Փորձագիտական քննարկում ՀՊՏՀ-ում. հյուրերը Գորչակովի հիմնադրամի ներկայացուցիչներն են (լուսանկարներ)
Ռուսաստանի Դաշնության Ա. Մ. Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամը հուլիսի 1-4-ը ռուսաստանցի փորձագետների թիմի հետ միասին Հայաստանի բուհերում, հետազոտական կենտրոններում և մեդիա ինստիտուտներում անցկացնում է շնորհանդեսներ, հանդիպումներ ուսանողների և երիտասարդ գիտնականների, ոչ առևտրային կազմակերպությունների և գիտահետազոտական կենտրոնների ներկայացուցիչների հետ:
Հիմնադրամը ռուսական ոչ առևտրային կազմակերպություն է, ստեղծվել է 2010 թվականին՝ ռուսաստանյան և արտասահմանյան ոչ առևտրային կազմակերպություններին աջակցելու, քաղաքացիական հասարակության զարգացման, արտաքին քաղաքական գործընթացներում ներգրավման համար: Այն իրականացնում է կարճաժամկետ գիտակրթական ծրագրեր երիտասարդ միջազգայնագետների համար:
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու Վարդան Աթոյանը 2013թ. նոյեմբերին հիմնադրամի հրավերով Դոնի Ռոստովում մասնակցել է Գորչակովի հիմնադրամի «Կովկասյան երկխոսություն-2013» գիտակրթական ծրագրին, ինչը առիթ է դարձել փոխճանաչման և համագործակցային կապերի ստեղծման: Հիմնադրամի ներկայացուցիչների հայաստանյան այցի առիթից օգտվելով՝ Վարդան Աթոյանի նախաձեռնությամբ հիմնադրամի ներկայացուցիչներին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում քննարկում անցկացնելու հրավեր է արվել, ինչի արդյունքում այսօր կայացավ փորձագիտական քննարկում-հանդիպումը:
Մինչ հանդիպումը հիմնադրամի ներկայացուցիչներին ընդունեց ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը: Ռեկտորը հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր: Ավարտին Կորյուն Աթոյանը շնորհակալություն հայտնեց հիմնադրամի ներկայացուցիչներին այցի համար և նվեր հանձնեց:
ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում քննարկումը բացեց ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը՝ ողջույնի խոսքում հատկանշելով հայ և ռուս ժողովուրդների վաղեմի բարեկամությունն ու ստեղծված բարի ավանդույթները, համատեղ ձեռքբերումները, որոնք պետք է պահպանել և հարստացնել: Հյուրերին ողջունեց նաև «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը:
Գորչակովի հիմնադրամի ներկայացուցիչ Մարիա Բորոդաչովան ներկայացրեց իր գործընկերներին՝ Մարիա Լյամցևային, Անդրեյ Արեշևին, Ազա Միհրանյանին, Իլյա Իվանովին: Մարիա Բորոդաչովան մանրամասնորեն անդրադարձավ Գորչակովի հիմնադրամի գործունեությանն ու նպատակներին, դրամաշնորհային ծրագրերին, հայաստանյան կազմակերպությունների հետ համագործակցելու հեռանկարներին, հանրային դիվանագիտության և միջազգային հարաբերությունների ոլորտում նախագծերի իրականացման համար ֆինանսական աջակցություն ստանալու ուղիներին:
«Ամբերդ»-ի «Ազգային մրցունակության և միջազգայնացման հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տ.գ.թ., դոցենտ Արմեն Գրիգորյանը հանդես եկավ «Եվրասիական միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով զեկուցմամբ:
Քննարկվող հարցի շուրջ ընդարձակ ելույթ ունեցավ ԱՊՀ երկրների ինստիտուտի գիտաշխատող, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ազա Միհրանյանը:
Հաջորդ զեկուցումը՝ «Եվրասիական միությունը գլոբալ մարտահրավերների համատեքստում» թեմայով էր, բանախոսն էր հետազոտական կենտրոնի գլխավոր մասնագետ, տնտեսագիտության թեկնածու Սուրեն Բաբաջանյանը:
Բանախոսների արծարծած թեմաների շուրջ ծավալվեց քննարկում, հնչեցին հարցեր, ելույթ ունեցան ռուսաստանցի փորձագետները, ապա ամփոփվեցին արդյունքները:
Պրոռեկտոր Գագիկ Վարդանյանն իր եզրափակիչ խոսքում ռուսաստանցի գործընկերների հետ հանդիպումը, ծավալված բաց ու անկեղծ քննարկումը գնահատեց արդյունավետ և հույս հայտնեց, որ կձևավորվի համագործակցության մի նոր հարթակ, որը հանրային դիվանագիտության մեջ կապահովի առաջընթաց: Գորչակովի հիմնադրամի ներկայացուցիչ Մարիա Բորոդաչովան իր ամփոփիչ խոսքում հանդիպումը հաճելի և օգտակար գնահատեց՝ նշելով, որ հանդիպումը հետագա համագործակցության նոր գաղափարներ առաջացրեց, և ինքը հուսով է, որ ապագայում երկկողմ համագործակցության նոր ձևաչափեր կլինեն:
Լուսանկարներն՝ այստեղ (ալբոմ):
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նախորդ նորություններն` այստեղ