Գործարարի անձնային որակները

Սոֆյա Օհանյան
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի
«Հանրային քաղաքականության և
անվտանգության հետազոտություններ»
ծրագրի ավագ հետազոտող

Ժամանակակից հասարակությունում շուկայական տնտեսական համակարգի առաջընթացն ու շարժունությունն ապահովող կենտրոնական կերպարներից է գործարարը: Հայաստանում, ինչպես նաև հետխորհրդային մյուս երկրներում, ձևավորվել է սկզբունքորեն նոր սոցիալական կառուցվածք, որտեղ երևան են եկել խորհրդային հասարակությանն անծանոթ տնտեսավարող սուբյեկտներ, որոնք շուկայական տնտեսության օրենքների տիպական մարմնավորումն են:

Իսկ բարոյաանձնային, մտավոր, մասնագիտական ինչպիսի՞ որակներ ունի կամ պետք է ունենա գործարարը:

Ինչպես յուրաքանչյուր անհատ, այնպես էլ գործարարը, ձգտում է կերտել սեփական կերպարը, նպաստավոր տպավորություն թողնել և շրջապատողների կողմից սեփական գործողությունների հավանությանն արժանանալ: Մեծ բիզնեսի, կյանքի բոլոր կողմերի քաղաքականացման ժամանակաշրջանը ծնել է նաև նոր պահանջ՝ ապրել բոլորի աչքի առաջ: Սոցիալական աստիճանակարգության մեջ սեփական հարգը բարձրացնելու համար անհրաժեշտ է աշխատել սեփական կերպարի (իմիջի) վրա, որի ձևավորման առաջին փուլը կապված է ինքնագնահատականի բարձրացման հետ: Երկրորդ փուլը վարվելակարգի դաստիարակությունն է, բարեկիրթ, վաելուչ լինելու, լսարանի վստահությունն առաջացնելու կարողությունը:

Արևմտյան հետազոտողների տվյալների համաձայն` խոշոր գործարարները սովորաբար նախընտրում են մեծամասշտաբ որոշումներ, հակված են գործել մտածված ու արագ` կողմնորոշվելով ընկերության վերակազմակերպմանը, բիզնեսի ուղղվածության փոփոխությանը և այլն: Այդպիսի գործարարը ոչ այնքան որոշակի մասնագիտություն ընտրած անհատ է, որքան անձնային տիպ, որի բնութագրերն են անկախության ու իշխանության ձգտումը, նոր հնարավորությունների որոնումը, նախաձեռնողականությունը, նպատակաուղղվածությունը, մարդկանց կազմակերպելու և ռեսուրսները բաշխելու ընդունակությունը, վտանգի թույլ զգացումը, վարչարարական գործողությունների հանդեպ անհանդուրժողականությունը, իր վրա պատասխանատվություն վերցնելու վախի բացակայությունը:

Մանր ու խոշոր բիզնեսի արևմտյան ներկայացուցիչների հոգեբանական դիմանկարների համեմատությունը ցույց է տալիս, որ վերջիններս օժտված են ավելի բարձր ինտելեկտով, ավելի համառ են, քիչ են հակված հետևելու խմբային հասարակական նորմերին, օժտված են ավելի հարուստ երևակայությամբ, մտածողության ճկունությամբ ու ինքնուրույնությամբ: Խոշոր բիզնեսի ներկայացուցիչների մեջ հատուկ առանձնանում է «ներամփոփ, ստեղծագործող ղեկավարի » անձնային տեսակը: Այս մարդիկ հուզականորեն կայուն են, ձգտում են իշխել շրջապատողների վրա, չեն ընդունում հեղինակություններ, ակտիվ են ու համարձակ, օժտված են զարգացած վերացական մտածողությամբ, կազմակերպչական ընդունակություններով: Ղեկավարի կազմակերպական ներուժը որպես անձնային որակ դրսևորվում է ինքն իր ու մյուս մարդկանց հետ նրա հարաբերությունների համակարգում: Ղեկավարի հմտությունները պարզեցված ձևով կարելի է բնորոշել հետևյալ կերպ.

  • ա. սեփական դերի վերլուծություն,
  • բ. մյուս մարդկանց համար աշխատանքային խնդիրների որոշում,
  • գ. լիազորությունների ու պատասխանատվության փոխանցում,
  • դ. արդյունավետ աշխատանքի վարձատրություն,
  • ե. դժվար մարդկանց հետ աշխատելու կարողություն:

Գոյություն ունի ենթակաների վրա գործարարի ներգործության երկու մեթոդ: Այսպես կոչված «բացասական ամրապնդման» էությունը ենթակաների գործունեության բացասական կողմերի որոնումն է: Այս մեթոդը վաղուց են օգտագործում իշխանությամբ օժտված մարդիկ, այն իսկապես փոխում է մարդկանց վարքը, բայց հանգեցնում է աշխատանքից խուսափելուն և երկու կողմերից ոգեշնչման նվազմանը: Հակառակ մոտեցման դեպքում, որը հոգեբաններն անվանում են «դրական ամրապնդում», որոնվում են մարդու աշխատանքի օգտակար կողմերը, և խրախուսվում է հենց այդպիսի վարքը: Այս դեպքում ղեկավարը հատուկ ջանքեր է գործադրում աշխատանքի մեջ մարդու ներդրման դրական կողմերի բացահայտման ու վարձատրման համար: Բոլոր նրանք, ում երբևէ ղեկավարել են, ընդունում են, որ ենթակաների աշխատանքն ամենավատը վարձատրում է այն ղեկավարը, ով ընդհանրապես չունի նրանց հետ հետադարձ կապ: Աշխատողն իր աշխատանքի հանդեպ արձագանքի պակաս է զգում և ժամանակի ընթացքում կորցնում է հետաքրքրությունն աշխատանքի հանդեպ:

Գործարարն առաջին հերթին պետք է առաջնորդ (լիդեր) լինի, քանի որ նա պետք է իր շուրջը համախմբի մարդկանց և ոգեշնչի նրանց բարձր նպատակին հասնելու համար. «Առաջնորդին կարելի է բնորոշել որպես տվյալ սոցիալական հանրույթում առավել հեղինակավոր անձ, որը կենտրոնական դեր է խաղում համատեղ գործունեության կազմակերպման և խմբում փոխհարաբերությունների կարգավորման մեջ»1: Նա հաջողության կհասնի բիզնեսում, միայն եթե կկարողանա համոզել իր աշխատակիցներին` հասնելու առաջադրանքների կատարման այնպիսի մակարդակի, որը նախկինում նրանց անհասանելի էր թվում: Իտալացի փիլիսոփա, հոգեբան Ա. Մենեգետիի կարծիքով` առաջնորդն այն մարդն է, ով բավարարելով սեփական եսասիրությունը` իրականացնում է հասարակական շահը2: Հասարակության շահերը բավարարելու համար գործարարին անհրաժեշտ է.

  • ա. ուսումնասիրել մարդկանց որոշակի խմբի շահերը,
  • բ. առաջարկել գոյություն ունեցող շահերի բավարարման կամ առկա խնդիրների լուծման ինչ-որ միջոցներ,
  • գ. գործարար ակտիվության շնորհիվ կարողանալ ստանալ ոչ միայն սեփական օգուտը, այլև լուծել սոցիալական խնդիրը:

Ըստ Մենեգետիի պատկերացումների` առաջնորդն օժտված է որակների երեք խմբով, որոնց մեջ կարելի է պայմանականորեն առանձնացնել մտավոր ընդունակությունները, անձնային որակները և ձեռքբերովի կարողությունները.

ՄՏԱՎՈՐ ԸՆԴՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • զարգացած տրամաբանական մտածողություն
  • խորաթափանցություն
  • մտածողության ինքնատիպություն
  • հետաքրքրասիրություն
  • նոր գիտելիքներ և հմտություններ յուրացնելու ընդունակություն
  • ինտուիցիա
  • կրթվածություն

ԱՆՁԻ ԽԱՌՆՎԱՑՔԻ ԳԾԵՐ

  • նախաձեռնողականություն
  • ճկունություն
  • ստեղծագործելու հակում
  • համարձակություն
  • ինքնավստահություն
  • հավասարակշռվածություն
  • հավակնոտություն
  • ինքնուրույնություն
  • ինքնագնահատականի համարժեքություն
  • պարտաճանաչություն
  • ակտիվություն
  • հուսալիություն
  • տիրականություն
  • աշխատունակության
  • անկախության

ՁԵՌՔԲԵՐՈՎԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • աջակցություն ստանալու կարողություն
  • համագործակցելու կարողություն
  • հռչակ ու վարկանիշ նվաճելու կարողություն
  • մտքերն արտահայտելու կարողություն
  • նրբանկատություն և դիվանագիտություն
  • ռիսկ և պատասխանատվություն ստանձնելու կարողություն
  • այլ մարդկանց կազմակերպելու կարողություն
  • համոզելու կարողություն
  • հումորը հասկանալու կարողություն
  • մարդկանց ճանաչելու կարողություն

Անձնային որակների այս ոչ լրիվ ցանկը ստիպում է դրանց մեջ փնտրել առավել կարևորները, առանց որոնց գործարար գործունեության հաջողությունն էապես կդժվարանա: Գործարարների գործունեության վերլուծությունը ցույց է տալիս, որ բազմազան անձնային որակների մեջ կարելի է առանձնացնել հետևյալ առավել կարևորները3.

  • ինքնուրույնություն,
  • հավակնոտություն,
  • համառություն,
  • աշխատասիրություն,
  • դիմացկունություն,
  • գործնականություն,
  • նորարարություն,
  • համարձակություն,
  • մրցակցության ոգի,
  • գերազանցության ձգտում:

Արդյունավետ ղեկավարմանը վերաբերող ևս մի կարևոր պահ է այն, որ հաջողակ գործարարը միշտ պետք է կարողանա գտնել հավասարակշռությունը երկու ծայրահեղությունների միջև: Ամերիկացի առավել հաջողակ գործարարների անձնային առանձնահատկությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ նրանց մեծամասնությունն օժտված է չորս զույգ որակներով, որոնք առաջին հայացքից թվում են փոխբացառող4.

  • հավակնոտություն - համեստություն
  • ռազմավարական մտածողություն - ուշադրություն մանրուքների հանդեպ
  • խանդավառություն - ներքին հանգստություն
  • ռիսկի դիմելու կարողություն - սխալներից օգուտ քաղելու ընդունակություն

Հետաքրքրական է, որ տվյալ որակներից ցանկացածն իր զարգացման ժամանակ վերածվում է թերության և միայն իր հակադրության հետ հավասարակշռության մեջ է ձեռք բերում ներդաշնակություն ու հանգեցնում հաջողության: Հետևաբար, որքան կարևոր է բիզնեսում հաջողությանը նպաստող անձնային հատկությունների ուսումնասիրությունը, նույնքան մեծ նշանակություն ունի հաջողությանը խոչընդոտող անձնային որակների վերլուծությունը:

Գործարարին հակացուցվող որակներն են հուզական անհավասարակշռությունը, ծուլությունը, պասիվությունը, ներշնչելիությունը, չափազանց կատարողականությունն ու ճշգրտությունը: Այս ցուցակի վերջին երկու հատկություններն ընդհանուր առմամբ դրական են, սակայն այն, ինչ լավ է վարձու աշխատողի դեպքում, բացասական է գործարարի համար, որն ինքը պետք է իրեն առաջադրանքներ տա, այլ ոչ թե սպասի, որ ինչ-որ մեկն իրեն ասի, թե ինչ է պետք անել: Ճշգրտությունը լավ է հաշվապահի համար, բայց արագ փոփոխվող շուկայական տնտեսության պայմաններում ճկունությունը կայունությունից կարևոր է: Գործարարի գործունեությունը դժվարացնող ևս մի անձնային որակ է չափազանց զգուշավորությունը: Դրա առկայությամբ գործարարը շատ երկար կտատանվի որոշումներ ընդունելիս և շատ դանդաղ կգործի, երբեմն էլ կմատնվի պասիվության: Գործարարությունը միշտ ռիսկ է և գործողություններ անորոշության պայմաններում: Այդ հանգամանքներում ավելի լավ է գործել ու սխալվել` օգուտ քաղելով սխալներից, քան վախենալ ձախողումից և ոչինչ չձեռնարկել: Մինչ բիզնեսմենը տատանվում է և մտորում, ժամանակը գործում է նրա դեմ. մրցակիցներն արտադրում են ապրանքներ ու գրավում են շուկաներ, հարկային ծառայությունն ավելացնում է հարկերն ու տույժերը, իսկ շինությունների տերերը` վարձակալության վճարը:

Ժամանակակից ամերիկացի գիտնական, հոգեբան, կազմակերպությունների կառավարման խորհրդատու Ջ. Սթիվենսն առանձնացնում է մի շարք անձնային որակներ, որոնք խանգարում են մարդուն ներդաշնակ ու հաջողակ ապրել ու գործել: Նա դրանք անվանել է «դևեր» և ցույց է տվել, որ անձնային առանձնահատկությունները կարող են լինել մարդու համար և՛ օգտակար, և՛ վնասակար5: Այս հեղինակն այդ գծերի թվին է դասում, մասնավորապես, մեծամտությունը, որի հիմքում կարող է թաքնվել սեփական անօգնականության վախը, բացասական գնահատականի վախը կամ սեփական նշանակալիության մասին ուռճացված պատկերացումը: Մյուս բացասական գիծն անհամբերությունն է, որը դրսևորվում է ժամանակը կորցնելու հնարավորության վախի մեջ: Նման վախով վարակված մարդիկ անընդհատ սթրեսի վիճակում են գտնվում, փորձում են շատ բան անել կարճ ժամանակահատվածում և ապրում են ապագայի մասին երազանքներով` չկարողանալով ապրել ներկայում: Այսպիսի մարդկանց վարքի արտաքին դրսևորումները կլինեն նյարդայնությունը, կոպտությունը, դյուրաբորբոքությունը և շտապողականությունը որոշումներ ընդունելիս: Վարքի ներքին դրսևորումները կլինեն անհանգստությունը, խուճապի և կամակորության հակումները: Մարդուն խժռող ևս մի «դև» է ագահությունը: Արտաքնապես այն դրսևորվում է եսասիրության, ժլատության, չարչիության հակումներում և ուրիշի հարստության հանդեպ նախանձի մեջ, իսկ ներքին մակարդակում` զրկվածության զգացման և ընչաքաղցության մեջ: Ջ. Սթիվենսը ենթադրում է, որ այդ գծերից լիովին ձերբազատվելն անհնար է, բայց դրանք կարելի է ընտելացնել և գործածել սեփական օգուտի համար և ի շահ մարդկանց:

Անգլիացի հոգեբաններ Մ. Վուդկոկը և Դ. Ֆրենսիսը բացահայտել են յոթ գլխավոր գործոններ, որոնք սահմանափակում կամ ոչնչացնում են գործարարի ստեղծագործական և նորարարական ընդունակությունները6.

  • ա. Ծուլություն: Ստեղծագործությունը պահանջում է ժամանակ ու ջանքեր: Ժամանակը ստեղծագործական ջանքերին նվիրելու համար պետք է կարգապահություն, իսկ երբեմն էլ պահանջվում է հաղթահարել ձանձրույթը:
  • բ. Կայացած սովորություններ: Բոլոր մարդիկ ունեն շարժումների, աշխատանքի, շարժուձևի ու մտածողության կարծրատիպեր, բայց սովորությունները կարող են դառնալ ստեղծագործության թշնամիները:
  • գ. Ավելորդ լարվածություն: Ստեղծագործելիս մենք հաճախ ենք բախվում անվստահությանն ու շփոթմունքին: Լարված վիճակում գտնվող մարդիկ ջանում են հետևել իրենց լավ հայտնի կանոններին ու նորմերին, և դրա հետևանքով նրանց ուժերն ու էներգիան օգտագործվում են ոչ լիովին:
  • դ. Թույլ նպատակամղվածություն: Ասում են, որ ոչ մի նշանակալի նվաճում չէր կատարվի,եթե չլիներ փոփոխությունների գիտակցված ձգտում:
  • ե. Անբավարար հնարավորություններ: Պատմական շատ բացահայտումների հեղինակներն այնպիսի մարդիկ են, որոնք չեն կարողացել իրենց կյանքը նորմալ ապրել հիվանդության, բանտարկված լինելու, հեղինակությունը ժամանակավորապես կորցնելու պատճառով: Մարդկանց մեծամասնության համար նորմալ ապրել նշանակում է իրենց կյանքը լցնել առօրյա գործերով, որոնք կլանում են իրենց ժամանակի և ուժերի մեծ մասը. նրանց կյանքում հազվադեպ են նորամուծությունների հնարավորությունները:
  • զ. Ավելորդ լրջություն: Ստեղծագործաբար ինքնիրացվելու համար հաճախ անհրաժեշտ է «խաղալ» գաղափարների հետ. երբեմն որոնելի լուծումը գտնվում է ամենաարտառոց ու անհավանական առաջարկությունների մեջ: Խաղային դիրքորոշման պակասը դժվարացնում է նաև շփումը շրջապատողների հետ:
  • է. Վատ մեթոդաբանություն: Խնդիրների լուծման համապատասխան կամ արդյունավետ մեթոդի պակասը թուլացնում է ստեղծագործական ջանքերը: Ստեղծագործական գործընթացը կարելի է ուսումնասիրել ու վերլուծել անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու և համապատասխան մեթոդներ զարգացնելու համար:

Պետք է նշել, որ զուտ անձնային որակներից բացի, գործարարը պետք է օժտված լինի իր աշխատանքի ոլորտում հատուկ գիտելիքների, կարողությունների և հմտությունների համակազմով: Հասկանալի է, որ ֆինանսական գործարքների բարեհաջող կատարման համար գործարարին անհրաժեշտ են ֆինանսավարկային ոլորտի ու հաշվապահական հաշվառման նվազագույն գիտելիքներ: Եվ, այնուամենայնիվ, դրանք որոշիչ չեն: Հաճախ է պատահում, որ գործարարը հատուկ գիտելիքներ ու կարողություններ է ձեռք բերում իր բիզնեսի զարգացման ընթացքում, իսկ սկզբնական փուլերում գործել է կամ բնազդաբար, կամ հրավիրյալ մասնագետների օգնությամբ: Այստեղ գլխավորն է սովորելու և սեփական որակավորումը բարձրացնելու ցանկությունը սեփական բիզնեսի կատարելագործման նպատակով, իսկ այդպիսի ցանկությունը վերաբերում է արդեն անձնային որակներին:

Փետրվար, 2015