Հոգեբանական Մանիպուլյացիա. Ինչպես Են «Լվանում» Ուղեղները
Հոգեբանական Մանիպուլյացիա. Ինչպես Են «Լվանում» Ուղեղները
XX դարը և հատկապես XXI դարասկիզբը բնութագրվեցին նոր` տեղեկատվական-հոգեբանական պատերազմների առաջացմամբ, որոնք հնարավորություն են տալիս հաղթել ոչ թե հակառակորդի զինված ուժերի ու տնտեսության ոչնչացման հաշվին, այլ նրա բարոյահոգեբանական վիճակի վրա ներգործությունների հաշվին: Այդ պատերազմներում օգտագործվում են զանգվածային հաղորդակցության, տեղեկատվության ու քարոզչության միջոցները, որոնց օգնությամբ տեղի է ունենում հոգեվիճակի գաղափարախոսական մշակում, հետևաբար, նաև հասարակական կարծիքի ձևավորում:
Ժամանակակից տեղեկատվական հասարակությունում գաղափարների, դիրքորոշումների, շարժառիթների, վարքի կարծրատիպերի “պարտադրումն” իրականացվում է հիմնականում ԶԼՄ-ների միջոցով, որոնք իրենց կիրառած տեղեկատվական տեխնոլոգիաներով ներգործում են զանգվածների հոգեկանի վրա, այսինքն` ներկայումս արդեն կարելի է խոսել զանգվածների գիտակցության ուղղությամբ ԶԼՄ-ների հոգևոր էքսպանսիայի մասին:
Տեղեկատվական-հոգեբանական ներգործությունը մարդկանց (առանձին անհատների և խմբերի) վրա ազդեցություն գործելու միջոց է, որի նպատակն է նրանց գիտակցության ու ենթագիտակցականի գաղափարախոսական ու հոգեբանական կառուցվածքների փոփոխությունը, հուզական վիճակի փոխակերպումը, տեղեկատվական միջոցների օգտագործմամբ և հոգեբանական բացահայտ ու թաքնված պարտադրման տարբեր միջոցների կիրառմամբ վարքի որոշակի տեսակների խթանումը: Հոգեբանական ներգործությունը հաճախ կիրառվում է անձի գաղտնի պարտադրման տեխնոլոգիաների ձևով:
Գաղտնի պարտադրման ձևերին են վերաբերում հոգեբանական մանիպուլյացիաները: Հոգեբանական մանիպուլյացիան հոգեբանական ներգործության միջոց է, որի նպատակն է մյուս մարդկանց հոգեկան և այլ ակտիվության ուղղվածության փոփոխությունը, որն իրականացվում է նրանց համար աննկատ կերպով: Գիտակցության մանիպուլյացիան կառավարում է` մարդկանց ներգործության սուբյեկտին ձեռնտու գաղափարների, դիրքորոշումների, շարժառիթների, վարքի կարծրատիպերի պարտադրման ճանապարհով:
Առանձնացնում են մանիպուլյացիայի երեք մակարդակ.
- մարդկանց գիտակցության մեջ գոյություն ունեցող անհրաժեշտ գաղափարների, դիրքորոշումների, շարժառիթների, արժեքների, նորմերի ուժեղացում,
- կապված է այս կամ այն իրադարձության, գործընթացի, փաստերի մասին հայացքների մասնավոր, մանր փոփոխությունների հետ, ինչը ևս ազդեցություն է գործում կոնկրետ երևույթի հանդեպ հուզական ու գործնական վերաբերմունքի վրա,
- կենսական դիրքորոշումների արմատական փոփոխություն օբյեկտին նոր, ապշեցուցիչ, անսովոր, դրամատիկ, իր համար կարևոր տեղեկությունների (տվյալների) հաղորդման ճանապարհով:
Մանիպուլյացիայի միջոցով կարելի է փոփոխել մարդու կենսական դիրքորոշումները ներգործության առաջին երկու մակարդակներում: Առանձին մարդու, մարդկանց խմբի կամ սոցիալական հանրության հայացքների արմատական փոփոխությունները պահանջում են մարդու գիտակցության վրա համալիր ներգործություն բոլոր առկա մեթոդներով ու եղանակներով երկարատև ժամանակի ընթացքում:
Գործնականում հաստատված է, որ որքան ավելի տեղեկացված են մարդիկ, այնքան դժվար է նրանց մանիպուլյացիայի ենթարկելը, ուստի հոգեբանական ներգործության օբյեկտներին պետք է տրամադրել տեղեկատվության փոխնակ` կտրտված ու նոսրացված, որը համապատասխանում է հոգեբանական ներգործության նպատակներին: Սկզբում մարդկանց փորձում են պարտադրել այնպիսի կարծրատիպեր, որոնք ընդունակ են առաջացնել անհրաժեշտ ռեակցիաները, արարքներն ու վարքը: Ընդ որում, հատուկ կողմնորոշվում (կամ հատուկ ընտրվում) են այնպիսիք, ովքեր ասես իրենց կամքին հակառակ հավատում են
առասպելների, ասեկոսեների: Հետո օգտագործվում են մի շարք հնարներ, որոնք թույլ են տալիս բարձրացնել ներգործության արդյունավետությունը.
- տվյալ պահին "անհրաժեշտ", հաճախ կոպիտ սարքված տեղեկատվության մատուցում,
- իսկական, իրականությանը համապատասխանող տեղեկությունների կանխամտածված քողարկում,
- տեղեկատվական ծանրաբեռնվածության ապահովում, ինչը ներգործության օբյեկտի համար դժվարացնում է իրերի իսկական էությունը պարզելը:
Խաբեության բացահայտման դեպքում ենթադրվում է, որ ժամանակի ընթացքում իրավիճակի սրությունն ընկնում է, և շատ բան ընկալվում է արդեն բնական, անհրաժեշտ կամ, ծայրահեղ դեպքում, հարկադրված:
Տեղեկատվության մանիպուլյացիան ներառում է մի շարք եղանակներ.
- Տեղեկատվական ծանրաբեռնվածություն: Հաղորդվում է հսկայական քանակով տեղեկատվություն, որի հիմնական մասը կազմում են վերացական դատողությունները, անկարևոր մանրամասները, տարաբնույթ մանրուքները և այլ "աղբ": Դրա հետևանքով օբյեկտը չի կարողանում թափանցել խնդրի իսկական էությունը:
- Տեղեկատվության չափաբաժին: Հաղորդվում է տեղեկությունների միայն մի մասը, իսկ մնացածը ջանադրաբար քողարկվում է: Դա հանգեցնում է նրան, որ իրականության պատկերն աղավաղվում է այս կամ այն չափով կամ ընդհանրապես դառնում է անհասկանալի:
- Մեծ սուտ: Սա նացիստական Գերմանիայի քարոզչության մինիստր Յ. Գեբելսի սիրելի հնարն էր: Նա պնդում էր, որ որքան ավելի անպատկառ ու ոչ ճշմարտանման է սուտը, այնքան ավելի շուտ դրան կհավատան. գլխավորը այն առավելագույնս լրջորեն մատուցելն է:
- Իսկական փաստերի խառնում ամենահնարավոր ենթադրություններին, վարկածներին, ասեկոսեներին: Դրա հետևանքով անհնար է դառնում ճշմարիտը հորինվածից տարբերելը:
- Ժամանակի ձգձգում: Այս հնարը հանգեցվում է նրան, որ տարաբնույթ պատրվակներով ձգձգում են իսկապես կարևոր տեղեկությունների հրապարակումը մինչև այն պահը, երբ արդեն ուշ կլինի ինչ-որ բան փոխելը:
- Պատասխան հարված: Այս հնարի էությունն այն է, որ այս կամ այն իրադարձությունների հորինված (բնականաբար, հորինողին ձեռնտու) տարբերակը երրորդ անձի միջոցով տարածում են հակառակորդ կողմերի հանդեպ չեզոք ԶԼՄ-ներով: Մրցակից կողմի (հակառակորդի) մամուլը սովորաբար կրկնում է այդ տարբերակը, քանի որ այն համարվում է ավելի "օբյեկտիվ", քան կոնֆլիկտի անմիջական մասնակիցների կարծիքները:
- Ժամանակին ասված սուտ: Հաղորդվում է կատարելապես կեղծ, բայց տվյալ պահին չափազանց սպասվող ("թարմ") տեղեկատվություն: Որքան շատ է հաղորդման բովանդակությունը համապատասխանում օբյեկտի տրամադրություններին, այնքան արգասավոր է նրա արդյունքը: Հետո խաբեությունը բացահայտվում է, բայց այդ ընթացքում իրավիճակի սրությունը նվազում է կամ որոշակի գործընթաց ստանում է անհակադարձելի բնույթ:
ժամանակակից պայմաններում տեղեկատվական-հաղորդակցային գործընթացներում օգտագործվում են ոչ թե պարզապես առանձին հնարներ, այլ հատուկ մանիպուլյատիվ տեխնոլոգիաներ: Մանիպուլյատիվ տեխնոլոգիաների` որպես մարդկանց վարքի կառավարման և նրանց անհատական ու զանգվածային գիտակցության վրա ազդեցության միջոցների կիրառումն իրականացվում է միջպետական քաղաքականության վարման ընթացքում, ներքաղաքական պայքարում, տնտեսական մրցակցության ու կոնֆլիկտային հակամարտության վիճակում գտնվող կազմակերպությունների գործունեության մեջ և մարդկանց միջանձնային փոխազդեցության գործընթացում: