Պարենային ապրանքների շուկաների բնորոշ գծերը Հայաստանում
Պարենային ապրանքների շուկաների բնորոշ գծերը Հայաստանում
Ինչպես հայտնի է յուրաքանչյուր երկրում էլ պարենային անվտանգության ապահովման հարցը բավականին սուր է դրված: Այստեղ խնդիրը կայանում է ոչ միայն բոլոր հնարավոր ուղղություններով պարենային ինքնաբավության ապահովման, այլև պարենային ապրանքների շուկաներում առողջ և սուր արտահայտված մրցակցության ապահովման մեջ: Թերևս միայն մրցակցության սրմամբ է հնարավոր հասնել նպատակադրված գնաճի մակարդակի ապահովման, ապրանքների որակի բարձրացման, ապրանքային ու մակնիշային առաջարկի դիվերսիֆիկացման խնդիրների ապահովմանը: Այս առումով պետք է նշենք, որ պարենային ապրանքների շուկաները և դրանցում ձևավորված մրցակցային պատկերը մշտապես գտնվում են պետական մարմինների ուշադրության կենտրոնում, սակայն դրանց մեծաթիվությունը հաճախ խանգարում է բոլորի մշտադիտարկման ապահովմանը: Հիմնականում սա էր պատճառը, որ սկսած 2014 թվականի հունվարից «Ամբերդ» հետազոտական կենտրոնը նույնպես սկսեց իրականացնել պարենային ապրանքների շուկաների մշտադիտարկումներ, որոնք ներառել են թվով 119 ապրանքային շուկաներ: Պետք է նշենք, որ այս հետազոտության ընթացքում կենտրոնի կողմից, վերջին հինգ տարիների ցուցանիշների հիման վրա իրականացվել է նշյալ շուկաների ֆիզիկական տարողունակության, աճի դինամիկայի, ներմուծում-ազգային արտադրություն հարաբերակցության, ձևավորված գների ու գնաճի տեմպերի, սպառողական ծախսերում յուրաքանչյուր ապրանքատեսակի մասնաբաժնի, ներմուծվող ապրանքների ինքնարժեքների և շուկայական գնի տարբերությունների, ինչպես նաև տվյալ շուկաների մրցակցային իրավիճակի վերլուծություն: Բացի այդ իրականացվել են նաև գնային դիտանցումներ, որոնք ներառել են ինչպես Երևան քաղաքի առևտևրի խոշոր ցանցերն ու մանրածախ վաճառքի կետերը, այնպես էլ մեծածախ տոնավաճառները: Արդյունքում կենտրոնին հաջողվել է շուկայից «արտահանել» ու վերլուծել շուկայի 1400 մասնակիցներից շուրջ 600-ի շուկայական առաջարկին և թվով 3500 ապրանքատեսակի առնչվող տեղեկատվություն*, ինչը կարծում ենք նշանակալի ցուցանիշ է համանման հետազոտությունների բնագավառում: Հատկանշական է, որ սույն հետազոտության արդյունքում բացահայտվել են բազմաթիվ ուշագրավ փաստեր՝ կապված պարենային ապրանքների շուկան սպասարկող ընկերությունների կիրառած գնագոյացման ոչ հստակ մեխանիզմների, դիտարկված շուկաներում ձևավորված մրցակցային իրավիճակի, ինչպես նաև այս շուկաների ֆիզիկական ու գումարային տարողունակությունների անհամապատասխանությունների հետ, որոնք էլ ցանկանում ենք Ձեր դատին հանձնել այս տարվա ընթացքում մեր ծրագրի շրջանակներում հրապարակվելիք վերջին վերլուծական հոդվածով:
Խնդրի առնչությամբ միանգամից պետք է նշենք, որ պարենային և առաջին անհրաժեշտության ոչ պարենային ապրանքների շուկաների ֆիզիկական ծավալները 2008-2013թթ ժամանակահատվածում հիմնականում դրսևորել են անկայուն դինամիկա: Դիտարկված գրեթե բոլոր շուկաներում նկատվել են ֆիզիկական տարողունակության կտրուկ անկման և թռիչքաձև աճի իրավիճակներ: Համեմատաբար կայուն դինամիկա դրսևորվել է միայն թռչնամսի, թթվասերի, յոգուրտների, կարագի, արևադարձային մրգերի, բուսական յուղի, հրուշակեղենի, ոչ ոգելից խմիչքների և թունդ ոգելից խմիչքների շուկաներում: Միևնույն ժամանակ, դիտարկված բոլոր շուկաների արժեքային տարողունակությունը հիմնականում դրսևորել է կայուն աճի դինամիկա: Սա միանշանակ վկայում է այն մասին, որ շուկաների ֆիզիկական ծավալների կրճատումը տնտեսվարողների կողմից փոխհատուցվել է գների բարձրացմամբ: Ընդ որում այս պատկերը բնորոշ է, և΄ այն շուկաներին, որոնցում հայրենական արտադրողներն ունեն գերակշռող դիրքեր, և΄ նրանց՝ որոնցում ներմուծողների մասնաբաժիններն են ավելի մեծ: Տարբեր են միայն պատճառաբանությունները: Ներքին արտադրողները գների թանկացումները հիմնավորում են հիմնականում հումքի գների աճով, ապրանքների դեֆիցիտով, ապրանքի բաղադրիչների և չափերի փոփոխությամբ ու հարկային օրենսդրության կամ պետության ֆիսկալ քաղաքականության խստացումներով: Հիմնականում այս մեկնաբանումներով են վերջին տարիներին թանկացել պտուղ-բանջարեղենը, ձավարեղենը, հատիկաընդեղենն ու ընկույզները (վատ բերք), կաթը, կաթնամթերքը, պանիրը, երշիկեղենը, ոչ ոգելից ըմպելիքները, հացը, հացաբուլկեղենը և մակարոնեղենը (հիմնական հումքի թանկացում), միսն ու թռչնամիսը (դեֆիցիտ, կերի թանկացում), հավի ձուն (ձվի չափերի մեծացում, դեֆիցիտ): Ապրանքների մի զգալի մասի գների թանկացում էլ արձանագրվեց 2013-ին, երբ ստվերի կրճատման նպատակով կիրառվեց մի շարք ապրանքատեսակների պարտադիր դրոշմապիտակավորման պահանջը: Ընդ որում այս պահանջի կիրառումից հետո որոշ ապրանքային շուկաների ֆիզիկական ծավալները թռիչքաձև աճել են: Գնի թանկացման հիմնավորումների տեսանկյունից՝ ներմուծողների գործն անհամեմատ հեշտ է: Վերջինները թանկացումները հիմնավորում են ապրանքների միջազգային գների և կամ տրանսպորտավորման սակագների թանկացմամբ:
Ինչպես արդեն նշել ենք, յուրաքանչյուր երկրի պարենային անվտանգության համատեքստում չափազանց կարևորվում է պարենային ապրանքների զգալի մասի ուղղությամբ ինքնաբավության աստիճանի բարձրացումը: Այս առումով հետաքրքիր կլինի պարզել պարենային և առաջին անհրաժեշտության ոչ պարենային ապրանքների շուկաներում ներմուծում-ազգային արտադրություն հարաբերակցությունը և դրա դինամիկան: Պետք է նշել, որ պարենային և առաջին անհրաժեշտության ոչ պարենային ապրանքների շուկաներում ներմուծման մասնաբաժինը բավականին պատկառելի է: Այսպես, բացի կաթի, կաթնամթերքի, պանրի, պտուղ-բանջարեղենի, երշիկեղենի, մսի, հացահատիկային մշակաբույսերի, ձավարեղենի, գինու և գարեջրի շուկաներից (ներմուծման մասնաբաժինը 10-35%)՝ դիտարկված մյուս շուկաներում ներմուծող ընկերություններն ունեն հայրենական արտադրողներին գերակշռող, մասնաբաժիններ: Ներմուծման մասնաբաժինը առավելապես մեծ է թռչնամսի, կարագի, բուսական յուղերի, մարգարինային արտադրանքի, արևադարձային պտուղների, բրնձի և հնդկացորենի, շոկոլադեղենի, թեյի և սուրճի, վերմուտ գինիների, պահածոյացված պտուղ-բանջարեղենի և ոչ պարենային կենցաղային նշանակման բոլոր ապրանքների շուկաներում (70- 80%): Սակայն, դիտարկված գրեթե բոլոր շուկաներում ներմուծման ֆիզիկական ծավալների մասնաբաժինը դրսևորել է կայուն նվազման միտումներ: Այսպես, 2009-2013 ժամանակահատվածում բացի կարագի, պանրի, թռչնի ձվի, որոշ պտուղ բանջարեղենների (ազնվամորի, հապալաս, սող, սխտոր), հացահատիկային մշակաբույսերի (գարի, եգիպտացորեն), ընդեղենի, պահածոյացված բանջարեղենի, ոգելից խմիչքների և սիգարետի շուկաներից՝ մնացյալ ապրանքային շուկաներում ներմուծման մասնաբաժինը նվազել է կամ մնացել անփոփոխ: Չնայած սրան, շուկաների արժեքային տարողունակության մեջ ներմուծման գումարային ծավալների մասնաբաժինը հիմնականում մնացել է անփոփոխ կամ աճել է: Այս փաստը վկայում է այն մասին, որ դիտարկվող ապրանքային շուկաներում գնաճի հիմնական պատճառը ներմուծվող ապրանքների գների բարձրացումն է: Սրա մասին են վկայում նաև 2009-2013թթ ժամանակահատվածում ներմուծվող ապրանքների ֆիզիկական ծավալների և մաքսային արժեքների դինամիկաների համադրումը, ինչի արդյունքում արձանագրված շեղումները վկայում են ներմուծման գնաճի մասին (միավոր ապրանքի մաքսային արժեքի թանկացումը): Սակայն ներքին շուկայում նույն ապրանքների գնաճի և ներմուծման գնաճի միտումների համադրումը ցույց է տալիս, որ ներմուծողները ներքին շուկայում իրենց ներկայացրած ապրանքների գները թանկացնում են ավելի՝ քան դրանց միջազգային գների աճն է, իսկ միջազգային գների նվազմանը հիմնականում չեն արձագանքում: Այս միտումը կապված է ներքին շուկայում ապրանքների գնագոյացման ոչ հստակ մեխանիզմների և ներմուծող ընկերությունների կողմից առավելագույն շահույթի ստացման մղումների հետ: Այս առումով կարևոր է նշել, որ արենային և առաջին անհրաժեշտության ոչ պարենային ապրանքների գները դրանց մաքսազերծումից հետո ներքին շուկայում թանկանում են միջինում 212%-ով՝ կապված պետության ֆիսկալ քաղաքականության, ներմուծողների ու մանրամեծածախ առևտրականների շրջանառության ծախսերի և կիրառած շահույթի մարժաների հետ:
Ուշագրավ է, որ հիմնականում դիտարկված շուկաներում ներմուծման մեծ մասնաբաժնի և ներմուծվող ապրանքների գների էապես թանկացման հետևանքով է, որ դրանցում արձանագրված գնաճի տեմպերը համեմատաբար բարձր են եղել ՀՀ-ում արձանագրված միջին վիճակագրական գնաճի տեմպերից:
Առաջին հայացքից թվում է, որ նման պատկեր չպետք է ձևավորվեր, հատկապես, որ այս շուկաները սպասարկում են մեծ թվով ընկերություններ: Մասնավորապես, ըստ պաշտոնական վիճակագրության, 2009-2013թթ ժամանակահատվածում այս շուկաները սպասարկել են 1300-1400 ընկերություններ, որոնցից մոտ 800-ը հանդիսացել են ներքին արտադրողներ են: Սակայն, չնայած մատակարարների մեծաթիվությանը, պարենային ապրանքների շուկաները հիմնականում աչքի են ընկնում կենտրոնացվածության բարձր աստիճանով: Այսպես, 2009-2013թթ ժամանակահատվածում ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից դիտարկված թվով 55 պարենային ապրանքների շուկաներից 30-ը (55%-ը) բնորոշվել են որպես կենտրոնացվածության բարձր աստիճան, 24-ը (44%-ը)՝ միջին և ընդամենը մեկը կենտրոնացվածության ցածր աստիճան ունեցող շուկաներ: Դիտարկված շուկաներից 40-ում (72%-ը) առկա են եղել 1-3 գերիշխող դիրք ունեցող ընկերություններ: Ակնհայտորեն դիտարկվող ապրանքային շուկաներում մրցակցությունն ընթանում է հիմնականում 1-3 ընկերությունների միջև: Իսկ շուկան սպասարկող մյուս մեծաքանակ ընկերություններն այնքան փոքր կամ աննշան մասնաբաժիններ ունեն, որ որևէ ազդեցություն չունեն շուկայի կամ դրանում առկա մրցակցային պայքարի դրվածքի (սրության, կիրառվող ռազմավարությունների) և ձևավորված գների վրա: Բացի այդ, ՀՊՏՀ Ամբերդ հետազոտական կենտրոնի դիտարկումները ցույց են տվել, որ պարենային և կենցաղային նշանակության ոչ պարենային ապրանքների շուկաներում գերիշխող դիք կամ նշանակալի մասնաբաժին ունեցող սահմանափակ թվով ընկերությունները հիմնականում դիվերսիֆիկացված են: Մասնավորապես, մոտ 20 ներմուծող ընկերություններ ներկայացված են պարենային և կենցաղային նշանակության ոչ պարենային ապրանքների տասնյակ շուկաներում կամ գրեթե բոլորում (ընկերությունների ցանկը և դրանց բիզնեսի առանձնահատկությունները նկարագրված են «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կողմից հրապարակված «Պարենային ապրանքների շուկաները Հայաստանում 2009-2014թթ» զեկույցում): Կարելի է ասել, որ բացի կաթնամթերքի, ոգելից խմիչքների, մսամթերքի և պտուղ-բանջարեղենի շուկաներից, մնացած բոլոր պարենային և առաջին անհրաժեշտության ոչ պարենային ապրանքների շուկաներում մրցակցությունն ընթանում է հենց այդ 20 ընկերությունների միջև: Ի դեպ վերոգրյալ շուկաներում ևս մրցակցությունն ընթանում է 2-4 ընկերությունների միջև, մի տարբերությամբ, որ դրանք հանդիսանում են ներքին արտադրողներ: Հենց նման պատկերով էլ հնարավոր է մեկնաբանել գների անհիմն բարձրացման միտումների աճն այս շուկաներում:
Պետք է նշել, որ դիտարկվող շուկաներում բացի կենտրոնացման աստիճանի բարձրացումից ու գների չհիմնավորված թանկացումներից նկատվել են նաև անառողջ մրցակցության դեպքերի հաճախակիացման միտումներ: Մասնավորապես, 2009-2013թթ ժամանակահատվածում ՀՀ ՏՄՊՊՀ վարույթների ուսումնասիրումից ակնհայտ է, որ այս շուկաները սպասարկող ընկերությունները նախապատվությունը հիմնականում տվել են անառողջ մրցակցության գործիքներին: Վերջինը դրսևորվել է ապրանքների բաղադրության ակնհայտ խախտումների, կեղծ մակնշումների, ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու, հակամրցակցային համաձայնությունների գալու, որոշ դեպքերում, ներմուծվող ապրանքներն իբրև տեղական արտադրանք ներկայացնելու միջոցով: Առավել աղաղակող դեպքերը հիմնականում առնչվել են սխալ մակնշված բաղադրությամբ ապրանքների վաճառքի և նախատոնական ժամանակահատվածներում տնտեսվարողների կողմից ապրանքների գների համաձայնեցված թանկացումների հետ:
Նույն խնդրով Ամբերդ հետազոտական կենտրոնի կողմից իրականացված դիտարկումների արդյունքները փաստում են, որ Երևան քաղաքի առևտրային ցանցերում վաճառվող պարենային և առաջին անհրաժեշտության ոչ պարենային ապրանքների մոտ 35%-ի փաթեթավորման վրա մատնանշված չեն Հայաստանում դրանք արտադրողի կան ներկայացնողի տվյալները, բացի այդ, տնտեսվարողները հաճախակի խախտում են «Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների տեղեկատվության բովանդակությունը և պարտադիր պահանջների մասին տեղեկատվությունն սպառողներին հասցնելու» մասին կարգով սահմանված պահանջները: Ամենատարածված խախտումն առնչվում է նրան, որ ապրանքների վրա հայերենով, ընթեռնելի չափերի տառատեսակով չեն նշվում դրանց ամբողջական բաղադրությանն ու այլ հատկանիշներին առնչվող տեղեկատվությունը, կամ նշում են իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն: Բացի այս տարածված խախտումների թվին են դասվում նաև, որոշ ներքին արտադրողների կողմից ներմուծվող և ներքին շուկայում ամուր դիրքեր ունեցող ապրանքանիշերով ապրանքների կեղծումները: Այս երևույթն առկա է հատկապես բուսական յուղերի, մարգարինային արտադրանքի, թխվածքաբլիթների, շոկոլադեղենի ու հրուշակեղենի, ոգելից խմիչքների և լվացող-մաքրող միջոցների շուկաներում:
Վերլուծությունից ակնհայտ է, որ ՀՀ պարենային և առաջին անհրաժեշտության ոչ պարենային ապրանքների շուկաներում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք հիմնականում պայմանավորված են տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության բացերով, շուկաների կենտրոնացման բարձր աստիճանով և, ինչպես երևաց նախորդ հոդվածից, սպառողական մշակույթի բացակայությամբ ու սպառողների՝ հիմնականում ապրանքի ցածր գնի վրա կենտրոնացածության հետ: Հատկանշական է, որ այս խնդիրները չկարգավորելու պարագայում պարենային և առաջին անհրաժեշտության ոչ պարենային ապրանքների շուկաները կշարունակեն մնալ հասունության նման ցածր մակարդակում: Իսկ ներքին արտադրության ծավալների մեծացման արդյունավետ ուղիներ չմշակելու դեպքում՝ ներմուծման սահմանափակ տրանսպորտային ուղիների և կամ գործընկերների հետ հարաբերությունների «վտանգումը» (ինչը բացարձակապես չի կարող վերահսկվել տնտեսվարողների և անգամ ՀՀ կառավարության կողմից) էապես կմեծացնեն Հայաստանի պարենային անվտանգության ապահովման ռիսկերը:
* Կախված փաթեթավորման ձևից և քաշից մեր կենտրոնի վիճակագրությունը ներառել է ավելի քան 12000 անուն ապրանքի մանրածախ գներին և շուկայում դրանք ներկայացնողներին վերաբերող տեղեկատվություն