Որոնք են եղել տնտեսական աճի ֆինանսավորման աղբյուրները 2018 թվականին

Հայկազ Արամյան
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի
հրավիրյալ փորձագետ

Հայաստանում այս տարվա առաջին 6 ամսվա կտրվածքով վերջին 8 տարիների ամենաբարձր տնտեսական աճն է արձանագրվել՝ 8.3%[1]: Տնտեսական ակտիվության աճը հուլիսին արագացել է, և տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ կազմելէ 11.1%[2]։ Մի կողմ թողնելով տնտեսական աճը պայմանավորող ընդհանուր գործոնները և դրանց երկարաժամկետ լինելու հանգամանքները, որոնք լայն վերլուծությունների առարկա հանդիսացան Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հրապարակումից ի վեր, փորձենք գնահատել, թե ինչպիսին է եղել տնտեսական ակտիվության և ՀՀ ֆինանսական համակարգի զարգացումների միջև կապը, և պարզել, թե որոնք են եղել այդ աճի ֆինանսավորման աղբյուրները։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը փողի բազայի հետ համադրելիս կարելի է նկատել վերջիններիս ուղիղ կապը, ինչի մասին խոսում է նաև ցուցանիշների դրական նշանակալի կոռելյացիան․ այն կազմում է 0.54 դիտարկվող ժամանակաշրջանի համար։

Գծապատկեր 1. Փողի բազայի և տնտեսական ակտիվության ցուցանիշի դինամիկան 2017թ․ հունվար 2018թ․ հուլիս ամիսներին

Տնտեսական ակտիվության ցուցանիշի (պայմանավորված նաև ապրիլյան քաղաքական զարգացումներով) անկմանը զուգընթաց, կտրուկ նվազել է փողի բազան։ Կրճատման հիմնական պատճառը կարելի է համարել արտարժույթով հաշիվների մնացորդների նվազումը, այն է՝ բանկային համակարգից արտարժութային միջոցների արտահոսքը[3]։

Դիտարկելով տնտեսական ակտիվության կառուցվածքն ըստ ոլորտների՝ տեսնում ենք, ամենամեծ աճը տեղի է ունեցել ծառայությունների ոլորտում ՝ 18.7%, ապա շինարարության ու տրանսպորտի ոլորտներում՝ 10.4-ական %: Նշանակալի են եղել նաև առևտրի՝ 8.9%, գյուղատնտեսության` 4.6% և արդյունաբերության 4.3% աճը։

Գծապատկեր 2․ 2018թ հունվար-հուլիս ամիսների տնտեսական աճն ըստ ոլորտների

Վերադառնալով տնտեսական ակտիվության աճի, և որ մեր վերլուծության տեսանկյունից ավելի կարևոր է՝ դրա շարժիչ հանդիսացող ներդրումների ֆինանսավորման աղբյուրներին՝ քննարկենք այդ աղբյուրներից երկու հիմնական այլընտրանքները. օտարերկրյա ուղղակի ներդրումները և բանկային վարկավորումը։ Վերլուծությունը սկսելով տնտեսական ակտիվության բարձրացման գործում օտարերկրյա ուղղակի ներդրումների ազդեցությունից, նշենք, որ գրեթե համընկնում են տնտեսական ակտիվության ոլորտային ցուցանիշների և օտարերկյա ուղղակի ներդրումների փոփոխության ուղղությունները։ Մասնավորապես, արդյունաբերության ոլորտում օտարերկյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը[4] ավելացել են 63%-ով, գյուղատնտեսության ոլորտում՝ 19%-ով, առևտրի ոլորտում՝ 79%-ով, տրանսպորտի և կապի ոլորտում՝ 85%-ով։ Զուտ հոսքերի ամենամեծ աճը արձանագրվել է շինարարության ոլորտում՝ 985%։ Շուրջ 72%-ով նվազել են ծառայության ոլորտ ուղղվող օտարերկյա ուղղակի ներդրումների ծավալները

Գծապատկեր 3. Օտարերկյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը 2017թ․ և 2018թ․ երկրորդ եռամսյակներին ըստ ոլորտների

Չնայած տնտեսական ակտիվության ոլորտային ցուցանիշների և օտարերկյա ուղղակի ներդրումների փոփոխության ուղղությունները, բացառությամբ ծառայությունների ոլորտի, համապատասխանում են միմյանց, աճի մեծությունները համահունչ չեն։ Բացի այդ, օտարերկյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը ծավալային առումով էականորեն փոքր են: Համեմատության համար նշենք, որ արդյունաբերության ոլորտում օտարերկյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմում են նույն ոլորտի բանկային վարկավորման զուտ հոսքերի ընդամենը 35%-ը։

ՀՀ-ում տնտեսական ակտիվության և ֆինանսական համակարգի միջև առկա կապը լավագույնս դրսևորվում է բանկային համակարգում։ Վերոնշյալ կապը լավագույնս երևում է բանկային վարկավորման ծավալների (ըստ ոլորտների) աճի տեմպերը ուսումնսասիրելիս։

Գծապատկեր 5. Բանկային վարկավորման ծավալները 2017թ․ չորրորդ և 2018թ․ երկրորդ եռամսյակներին ըստ ոլորտների

2018թ․ երկրորդ եռամսյակի դրությամբ, բանկային վարկավորման ծավալները նախորդ տարվա վերջին եռամսյակի դրությամբ աճել են 8%-ով, ընդ որում, առավելագույն աճը դրևորվել արդյունաբերության ոլորտին ուղղված վարկավորումը՝ 18%, իսկ այդ նույն ժամանակաշրջանում արդյունաբերությունը աճել է 4.3%-ով։ Գյուղատնտեսության ոլորտում վարկավորման 9%-ը աճը ուղեկցվել է ոլորտի 4.6% աճով, շինարարության և առևտրի ոլորտներում վարկավորման 4% և 6% աճերը ուղեկցվել են նույն ոլորտների համապատասխանաբար 10.4% և 8.9% աճով։

Բանկային վարկավորման ծավալների և տնտեսական ակտիվության կապը չի նկատվում, թերևս ծառայությունների և տրանսպորտ/կապի ոլորտներում։ Մասնավորապես, ծառայությունների ոլորտում, որն աճել է 18.7%-ով, դիտարկվել է այդ ոլորտում բանկային վարկավորման ծավալների 1% անկման պայմաններում։ Բացի այդ, նվազել են նաև ծառայությունների ոլորտում օտարերկյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը։ Ոլորտի աճը, թերևս պայմանավորված է զբոսաշրջիկների մեծ հոսքով։ Այսպես, ծառայությունների ոլորտի կառուցվածքի վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջինիս կառուցվածում ամենամեծն է «Մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ուղղությունը․ այն կազմել է ոլորտի 21.4%-ը։ Ծառայությունների ոլորտի աճի կառուցվածքը ևս փաստում է զբոսաշրջության գործոնի առկայության մասին, մասնավորապես, ծառայությունների ծավալն ըստ տեսակների առավելագույն աճն է արձանագրել «մշակույթ, զվարճություններ և հանգիստ»՝ 36%, և «կացության և հանրային սննդի կազմակերպում»` 26.2 ուղղություններում։

Այսպիսով, ընդհանուր առմամբ կարելի է արձանագրել, որ տնտեսական ակտիվությունը ՀՀ-ում ուղեկցվել է բանկային վարկավորման ծավալների աճով՝ հանդիսանալով տնտեսական աճի ֆինանսավորման հիմնական աղբյուր։ Ընդհանրացնեով նշենք, որ ՀՀ-ում տնտեսության ոլորտների աճն էականորեն կապված է ֆինանսական համակարգի, մասնավորապես բանկային վարկավորման հետ, մասնավորապես, 2018թ․ առաջին 6-7 ամիսների տնտեսական աճը ֆինանսավորվել է հիմնականում բանկային վարկավորմամբ և մասամբ էլ օտարերկյա ուղղակի ներդրումների հաշվին։ Սակայն պետք է նշել, որ բանկային վարկավորման կառուցվածքում շուրջ 60%-ը բաժին է ընկնում արտարժութային վարկերին։ Հաշվի առնելով նաև օտարերկյա ուղղակի ներդրումների արտարժութային բնույթը՝ էապես մեծանում է ՀՀ տնտեսության օտարերկրյա արժույթներից կախվածությունը։ Այնուամենայնիվ, դրամային վարկերի տեսակարար կշիռը վերջին ամսում 1-2 տոկոսային կետով աճել է։ Ամփոփելով նշենք, որ տնտեսության ակտիվության բարձրացման տեսանկյունից խիստ կարևոր է նաև ներդրումների ֆինանսավորման դիկվերսիֆիկացիայի խնդրի լուծումը, մասամբ նաև դրամային վարկերի տեսակարար կշռի ավելացման հաշվին։

Սեպտեմբեր 2018

[1] https://www.aysor.am/am/news/2018/09/03/%D4%B1%D6%80%D5%AE%D5%BE%D5%AB%D5%AF-%D5%84%D5%AB%D5%B6%D5%A1%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6/1459218
  [2] http://www.armstat.am/am/?nid=12&id=01510
  [3] https://asue.am/amberd/publications/analytics/how-financial-market-armenia-respond-political-spring-2018
  [4] Օտարերկյա ուղղակի ներդրումների կառուցվածքը վերլուծելիս, պետք է հաշվի առնել նաև, որ խոսքը ֆինանսական հոսքերի մասին, այն է՝ թե յուրաքանչյուր ոլորտում ինչքան գումար է ՀՀ-ում ներդրվել և ինչքան գումար է ՀՀ-ից դուրս եկել։