Զբոսաշրջության ոլորտի իրադարձությունները 2018թ. մայիսյան հեղափոխությունից հետո /Ամփոփագիր, մայիս-հոկտեմբեր, 2018/
Զբոսաշրջության ոլորտի իրադարձությունները 2018թ. մայիսյան հեղափոխությունից հետո /Ամփոփագիր, մայիս-հոկտեմբեր, 2018/
Սույն ամփոփագրում կներկայացնենք զբոսաշրջության ոլորտում տեղի ունեցած իրադարձությունները 2018թ. մայիսյան հեղափոխությունից հետո:
1. Մայիսի 11-12-ին Երևանում, Սարյան փողոցում անցկացվեց Երևանյան Գինու օրեր միջոցառումը (Պուշկին-Սարյան և Թումանյան-Սարյան խաչմերուկների միջև ընկած փողոցների հատվածում), որի ընթացքում գինի արտադրողները ներկայացրեցին Հայաստանի և Արցախի արտադրության շուրջ 200 տեսակի գինի:
2. Մայիսի 14-ին Profi.Travel CIS and Georgia առցանց զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանկաներում լույս է տեսել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունների մասին առաջին հոդվածը: Հայաստանը Profi.Travel CIS and Georgia առցանց զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակներում համարվել է լավագույն B2B ձևաչափով քննարկում իրականացնող հարթակ:
3. ՀՀ ՏԶՆՆ զբոսաշրջության պետական կոմիտեն՝ Ռուսաստանի Դաշնությունում և ԱՊՀ երկրներում Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը մեծացնելու քաղաքականության շրջանակներում 2018թ. մայիսի 12-17-ը Հայաստան էր հրավիրել ռուսական մի շարք հայտնի բլոգգերների, ովքեր 6 օրվա ընթացքում սեփական փորձով բացահայտել են Հայաստանի ողջ զբոսաշրջային գրավչությունը: Նախագիծը իրականացվել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ, իսկ ֆինանսավորումը իրականացրել է Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգա-ցում ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի կողմից: Բլոգգերները 6-օրյա այցի ընթացքում այցելել են Խոր Վիրապ, Սևան, Շաքիի ջրվեժ, Զորաց քարեր, Գորիս, Տաթև, Բջնի, Արագած, Սևան, Հովք գյուղ և այլ վայրեր: Նախագծի խորագիրն է #АйДаАрмения:
4. Ամերիկացի հայտնի շեֆ խոհարար, գրքերի հեղինակ, ճանապարհորդ ու «Անծանոթ վայրեր» ծրագրի հաղորդավար Էնթոնի Բուրդենը Հայաստան ու Արցախ է եկել նախորդ տարվա հոկտեմբերին, նկարահանել է Հայաստանի մասին ֆիլմ, որի նկարահանումներին աջակցել են նաև ՀՀ ՏԶՆՆ զբոսաշրջության պետական կոմիտեն և Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը: Մայիսի 21-ին ֆիլմը տեղադրվել է Յութուբում:
5. Զբոսաշրջության պետական կոմիտեի հրավերով ֆրանսիացի 7 լրագրող մայիսին ժամանել են Հայաստան, որի արդյունքում Լիոնի ամենահայտնի ամսագրերից մեկում հոդվածներ կտպագրեն Հայաստանի մասին:
6. Մայիսի 20-ին Դվինի միջնաբերդի հնավայրի մոտ գտնվող Հնաբերդ համայնքում տեղի ունեցավ Տոլմայի (Ուդուլի) համահայկական 8-րդ փառատոնը, որի ժամանակ տոլմայի ավելի քան 60 տեսակ է ներկայացվել:
7. Մայիսի 25-ին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր:
8. Մայիսի 26-27-ը Հելսինկիում տեղի է ունեցել «Աշխարհը մեկ գյուղ» բազմամշակութային փառատոնը, որին արդեն երկրորդ անգամ մասնակցել են նաև Ֆինլանդիա-Հայաստան ասոցիացիայի անդամները:
9. Պեկինում Չինաստանի առևտրի և ծառայությունների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում մայիսի 28-ին տեղի է ունեցել «Հայաստան՝ դարպաս դեպի խոշոր շուկաներ» խորագիրը կրող շնորհանդեսը, որի ընթացքում ցուցադրվել են Հայաստանի մասին ճանաչողական տեսանյութեր: Ցուցահանդեսի շրջանակներում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի և Չինաստանի Ծիանգսու նահանգի Զբոսաշրջության կոմիտեի միջև:
10. Հունիսի 8-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեում կայացավ բաց դռների օր, որին մասնակցում էին շուրջ 100 զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ուսանողներ և քաղաքացիներ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Կոմիտեի կողմից մշակված Հայաստանի զբոսաշրջության զարգացմանն ուղղված 20 առաջնային կետեր:
11. Հունիսի սկզբին Լոռու մարզի Թումանյան համայքնում՝ Դեբեդ գետի մոտ սկսվեց ռաֆթինգային ծառայությունների մատուցումը, որը Լոռու մարզի զբոսաշրջային այցեքարտերից մեկն է արկածային զբոսաշրջիկների համար: Հիմնական երթուղին 12 կիլոմետր է: Համագործակցելով միջազգային ռաֆթինգի ֆեդերացիայի հետ` այս տարի Հայաստան էին ժամանել միջազգային երկու փորձառու հրահանգավորողներ և մեկ ասիստենտ:
12. Հունիսի 8-10-ը ՀՀ ՏԶՆՆ զբոսաշրջության պետական կոմիտեի «Բացահայտիր երկիրդ» արշավի շրջանակներում հայաստանյան մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչներ ճանաչողական այցով մեկնեցին Վայոց Ձորի մարզ՝ մարզի զբոսաշրջային ներուժն ու գրավչությունները ներքին շուկային և Հայկական Սփյուռքին ներկայացնելու համար: Ճանաչողական այցերի շնորհիվ հրատարակվել է 20 հոդված Արցախի, 15-ը՝ Շիրակի, 16-ը՝ Լոռու մարզերի մասին։
13. Հունիսի 9-ին Սյունիսի Խոտ գյուղում տեղի ունեցավ Ոչխարի խուզման փառատոնը:
14. Հունիսի 10-ին «Երևանյան ամառ-2018» ծրագրի շրջանակներում Երևանի կենտրոնում՝ Վերնիսաժի հարևանությամբ գտնվող այգում անցկացվեց ազգային տոնածիսական ուտեստների «Համով հոտով Երևան» 4-րդ փառատոնը:
15. Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ 2018թ. հունիսի 15-18-ը մասնակցել է Չինաստանի Ցինդաո քաղաքում կազմակերպված ՇՀԿ ներկրման միջազգային ցուցահանդեսին: Ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային ներուժը և գինու մշակույթը: Ցուցահանդեսին մասնակցել են «Հայաստանի խաղողագործության և գինեգործության» հիմնադրամը և «Արենի Փառատոն» հիմնադրամը: Հայկական պատվիրակությունը հունիսի 15-ին մասնակցել է Ցինդաոյի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համագործակցության նորարարական կենտրոնի շրջանակներում գործող Հայաստանի կապի գրասենյակի աջակցությամբ կազմակերպված «Tourism Strategic Alliance Conference of BRCIC» խորագրով համաժողովին, որի ընթացքում ներկայացվել են զբոսաշրջության ոլորտում հայ-չինական հարաբերություններն ու հեռանկարները, Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը և փառատոնային օրացույցը:
16. Հունիսի 23-24-ը Վայոց Ձորի Արտավան համայքնում տեղի ունեցավ Էկոտուրիզմի փառատոնը:
17. ՀՀ ՏԶՆՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահը հունիսի 25-28-ը Բոստոն, Նյու Յորք և Վաշինգտոն քաղաքներում My Armenia Program ծրագրի շրջանակներում մասնակցել է հայկական և ամերիկյան զբոսաշրջային ոլորտի մասնավոր ընկերությունների B2B հանդիպումներին; իսկ հունիսի 27-ից հուլիսի 2-ը՝ Smithsonian Folklife փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը որպես ապահով և գրավիչ զբոսաշրջային ուղղություն։
18. Հունիսի 30-ին Տավուշի մարզի Ենոքավան համայքնում տեղի ունեցավ ՀայԲույս փառատոնը:
19. Հուլիսի 1-ից ուժի մեջ մտան հարկային փոփոխությունները, ըստ որոնց հասարակական սննդի օբյեկտները պետք է հարկ վճարեն ոչ թե քառակուսի մետրով հաշվարկված, ինչպես նախկինում էր, այլ 6 տոկոս շրջանառության հարկ: Հարկային փոփոխությունների փաթեթը նախատեսում էր ռեստորաններին հարկել 10-տոկոսանոց շրջանառության հարկով: Ռեստորանների հետ բանակցություններից հետո որոշվեց նոր հարկումն աստիճանաբար ներդնել. այս տարվա հուլիսի 1-ից՝ շրջանառության 6 տոկոսը, 2019 թվականի հունվարի 1-ից՝ 8 տոկոսը, 2020 թվականի հունվարի 1-ից՝ 10 տոկոսը: Ռեստորանները կարծում են, որ շրջանառության նույնիսկ 6 տոկոսը շատ է և պետք է նվազեցնել մինչև 2.5-3 տոկոս: Ըստ Հայաստանի ռեստորանների միության՝ շրջանառության 10 տոկոսանոց հարկն աղետալի կլինի ռեստորանային բիզնեսի համար և կհանգեցնի գների բարձրացման, ինչն էլ կխոչընդոտի գաստրոտուրիզմի զարգացմանը:
20. Հուլիսին Հայաստան էր ժամանել աշխարհահռչակ բլոգգեր Nas Daily-ն, որի գրառումները, տեսահոլովակները և տպավորությունները Հայաստանի մասին սոցիալական ցանցերի իր էջերում հասանելի էին իր՝ 10մլն-ից ավելի հետևորդներին:
Հուլիսին Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ և ARARAT լեգենդար հայկական կոնյակներն արտադրող Երևանի կոնյակի գործարանի հովանավորությամբ լույս տեսավ Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները ներկայացնող բրոշյուրը՝ ռուսերեն և անգլերեն տարբերակներով՝ The Land of Warm Hospitality, Страна излучающая тепло վերտառությամբ:
21. Հուլիսի 7-ին Սյունիքում, Քարահունջում անցկացվեց Սյունիքի բարիքներ անվանմամբ թթի փառատոնը: Հուլիսի 7-8-ը միջոցառումներ իրականացվեցին «Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի շրջանակներում:
22. Հուլիսի 22-ին Երևանում, Կարապի լճի հարակից տարածքում անցկացվեց Ձմերուկի 6-րդ փառատոնը:
23. Հուլիսի 28-ին Սիսիան համայնքի Աշոտավան գյուղում տեղի ունեցավ Ազնվամորու 3-րդ փառատոնը` «Հյուրասիրում են սյունեցիները» խորագրով:
24. Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2018թ. հունվար-հունիսին Հայաստան է այցելել 685971 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 10.2%-ով, իսկ ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 158756 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 17.1%-ով:
25. Օգոստոսին Չինաստանում լույս տեսնող Psearcher պարբերականում ներկայացվել է «Հայաստան` դարպաս դեպի խոշոր շուկաներ» խորագրով հոդվածը:
26. Օգոստոսի 11-12-ին Տավուշի մարզի Բերդ համայնքում տեղի է ունեցել Շամշադինի մեղրի և հատապտուղների 7-րդ փառատոնը։
27. Օգոստոսի վերջին Գերմանական MDR - Mitteldeutscher Rundfunk հեռուստաընկերության Biwak-TV ճամփորդական ծրագրի նկարահանող խումբը ժամանել էր Հայաստան՝ պատրաստելու 3 ժամանոց տեսաֆիլմ Հայաստանի արկածային զբոսաշրջության մասին, որը կհեռարձակվի 2019 թվականի ամռանը:
28. Օգոստոսի 18-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքի մարզադաշտում տեղի ունեցավ ավանդական դարձած խորովածի փառատոնի 10-րդ հոբելյանական միջոցառումը:
29. Օգոստոսի 18-ին Երևանում, Կարապի լճի հարակից տարածքում անցկացվեց Գարեջրի 5-րդ փառատոնը:
30. «Հայաստանի ներգնա տուրօպերատորների միություն» իրավաբանական անձանց միությունը, որը գործում էր 2004 թվականից, օգոստոսին իր ընդհանուր ժողովի նիստում որոշում կայացրեց վերակազմավորվել «Տուրիզմի հայկական ֆեդերացիա» հասարակական կազմակերպության:
31. Սեպտեմբերի 2-ին Աշտարակ քաղաքում տեղի ունեցավ գինու և մշակույթի փառատոնը:
32. ՀՀ ՏԶՆՆ Զբոսաշրջության կոմիտեին կից ստեղծվեց Հասարակական խորհուրդ, որի առաջին հանդիպումը սեպտեմբերի 3-ին էր, որի ժամանակ քննարկվեց խորհրդի տեսլականը, ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները։ Երկրորդ նիստը տեղի ունեցավ սեպտեմբերի 17-ին, որի ժամանակ քննարկվեց «ՀՀ 2017-2022 թթ. զբոսաշրջության զարգացման հայեցակարգ»-ը:
33. Հայոց ցեղասպանության թանգարանն ու Մատենադարանը ընդգրկվել են ուղևորությունների հայտնի TripAdvisor ամերիկյան պորտալի կազմած Ասիայի լավագույն 25 թանգարանի ցանկում՝ հիմնված այցելուների գնահատականների վրա: Հայոց ցեղասպանության թանգարանը վարկանիշի 9-րդ հորիզոնականում է, Մատենադարանը՝ 24-րդ:
34. Սեպտեմբերի 8-ին Դիլիջանում տեղի ունեցավ Մշակութային վերածնունդ փառատոնը:
35. Սեպտեմբերի 9-ին Լոռիում տեղի ունեցավ այցելուների տեղեկատվական կենտրոնի բացման արարողությունը, որը ներառում է Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունների մասին բազմակողմանի տեղեկատվություն` անհրաժեշտ երկիր այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկի:
36. Սեպտեմբերի 10-ին Թբիլիսիում տեղի ունեցած Եվրոպական 5-րդ էկոտուրիզմի կոնֆերանսին մասնակցեց ՀՀ ՏԶՆՆ զբոսաշրջության կոմիտեն՝ GIZ-ի տարածաշրջանային համագործակցության ծրագրերի շրջանակներում։
37. Սեպտեմբերի 15-ին Երևանի Կիրովի անվան մանկական այգում տեղի ունեցավ Բերքի տոնը՝ Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնը:
38. Մինչ օրս շարունակում է չլուծված մնալ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդիրը: Հանքի շահագործման դեպքում, ըստ մասնագետների՝ ծանր և վտանգավոր այլ մետաղներով ու քիմիական նյութերով աղտոտվելու են Արփա, Դարբ, Որոտան գետերի ջրերը, 144 քաղցրահամ և Ջերմուկի հանքային ջրի աղբյուրները դառնալու են օգտագործման համար ոչ պիտանի: Ամուլսարի ապարների մեծ մասը կարող է արտադրել թթվային դրենաժ, ինչը կվտանգի Հայաստանի ջրային ռեսուրսները։ Ջերմուկում, ըստ առողջարանների ղեկավարների, վտանգված է առողջարանային տուրիզմը: Այժմ միջազգային փորձագետներ են հրավիրվել՝ ուսումնասիրելու Ամուլսարի հանքի շահագործման հնարավոր ազդեցությունը ջրերի վրա:
39. Սեպտեմբերի 20-ին ՀՀ ՏԶՆՆ Զբոսաշրջության կոմիտեի STC տարեկան ծրագրի շրջանակներում Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի աջակցությամբ և ՓՄՁ ԶԱԿ-ի հետ համագործակցությամբ Տոկիոյում մեկնարկեց զբոսաշրջության ոլորտի ամենախոշոր ցուցահանդեսներից մեկը` TourismExpoJapan2018-ը (JICA 2018), որին Հայաստանից մասնակցում էին 7 զբոսաշրջային ընկերություններ:
40. ՀՀ ՏԶՆՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ և Երևանի «Նոյ» կոնյակի-գինու գործարանի հովանավորչությամբ հրատարակվել է «Ռուսական հետքը Հայաստանում» զբոսաշրջային արդյունքի գովազդատեղեկատվական գրքույկը, որն ամփոփում է տեղեկատվություն ռուսական նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության և բնակավայրերի վերաբերյալ։ «Ռուսական հետքը Հայաստանում» զբոսաշրջային արդյունքի շնորհանդեսը տեղի ունեցավ 2018 թ. սեպտեմբերի 21-ին, ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի Ռուսական թանգարանում:
41. Սեպտեմբերի 22-ին Վայոց Ձորի Խաչիկ գյուղում տեղի ունեցավ գաթայի փառատոնը:
42. 2018թ. սեպտեմբերին Bloomberg-ը Հայաստանը ներառել է Եվրոպայի ամենաարագ աճող զբոսաշրջային ուղղությունների տասնյակում (10-րդ հորիզոնականում):
43. Ծաղկաձորն ընդգրկվել է 2018-2019թթ. ձմռանը ռուս զբոսաշրջիկների համար ԱՊՀ լավագույն լեռնադահուկային հանգստավայրերի 10-յակում: Ծաղկաձորում հանգստի զբոսաշրջային բյուջեն կկազմի օրական 80 դոլար, ներառյալ գիշերակացն ու սնունդը: Վարկանիշը ներկայացվել է ըստ 2018/19 ձմռան շրջանում զբոսաշրջային ուղևորությունների վերլուծության արդյունքների:
44. Սեպտեմբերի 28-ին Կարապի լճի մոտ ներկայացվել է աշխարհի ամենամեծ գաթան, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Ռեկորդակիր գաթայի երկարությունը 60 մետր էր, լայնությունը` 37 սանտիմետր, իսկ քաշը՝ 368,8 կգ:
45. Սեպտեմբերի 29-ին Գավառում անցկացվեց «Մեծ փուռ» 4-րդ փառատոնը` «Հյուրասիրում են քյավառցիները» խորագրով, որը խորհրդանշում է կարտոֆիլի բերքահավաքի սկիզբը:
46. Սեպտեմբերի 30-ին Արմավիրի մարզի Փշատավան համայքնում տեղի ունեցավ 1000 տարվա գյուղամեջ փառատոնը:
47. Հոկտեմբերին բացվեց Զվարթնոց օդանավակայանի Տեղեկատվական կենտրոնը, որն Հայաստան այցելող յուրաքանչուր զբոսաշրջիկի կապահովի անհրաժեշտ որակյալ և հետաքրքիր տեղեկատվությամբ:
48. Հոկտեմբերի 5-ին Արմավիրի մարզի Փարաքար համայնքում տեղի ունեցավ Գյուղական համայնքների 6-րդ համաժողովը, որի շրջանակում Հայաստանի համայնքների միության և Տուրիզմի հայկական ֆեդերացիայի կողմից կազմակերպվեց «Կայուն զբոսաշրջություն-կայուն համայնքային զարգացում» թեմատիկ քննարկում:
49. Հոկտեմբերի 6-ին Վայոց Ձորի Արենի համայնքում անցկացվեց Գինու 10-րդ փառատոնը:
50. Հոկտեմբերին Ֆրանկոֆոնյան միջոցառումներին մասնակցեց Զբոսաշրջության պետական կոմիտեն:
51. Հոկտեմբերի 20-21-ին Երևանի Կարապի լճի հարակից տարածքում անցկացվեց թեյի և սուրճի փառատոնը։
52. Հոկտեմբերի 21-ին Երևանում անցկացվեցին Էրեբունի-Երևան 2800 ամյակի հոբելյանական միջոցառումները, որի համերգային ծրագրի համար ծախսվեց շուրջ 250 մլն դրամ:
53. Հոկտեմբերի 26-ին Արենիում բացվեց Wine Cube գինու համտեսի վայրը:
54. Հոկտեմբերի 30-ին Տավուշի և Կոտայքի մարզերում տեղի ունեցան զբոսաշրջային նոր ուղղությունների բացման արարողությունները՝ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» եռամյա ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ՌԴ-ի, իրականացվում՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից: Օրինակ՝ Դիտավանում կառուցվում է հյուրատուն: Աչաջուրում իրականացվում է «Գինու բակ» ծրագիրը, որը միտված է զարգացնելու գինու զբոսաշրջությունը տարածաշրջանում: Հովքում ստեղծվել է ընտանեկան քեմփինգի, ձկնորսության գոտի, որը կխթանի գյուղացիների հետաքրքրությունը զբաղվելու զբոսաշրջությամբ, որպես հավելյալ եկամտի աղբյուր: Այստեղ ծրագիրը նաև վերանորոգել է ճանապարհը՝ հեշտացնելու զբոսաշրջիկների անցուդարձը: Բջնիում բացվել է թանգարան «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի աջակցությամբ: Տարածքը շուտով կդառնա մի ամբողջական համալիր, որը զբոսաշրջիկներին կառաջարկի նաև հետաքրքիր ճաշատեսակներով խոհանոց և բրուտագործական կենտրոն:
Որպես ամփոփում.
v Ընդգրկվող ժամանակահատվածում (2018թ. մայիս-հոկտեմբեր) իրականացվել են մի շարք աշխատանքներ՝ թե´ օտարերկրյա լրագրողների կողմից տեղեկատվական նյութերի տպագրման, թե´ միջազգային ցուցահանդեսներին մասնակցության, թե´ փառատոնների կազմակերպման ուղղություններով:
v Փառատոնային զբոսաշրջությունը Հայաստանում զարգանալու հեռանկարներ ունի: Սակայն անհրաժեշտ է քայլեր կիրառել դրանց առաջմղման մարքեթինգային միջոցառումների ընդլայնման, անցկացվող փառատոնների շատացման, փառատոնների կազմակերպման բարելավման և այլ ուղղություններով:
v Երևան 2800 ամյակին նվիրված միջոցառումները ՀՀ կառավարության 2018թ. օգոստոսի 30-ի որոշմամբ սեպտեմբերի 29-30-ից տեղափոխվեց հոկտեմբերի 20-21-ը: Որոշման հիմնավորման մեջ նշվում էր, որ քանի որ այս տարի մեծ շուքով նշվելու է Երևանի հիմնադրման հոբելյանական 2800 ամյակը, որին կմասնակցեն բազմաթիվ հյուրեր այլ երկրներից, այդ թվում՝ Երևանի քույր քաղաքներից, սփյուռքահայերից և այլն՝ ՀՀ կառավարության նշված որոշմամբ Երևանի օրվան նվիրված միջոցառումները նախատեսվել է իրականացնել 2 օր, Ֆրանկոֆոնյան միջոցառումներից հետո: Մամուլից պարզ դարձավ, որ միջոցառման համար նախատեսված ծախսերը 1 մլրդ 700 մլն դրամից կրճատվել են՝ հասնելով մինչև 300 մլն-ի: Հոկտեմբերի 20-ի միջոցառումները չեղյալ հայտարարվեցին, իսկ հոկտեմբերի 21-ի համերգային միջոցառումների վրա ծախսվեց շուրջ 250 մլն դրամ, որից 178 մլն-ը՝ Հանրապետության հրապարակում կայացած գալա համերգի վրա: Ինչևէ, Երևանը ամեն օր չի նշում 2800 ամյակ, և այս առիթը պետք էր պատշաճ օգտագործել մեր քաղաքացիներին և հյուրերին տոն պարգևելու համար: Ավելին, անցյալ տարի ավելի հարուստ ու բովանդակալից էր միջոցառումների ցանկը, քան այս հոբելյանական տարում: Այս միջոցառումը պետք է լավ գովազդվեր նախօրոք և առիթ հանդիսանար զբոսաշրջիկների ներգրավման համար:
v Անշուշտ շրջանառության հարկի փոփոխություններն անխուսափելիորեն կհանգեցնեն ռեստորաններում գների աստիճանական բարձրացման, ինչը կարող է ոչ միայն սոցիալ-տնտեսական խնդիրներ առաջացնել, այլ նաև խոչընդոտել Հայաստանում գաստրոզբոսաշրջության զարգացմանը: Հայաստանը պետք է գաստրոնոմիական բրենդ մշակի զբոսաշրջության զարգացման համար: Ներկայումս զբոսաշրջիկները հայկական խոհանոցը ընկալում են որպես համեմատաբար մատչելի խոհանոց, ինչը հարկային փոփոխություններից հետո կփոխվի՝ բարձրացնելով նաև գաստրոտուրերի արժեքը:
v Դրական քայլ է Զբոսաշրջության պետական կոմիտեին կից հասարակական խորհրդի բացումը, որում ներառված են ոլորտի մասնագետներ, և խորհրդի աշխատանքների ճիշտ և նպատակային կազմակերպումը կնպաստի զբոսաշրջության ոլորտի մի շարք հիմնախնդիրների արդյունավետ լուծմանը:
Նոյեմբեր, 2018