Հետազոտությունները պետք է ուղղորդել դեպի գործնական խնդիրների լուծում. ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն է նշանակվել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը: Նա 100-ից ավելի գիտական հոդվածների, 4 մենագրությունների, 1 ուսումնական ձեռնարկի հեղինակ է, վարել է տարբեր պաշտոններ՝ թե պետական կառավարման համակարգում, թե կրթության բնագավառում. պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, Ֆրիտյոֆ Նանսենի միջազգային հիմնադրամի ոսկե հուշամեդալով, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) արծաթե մեդալով և «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով։ Սամվել Ավետիսյանի կենսագրականի մանրամասներին կարող եք ծանոթանալ կից փաստաթղթում:
«Ժամանակակից բուհը՝ առանց հետազոտական բաղադրիչի, հնարավոր չէ պատկերացնել, և այդ առումով «Ամբերդը» մեր համալսարանի կարևոր բաղկացուցիչն է: Տնտեսական հետազոտությունները պետք է ուղղորդված լինեն հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքի ամենահրատապ հիմնախնդիրներին: Դրանք պետք է ունենան ոչ միայն տեսական, այլև կիրառական, գործնական բնույթ, ուստի՝ որպես կենտրոնի տնօրեն՝ իմ խնդիրն եմ համարում սերտորեն աշխատելով հետազոտական ուղղությունների ղեկավարների հետ, հետազոտական խմբերի հետ՝ հետազոտություններն առավելագույնս ուղղորդել դեպի գործնական խնդիրների լուծում, առավել ևս, որ ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ, ստեղծվում է նոր իրավիճակ, որը բազմաթիվ անորոշություններ ունի և հետազոտման պահանջ է ներկայացնում: Առաջին հերթին նկատի ունեմ ընդհանուր մաքսային միությանը անդամագրվելու քաղաքական որոշումը»,- ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում, անդրադառնալով կենտրոնի առջև դրված խնդիրներին, ասաց կենտրոնի նորանշանակ տնօրենը:
Առաջիկա անելիքներին անդրադառնալով՝ Սամվել Ավետիսյանը նշեց, որ մինչև տարեվերջ պետք է անցկացվեն թեմաների կատարման ընթացքի մասին քննարկումներ, ինչպես նաև սեմինարներ այն թեմաների շուրջ, որոնց մասով արդեն ձևավորված կլինեն կոնկրետ արդյունքներ և ասելիք: «Բացի դրանից, պետք է նախապատրաստենք հետազոտական կենտրոնի տարեկան ամփոփ զեկույցը և հաջորդ տարվա գործունեության տեսլականը»,- ամփոփեց «Ամբերդի» տնօրենը՝ խոստանալով առաջիկայում ավելի մանրամասն ներկայացնել կենտրոնի գործունեությունը:
Շնորհավորում ենք հետազոտական կենտրոնի նորանշանակ տնօրենին և մաղթում արդյունավետ աշխատանք:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին