Ովքե՞ր են ցանկանում արտագաղթել և ինչո՞ւ
Ովքե՞ր են ցանկանում արտագաղթել և ինչո՞ւ
Դեռ 2015թ.-ի տարեվերջին արդեն պաշտոնական տվյալներն էլ փաստեցին, որ Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թիվն այլևս չի հասնում 3 մլն-ի (2 մլն 998 հազար): Հետագա 2 տարիների ընթացքում նվազելով 26.000-ով՝ 2018թ.-ի հունվարի 1-ի դրությամբ կազմում էր 2 մլն 972 հազար, ապա շարունակելով նվազել՝ ապրիլի 1-ի դրությամբ դարձավ 2 մլն 969 հազար մարդ: Այսինքն` Հայաստանում մշտապես բնակվող մարդկանց թիվը 3 ամսում կրճատվել է մոտ 3000-ով: Համեմատության համար նշենք, որ դա հավասարազոր է, որ միաժամանակ դատարկվեն Ծաղկաձոր քաղաքն ու մի քանի գյուղեր (Ծաղկաձոր քաղաքն ունի 1199 բնակիչ):
ՀՀ միջպետական միգրանտների գերակշիռ մեծամասնությունը՝ մոտ 90%-ը, Ռուսաստանի Դաշնությունում է: Ըստ ՀՀ միգրացիոն պետական ծառայության կայքում հրապարակած տվյալների՝ 2011-2017թթ.-ին 104.572 ՀՀ քաղաքացի ստացել է ՌԴ քաղաքացիություն, որից 25.144-ը միայն 2017թ.-ին: 2017թ.-ին ՌԴ քաղաքացիություն են ստացել 17.297-ով ավելի շատ ՀՀ քաղաքացիներ, քան 2011թ.-ին: Նշենք, որ Հայաստանը միգրանտների վերաբերյալ համակարգված տեղեկատվության աղբյուրներ չունի, և վերոնշյալ տվյալները տրամադրում է ՌԴ ՆԳՆ միգրացիայի հարցերով գլխավոր վարչությունը: Սակայն վերջինիս տրամադրած տվյալները չեն ընդգրկում բոլոր հաջորդական տարիները այնպիսի ցուցանիշների համար, ինչպիսիք են ՌԴ-ում կացության կարգավիճակ ստացած ՀՀ քաղաքացիների թիվը, բնակության իրավունք ստացած քաղաքացիների թիվը, ՌԴ-ում աշխատանքային գործունեություն իրականացնելու թույլտվություն և արտոնագիր ստացած ՀՀ քաղաքացիների թիվը: Հետևաբար, հնարավոր չի դառնում ստանալ ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների թվաքանակի ընդհանրական պատկերը: 2016թ.-ին, օրինակ` բացի ՌԴ քաղաքացիություն ստացած 22.264 ՀՀ քաղաքացիներից, ևս 18.352-ը ստացել են կացության կարգավիճակ, 21.872-ը` ՌԴ-ում ժամանակավոր բնակության թույլտվություն: Իսկ 2014թ.-ին 153.382 ՀՀ քաղաքացի ստացել է ՌԴ տարածքում աշխատանքային գործունեություն իրականացնելու արտոնագիր, ևս 63.103-ը` աշխատանքային գործունեություն իրականացնելու թույլտվություն, 434.298 ՀՀ քաղաքացի էլ Ռուսաստանի ԴՄԾ տարածքային մարմիններում կանգնած է եղել միգրացիոն հաշվառման: Ուստի ՌԴ քաղաքացիություն ստացածների թիվն իրականության մի փոքր մասն է արտացոլում միայն:
Մեր վերլուծություն համար հիմք են հանդիսացել ՀՀ ԱՎԾ կողմից բոլոր մարզերում 7788 տնային տնտեսության (մոտ 29000 անդամ) 15-75 տարեկան անդամների շրջանում կատարվող աշխատուժի հետազոտության անվանազերծված միկրոտվյալների բազաները:
3 տարվա տվյալների վերլուծությունը թերևս հաստատեց հայաստանյան իրականության հետևյալ երևույթների առկայությունը.
- ՀՀ-ից արտագաղթի խթանիչ գործոն է ոչ միայն գործազրկությունը, այլև ստացած որակավորումից (բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն) ցածր աշխատանքը,
- մարդիկ ցանկանում են արտագաղթել` անկախ իրենց եկամտի մակարդակից,
- արտագաղթելու պատրաստ հիմնական օղակն ամսական 80.000-120.000 եկամտային խմբի անձինք են,
- արտերկրում աշխատել ցանկացող քաղաքացիների թվաքանակը գերակշռում է մայրաքաղաք Երևանում,
- որքան շատ ՀՀ քաղաքացի կա արտերկրում, այնքան ավելի շատ հայաստանաբնակ քաղաքացիներ են ցանկանում մեկնել արտերկիր:
Աշխատանք գտնելու նպատակով արտերկիր մեկնելու պատրաստ անձանց և որակավորումից ցածր աշխատանք ունեցող անձանց թվաքանակի միջև բացահայտվել է բավական ուժեղ կոռելյացիոն կախվածություն: Սա թույլ է տալիս եզրակացնել, որ ՀՀ-ից արտագաղթի խթանիչ գործոն է ոչ միայն գործազրկությունը, այլև ստացած որակավորումից ցածր աշխատանք ունենալը:
Պարզելու համար, թե ամսական որքան եկամուտ ունեցող անձինք են հատկապես ցանկանում արտագաղթել, առանձնացրել ենք մի քանի եկամտային խմբեր: Աշխատանք փնտրելու նպատակով արտերկիր մեկնելու պատրաստ անձանց թվաքանակի և նրանց եկամտի միջև կապն արտահայտող կոռելյացիայի գործակիցը կազմել է 0.93: Ստացված շատ ուժգին կապը փաստում է, որ յուրաքանչյուր եկամտային խմբում անձանց թվաքանակի ավելացմանը զուգընթաց անշեղորեն ավելանում է նաև արտերկիր մեկնելու ցանկություն ունեցողների թիվը: Այս կապն ամենավառն արտահայտված է 80.000-120.000 ամսական եկամուտ ունեցող քաղաքացիների խմբում: Հետևաբար, արտագաղթելու պատրաստ հիմնական օղակը տվյալ եկամտային խմբի անձինք են: Տվյալները նաև փաստեցին, որ և՛ ամենացածր, և՛ ամենաբարձր եկամտային խմբերում արտերկիր մեկնելու պատրաստակամությունը գրեթե հավասարապես ուժգին է. և՛ մինչև 80.000, և՛ 200.000-300.000 և ավելի ամսական եկամուտ ունեցող խմբերում կոռելյացիայի գործակիցը կազմել է 0.8-ից բարձր: Սա, ցավոք, վկայում է, որ մարդիկ պարզապես ցանկանում են արտագաղթել` անկախ իրենց եկամտի մակարդակից: 200.000-300.000 և ավելի աշխատավարձ ստացող անձանց արտագաղթելու փաստը թերևս խոսում է այն մասին, որ նույն աշխատանքի դիմաց արտերկրում իրենք ավելի շատ կվարձատրվեն (օրինակ՝ ծրագրավորողները, աուդիտորները և այլն):
Տեսնենք, թե վերոնշյալ գործոնների ազդեցությամբ հիմնականում ՀՀ որ մարզերն են կանգնած բնակչության թվի նվազման վտանգի առաջ:
Աշխատանք (ավելի լավ աշխատանք) գտնելու նպատակով
արտերկիր մեկնելու պատրաստ անձանց կշիռը*
* Գծապատկերը ստացվել է ՀՀ ԱՎԾ Աշխատուժի հետազոտության անվանազերծված միկրոտվյալների բազայի հիման վրա:
Ինպես տեսնում ենք գծապատկերում, Երևանի բնակչության 30%-ը, ինչը կազմում է մոտ 324.500 մարդ, պատրաստ է մեկնել արտերկիր: Հավելենք, որ այս ցուցանիշը նախորդ տարիներին ևս Երևանում տատանվել է 30%-ի շուրջ:
Ամենացածր ցուցանիշը Սյունիքի մարզում է` 0.6%: Այն միանգամայն բացատրվում է աշխատանքի և որակավորման միջև հաշվարկված կապի ուժգնությամբ. Սյունիքը միակ մարզն է, որտեղ զբաղվածների 52%-ը կատարում է որակավորումից բարձր աշխատանք, մինչդեռ ՀՀ մյուս բոլոր մարզերում որակավորումից բարձր աշխատանք ունեցողները կազմում են առավելագույնը 0.1%-0.2%: Հետևաբար, Սյունիքում զբաղվածները չեն ցանկանա այլ աշխատանք փնտրել, մասնավորապես` արտերկրում:
ՀՀ այն քաղաքացիները, ովքեր պատրաստ են աշխատանք (ավելի լավ աշխատանք) գտնելու նպատակով տեղափոխվել ցանկացած այլ վայր կամ դժվարացել են պատասխանել՝ կմեկնեն արտերկիր, թե` ոչ, ենթադրաբար, հարմար առիթի դեպքում ևս կմեկնեն: Ուստի, սա հաշվի առնելով՝ ստացվում է, որ ՀՀ քաղաքացիների 30%-ը մտածում է արտերկրում աշխատելու մասին, այդ թվում` Երևանի բնակչության 49%-ը, Գեղարքունիքի մարզի բնակչության 47%-ը, Շիրակի մարզում 35%-ը և այլն: Նշենք, որ ըստ նախորդ տարվա տվյալների՝ հանրապետական ցուցանիշը այժմյան 30%-ի փոխարեն կազմում էր 35%, և ամենաբարձր ցուցանիշներն ունեին դարձյալ Գեղարքունիքի մարզը՝ 63%, Երևանը և Արարատի մարզը՝ 48-ական %:
Արտերկիր մեկնելու պատրաստակամ է հատկապես արդեն այնտեղ գտնվող ընտանիքի անդամ ունեցող քաղաքացիների մեծ մասը՝ 73%-ը: Ընդ որում, որքան շատ ՀՀ քաղաքացի կա արտերկրում, այնքան ավելի շատ հայաստանաբնակ քաղաքացիներ են ցանկանում մեկնել արտերկիր (կոռելյացիայի գործակիցը կազմում է 0.99), ինչն ավելի մտահոգիչ է դարձնում իրադրությունը:
Ստացված արդյունքները, ցավոք, վկայում են, որ Հայաստանում պահպանվել են միգրացիոն հոսքերի պատճառ հանդիսացող այն երևույթները, որոնք նշված են եղել դեռ 2009թ.-ի Մարդկային զարգացման ազգային զեկույցում: Դրանք են` Հայաստանում զարգացման հեռանկարի բացակայությունը, գյուղում հոգևոր-մշակութային և ընդհանրապես մարդկային զարգացման հնարավորությունների պակասը, երկրի ապագայի նկատմամբ ստեղծված անտարբերությունը, անարդարությունների և օրինախախտումների դեմ չպայքարելը, իրադրության արագ շտկման հույսի խամրումը: Իրականում հենց սրանք են արտագաղթի բուն պատճառները, և նշված ուղղություններով ձեռնարկվելիք միջոցառումների վերջնանպատակը պետք է լինի հասարակությունում արմատավորված այս անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտը փոփոխելը:
Կարծում ենք, արտագաղթի տեմպը հնարավոր կլինի կրճատել, եթե բացահայտված գործոնների մեղմացման համար պետական սոցիալ-տնտեսական միջոցառումներ ձեռնարկվեն յուրաքանչյուր մարզում՝ ըստ մարզերի ներկայացված առաջնահերթության: Սկզբնական շրջանում հատկապես առավել նպատակահարմար և արդյունավետ կլինի զբոսաշրջության զարգացումը` հիմնված յուրաքանչյուր մարզի ներուժային հնարավորությունների ու առանձնահատկությունների վրա: Այդ նպատակով պիտի ապահովվի նաև համապատասխան հարթակ փոքր և միջին ձեռնարկատիրության գործունեության համար: Ինչպես նաև անհրաժեշտ է ոչ միայն բարձրացնել աշխատավարձերի մակարդակը, այլև ապահովել մարդկանց որակավորմանը համապատասխան աշխատանք: Այստեղ թերևս կարևորվում է կրթության և աշխատաշուկայի կապը՝ առաջարկի և պահանջարկի միջև հավասարակշռությունը պահպանելու համար: