ԵԱՀԿ-ի շրջանակներում համաձայնեցված միջպետական հարաբերությունները կարգավորող մեխանիզմների էությունը

Ալբերտ Հայրապետյան
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի
ավագ հետազոտող,
տ․գ․թ․,
ՄՏՀ ամբիոնի ասիստենտ

1975 թ․-ի Եվրոպայի անվտնգության և համագործակցության խորհրդաժողովի (ԵԱՀԽ) գլխա­վոր առաքելությունն էր սառը պատերազմի մասնակից բևեռների միջև ընդհանուր հայտարարի հասնելը։ Մասնակից երկրները երկու տարի շարունակվող բանակցություններից հետո ընդունեցին Հելսինկյան եզրափակիչ ակտը, որով ամրագրվում էր այն սկզբունքների ամբողջությունը, որն ընկած էր հակամարտող երկու բևեռների հարաբերությունների հիմքում։ Ընդսմին, համաձայնագրում նշված կետերը չունեին պարտադիր իրավական ուժ, սակայն, ըստ էության, քաղաքական հանձնառություններ էին, որոնց մասնակից պետությունները հասել էին կոնսենսուսի արդյունքում։ Ժամանակ ընթացքում խորհրդաժողովը ինստիտուցիոնալացվեց և 1995 թ․-ին կառույցը վերանվանվեց որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն (ԵԱՀԿ)։ Սակայն, ինստիտուցիոնալացումը ոչ միայն չվերանայեց խորհրդա­ժողովի առաքելությունն ու նպատակները, այլև ԵԱՀԽ շրջանակներում ձևավորված որոշումների կայացման մշակույթն ու առանձնահատկությունները։ Ինստիտուցիոնալացման հիմնական նպատակը կառույցի առաքելության՝ Հին Աշխարհամասում խաղաղության և անվտանգության հասնելու ճանապարհին կոնկրետ նպատակների առավել արդյունավետ իրագործումն էր։ Այդ նպատակով ԵԱՀԿ շրջանակներում գործում են բազմաթիվ մեխանիզմներ, որոնց օգնությամբ հնարավոր է վերահսկել երկրների ստանձնած հանձնառությունները։ Մեխանիզմները բխում են ԵԱՀԿ առաքելությունից՝ նպատակ ունենալով նվազեցնել ԵԱՀԿ պետություններում զինված բախումների ռիսկը այդ թվում՝ կանխարգելիչ միջոցառումների օգնությամբ։ Ավելին, վերջին­ներս կոչված են ապահովելու մարդկային հարթությունում (human dimension) ԵԱՀԿ նպատակ­ների իրականացումը։ Նախ, ներկայացնենք «մարդկային հարթության» բնույթը, այնուհետև՝ անցնենք այլ մեխանիզմների ներկայացմանը։

ԵԱՀԿ-ն ստեղծվել է որպես անվտանգության կազմակերպություն, որը ենթադրում է անվտանգության չափազանց լայն սահմանում, չի սահմանափակվում սոսկ անվտանգության մասին ավանդական պատկերացումներով՝ ֆիզիկական անվտանգության, զինաթափման վերաբերյալ հարցեր և այլն: ԵԱՀԿ անվտանգության հայեցակարգը հավասարապես վերաբերում է մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիրներին: ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները համաձայնել են, որ կայուն անվտանգությունը հնարավոր չէ ձեռք բերել առանց մարդու իրավունքների և գործող ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ հարգանքի: ՈՒստի, վերջիններս պարտավորվել են կատարել մարդու իրավունքների և ժողովրդավարության նորմերի պահպանման համապարփակ ցանկի դրութները, որոնք ԵԱՀԿ-ն անվանում է անվտանգության «մարդկային հարթություն»: Ստորև կդիտարկենք ԵԱՀԿ շրջանակներում գործող հիմնական մեխանիզմները։

Վիեննայի մեխանիզմ․

Վիենայի մեխանիզմը ընդունվել է ԵԱՀԽ 1989 թ․-ի համաժողովում՝ նպատակ ունենալով նպաստել տեղեկատվության փոխանակմանը մարդկային հարթությունում: Մասնավորապես՝ անդամ երկրները պայմանավորվել են դիվանագիտական խողովակներով կամ ԵԱՀԽ իրավասու մարմինների միջոցով պատասխանել այլ երկրների կողմից ուղարկվող հարցումներին և ընդառաջել անդամ երկրներից որևէ մեկի խնդրանքին՝ կազմակերպելով երկկողմ հանդիպումներ՝ նվիրված մարդու իրավունքներին և ժողովրդավարությանը վերաբերող հարցերի քննարկմանը։ Ի լրումն, մասնակից երկրները պայմանավորվել են, որ պետություններից յուրաքանչյուրն իրավունք ունի մասնակից պետությունների ուշադրությունը հրավիրել անդամ երկրներում ժողովրդավա­րությանը և մարդու իրավունքներին վերաբերող հարցերի վրա։

Վիեննայի մեխանիզմի շրջանակը հետագայում ընդարձակվեց Մոսկվայի մեխանիզմով, որը հնա­րավորություն է տալիս անդամ երկրներին ստեղծել անկախ փորձագետներից բաղկացած խմբեր, որոնք կզբաղվեն մարդկային հարթությանը վերաբերող հարցերով։ Այն ընդունվել է ԵԱՀԽ-ի Մոսկվայի կոնֆերանսում՝ 1991 թ․-ի հոկտեմբերի 4-ին։ Մեխանիզմի էությունը հետևյալն է․

  1. Անդամ երկրներն առաջարկում են բարձր հեղինակություն վայելող և ազգային փոքրամասնությունների ոլորտում փորձառություն ունեցող վեց փորձագետներից բաղկացած ցուցակ, որոնք իրենց գործառույթներն են իրականացնում վեց տարի ժամկետով, սակայն չեն կարող վերանշանակվել ավելի քան երկու անգամ։
  2. Երբ առկա է ճգնաժամային իրավիճակ և մարդու իրավունքների պաշտպանությունը դառնում է խնդրահարույց՝ անդամ երկրները փորձագետների նախապես հաստատված ցուցակից կամավոր կարող են հրավիրել մինչև երեք փորձագետի, որոնք չպետք է լինեն իրենց քաղաքացիները կամ իրենց կողմից նշանակված փորձագետները։
  3. Փորձագետների խնդիրն է նպաստել մարդկային հարթությանը վերաբերող հարցերի կարգավորմանը։ Այդ նպատակով վերջիններս կարող են հավաքել տեղեկատվություն, իրականացնել միջնորդական առաքելություն, ինչպես նաև նպաստել կողմերի միջև երկխոսության կայացմանը։
  4. Հրավիրող պետությունը պետք է համագործակցի փորձագետների առաքելության հետ և նպաստի վերջինիս աշխատանքին: Այն առաքելությանը պետք է տրամադրի իր գործառույթների անկախ իրականացման համար անհրաժեշտ բոլոր հարմարությունները, որը թույլ կտա առաքելությանն, իր առջև դրված խնդիրները իրականացնելու նպատակով, առանց որևէ խոչընդոտի մուտք գործել ցանկացած տարածք, քննարկումներ անցկացնել և այնտեղ ազատ տեղաշարժվել, իր հայեցողությամբ հանդիպել պաշտոնատար անձանց, հասարակական կազմակերպությունների և ցանկացած խմբի կամ անձի հետ:
  5. Փորձագետները պետք է իրենց դիտարկումները ներկայացնեն հրավիրող երկրին՝ առաքելության ձևավորումից հետո երեք շաբաթվա ընթացքում։
  6. Հրավիրող երկիրը կամ երկրները կարող են փորձագետների ցուցակից մեկին նշանակվել որպես զեկուցող, որը կզբաղվի փաստահավաք առաքելությամբ և հանդես կգա զեկույցով։ Հրավիրող կողմը կարող է նշանակել նաև մեկ այլ զեկուցողի, որը նույնպես չպետք է լինի տվյալ պետության քաղաքացի կամ տվյալ չպետք է ներառված լինի պետության կողմից առաջարկված փորձագետների ցանկում։
  7. Նախորդ երկու կետերի դրույթները ենթակա են կատարման նաև այն պարագայում, երբ անդամ երկրներից մեկում ԵԱՀԽ մարդկային հարությունում ծագած խնդիրներով պայմանավորված, ԵԱՀԽ անդամ մեկ այլ պետություն, առնվազն 9 այլ պետությունների աջակցությամբ, հրավիրում է փորձագետների խումբ։
  8. ԵԱՀԽ անդամ ցանկացած երկրի միջնորդությամբ ԵԱՀԽ Ավագ պաշտոնյաների կոմիտեն կամ ԵԱՀԽ Մշտական խորհուրդը կարող են հրավիրել փորձագետների խումբ կամ զեկուցող։

Այսպիսով, տեսնում ենք, որ Մոսկվայի մեխանիզմն ընդլայնում է Վիեննայի մեխանիզմի շրջա­նակներում առկա պայմանավորվածությունների շարքը և հնարավորություն է տալիս նաև անդամ այլ պետություններին ներգրավել փորձագետների և/կամ զեկուցողի՝ մեկ այլ պետությունում մարդկային հարթության վրա ծագած խնդիրների կարգավորման նպատակով։

Մարդկային հարթությունից զատ, անդամ երկրները համագործակցում են ռիսկերի նվազեցման և կառավարման ոլորտում։ Այդպիսի մեխանիզմները ներդրվեցին 1989 թ․-ից հետո, երբ երկրների մոտ մեծացավ համագործակցության պատրաստակամությունը։ Ռիսկերի նվազեցմանն ուղղված մեխանիզմները բանակցվել են ԵԱՀԽ «Վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառումների» կոնֆերանսի և «Զինաթափում Եվրոպայում» ֆորումի շրջանակներում՝ ընդգրկելով հետևյալ դրույթները՝

  • ոչ սովորական ռազմական գործողությունների վերաբերյալ խորհրդակցության և համագործակցության մեխանիզմ,
  • ռազմական բնույթի վտանգավոր միջադեպերի վերաբերյալ համագործակցություն,
  • ռազմական գործողությունների վերաբերյալ առկա կասկածները ցրելու նպատակով այցերի կազմակերպում և այցելուների ընդունելություն։

Նշյալ դրույթներն ընդգրկված են 1999 թ․-ին ընդունված Վիեննայի փաստաթղթի 3-րդ՝ «Ռիսկերի նվազեցում» գլխում։ Վիեննայի փաստաթուղթը թարմացվել է բազմիցս և ներկայիս տարբե­րակը՝ 2011 թ․-ին ընդունված տարբերակն է։

Ոչ սովորական ռազմական գործողությունների վերաբերյալ խորհրդակցության և համագործակցության մեխանիզմ

Նշյալ մեխանիզմի նպատակը հնարավոր ճգնաժամի կանխարգելումն է, որը կարող է առաջանալ տարատեսակ նպատակներով զինված ուժերի կիրառման պարագայում։ Մասնավորապես, անդամ պետությունները պայմանավորվում են խորհրդակցել և համագործակցել, երբ առկա են խաղաղ ժամանակ զինված ուժերի տեղակայման վայրերից դուրս արտասովոր կամ նախապես չպլանավորված գործողություններ զինված ուժերի մասնակցությամբ, մասնավորապես, եթե այդպիսի գործողություններն այլ երկրներում անվտանգության վերաբերյալ մտահոգություններ են առաջացնում։ Ընդ որում, անդամ պետությունն իրավունք ունի ռազմական գործողությունների բնույթի վերաբերյալ բացատրություն խնդրել համապատասխան երկրից, իսկ վերջինս պետք է պատասխանի 48 ժամվա ընթացքում։ Պատասխանը պետք է լինի սպառիչ և համակողմանի տեղեկություններ պարունակի զինված ուժերի ներգրավմամբ գործողությունների վերաբերյալ։ Բացատրության վերաբերյալ խնդրանքը և պատասխանը պետք է տրամադրվեն անդամ բոլոր պետություններին։ Ավելին, բացատրության խնդրանքով հանդես եկած երկիրն իրավունք ունի նաև հանդիպում պահանջելու, որը պետք է կայանա կողմերի փոխադարձ պայմանավոր­վածու­թյան արդյունքում ընտրված վայրում՝ ԵԱՀԿ գործող ղեկավարի կամ վերջինիս ներկայացուցչի նախագահությամբ։ Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի հանդիպմանը հրավիրել նաև այլ անդամ պետությունների ներկայացուցիչներին, որոնք նույնպես ունեն մտահոգություններ իրավիճակի վերաբերյալ։ Կողմերից յուրաքանչյուրը կարող է հանդիպում խնդրել բոլոր անդամ պետությունների մասնակցությամբ։ Նման խնդրանքի պարագայում ԵԱՀԿ գործող նախագահը պետք է կազմակերպի հանդիպումը 48 ժամվա ընթացքում և խնդիրը պետք է քննարկվի ԵԱՀԿ Մշտական խորհրդի և ԵԱՀԿ Անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումի համատեղ նիստում։ Վերջիններս պետք է քննարկեն և գնահատեն իրավիճակը՝ առաջարկելով կոնկրետ միջոցառումներ իրավիճակի կայունացման նպատակով։

Ոչ սովորական ռազմական գործողությունների վերաբերյալ խորհրդակցության և համագործակցության մեխանիզմը, ԵԱՀԿ անդամ պետությունների նախաձեռնությամբ, գործարկվել է բազմիցս։ Օրինակ, 1991 թ․-ին Իտալիան և Ավստրիան բացատրություն խնդրեցին Հարավսլավիայի Դաշնային Հանրապետությունից, Սլովենիայում՝ Իտալիայի սահմանին, զորքեր տեղակայելու առնչությամբ։ Հարավսլավիայի պատասխանից հետո Իտալիան ԵԱՀԿ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի Խորհրդակցական կոմիտեի նիստ գումարելու միջնորդությամբ հանդես եկավ, որն ավարտվեց կոմիտեի նախագահի հայտարարությամբ։ Մեկ այլ հատկանշական օրինակ է 1999 թ․-ին Բելառուսի խնդրանքը, որով վերջինս խնդրում էր, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը, Գերմանիան, Ֆրանսիան, Հյուսիսային Մակեդոնիան, Բոսնիան և Հերցեգովինան, ինչպես նաև Իտալիան բացատրություն ներկայացնեն Հյուսիսատլանտյան դաշինքի՝ Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության տարածքում իրականացվող ռազմական գործողությունների վերաբերյալ։ Պատասխաններն ուղարկվեցին նշյալ բոլոր պետությունների կողմից, որից վեց օր հետո ԵԱՀԿ Մշտական խորհրդի և ԵԱՀԿ Անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումի համատեղ նիստում Բելառուսը հանդես եկավ հայտարարությամբ , որին պատասխանեցին Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ֆրանսիան։ Հավելենք, որ 2008 թ․-ին մեխանիզմը օգտագործվել է ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ Վրաստան կողմից ընդհանուր առմամբ երեք անգամ՝ նախքան վրաց-օսեթական պատերազմը։ Բոլոր երեք դեպքերում էլ պատասխանին հետևել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի և ԵԱՀԿ Անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումի համատեղ նիստը։

Ռազմական բնույթի վտանգավոր միջադեպերի վերաբերյալ համագործակցություն

Նշյալ մեխանիզմի գործարկման նպատակը ռազմական բնույթի վտանգավոր միջադեպերի նվազեցումն ու կանխարգելումն է տեղեկատվության տրամադրման և համագործակցության միջոցով։ Մասնավորապես, ԵԱՀԿ անդամ պետությունները պայմանավորվել են ռազմական բնույթի վտանգավոր միջազդեպերի առկայության պարագայում տեղեկացնել անդամ բոլոր պետություններին։ Ընդ որում, անդամ պետություններից յուրաքանչյուրը ներկայացնում է տեղեկատվություն տրամադրող կետի տվյալները, որտեղից անդամ պետությունները, ռազմական բնույթի վտանգավոր միջադեպի առկայության պարագայում, կարող են հայցել և ստանալ տեղեկատվություն։ Տեղեկատվական կետերի ամբողջական ցուցակը պահվում է ԵԱՀԿ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնում։ Միջադեպի պարագայում անդամ պետությունը պետք է տեղեկացնի անդամ մյուս պետություններին, իսկ եթե այդ միջադեպը որևէ կերպ ազդեցություն է ունեցել այլ անդամ պետության վրա, ապա վերջինս իրավունք ունի պարզաբանման խնդրանքով հանդես գալու։ Վտանգավոր միջադեպերի վերաբերյալ հարցերը կարող են քննարկվել նաև Անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումում։ 2016 թ․-ին ԵԱՀԿ 833-րդ լիագումար նիստի շրջանակներում Լեհաստանի պատվիրակությունը առաջարկել էր Անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումին ընդլայնել Ռազմական բնույթի վտանգավոր միջադեպերի վերաբերյալ համագործակցություն մեխանիզմի շրջանակները, սակայն Վիեննայի մեխանիզմի վերաճումը «Վիեննա +» մեխանիզմի չարժանացավ Ռուսաստանի հավանությանը և այլևս օրակարգային չէ։

Ռազմական գործողությունների վերաբերյալ առկա կասկածները ցրելու նպատակով այցերի կազմակերպում և այցելուների ընդունելություն

Ըստ նշյալ մեխանիզմի խրախուսելի է, որ անդամ երկրները հրավիրեն գործընկեր երկրներին, որպեսզի վերջիններս այցելեն այն տարածքները, որոնց առնչությամբ առկա են անվտանգային բնույթի մտավախություններ։ Այցի արդյունավետության բարձրացման նպատակներով հրավիրող երկիրը պետք է հոգա բոլոր ծախսերը, ինչպես նաև լինի առավելագույնս բաց և թափանցիկ, ինչպես նաև առավելագույնս հաշվի առնի հրավիրյալ պետությունների ներկայացուցիչների ցանկությունները ռազմական նշանակության կոնկրետ տարածքներ այցելելու հետ կապված։

Արտակարգ իրավիճակների դեպքում համագործակցության և խորհրդակցության մեխանիզմ (Բեռլինի մեխանիզմ)

Բեռլինի մեխանիզմն ընդունվել է 1991 թ․-ին Բեռլինում ԵԱՀԽ նախարարների խորհրդի ժամանակ։ Սույն մեխանիզմով կարգավորվում է երկրների գործողությունները արտակարգ իրավիճակների պարագայում։ Համաձայն Բեռլինի մեխանիզմի առաջին կետի, եթե անդամ երկրներից մեկի կարծիքով մեկ այլ անդամ երկրում արտակարգ իրավիճակ է հասունանում, ապա վերջինս իրավունք ունի ուղարկել հարցում, որին հասցեատեր երկիրը պետք է պատասխանի 48 ժամվա ընթացքում։ Ավելին, արտակարգ իրավիճակի վերաբերյալ հարցը երկիրն իրավունք ունի ներկայացնել ԵԱՀԿ Մշտական խորհրդին (ի սկզբանե նախատեսված էր, որ խնդիրը պետք է ներկայացվի Ավագ պաշտոնյաների կոմիտեին, սակայն վերջինիս գործա­ռույթ­ների մի մասը փոխանցվեցին Վիեննայի խմբին, որոնք էլ Հռոմում կայացած նախարարների նիստից հետո փոխանցվեցին ԵԱՀԿ Մշտական կոմիտեին, որը հետագայում վերանվանվեց մշտական խորհուրդ)։ Այն պարագայում, երբ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստ անցկացնելու առաջարկը արժանանում է առնվազն 12 անդամ պետությունների աջակցությանը, խորհրդի նախագահը պետք է ծանուցի այդ մասին բոլոր անդամ պետություններին և ծանուցման երրորդ օրվանից հաշված առնվազն 48 ժամվա ընթացքում պետք է անցկացվի խորհրդի նիստը։ Այս մեխանիզմը նույնպես ԵԱՀԿ անդամ պետությունների կողմից գործարկվել է բազմիցս։ Ի թիվս այլ պետությունների, հարկ ենք համարում առանձնահատուկ կերպով ընդգծել, որ մեխանիզմը 1993թ․-ին գործարկվել է Ադրբեջանի նախաձեռնությամբ։ Վերջինս պնդում էր, որ Արցախում ստեղծված իրավիճակի կապակցությամբ պետք է անցկացվի ԵԱՀԽ Ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստ։ ՀՀ պատվիրակությունն իր հերթին ներկայացրեց պարզաբա­նումներ, սակայն Ադրբեջանը կրկին պնդեց նշյալ կոմիտեի նիստում հարցի քննարկման անհրա­ժեշտությունը։ Ադրբեջանի պնդումն աջակցություն ստացավ Ալբանիայի, Բելգիայի, Բոսնիայի և Հերցեգովի­նայի, Դանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Հունգարիայի, Իռլան­դիա­յի, Իտալիա­յի, Լյուքսեմբուրգի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Պորտուգալիայի, Իսպա­նիայի, Թուր­քիայի ու Միացյալ Թագավորության կողմից, և հարցը քննարկվեց ԵԱՀԽ Ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստում։

ԵԱՀԿ Փոքր սպառազինությունների և թեթև զինատեսակների մասին փաստաթուղթ

Փաստաթուղթն ընդունվել է 2000 թ․-ի նոյեմբերին՝ ԵԱՀԿ Անվտանգության ոլորտում համագոր­ծակցության ֆորումի նիստում։ Համաձայն մեխանիզմի, անդամ երկրները պարտավորվում են ձեռնարկել միջոցներ փոքր սպառազինությունների և թեթև զինատեսակների թրաֆիքինգի կանխարգելման ուղղությամբ, նպաստել վերջինիս պաշարների կրճատմանը, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել, որպեսզի զինատեսակները արտադրությունը և տեղափոխումը ունենան բացառապես լեգիտիմ նպատակներ՝ միտված երկրի անվտանգությանը ապահովմանը։ Այդ նպատակով անդամ պետությունները պարտավորվում են խստորեն վերահսկել փոքր սպառազինությունների և թեթև զինատեսակների արտադրությունը, ինչպես նաև զինատեսակ­ների գործունեությունը վերահսկելի դարձնելու նպատակով, 2001 թ․-ի հունիսի 30-ից սկսած, արտադրված բոլոր զինատեսակների վրա դնել տարբերանշաններ։ Վստահության ամրա­պնդման միջոցառումների շրջանակներում անդամ երկրները պայմանավորվել են 2001 թ․-ի հունիսի 30-ից սկսած, փոխանակել տեղեկատվություն տարբերանշման ազգային համակարգի վերաբերյալ։ Փոքր սպառազինություն և թեթև զինատեսակներ արտահանելիս անդամ երկրները պարտավոր են հաշվի առնել ներմուծող երկրում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված հարցերը, տվյալ երկրի կողմից միջազգային պարտավորությունների կատարումը, ներքին անվտանգության ապահովման իրական անհրաժեշտությունը և մի շարք այլ չափանիշներ։ Եթե ներմուծող երկիրը նշյալ չափանիշներին չի բավարարում, ապա արտահանող երկիրը պետք է ձեռնպահ մնա փոքր զինատեսակների և թեթև սպառազինության արտահանումից։ Ավելին, ԵԱՀԿ Մշտական խորհրդի կամ ԵԱՀԿ Անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումի շրջանակներում անդամ երկրները կարող են աջակցություն հայցել փոքր սպառազինությունների և թեթև զինատեսակների պաշարների կրճատմանն ու կառավարմանը վերաբերող հարցերում, ինչն, ի թիվս այլոց, ենթադրում է օժանդակություն պաշարների ոչնչացմանն ուղղած միջոցառումներում։ Անդամ երկրների կողմից փաստաթուղթը կիրառվել է, երբ անհրաժեշտություն է առաջացել ոչնչացնելու փոքր սպառազինությունների և թեթև զինատեսակների անհարկի կուտակված պաշարները։

Հակամարտությունների խաղաղ կարգավորում (Վալետայի մեխանիզմ)

Վալետայի մեխանիզմը նախատեսում է Վեճերի լուծման մեխանիզմի ստեղծում, որն, ըստ էության, ենթադրում է հաշտարարություն։ Տարաձայնության դեպքում անդամ պետությունները իրավունք ունի դիմելու Վալետայի մեխանիզմի օգնությանը։ 1991 թ․-ի Բեռլինի նախարարների համաժողովի որոշմամբ Վալետայի մեխանիզմի գործառույթները ստանձնում է ԵԱՀԿ Հախամարտությունների կանխարգելման գրասենյակը։ Վերջինիս ցուցակից ընտրվում են որակավորված հաշտարար (հաշտարարներ)՝ միջնորդական և հաշտարարական առաքելության իրականացման նպատակով։ Վերջինս ստանձնում է հաշտարարի միջնորդական առաքելություն և ազատ է որոշելու վեճի լուծման ընթացակարգը խելամիտ ժամկետներում։ Նա իրավասու է վեճի կողմերին տալ վեճի լուծման վերաբերյալ խորհուրդներ և առաջարկություններ։ Վեճի ընթացքում ցանկացած կողմ, բացի այն կողմից, որը դիմել է Վալետայի մեխանիզմին, իրավասու է միջնորդել, որպեսզի հաշտատարությունը դադարեցվի: Այս մեխանիզմը դեռևս չի գործարկվել։

ԵԱՀԿ Հաշտարարության և արբտրաժային դատարան

Դատարանը ստեղծվել է 1994թ․-ին՝ Ստոկհոլմյան կոնվենցիայով։ Այն պարտադիր է միայն այն անդամ պետությունների համար, որոնք միացել են կոնվենցիային։ Համաձայն կոնվենցիայի՝ դատարանը բաղկացած է հաշտարարներից ու արբիտրներից և տեղակայված է Ժնևում։ Եթե անդամ պետությունը չի կատարում հաշտարարների վերջնական զեկույցում առկա առաջարկութ­յունները, ապա մյուս կողմը իրավունք է ստանում նույնպես չկատարել դրանք։ Եթե կողմը կամ կող­մերը 30 օրվա ընթացքում չեն ընդունում վեճի լուծման առաջարկը, ապա խնդիրը ներկայացվում է ԵԱՀԿ Նախարարների խորհրդի քննարկմանը։ Արբիտրաժային դատարանի որոշումը իրավականորեն պարտադիր է և ենթակա է կատարման։ Ցայսօր կոնվենցիան երբևէ չի գործարկվել։ Հավելենք, որ Հայաստանը միացել է կոնվենցիային, ի տարբերություն Ադրբեջանի, ուստի, հայ-ադրբեջանական որևէ վեճ չի կարող լուծվել Ստոկհոլմի կոնվենցիայի շրջանակ­ներում։

Որպես ամփոփում նշենք միայն, որ ԵԱՀԿ մեխանիզմները կամ առնվազն դրանց մի մասը հնարավորություն են ընձեռում Հայաստանին բևեռել ԵԱՀԿ անդամ պետությունների ուշադրու­թյունը հարևան Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությանը։ Մեխանիզմների մի մասի գործարկումը օբյեկտիվ անհրաժեշտություն է և կարող է դառնալ տարածաշրջանում լարվածության նվազեցման ու Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացման լրացուցիչ երաշխիք։