«Ամբերդում» հետազոտում են գործազրկության հիմնական պատճառները, առաջարկում լուծումներ
ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում այսօր «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հերթական գիտական սեմինարն էր՝ «Սոցիալական զարգացում և աշխատանքի շուկա» ուղղության շրջանակներում:
Սեմինարին մասնակցում էին կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը, կենտրոնի աշխատակազմը, դասախոսներ, ուսանողներ:
Հետազոտական խմբի կազմն է ՝ տ.գ.դ., պրոֆեսոր Անահիտ Մելքումյան (ղեկավար), տ.գ.դ., պրոֆեսոր Աննա Ասլանյան, տ.գ.թ., դոցենտ Հարութ Թերզյան, տ.գ.թ., դոցենտ Մերի Բադալյան, տ.գ.թ., դոցենտ Արևիկ Հովհաննիսյան, դասախոս Լուսինե Կարապետյան, ասիստենտներ Անահիտ Շահբազյան, Մարինե Նիկողոսյան, ասպիրանտ Աստղիկ Շահբեկյան, մագիստրանտ Անի Վահանյան:
Սույն հետազոտական ծրագրի նպատակն է նպաստել սոցիալական ոլորտի և աշխատանքի շուկայի հիմնախնդիրների լուծմանը, աջակցել այդ ոլորտում իրականացվող քաղաքականության արդյունավետության բարձրացմանը:
Սեմինարի ընթացքում Անահիտ Մելքումյանը ներկայացրեց մեր երկրում առկա գործազրկության պատկերը, գործազրկության և աշխատավարձի անհավասարակշռությունը, անդրադարձավ Երևանի 6 համայնքների գործազրկության մակարդակին ու երկարաժամկետությանը, գործազուրկների բաշխմանն՝ ըստ սեռի և կրթության, տնտեսության ոլորտների և զբաղմունքի, ցածր և բարձր վարձատրվող աշխատանքների տեսակարար կշիռները, ներկայացրեց թեմային առնչվող ուսումնասիրության հետաքրքիր արդյունքներ:
Հաջորդիվ Հարութ Թերզյանը ներկայացրեց ՀՀ գործազրկության հետազոտումը՝ էկոնոմետրիկ մոդելների օգնությամբ: Կրթական հիմնախնդիրներին անդրադարձան Աննա Ասլանյանն ու Մերի Բադալյանը:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցեց հետազոտական խմբի ղեկավար Անահիտ Մելքումյանի հետ , ով նշեց. «Մեր կատարած աշխատանքը նվիրված է ՀՀ-ում գործազրկության և աշխատավարձի անհավասարակշռության խնդիրներին: Մեր ուսումնասիրություններից ելնելով՝ առաջարկել ենք մի շարք լուծումներ՝ ուղղված այդ խնդիրների լուծմանը: Որպես խմբի ղեկավար՝ աշխատանքը գնահատում եմ հետաքրքիր և արդյունավետ, քանի որ մեր առաջարկությունները կարող են կիրառվել տնտեսական քաղաքականության մեջ»:
Ծավալվեց քննարկում, հնչեցին մի շարք հարցադրումներ:
Կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը կարևորեց առաջարկությունները՝ ընդգծելով, որ դրանք պետք է նպատակաուղղված լինեն առկա խնդիրների արդյունավետ լուծմանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին