Անկումը, թերևս, առաջին հայացքից կարող է կապված լինել տնտեսական անորոշությամբ, սակայն հաշվի առնելով վերջիններիս խիստ ցածր տեսակարար կշիռը ներդրումային ընկերությունների ընդհանուր ներդրումներում (2.7%-3% դիտարկվող ժամանակաշրջանում), ավելի շատ այն կապված է ներդրումային ընկերութունների ներդրումային քաղաքականության առանձնահատկություններով[2], քան առկա տնտեսաքաղաքական անորոշությամբ։
Ինչ վերաբերում է ներդրումային ընկերությունների արժեթղթերում ներդրումներին, ապա այն առաջին եռամսյակում աճել է 3.31, երկրորդ եռամսյակում նվազել՝ 8.30 տոկոսով։ Անկումը պայմանավորված է պարտատոմսերի տոկոսադրույքների անկմամբ, ինչը պարտատոմսերի վաճառքի շահավետ պայմաններ է ստեղծում ներդրումային ընկերությունների համար և ըստ երևույթին, չի պայմանավորվել տնտեսակաքաղաքական անորոշությամբ։
Ապահովագրական ընկերությունների ներդրումների կառուցվածքի ու դինամիկայի փոփոխության վերլուծությունը ևս ցույց է տալիս վերջիններիս ներդրումային որոշումների կայացման վրա տնտեսաքաղաքական անորոշության ազդեցության բացակայությունը։

Գծապատկեր 5. Ապահովագրական ընկերությւոնների ներդրումների դինամիկան

Մասնավորապես, առաջին և երկրորդ եռամսյակների ընթացքում համապատասխանաբար 0.06% և 1.67%-ով աճել են ապահովագրական ընկերությունների ներդրումները ավանդներում։ 2018թ․երկրորդ եռամսյակում շուրջ 4%-ով աճել է նաև ապահովագրական ընկերությունների կողմից արժեթղթերում կատարված ներդրումները։
Ընդհանրացնելով նշենք, որ տնտեսաքաղական անորոշությունը գրեթե չի ազդել Հայաստանյան ինստիտուցիոնալ ներդրողների ներդրումային որոշումների և ծավալների վրա, ինչը դրսևորվել է վերջիններիս ներդրումներում։ Մասնավորապես ներդրումային և ապահովագրական ընկերությունների գործուներությունը չի ուղղորդվել տնտեսաքաղական անորոշությամբ, իսկ կենսաթոշակային ֆոնդերը միայն կարճաժամկետ ներդրումային հորիզոնում են արձագանքել անորոշությանը։ Որոշակի զգուշավորություն է նկատվում միայն առևտրային բանկերի կողմից նոր վարկեր տրամադրելիս, չնայած նրան, որ վերջիններիս վարկային պորտֆելները շարունակում են աճել։
Այպիսով կարելի է նշել, որ ՀՀ ֆինանսական շուկայի ինստիտուտների մոտ առկա է ՀՀ տնտեսական զարգացման նկատմամբ զգալի վստահության պաշար, ինչը առաջիկայում օտարերկրյա ներդրումների ներգրավման կարևոր գրավական կարող է հանդիսանալ։

Հոկտեմբեր 2018

[1] http://b4b.am/archives/news/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6-%D5%A5%D5%B6-%D5%AD%D5%B8%D5%BD%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B6%D5%A5%D6%80%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-
[2] Ներդրումային ընկերությունների ավանդային ներդրումները գերազանցապես ներդրումներ են բանկերի ընթացիկ հաշիվներում (որտեղից կատարվում են ներդրումները արժեթղթերում) և ունեն խիստ կարճաժամկետ բնույթ։