Խելացի քաղաքների դերը զբոսաշրջության զարգացման մեջ
Խելացի քաղաքների դերը զբոսաշրջության զարգացման մեջ
«Խելացի քաղաքը» (Smart city) ենթադրում է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների միավորում քաղաքային սեփականության կառավարման համար: Քաղաքի ակտիվները ներառում են դպրոցները, գրադարանները, թանգարանները, տրանսպորտը, հիվանդանոցները, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը, էլեկտրակայանները, իրավապահ մարմինները և այլ հասարակական ծառայություններ: Խելացի քաղաք ստեղծելու հիմնական նպատակը տեխնոլոգիաների լայնամասշտաբ կիրառմամբ քաղաքացիների սպասարկման արդյունավետության բարձրացումն է, նրանց պահանջմունքների բավարարումը, կյանքի որակի բարելավումը:
Տեխնոլոգիաների և կապի ռուսական գիտահետազոտական ինստիտուտը մշակել է խելացի քաղաքների հիմնական ցուցիչները.
- Խելացի տնտեսություն, որը ներառում է քաղաքային ենթակառուցվածքի զարգացվածության մակարդակը գիտական և նորամուծական գործունեության համար; տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում գործունեության զարգացման մակարդակը; բնակության վայրերի՝ համացանցով ամրագրման համակարգերի զարգացման մակարդակը,
- խելացի կառավարում, որը ներառում է քաղաքի կառավարման տեղեկատվական-հաղորդակցային համակարգի զարգացման մակարդակը; քաղաքային իշխանության տեղեկատվական բացության աստիճանը; քաղաքի կառավարմանը քաղաքացիների մասնակցության մակարդակը; քաղաքի կառավարման պաշտոնական ինտերնետային հարթակներ այցելության մակարդակը; ռազմավարական կառավարման փաստաթղթերի զարգացման մակարդակը,
- խելացի բնակիչներ, որը ներառում է քաղաքում աշխատաշուկայի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության մակարդակը; համացանցի օգտատերերի ակտիվության մակարդակը; սովորողների էլեկտրոնային քարտերի զարգացման մակարդակը,
- խելացի տեխնոլոգիաներ, որը ներառում է անլար անվճար ցանցերի, բջջային ցանցի հասանելիության զարգացման մակարդակը; հեռահաղորդակցման ծառայությունների համար կապի ցանցերի զարգացման մակարդակը; հասարակական տրանսպորտում անվճար անլար ինտերնետի հասանելիության զարգացման մակարդակը,
- խելացի միջավայր, որը ներառում է բնակիչների և քաղաքի իշխանությունների ակտիվության մակարդակը անօրինական թափոնների լիկվիդացիայի գործում; էկոլոգիական անվտանգության սպառնալիքների զգուշացման և մոնիթորինգի համակարգերի զարգացման մակարդակը,
- խելացի ենթակառուցվածք, որը ներառում է ճանապարհատրանսպորտային կանոնների խախտման ավտոմատ ֆիքսման համակարգի, քաղաքում ավտոմեքենաների վարձակալման ծառայությունների, հասարակական տրանսպորտի օնլայն մոնիթորինգի ծառայությունների, տաքսիների օնլայն որոնման, կանչի և վճարման ծառայությունների, էլեկտրական մեքենաների համար լիցքավորման կայանների ցանցի, քաղաքաշինության կառավարման տեղեկատվական համակարգերի զարգացման մակարդակը,
- խելացի ֆինանսներ, որը ներառում է բանկային ինքնասպասարկման համակարգերի, ճանապարհորդության անկանխիկ վճարման համակարգերի զարգացման մակարդակը, պետական գնումների թափանցիկության մակարդակը:
Այսօր աշխարհում ավելի քան 2500 քաղաք իրականացնում են խելացի քաղաքի հայեցակարգը: Մի շարք քաղաքներ ներդնում են ինովացիոն էկոհամակարգեր: Պետական ծառայություններն անցնում են էլեկտրոնային հաղորդակցության, կոմունալ ծառայությունները թվայնացվում են, ներդրվում են կառավարման ավտոմատացված համակարգեր: Խոշոր քաղաքներում ամենապահանջված նորամուծություններից է «խելացի» փողոցային երթևեկության և հասարակական տրանսպորտի մշակումը:
Ըստ IDC խորհրդատվական ընկերության տվյալների՝ 2018թ. «խելացի քաղաքի» տեխնոլոգիաների վրա աշխարհում կծախսվի 80 մլրդ դոլար, իսկ 2021թ. վաճառքների ծավալը կհասնի 135 մլրդ դոլարի: 2018թ. խելացի քաղաքներում ներդրումները կկազմեն 20 մլրդ դոլար:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 2050թ. աշխարհի բնակչության շուրջ 70%-ը կբնակվի քաղաքներում: Ուստի խիստ կարևոր է այնպիսի ռազմավարությունների մշակումը, որոնք կնպաստեն բնակչության պահանջմունքների արդյունավետ բավարարմանը: Խելացի քաղաքների առկայությունը թույլ կտա օպտիմալացնել ենթակառուցվածքները, ծառայությունների մատուցումը, խթանել տնտեսական, սոցիալական, բնապահպանական զարգացումը, և այլն:
Ըստ Juniper Research կազմակերպության վարկանշավորման՝ 2017թ. ամենախելացի քաղաքներ համարվել են Սինգապուրը, Լոնդոնը, Նյու Յորքը, Սան Ֆրանցիսկոն, Չիկագոն, Սեուլը, Բեռլինը, Տոկյոն, Բարսելոնը, Մելբուռնը:
2018թ. մարտի 1-ին ՀՀ կառավարության N8 արձանագրային որոշմամբ հաստատվեց «Խելացի քաղաք»-ի ստեղծման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ժամանակացույցը: Հայեցակարգի նպատակներն են՝ քաղաքի առջև ծառացած մարտահրավերների լուծում` հիմնված նորարարական մոտեցումների վրա; կայուն համաչափ քաղաքային զարգացման գործընթացի ապահովում; քաղաքացիների արդյունավետ մասնակցության ապահովում քաղաքի զարգացման և կառավարման գործընթացներին; տեղեկատվական և նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ դիմակայուն և անվտանգ միջավայրի ամրապնդում; տեղեկացվածության և իրազեկման մակարդակի բարձրացում; նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ քաղաքացիների կենսամակարդակի բարձրացում; տեխնոլոգիաների ներդրման և կիրառման փորձի փոխանակում; ՀՀ-ում «Խելացի քաղաք»-ների ձևավորման համար մոտեցումների մշակում:
Երևանի քաղաքապետարանում 2017թ. հուլիսի 13-ին ստեղծվել է «Երևան-Խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողով։ Հանձնաժողովի առաջին միջոցառումը Խելացի քաղաքների միջազգային գիտաժողովն է, որին կմասնակցեն 50 քույր–քաղաքների ներկայացուցիչներ։ Երկրորդ միջոցառումը «Երևան–Խելացի քաղաք» ցուցահանդեսն է, որի ժամանակ մասնավոր ընկերություններն ու պետական կառույցները կցուցադրեն իրենց լուծումները: Միջոցառումները կանցկացվեն սեպտեմբերի վերջին և նվիրված կլինեն Երևանի 2800-ամյակին։
«Խելացի քաղաք» ծրագրի հետ մեկտեղ մեկնարկել է «Ինժեներային քաղաք» նախագիծը, որի գլխավոր խնդիրը Հայաստանը ինժեներական և բարձր տեխնոլոգիական ապրանքներ և ծառայություններ արտահանող երկրի վերածելն է: Այն տեղակայված կլինի Բագրևանդի փողոցում և կզբաղեցնի 3 հա տարածք։ Քաղաքի ստեղծմանն ուղղված ներդրումները կկազմեն 21.2 միլիոն դոլար, որից 10.5 միլիոն դոլարը համաֆի-նանսավորումն է Համաշխարհային բանկի՝ «առևտրի և որակի ենթակառուցվածքի խթանման» վարկային ծրագրի շրջանակներում: Մնացած մասը կներդրվի National instruments կոնսորցիումի կողմից: Տարածքում արդեն պատրաստ են և գործում են գրադարան, երկու թանգարաններ՝ Տիեզերքի թանգարանը և Գիտության ու տեխնիկայի թանգարանը:
Իսկ ինչո՞վ են խելացի քաղաքները նպաստում զբոսաշրջության զարգացմանը: Բնականաբար, խելացի քաղաքի նորամուծական լուծումներն ավելի դյուրին են դարձնում ծառայությունների մատուցումը: Արդյունքում զբոսաշրջիկները լավ տեղեկացված են, սոցիալական ցանցերում ակտիվ են և կիսում են իրենց փորձը:
Ամենախելացի քաղաք համարվող Սինգապուրը քաղաքացիներին ու զբոսաշրջիկներին ապահովում է արագ, հարմարավետ ու որակյալ բջջային ցանց և ինտերնետ աշխատանքի, զվարճությունների, ծառայությունների և գնումների համար: Տեխնոլոգիաներն օգտագործվում են ուղևորահոսքը և տրանսպորտային երթևեկությունը կարգավորելու համար: Զբոսաշրջիկները MyTransport.SG բջջային հավելվածով կարող են պլանավորել իրենց ճանապարհորդությունը ավտոբուսով, ավտոմեքենայով, տաքսիով, գնացքով, հեծանիվով:
Բարսելոնում խելացի լուծումներից է փողոցային լուսավորության նորամուծական նախագիծը, որը հագեցած է LED տեխնոլոգիայով, ինչը ներառում է սենսոր, որը որոշում է ջերմաստիճանը, խոնավությունը, աղմուկը և աղտոտվածությունը: Սրանք նաև WiFi ռոուտեր ունեն՝ ապահովելով ինտերնետի հասանելիությունը քաղաքում: Բարսելոնը աշխարհում առաջին քաղաքն էր, որը ստացավ «Կենսոլորտի համաշխարհային դասի դեստինացիայի» վկայական Կայուն տուրիզմի ինստիտուտի կողմից, որը քաղաքը համարում է բարձորակ, նորամուծական, կայուն և պատասխանատու զբոսաշրջային վայր` կորպորատիվ սոցիալական պատասխանատվության, ծառայությունների որակի և շրջակա միջավայրի կառավարման բարձր մակարդակով: Քաղաքի խելացի լուծումներից է աղբի հավաքման պնևմատիկ համակարգը, որը հավաքում է օրգանական, ոչ օրգանական աղբը և թուղթը: Աղբ թափելու վայրերը կապված են վակումային ցանցով՝ փողոցների տակ տեղադրված և դեպի հավաքման գործարան ուղղվող խողովակների միջոցով, որտեղ հիդրավլիկ ճնշումը նվազեցնում է աղբի ծավալը: Խելացի լուծում է նաև էլեկտրական մեքենաների իրականացման լոգիստիկան (LIVE Barcelona - Logistics for the Implementation of the Electric Vehicle), որը նպաստում է քաղաքում էլեկտրական մեքենաների օգտագործմանը՝ ավելի քան 300 անվճար լիցքավորող կայաններով: Բարսելոնի խելացի տեխնոլոգիական լուծումներից են նաև ավտոբուսների խելացի կանգառները, ավտոկայանման սենսորները (ավտոկայանման վայրերում ասֆալտի տակ տեղադրված են սենսորներ, որոնք կարող են որոշել ազատ տարածքները և հայտնեն վարորդներին, ինչը նվազեցնում է նաև երթևեկության խցանումները, վառելիքի արտանետումները):
Երևանում խելացի տեխնոլոգիաների կիրառումը ըստ հոդվածում բերված հիմնական ցուցիչների բնականաբար կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը: Զբոսաշրջության զարգացման խելացի լուծումներ պետք են հետևյալ ուղղություններով՝ տեսարժան վայրեր, տրանսպորտի հասանելիություն, հյուրանոցի, սննդի, ժամանցի հնարավորությունների, օժանդակ ծառայությունների (բջջային հավելվածների, բանկային, բժշկական, և այլն), քաղաքային խելացի լուսավորության և WiFi-ի առկայություն: Առհասարակ, որքան զարգացած է քաղաքը տեխնոլոգիական լուծումներով, այնքան դա դրական ազդեցություն կունենա ինչպես բնակիչների, այնպես էլ հյուրերի սպասարկման մակարդակի, ծառայություններից բավարարվածության աստիճանի վրա: