Սպառողական ծախսերի առանձնահատկությունները Հայաստանում
Սպառողական ծախսերի առանձնահատկությունները Հայաստանում
Սպառողական ծախսերի մեծությունը և կառուցվածքը հանդիսանում են յուրաքանչյուր երկրի բնակչության կենսամակարդակի ու ապրանքային նախապատվությունների կարևորագույն ցուցիչներից մեկը: Բացի այդ, արդյունաբերական սպառման մեծությունն ու կառուցվածքը նույնպես ածանցվում են սպառողական ծախսերից և այդ առումով յուրաքանչյուր երկրում էլ սպառողական ծախսերի կազմին, կառուցվածքին և մեծությանն առնչվող հետազոտությունները մեծապես պահանջարկված են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում: Ավելին, ելնելով պարենային անվտանգության ապահովման խնդրից, պետական հատվածի վիճակագրությունը վարվում է, ինչպես սպառողական ծախսերի մշտադիտարկման, այնպես էլ սպառողական շուկաների մշտադիտարկման արդյունքում ստացված տեղեկատվության հիման վրա: Մասնավորապես Հայաստանում սույն խնդրին առնչվող պարբերական հրատարակումներ իրականացնում են Ազգային վիճակագրական ծառայությունը (Վիճակագրական տարեգրքի երկու առանձին բաժիններով ու եռամսյակային, տարեկան առանձին հրատարակումներով), Գյուղատնտեսության նախարարությունը (թողարկված արտադրանքի վիճակագրության և պարենային հաշվեկշռի հրատարակման եղանակով), Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (առավել մեծ կարևորություն ունեցող ապրանքային շուկաների մշտադիտարկման և ամենամյա զեկույցների հրատարակման ճանապարհով) և մի շարք այլ գերատեսչական մարմիններ:
Պետք է նշել, որ Հայաստանը սպառողական ծախսերի մեծության և կառուցվածքի տեսանկյունից առավել մոտ է զարգացող և թույլ զարգացած երկրների ցուցանիշներին, ինչի հիմնական պատճառը հանդիսանում են բնակչության փոքրաթիվությունը, տնօրինած եկամուտների ոչ մեծ զանգվածը, աղքատության բարձր ցուցանիշը, ինչն առավել ցայտուն տեսք ստացավ հատկապես վերջին ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում Հայաստանում դրամի կտրուկ արժեզրկման և մասնավոր տրանսֆերտների կտրուկ նվազման ֆոնի վրա:
Թեև սպառողական ծախսերի մեծության տեսանկյունից Հայաստանը ետնապահ երկրների զամբյուղում չէ, սակայն էականորեն չի գերազանցում դրանց ցուցանիշները: Փաստացի՝ Հայաստանը 1 շնչին բաժին ընկնող ծախսերի մեծությամբ ԱՊՀ-ում (գումարած ոչ ԱՊՀ անդամ Վրաստանը) զիջում է միայն Ռուսաստանին, Ղազախստանին և Բելառուսին, առաջ անցնելով Հարավային կովկասի իր հարևաններից, Մոլդովայից, Ուկրաինայից և Կենտրոնական ասիայի երկրներից, սակայն դրանք ավելի քան 2 անգամ փոքր են աշխարհի միջին վիճակագրական ցուցանիշից, 8-15 անգամ՝ զարգացած երկրների ցուցանիշներից, 1,7-2,8 անգամ՝ արևելյան եվրոպայի և G 20 անդամ զարգացող երկրների ցուցանիշներից: Այս ցուցանիշով Հայաստանը առաջ է հիմնականում աֆրիկյան և ասիական թույլ զարգացած երկրներից: Իրականում, ըստ ՀՀ ԱՎԾ-ի, տնային տնտեսությունների սպառողական ծախսերը 2012 թվականին 1 շնչի հաշվով կազմել են 34832 դրամ ամսական, կամ 417984 դրամ տարեկան, ինչը կազմում է մոտ 1037 ԱՄՆ դոլար: Նման շեղման պատճառն այն է, որ վարկանիշային աղյուսակը կազմելիս հիմք է ընդունվել դիտարկված երկրներում վերջնական սպառման ապրանքների ծախսերի մեծությունը: Սակայն վերջնական սպառման ապրանքների վրա ծախսեր կատարում են ինչպես տնային տնտեսությունները, այնպես էլ գործարար և պետական հատվածը:
Հատկանշական է, որ Հայաստանի տնային տնտեսությունների կատարած սպառողական ծախսերի կառուցվածքը ևս էականորեն տարբերվում է բարեկեցիկ երկրների տնային տնտեսությունների կատարած ծախսերիցԻնչպես երևում է տնային տնտեսությունների կատարած սպառողական ծախսերի կառուցվածքի տեսանկյունից նույնպես Հայաստանը մոտ է թույլ զարգացած և աղքատ երկրների ցուցանիշներին: Մասնավորապես, սպառողական ծախսերի 70,5%-ն ունի ապրանքային ուղղվածություն, որից համախառն ծախսերի 52%-ը նպատակաուղղվում է պարենային ապրանքների գնմանը: Օրինակի համար, զարգացած երկրներում պարենային ապրանքներին (նաև ծխախոտ և ոգելից խմիչք) բաժին են ընկնում սպառողական ծախսերի 15-25%-ը, արևելյան եվրոպայի և G20 անդամ զարգացող երկրներում՝ 30-35%-ը: Ոչ պարենային ապրանքների գծով ծախսերը զարգացած երկրներում կազմում են 7-15%, զարգացողներում՝ 11-20%: Ծառայությունների ծախսերը զարգացած երկրներում կազմում են ընդհանուր ծախսերի 70%-ը, զարգացողներում՝ և 45%-60%-ը:
Ընդհանրապես սպառողական ծախսերի մեջ, ըստ իրենց ունեցած մասնաբաժնի կշռի կամ տնային նտեսությունների համար կարևորության աստիճանի, պարենային ապրանքները կարելի է ներկայացնել հետևյալ հիերարխիայով.
Առաջնային կարևորության ապրանքներ՝
- «հաց և հացամթերք» (հաց, հացաբուլկեղեն, մակարոնեղեն, ձավարեղեն),
- «միս, թռչուն և ձուկ» (տավարի միս, թռչնամիս, խոզի միս, մսամթերք ձկնեղեն=> ոչխարի միս):
Երկրորդային կարևորության ապրանքներ՝
- «բանջարեղեն և միրգ»
- «կաթնամթերք և ձու» (պանիր=> կաթ=>ձու=>պաղպաղակ=> մածուն =>թթվասեր=> կաթնաշոռ=> այլ կաթնամթերք):
Երրորդային կարևորության ապրանքներ՝
- «ծխախոտեղեն»
- «շաքար, թեյ, սուրճ, քաղցրեղեն» (շաքար=>քաղցրեղեն=>սուրճ=>թեյ)
- «կարագ, յուղ» (բուսական յուղեր => սերուցքային կարագ => մարգարինային արտադրանք) 8. «սնունդ և խմիչք տանից դուրս»:
Ոչ այնքան կարևոր ապրանքներ՝
- «ոչ ալկոհոլային ըմպելիքներ»
- «այլ սննդամթերք»
ՀՀ Տնային տնտեսությունների կատարած սպառողական ծախսերի՝ սննդամթերքի վրա կենտրոնացման հիմնական պատճառը բնակչության եկամուտների ցածր մակարդակը, մասնավոր տրանսֆերտների նվազումը, ռուբլու փոխարժեքի անկումը, գնաճի բարձր տեմպերը (որոշ տարիների նաև բնակչության եկամուտների նկատմամբ առաջանցիկությունը), ինչպես նաև ՀՀ բնակչության թվակազմում աղքատների և ծայրահեղ աղքատների մասնաբաժնի մեծացումն են:
Պետք է նշել՝ բացի այն, որ Հայաստանում սպառողական ծախսերի կեսից ավելին նպատակաուղղվում է պարենամթերքի ձեռք բերմանը, վերջին ճգնաժամից հետո դրանցում ևս կառուցվածքային բացասական փոփոխություններ են արձանագրվել: Մասնավորապես, ինչպես ցույց են տվել մեր կողմից կատարված հաշվարկները, պարենային ապրանքների վրա կատարվող ծախսերում, 2009 թվականից սկսած գերակշռող է դառնում առավել էժանագին պարենային ապրանքների մասնաբաժինը:
Ինչպես երևում է, գծանկարից մսի շուկայում սառեցված մսի ծավալները մեծացել են հօգուտ թարմ մսի: Ավելին թռչնամսի շուկայում ներմուծված և ավելի էժան գին ունեցող թռչնամսի մասնաբաժինը 2013 թվականին հասել է մոտ 78%-ի, և խոզի մսինը՝ 44%-ի: Կարագի շուկայի հաշվին էականորեն ավելացել են ձեթի, մարգարինի և բուսասերուցքային կարագների շուկաների ծավալները: Նույնն է նաև արագ պատրաստվող հացահատիկային կուլտուրաների ու մակարոնեղենի, ինչպես նաև հրուշակեղենի շուկաներում, որտեղ առավել էժան գին ունեցող մակարոնեղենի և ալյուրե հրուշակեղենի ծավավալները մեծացել են ի հաշիվ բրնձի, ձավարեղենի, շաքարի հիմքով հրուշակեղենի ու շոկոլադե արտադրանքի սպառման ծավալների նվազման:
Ինչպես ցույց են տալիս Ամբերդ հետազոտական կենտրոնի կողմից իրականացված վերլուծությունները, թեև 2008-2013թթ ժամանակահատվածում տնային տնտեսությունների սպառողական ծախսերում պարենային ապրանքների մասնաբաժինը որոշակիորեն նվազել է (56.2%-ից մինչև 52.8%), սակայն այս երևույթը հիմնականում կապված է որոշ հանրային ծառայությունների (գազամատակարարում և էլեկտրաէներգիա) գների զգալի թանկացմամբ: Մյուս կողմից, պարենային ապրանքների գնման ծավալում որևէ էական փոփոխություն չի կրել սննդամթերքի ձեռքբերման մասնաբաժինը, իսկ տանից դուրս սննդամթերքի և խմիչքի ձեռք բերման մասնաբաժինը որոշակիորեն նվազել է: Սրան զուգահեռ, ինչպես արդեն նշվել է, սննդամթերքի վրա կատարվող ծախսերի կառուցվածքում ավելի թանկ գին ունեցող պարենամթերքների մասնաբաժինը սկսել է զիջել ավելի էժան գին ունեցողներին: Այս երկու գործոնները կապված են բնակչության գնողունակության անկման և բնակչության թվակազմում աղքատների ու ծայրահեղ աղքատների մասնաբաժնի զգալի մեծացման հետ: Իսկ վերջինը պայմանավորվել է 2008-2013թթ ժամանակահատվածում մասնավոր տրանսֆերտների նցվազման, արտարժույթի և հատկապես ռուսական ռուբլու հետևողականորեն արժեզրկման, «առաջին անհրաժեշտության ծառայությունների» գների զգալի թանկացման, ինչպես նաև 2009-2011թթ ժամանակահատվածում գնաճի տեմպերի՝ բնակչության դրամական եկամուտների աճի նկատմամբ առաջանցիկության հետ:
Իրավիճակի շտկման ամենաարդյունավետ ուղին բնակչության բարեկեցության բարձրացումն է, թեև պակաս կարևոր չէ նաև ներքին շուկայում գնաճի զսպումը: Վերջինն ավելի արագ կարգավորման ենթակա ուղղություն է, հատկապես, որ մեր կենտրոնի իրականացրած վերլուծությունները ցույց են տալիս, որ ապրանքների գները (և հատկապես ներմուծված ապրանքներինը) ներքին շուկայում չհիմնավորված կերպով զգալիորեն թանկացվում են (ինքնարժեքի կամ ներմուծողի պահեստում ձևավորված վերջնական գնի համեմատ): Սրա զսպման արդյունավետ մեխանիզմ կարող է հանդիսանալ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի Հոդված 5-ի «2բ» ենթակետի արդյունավետ իրացումը, ինչը ենթադրում է Հայաստանում տնտեսվարողների նկատմամբ վարույթներ հարուցել ոչ միայն գների չհիմնավորված բարձրացման, այլև չհիմնավորված պահպանման դեպքերում, երբ միջազգային շուկայում ապրանքների կամ դրանց թողարկման առանցքային բաղադրիչ հանդիսացող հումքի գների նվազումը չի հանգեցրել ներքին շուկայում գների համարժեք նվազման: