Թագավարակը, շահագրգիռ խմբերի վարքագիծն ու առևտրային կազմակերպությունների անելիքները
Թագավարակը, շահագրգիռ խմբերի վարքագիծն ու առևտրային կազմակերպությունների անելիքները
Թագավարակի գործոնը աշխարհում սկսում է փոխել պետությունների, պետական կառավարման մարմինների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների, բաժնետերերի, ներդրողների, արտադրողի ու սպառողի ոչ միայն առօրյա վարքն ու վարվելակերպի կանոնները, այլև անմիջականորեն սկսում է ակտիվորեն ներազդել վերոթվարկյալների կառավարման ռազմավարական ծրագրերում սկզբունքային փոփոխությունների և խմբագրումների վրա։
Այսօրվա իրողություննեը ցույց են տալիս, որ համաշխարհային տնտեսությունը հետայսու ավելի շատ տուժելու է ոչ թե աշխարհի պետություններում առկա վարակվածների թվաքանակից, այլ այն մարդկանցից, ովքեր վախի և խուճապի տարածման հսկայական «ներուժով են զինված», քանի որ, վախը, այսպես թե այնպես, փոխում է անհատի, մարդկանց խմբերի պահվածքը, ներազդում ոչ միայն մարտավարական, այլև ռազմավարական որոշումներ կայացնելու ժամանակ և հետևապես, այն կարող է նաև էականորեն փոխել մարդու սպառողական վարքագիծն ու ցանկացած տնտեսության մեջ առաջարկի և պահանջարկի կառուցվածքը, ինչպես քանակական, այնպես էլ՝ որակական տեսանկյունից։
Մինչև թագավարակային «խզման կամ կանգառի փուլը», շուկայական հարաբերությունների և առևտրային կազմակերպությունների զարգացման միտումների համատեքստում‚ առարկայորեն տեսանելի էին որոշակի հոգեբանական և վարքագծային վերափոխումներ ինչպես մրցակցային‚ այնպես էլ շուկայում ոլորտային գերակայությունների և դիրքավորումների առումով։
Խնդիրն, առաջին հերթին, վերաբերում է ոչ նյութական՝ անտեսանելի ակտիվների [1] դերի էական ակտիվացմանը‚ որոնք տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում տեխոլոգիական անխուսափելի «էքսպանսիայի» շնորհիվ այլևս չեն կարող և օբյեկտիվորեն չեն լինելու «հետնապահ» ակտիվների թվում‚ քանի որ ցանկացած առևտրային կազմակերպության վարքի‚ համբավի‚ շուկայում նրա դիրքի ու կեցվածքի հավաքական ու ներկայանալի ակտիվ հանդիսացող ապրանքային նշաններն ու ֆիրմային անվանումները շատ դեպքերում կարող են տեսակարար կշիռով կազմել նրա շուկայական կապիտալիզացիայի կեսից ավելին։
Առևտրային կազմակերպության դիրքը մերօրյա շուկայում արդեն չի կարող միայն կախված լինել թողարկվող արտադրանքի կամ ծառայությունների մատուցման որակից ու ծավալից կամ ապրանքաշրջանառության չափերից‚ այս ցուցանիշները որքան կարևոր են, այնքան էլ անտեսանելի փոխկապակցված են ընդհանրապես առևտրային կազմակերպության՝ որպես այդպիսին, լինելու ընկալումից‚ թե´ սպառողի‚ թե´ իր աշխատողների‚ թե տարատեսակ ու տարաբնույթ լրատվամիջոցների (ներառյալ էլեկտրոնային)‚ թե´ բաժնետերերի ու ներդրողների և թե´ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների պարագայում։
Վերոթվարկյալ խմբերի դիրքորոշումն ու ցանկացած գործընթացում սեփական շահի գերակայության գիտակցումն ու դրանից բխող գործողությունների վարքագիծն է, որ ի զորու է փոխել իրերի դրվածքը շուկայում և դառնալ տվյալ առևտրային կազմակերպության թռիչքի‚ անկման և/կամ լիովին անտեսման որոշիչ գործոն։
Գերակա շահի տեսանկյունից, շահագրգիռ խմբերի` ստեյկհոլդերների [2], հետ հաղորդակցման ու նրանց տրամադրությունների շոշափման պարբերականության միջակայքի կրճատումն այսօր օբյեկտիվ անհրաժեշտություն է և դրա նկատմամբ թերահավատ վերաբերմունքը վաղը կարող է առևտրային կազմակերպության համար դառնալ չլուծված խնդիր, որն ի զորու է փոխել իրերի դրվածքը և շատ հաճախ, ոչ ի օգուտ տվյալ կարզմակերպության։
Թակավարակի սինդրոմը, ըստ էության, փոխելու է ստեյկհոլդերների գերակա շահերի և ակնկալիքների «ներկապնակը», քանի որ ընդամենը մի քանի ամսում համաշխարհային տնտեսության «թատերաբեմում» ակնառու հանդիպեցինք պարզունակ մակարդակներում խորքային ֆիասկոների, այնպիսի զարգացած երկրներում, որտեղ անգամ ֆինանսական ճգնաժամի ժամանակ չէին հանդիպել այսպիսի բացթողումներ ու ձախողումներ, ինչպես սցենարների մշական, կանխատեսումների, այնպես էլ արագ արձագանքման փուլերում։ Հետևաբար, անհրաժեշտ է վերոնշյալ խմբերի դասական փոխհարաբերությունները «գույքագրել», ի հայտ բերել անհաջող համագործակցության և շահերի անառողջ բախումների նույնաբնույթ դեպքերը և այդ ամենը դիտարկել նոր՝ թվային տնտեսության և ապա նաև թվային պետությունների ձևաորվող սկզբունքների համատեքստում։
Ստեյկհոլդերների վարքագծի փոփոխման ուսումնասիրությունն ու վերլուծությունը կազմակերպության ռազմավարական կառավարման կարևոր բաղադրիչներից է‚ որը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց ձեռք է բերում տարբեր խորքային աստիճաններ ու հարթություններ, թե ըստ էության և թե արտաքին հաղորդակցման խնդիրների կանոնակարգման և դրա արդյունավետության բարձրացմանն ուղղված գործընթացի կարգավորման համատեքստում։ Պարզ է, որ հենց արտակարգ իրավիճակներում է առաջանում շահագրգիռ յուրաքանչյուր կողմի (խմբի կամ անհատի) հետ առևտրային կազմակերպության նորովի կառուցվող հարաբերությունների ձևավորման և ակտիվ հաղորդակցման գիտակցման անհրաժեշտությունը‚ որի համար նախ պետք է դասակարգել այդ խմբերն ըստ նրանց գերակա շահի և ապա նրանց մասնակցության ու ներազդեցություն աստիճանի, ինչպես կոնկրետ առևտրային կազմակերպության, այնպես էլ ոլորտի և կամ տնտեսության զարգացման պարագայում։
Շահգրգիռ խմբերի գերակայությունների վեր հանումից հետո, սկզբունքորեն հնարավոր է կանխատեսել նրանց կողմից ձևավորվող վարքագիծը, ըստ այդմ, նաև հնարավոր է մշակել նրանց դերակատարության և ներգործության աստիճանի հնարավոր փոփոխությունների սցենարներն, ինչպես տեսանելի՝ ֆորմալ, այնպես էլ «անտեսանելի»՝ ոչ ֆորմալ միջավայրերում։
Առևտրային կազմակերպության ընդհանուր, օպերատիվ ու ներքին միջավայրերում գործող շահագռգիռ խմբերի դիպուկ բնութագրականը տվել է Բրեդլի Գուգինսը [3]‚ նրանց որակելով որպես առևտրային կազմակերպության ներազդեցության դաշտում գտնվող և միաժամանակ նրան կախման մեջ պահող սուբյեկտներ։
Տերմինաբանական առումով, սուբյեկտների այս խումբը կարող է անվանվել նաև ներազդող խումբ, կամ կանխորոշող խումբ‚ հետաքրքրությունների խումբ‚ սակայն դրանից չի փոխվում խմբերից յուրաքանչյուրի գերակա շահի էությունը կամ նրա առաքելությունն ու նպատակը, հետևապես՝ առևտրային կազմակերպության կենսագործունեության ժամանակաշրջանում ձևավորվող վարքագիծը։ Պարզ է մի բան‚ որ այս խմբերից յուրաքանչյուրի ուղղակի և անուղղակի մասնակցությունը առևտրային կազմակերպության գործունեությանը, հետապնդում է տեսանելի և կամ անտեսանելի շահ, հետևապես այս տեսանկյունից ելնելով, առավելի ըմբռնելի է շահագրգիռ խումբ տերմինը։
Իրենց գործողությունների բնույթով‚ ներազդեցության չափաբաժնով և վարքագծի կանոններով, ուսումնասիրվող խմբերը մենք բաժանել ենք երկու շրջանակի՝ առաջնային և երկրորդային։ Առաջնային շրջանակը առևտրային կազմակերպության կենսագործունեության վրա ունի լեգիտիմ և ուղղակի ներազդելու հնարավորություն, իսկ երկրորդայինը ներազդում է միջնորդավորված կամ «անտեսանելի»։
Առաջնային մերձակա շրջանակում ընդգրկված են առևտրային կազմակերպության ամբողջապես ներքին և մասնակիորեն օպերատիվ միջավայրի բաղադրիչներ կրող սուբյեկտների խմբերը (անհատները)։
Երկրորդային շրջանակում են պետական իշխանության (եռաստիճան) ու ՏԻ մարմինները, ֆինանսական համակարգի մասնակիցները, սպառողները‚ մրցակիցները‚ քաղաքացիական հասարակությունը, ՀԿ-ները և ԶԼՄ-ները։
Աղյուսակ 2
Վերոթվարկյալ խմբերը տարբեր իրավիճակներում կարող են վերադասավորվել և հաճախ դառնալ առավել ներազդող գործոն, քայլեր թելադրող կամ կախում ստեղծող։ Այս խմբերից որոշներում գերակայության համակարգը, հետևապես նաև շահը, որոշ դեպքերում կարող է տեղը զիջել իրավիճակային, հաճախ նաև քաղաքական միտումներին և հետևապես, կազմակերպության կառավարման ժամանակ պետք է հաշվի առնել դրանց առաջացման հավանականությունն, ինչպես նաև դրանով պայմանավորված հնարավորությունների ու վտանգների ի հայտ գալը, որոնք միջավայրի վերլուծության ժամանակ կարող են ուժեղացնել և կամ թուլացնել կազմակերպության կենսագործունեությունը։ Այսինքն, այս խմբերն ի վիճակի են ստեղծել աննկատելի «սարդոստայն»‚ որը շաղկապում կամ փոխկապակցում է տարբեր գործընթացներ մեկ հարթության վրա‚ որի մեջ սակայն առկա են միկրոգործողություններով փոխշաղկապված տարբեր փոքր հարթություններ‚ որոնք կարող են կամ ի վիճակի են, գործանականում խճճելով իրավիճակները, էականորեն թուլացնել կամ իսպառ վերացնել առևտրային կազմակերպության՝ որպես կենդանի մարմնի, արդյունավետ կենսագործման անհրաժեշտ ունակությունները։
Թակավարակի ժամանակաշրջանն յուրօրինակ փորձադաշտ է շահագռգիռ խմբերի վերադասավորումների, շահերի բախումների և որոշակի օբյեկտիվ ձևափոխումների առումով։ Մասնավորապես, երկրորդական դաշտի անտեսանելի խաղացողները՝ գործադիր և տեղական ինքնակառավարման մարմիններն, ակամայից դառնում են թելադրող խմբեր, որոնք, ճիշտ է, գործում են համընդհանուր շահերի պահպանման սկզբունքով, սակայն իրենց ամենօրյա վերահսկողական և օպերատիվ միջամտության գործիքներով, նեղացնում են տնտեսության հիմնական ճյուղերում և ծառայությունների մատուցման ոլորտներում գործող առևտրային կազմակերպությունների առաջնային շրջանակի գերակա շահերը։ Անգամ մեր երկրի օրինակով, արդեն իսկ տեսանելի է, որ շահագռգիր խմբերի հետաքրքիր «միություններ» են ստեղծվում, օրինակ՝ գործադիրի և ֆինանսական համակարգի մասնակիցների միջև, որն այսօր թելադրում է խաղի որոշակիորեն փոփոխված կանոններ։ Այսինքն, գործնական դաշտում ստեղծվում է կազմակերպության արդյունավետ կենսագործունեությանը սկզբից արգելակող, ապա որոշ ֆինանսական գործիքակազմերով օժանդակող նոր իրավիճակ, որը ուսանելի դաս է առևտրային կազմակերպության բարձր և միջին օղակի կառավարիչների համար՝ հետագա ռազմավարության մշակման և ծրագրերի իրականացման նպատակով։
Չնախատեսված արտակարգ իրավիճակի այս ժամանակահատվածը նաև ցույց տվեց շահագռգիռ խմբերի մոտ թվային «կերպարանափոխման» ունակությունները, պատրաստվածության աստիճանն ու հնարավորությունները։ Այդ առումով, ուրվագծվում են այն խմբերն ու համակարգերը, որոնք արդեն այսօր արդյունավետ կիրառում են թվային տեխնոլոգիաների հնարավորությունները և ցուցադրում թվային «ռելսերի» վրա արագ տեղափոխման հմտություններ։
Տեսական պատկերացումների համատեքստում [4] ստեյկհոլդերներից յուրաքանչյուրն ունի իր առաջնային գերակա շահը և այդ շահը շատ քիչ դեպքերի զարգացման ժամանակ կարող է ստորադասվել մյուս խմբի կամ խմբերի գերակա շահին։ Իհարկե, խմբի շահերը հաճախ տրամագծորեն կարող են հակառակ լինել առևտրային կազմակերպության նպատակների վերջնակետ հանդիսացող շահին‚ սակայն այս համընդհանուր թոհուբոհի մեջ է թաքնված տնտեսության և ուրեմն առևտրային կազմակերպության մերoրյա հրամայականներով կառուցված աստիճաններով բարձրանալու և կայուն զարգացում ունենալու գաղտնիքը։
Այս ամբողջի համատեքստում, լավագույն կառավարումը, դա խմբերի շահերի վեկտորների միաուղղվածությանը միտված նպատակային աշխատանքի կազմակերպումն ու իրականացումն է, և որի հաջող ընթացքը ի զորու է տարակողմ վեկտորները փոխլրացման և փոխհագեցման ճանապարհով ուղղել մեկ նպատակի և մեկ տիրույթի’ դրանից բխող բոլոր առավելություններով հանդերձ։
Թագավարակի ժամանակաշրջանը կարծես թե այդ հնարավորությունը ընձեռում է և այս դեպքում, առավել բյուրեղանում է ընդհանուր շահ հասկացությունը, որտեղ դերաբաշխումը մի փոքր փոփոխվում է, սակայն սկզբունքները մնում են նույնը։ Հետևապես, այս ժամանակաշրջանը, որքան էլ որ կանգառի է նմանվում, այն առավել նպաստավոր թռիչքուղիների և նաև փափուկ փայրեջքների կառուցման և դրանք պատրաստվածության բարձր մակարդակի բերելու և «մշտարթուն պահելու» ժամանակաշրջան է։
Հետևապես, թագավարակի պարագայում կարելի է շարժվել՝ չկա չարիք, առանց բարիքի, սկզբունքով և ինչպես հայտնի ֆիլմի հերոսն է ասում՝ «նա ով մեզ խանգարում էր, նա էլ մեզ կօգնի»։
- Խոսքը վերաբերում է արդյունաբերական սեփականության օբյեկտներին։
- Stakeholder – անգլերենում բառացի թարգմանվում է որպես հետաքրքրությունների կրող‚ ռուսերեն մասնագիտական գրականությունում՝ որպես շահագրգիռ կողմ։
- Բոստոնի «Կորպորատիվ քաղաքացիության կենտրոն» քոլեջի տնօրեն։
- Ստեյկհոլդերների կամ շահագրգիռ խմբերի և դրանց գործունեության տեսության հեղինակը Էշհ Ֆրիմենն է’ որը «Ռազմավարական մենեջմենթ‚ շահագրգիռ կողմերի հայեցակարգը» (Freeman, 1984) աշխատությունում տալիս է դրա սահմանումը, որպես ընկերության արտաքին և ներքին միջավայրերի բաղադրիչ և ներազդող գործոն։