Ռուսաստանցի փորձագետների մասնակցությամբ դասախոսությունները շարունակվում են
Տնտեսագիտական համալսարանում շարունակվում են ռուսաստանցի փորձագետների մասնակցությամբ եռօրյա դասախոսությունները: Միջազգային ծրագրերի կենտրոնում այսօր կայացավ հերթական դասը՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի դասախոս, քաղաքագետ, «Արտաքին քաղաքականություն» պորտալի վերլուծաբան, քաղաքական գիտությունների թեկնածու Անդրեյ Սուշենցովի բանախոսությամբ: Դասախոսության թեման էր՝ «Ճգնաժամն Ուկրաինայում և Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը»:
Վարպետաց դասին մասնակցում էին «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակազմը՝ տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Ավետիսյանի գլխավորությամբ, երիտասարդ դասախոսներ, աշխատակիցներ, ուսանողներ, ասպիրանտներ:
Բանախոս Սուշենցովը նախ ներկայացրեց իր համալսարանի (վերոնշյալ) աշխատանքն ու գործունեությունը, ապա անդրադառնալով թեմային, նշեց, որ այն արդիական է և, հարկավ, շատերին է հետաքրքրում: Անդրադարձ եղավ ուկրաինական ճգնաժամի արմատներին, դրա բնորոշ գծերին, խոսվեց Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների ու առաջնահերթությունների մասին: Այս համատեքստում փորձագետը լուսապատկերի միջոցով ներկայացրեց ռազմական արտաքին և ներքին անվտանգությանն առնչվող խնդիրները, ռազմական վտանգներն ու սպառնալիքները և այլն:
Դասախոսության ավարտից հետո բանախոսը պատասխանեց ուսանողների հարցերին, թեմայի շուրջ ծավալվեց քննարկում, տեղի ունեցավ բանավեճ:
Նշենք, որ ուսանողների կողմից մեծ ակտիվություն է նկատվում. դասախոսություններն ունկնդրելու են գալիս թե' բակալավրիատի ուսանողներ, թե' մագիստրանտներ:
Վաղը, ժամը 13.00-ին, եռօրյա վարպետաց դասերը կեզրափակվեն «Անդրկովկասն արդի աշխարհաքաղաքականության մեջ. հայացք Ռուսաստանից» թեմայով՝ Իգոր Նիկոլայչուկի բանախոսությամբ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նախորդ նորություններն` այստեղ