Կլիմայական փոփոխությունները և դրանց հետևանքները «Ամբերդ» հետազոտական կենտրոնի դիտակետում են
«Ամբերդ» հետազոտական կենտրոնում այսօր տեղի ունեցավ մագիստրոսական խմբերից մեկի հետազոտական թեմայի, այն է՝ «Կլիմայի փոփոխության սոցիալ-տնտեսական հետևանքների գնահատումը և հարմարեցման միջոցառումների իրականացումը Հայաստանում» միջանկյալ քննարկումը: Խմբի ղեկավարն է կենտրոնի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը, հետազոտության համահեղինակներն են մագիստրանտներ Մելինե Եսայանը, Տաթևիկ Թովմասյանը և Տաթևիկ Քոչարյանը:
Քննարկմանը նախ ներկայացվեց հետազոտության բովանդակությունը, ապա խոսվեց կլիմայի փոփոխության պատճառների, ջերմային էֆեկտի, ջերմային գազերի արտանետման աղբյուրների, կլիմայի փոփոխության դրսևորումների մասին: Մագիստրոսական խումբը վերլուծել էր կլիմայի փոփոխության հետևանքները և մեր հանրապետության օրինակով կանխատեսումներ արել մինչև 2100 թվականը: Ուշագրավ էր հատկապես հետազոտության այն մասը, որը ցույց էր տալիս կլիմայի փոփոխության ազդեցությունը տնտեսության տարբեր ճյուղերի վրա:
Հետազոտողները կարևորեցին համալիր միջոցառումների իրականացումը՝ ուղղված կլիմայական վնասակար փոփոխությունների դեմ: Ընդգծվեց նաև էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրներից օգտվելու կարևորությունը, խոսվեց քաղաքային կանաչ լուսավորության ներդրման հնարավորությունների, առավելությունների մասին:
Մագիստրանտների ելույթներից հետո հարցադրումներով հանդես եկան և իրենց դիտարկումները ներկայացրին կենտրոնի աշխատակիցները՝ «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տ.գ.թ. Վարդան Աթոյանը, «Ազգային մրցունակության և միջազգայնացման հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տ.գ.թ., դոցենտ Արմեն Գրիգորյանը, գլխավոր մասնագետ, տ.գ.թ. Սուրեն Բաբաջանյանը:
Սամվել Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց հետազոտական խմբի անդամներին, նշեց, որ հետազոտության վերջնարդյունքը ստանալու համար մեկ ամսից ավելի ժամանակ կա, ինչը լավ հնարավորություն է աշխատանքը հղկելու և վերջնական տեսքի բերելու համար: «Պետք է շեշտադրեք այն առաջարկները, որոնք ուզում եք ներկայացնել: Հուսով եմ, որ արդյունքում լավ աշխատանք կստացվի», - հանդիպումը եզրափակեց տնօրենը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նախորդ նորություններն` այստեղ