Պետական պատերնալիզմը ճգնաժամային և հետճգնաժամային իրավիճակներում
Պետական պատերնալիզմը ճգնաժամային և հետճգնաժամային իրավիճակներում
Վերջին շրջանում շատ է խոսվում ճգնաժամային իրավիճակներում պետության դերի վերաիմաստավորման մասին: COVID-19-ը առողջական, սոցիալական և տնտեսական լուրջ մարտահրավերներ է առաջացնում, որոնց հիմնական մասն ուղղակիորեն առնչվում են համավարակի պայմաններում պետության կողմից իրականացվող միջոցառումներին: COVID-19-ի «ավերածությունների» մասշտաբները կախված են ոչ միայն երկրի առողջապահական համակարգից և մարդկանց սոցիալական վարքագծից, այլ նաև պետության կողմից իրականացվող պատերնալիստական քաղաքականությունից: Սովորաբար, պետական պատերնալիզմի քաղաքականությունն իրականացվում է տնտեսական հարաբերությունների կարգավորման նպատակով՝ սոցիալական պետության շրջանակներում: Սակայն 1950-ական թվականներին առաջացավ և հաջողությամբ զարգացավ, այսպես կոչված, «զարգացման պետություն» մոդելը (Ch. Johnson): «Զարգացման պետություն» մոդելը ենթադրում է արդիականացված պետական ինստիտուտների (իշխանության), բիզնես ոլորտի և հասարակության նոր որակի համագործակցություն, որտեղ կարևորվում է պետության կողմից պատերնալիստական գործիքակազմի օգտագործումը: Այս մոդելի հիմնական առավելությունը կայանում է նրանում, որ հնարավորություն է տալիս դիմակայելու առանձին մասնավոր խմբերի ապակառուցողական և էգոիստական դրսևորումներին՝ կարևորելով ազգային շահը (P.Streeten): Եվ կարևորն այն է, որ այսպիսի քաղաքականությունն իրականացվում է, ոչ թե արգելանքների և սահմանափակումների հաշվին, այլ` այդ սուբյեկտների հետ համագործակցության և խրախուսման մեխանիզմների օգտագործմամբ (Ճապոնիա, Հարավային Կորեա, Սինգապուր, Թայլանդ, Մալազիա): Պետական պատերնալիզմի գաղափարները հետագայում արտացոլվել են «ուժեղ պետություն» (F. Fukuyama), «արդյունավետ պետություն» (Պետությունը փոփոխվող աշխարհում) մոդելներում:
COVID-19-ի արագ տարածման հետևանքով, ամբողջ աշխարհում առաջացած ճգնաժամային իրավիճակը ստիպեց երկրների գերակշիռ մասին կիրառել պատերնալիստական գործիքակազմ (սոցիալական, տնտեսական), ինչի արդյունքում, հնարավոր դարձավ համավարակի ճգնաժամը որոշ չափով մեղմել: Միաժամանակ, փաստերը ցույց են տալիս, որ ճգնաժամի մեղմման հարցում առավելապես հաջողեցին այն երկրները (Արևելյան Ասիա), որոնք երկար տարիներ պետական կառավարման համակարգում օգտագործում էին պատերնալիստական գործիքակազմ:
Աղյուսակ 1.
Արևելյան Ասիայի երկրների COVID-19 վիճակագրությունը*
Ինչպես երևում է աղյուսակ 1-ից, 1մլն. բնակչության հաշվով, Արևելյան Ասիայի երկրների մեջ մահացության ամենաբարձր ցուցանիշը Հարավային Կորեայում է, իսկ վարակվածների թվով՝ Սինգապուրում: Սակայն այս երկրները նաև իրականացրել են ամենաշատ թեստավորումը (բացի Հոնկոնգից, Չինաստանի տվյալները բացակայում են):
Ինչ վերաբերում է եվրոպական զարգացած երկրներին և ԱՄՆ-ին, որտեղ պետական կառավարման համակարգը հիմնականում օգտագործում է ազատական գործիքակազմ, պատկերը ներկայացնում է աղյուսակ 2-ում:
Աղյուսակ 2.
Եվրոպական երկրների և ԱՄՆ-ի COVID-19 վիճակագրությունը
Աղյուսակ 2-ից երևում է, որ ամենավատ ցուցանիշներն արձանագրվել են Բելգիայում և՛ վարակվածների, և մահացության դեպքերի առումով: Ինչ վերաբերում է այս երկու խումբ երկրների վիճակագրական ցուցանիշների համեմատականին, ապա պետք է նշել, որ 1 մլն. բնակչության հաշվով (վարակվածներ, մահացածներ), եվրոպական երկրների և ԱՄՆ-ի միջին թվաբանական ցուցանիշն ավելի քան 10 անգամ գերազանցում է Արևելյան Ասիայի երկրների համապատասխան ցուցանիշին, իսկ մահացածների թվով՝ ավելի քան 100 անգամ: Եվ դա այն պարագայում, որ ընդանուր թեստավորվածների հաշվարկով (միջին) եվրոպական երկրների և ԱՄՆ-ի ցուցանիշը ընդամենը 1.7 անգամ է գերազանցում Արևելյան Ասիայի երկրների համապատասխան ցուցանիշին:
Իհարկե, ցուցանիշների այսպիսի տարբերությունը պայմանավորված չէ միայն կառավարման համակարգի «կոշտությունից» (առողջապահական համակարգ, ժողովրդագրական գործոններ, ազգային սովորություններ, կարգապահություն), սակայն պետք է փաստել, որ այդ բոլոր գործոնները այս կամ այն կերպ առնչվում են պետական պատերնալիզմի դրևորման աստիճանի (մեղմ կամ կոշտ) հետ:
Եզրափակելով, անհրաժեշտ է նշել, որ հետճգնաժամային փուլում շատ ազատական երկրներ (Արևմտյան Եվրոպա), դասեր քաղելով COVID-19-ի հարուցած աննախադեպ ճգնաժամից, ստիպված կլինեն օգտագործել պատերնալիստական պետության, այսպես կոչված, «փլեյմեյքեր պետություն» մոդելի գործիքակազմը: Համաձայն այս մոդելի, պետությունը հանդիսանում է անկախ և լիիրավ սուբյեկտ, որը տիրապետում է հասարակական շահի և տնտեսական զարգացմանը նպաստող ռեսուրսներին: Մոդելը նաև նպաստում է ժողովրդավարության ժամանակակից ձևերի և քաղաքացիական հասարակության ներդաշնակությանը՝ բացառելով արմատական ազգայնականության դրսևորումները, ինչն էլ առաջնահերթ նշանակություն ունի հետսոցիալիստական երկրների համար: