Տրվեց ՀՊՏՀ նորաստեղծ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատանքների պաշտոնական մեկնարկը
![](https://asue.am/images/1520180897/572c976fee80abb705b19df2.jpg)
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նորաստեղծ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի գիտական խորհրդատվական խորհուրդն այսօր անցկացրեց իր անդրանիկ նիստը՝ այդպիսով, ըստ էության, ազդարարելով կենտրոնի աշխատանքների պաշտոնական մեկնարկը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, հետազոտական կենտրոնի գիտական խորհրդատվական խորհրդի նախագահ Կորյուն Աթոյանը: Նա շնորհավորեց հետազոտական ուղղությունների ղեկավարներին և խմբերում ընդգրկված աշխատակիցներին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: Միաժամանակ բուհի ղեկավարը հորդորեց ամենայն լրջությամբ վերաբերվել կենտրոնի աշխատանքներին, ստանձնած պարտականություններին:
Նիստում հաստատվեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ապրանքանշանը:
ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, կենտրոնի խորհրդատվական խորհրդի գիտական ղեկավար Գագիկ Վարդանյանը ներկայացրեց հետազոտական ուղղություններն ու խմբերի ղեկավարներին: Նա անդրադարձավ հետազոտական կենտրոնի առաքելությանը, նպատակներին, ինչպես նաև հավելեց, որ սեպտեմբերից կենտրոնի աշխատանքներում կներգրավվեն նաև ուսանողներ: Գագիկ Վարդանյանը նաև հայտնեց, որ հուլիսի սկզբին նախատեսվում է Աղվերանում կազմակերպել հետազոտական ուղղությունների, ինչպես նաև նախորդ տարեվերջին հայտարարված ներքին գիտական դրամաշնորհների շնորհանդես:
Նիստում հաստատվեց ևս մեկ հետազոտական ուղղություն՝ «Կրթական ծրագրերի և տեխնոլոգիաների հետազոտություններ և զարգացում», որի գիտական ղեկավարի պաշտոնում հաստատվեց ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը:
Հարգելի ընթերցողներ, համալսարանի նորաստեղծ հետազոտական կենտրոնի գործունեության, հետազոտական ուղղությունների և անելիքների մասին մենք ավելի մանրամասն և համապարփակ տեղեկատվություն կներկայացնենք առաջիկայում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին