«ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգի հոգևոր-բարոյական հիմնախնդիրները». հետազոտում են ՀՊՏՀ դասախոսները
«Ամբերդ» հետազոտական կենտրոնում այսօր կայացավ գիտական սեմինար՝ «ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգի հոգևոր-բարոյական հիմնախնդիրները» խորագրով: Սեմինարին մասնակցում էին կենտրոնի աշխատակիցները՝տնօրեն Սամվել Ավետիսյանի գլխավորությամբ, դասախոսներ, բուհի այլ աշխատակիցներ:
«Հոգևոր-բարոյական անվտանգություն» հետազոտական ուղղության ղեկավար, փ.գ.դ.,պրոֆեսոր Արամ Սարգսյանը սեմինարի մասնակիցներին ներկայացրեց հետազոտության հիմնական խորագրերը, և ամփոփ խոսեց քննարկվելիք հարցերի մասին:
Ինչպես ներկայացրեց պրոֆեսորը, իրենց հետազոտությունը բաղկացած է մի քանի գլուխներից. 1-ին՝ «Հոգևոր-բարոյական արժեքների տեղն ու դերը ազգային անվտանգության համատեքստում (տեսական և մեթոդաբանական հարցեր)», 2-րդ՝ Ազգային կառույցների հոգևոր-բարոյական (արժեքային) և մշակութաին ինքնատիպության վերարտադրության գործառույթները (գործնական խնդիրներ), 3-րդ՝«Ազգային հոգևոր-բարոյական և մշակութային անվտանգության հիմնախնդիրները ՀՀ տեղեկատվական տարածքում»:
Հետազոտական խմբի մասնակիցներն առանձին-առանձին խոսեցին վերոնշյալ հարցերի մասին: Փ.գ.դ., պրոֆեսոր Սուրիկ Սարգսյանն ընդգծեց հատկապես մշակույթի դերը և նշեց, որ ազգային անվտանգության տեսանկյունից այն ունի առանցքային նշանակություն: Պրոֆեսորի խոսքերով՝ մշակույթը ոչ միայն ազգակերտիչ իրողություն է, այլև ազգահավաք և ազգապահպան: Նա նույնքան կարևորեց նաև հայրենասիրության դերը: Հետաքրքիր զեկուցմամբ հանդես եկավ փ.գ.թ.,դոցենտ Յուրի Հովականյանը, ով խոսեց հասարակական- քաղաքական կառույցների հոգևոր-բարոյական գործառույթների մասին:
Ինքնատիպ էր նաև փ.գ.թ.,դոցենտ Սոֆյա Օհանյանի զեկույցը, որն առնչվում էր ազգային ինքնության պահպանման հիմնախնդիրներին՝գլոբալացվող աշխարհի տեղեկատվական գործընթացների համատեքստում: Երիտասարդ դոցենտը հետաքրքիր օրինակներով ներկայացրեց հետազոտությունը. ուշագրավ էին հատկապես նրա կատարած սոցհարցումների արդյունքները, ըստ որի՝ 20-30 տարեկան մարդկանց շրջանում ճնշող՝ 90 և ավելի տոկոսը գրանցված է սոցիալական կայքերում և օրվա մեծ մասն անց է կացնում համակարգչի դիմաց, այսպես ասած՝ կախվածություն ունի համակարգչից և համացանցից (աշխատանքից դուրս):
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Արամ Սարգսյանը նշեց, որ հոգևոր- բարոյական հարցերը, այսպես ասած՝ հարցերի հարցն են:
«Թե' տնտեսության, թե' երկրի ընդհանուր զարգացման համար չափազանց կարևոր են հոգևոր-բարոյական հիմնախնդիրները, մեծ է դրանց դերը հատկապես ազգային անվտանգության համատեքստում»,- ասաց պրոֆեսորը:
Սեմինարի ավարտին մասնակիցները հանդես եկան հարցադրումներով, զեկուցումների և հետաքրքիր հետազոտության համար հնչեցին գոհունակության խոսքեր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին