«Ամբերդ»-ում ուսումնասիրում են բնական ռեսուրսների օգտագործման նորամուծական եղանակները
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում այսօր քննարկվեց «Բնական ռեսուրսների օգտագործման նորամուծական եղանակների միջազգային փորձը և Հայաստանում կիրառման հնարավորությունները» թեման: Հետազոտության համահեղինակներ, բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտության մագիստրանտներ Լուիզա Ավետիսյանն ու Լիանա Աղեկյանը ներկայացրեցին իրենց աշխատանքի միջանկյալ հաշվետվությունը: Երիտասարդ հետազոտողների այս խմբի ղեկավարն է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը:
Մագիստրանտները խոսեցին ջրային, հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործման եղանակների մասին, ներկայացրեցին Հայաստանում բնապահպանական մի շարք խնդիրներ,դրանց հետևանքները և կանխարգելման մեթոդները: Տարբեր երկրների օրինակներով ցույց տրվեցին բնական ռեսուրսների օգտագործման նորամուծական տեխնոլոգիաների առավելությունները, ընդգծվեցին դրանց ներդրման կարևորությունն ու շահավետությունը: Մեր երկրում նորամուծական տեխնոլոգիաների կիրառման համար հետազոտողները նկատի էին ունեցել Հայաստանի առանձնահատկությունները՝ ներկայացնելով ներդրման հնարավորությունները:
Բանախոսների ելույթների ավարտից հետո հետազոտական կենտրոնի աշխատակիցները ներկայացրեցին հարցադրումներ և ծավալվեց թեժ քննարկում՝ Հայաստանում բնօգտագործմանն առնչվող խնդիրների շուրջ:
Քննարկման ավարտին Սամվել Ավետիսյանը շեշտեց թեմայի հրատապությունը՝ նշելով, որ բնական ռեսուրսները կենսական նշանակություն ունեն, այդ պատճառով թեման հրատապ է:
«Պետք է թեման ուսումնասիրել բազմակողմանի, վերհանել բնօգտագործման ոլորտում առկա բոլոր խնդիրները և ներկայացնել դրանց լուծմանն ուղղված կառուցողական առաջարկներ: Միջազգային լավագույն փորձի կիրառումը Հայաստանում պետք է կատարվի խելամիտ ձևով»,- ընդգծեց տնօրենը:
Նշենք, որ նախատեսված է մագիստրոսական խմբերի հետազոտության վերջնարդյունքները ներկայացնել օգոստոսին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նախորդ նորություններն` այստեղ