Հայաստանի Երկրորդ շավիղի դիվանագիտության խնդիրների շուրջ
Հայաստանի Երկրորդ շավիղի դիվանագիտության խնդիրների շուրջ
Վերջին տասնամյակներին միջազգային հարաբերությունների բարդացող խճանկարը, գլոբալ գործընթացներում պետական և ոչ պետական դերակատարների պարբերական ավելացումը, Հարավային Կովկասում ու հարակից տարածաշրջաններում ռազմաքաղաքական հարափոփոխ իրավիճակները և դրանց հետ կապված մարտահրավերներն ու սպառնալիքներն առաջ են բերում Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում առկա իրողություններին և հնարավոր զարգացումներին համապատասխան նոր հայեցակարգային մոտեցումների ներդրման անհրաժեշտություն: Արդի պայմանները երկրի քաղաքական վերնախավից, բացի դասական կամ պաշտոնական դիվանագիտության զինանոցում գտնվող հայտնի գործիքակազմից, պահանջում են հավելյալ գործիքների կիրառում, որոնք կարող են արդյունավետ լինել արտաքին քաղաքականության ոլորտում և նպաստել կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծմանը: Այդ առումով աշխարհի բազմաթիվ երկրներ տարբեր ձևաչափերով հաջողությամբ օգտագործում են փորձագիտական և ակադեմիական հանրույթի անհատական և ինստիտուցիոնալ ներուժը, որը մասնագիտական շրջանակներում առավել հայտնի է Track II Diplomacy անվանումով, ինչը հայերեն կարելի է թարգամանել որպես Երկրորդ շավիղի դիվանագիտություն:
Հարկ է նշել, որ Track II Diplomacy եզրը առաջին անգամ շրջանառության մեջ է դրել դեռևս նախորդ դարի 80-ական թվականների սկզբին ամերիկացի քաղաքագետ Ջոզեֆ Մոնթվիլը, ով դրանով նկարագրում էր ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև զինաթափման, տարբեր տարածաշրջաններում ազդեցության բաժանման և շահերի համաձայնեցման համատեքստում ոչ պաշտոնական կապերի և բանակցային կապուղիների համակարգը: Այնուամենայնիվ, 20-րդ դարի վերջին այդ եզրի իմաստն աստիճանաբար ընդարձակվեց և ներառեց միջազգային ասպարեզում պետական քաղաքականության շահերին ծառայող անհատների և կազմակերպությունների (ոչ պետական դերակատարների) ոչ պաշտոնական շփումներն ու փոխգործակցությունը:
Ներկայումս տարբեր երկրներ փափուկ ուժի պրոյեկտման, ռազմավարական առավելության հասնելու և միջազգային ասպարեզում ազգային շահերի առաջմղման նպատակով լայնորեն օգտվում են Երկրորդ շավիղի դիվանագիտության գործիքակազմից և դրա ընձեռած հնարավորություններից: Ցավոք, անկախության վերականգնումից ի վեր Հայաստանում այս ուղղությամբ համակարգված քաղաքականություն գրեթե չի իրականացվել: Ընդհանուր առմամբ, բավարար չափով չի օգտագործվել թե՛ ներքին, թե՛ Սփյուռքի փորձագիտական ներուժը, միաժամանակ համապատասխան աշխատանք չի իրականացվել նաև հայկական ծագում չունեցող արտերկրի փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ: Վերջին հանգամանքը հատկապես կարևոր է, քանի որ բազմաթիվ երկրներում փորձագիտական համայնքը և ուղեղային կենտրոնները ռազմավարական գաղափարների գեներացման ու իշխանության մարմինների որոշումների մշակման գործընթացի կարևոր մասնակից են, միաժամանակ ազդեցություն ունեն այս կամ այն հարցի վերաբերյալ հանրային կարծիքի ձևավորման վրա, և, հետևաբար, նրանց հետ նպատակաուղղված աշխատանքը հնարավորություն կտա անուղղակիորեն որոշակի ազդեցություն ունենալ այդ պետությունների քաղաքականության վրա:
Այս առումով Հայաստանի Երկրորդ շավիղի դիվանագիտության ակտիվացումը և արտաքին քաղաքականությանն առնչվող խնդիրների լուծման գործում ոչ պետական դերակատարների ընդգրկումը կարող է էականորեն բարձրացնել երկրի արտաքին քաղաքականության արդյունավետությունը, ռազմավարական ներուժը և միջազգային ասպարեզում ազդեցության մակարդակը: Այս համատեքստում հարկ է նշել, որ ուղեղային կենտրոնների ներկայացուցիչները և, ընդհանուր առմամբ, փորձագիտական հանրույթը, պարբերաբար շփվելով և համագործակցելով արտերկրի գործընկերների հետ, այդ թվում՝ մասնակցելով միջազգային գիտաժողովների, խորհրդաժողովների և աշխատաժողովների, կարող է զգալիորեն նպաստել Հայաստանի դիվանագիտությանը, ազգային շահերի պաշտպանությանն ու առաջմղմանը (օրինակ՝ Հայաստանում ներդրումային հնարավորությունների ներկայացման, Արցախյան հարցի վերաբերյալ հայկական տեսակետի հանրայնացման և այլն)՝ հաճախ բարձրաձայնելով այնպիսի միջպետական կամ միջազգային նշանակության խնդիրներ, որոնք երկրի արտաքին քաղաքականության պատասխանատուները տարբեր պատճառներով չեն կարող կամ չեն ցանկանում պաշտոնապես հնչեցնել: Միաժամանակ որևիցե երկրի հետ երկկողմ հարաբերությունների վատթարացման կամ առավել գլոբալ նշանակության խնդիրների առկայության պարագայում փորձագիտական հանրույթի հնարավորությունները, գործընկերային ցանցն ու կապերն օգտագործելով՝ հնարավոր է օժանդակել երկխոսության ձևավորմանը և հիմքեր նախապատրաստել պետական մակարդակով պաշտոնական գործընթացների դրական արդյունքի համար: Ավելորդ չէ նշել, որ այդ առումով ամերիկյան հայտնի մի շարք ուղեղային կենտրոններ նպաստել են ոչ միայն իրենց երկրին առնչվող, այլ նաև մի շարք գլոբալ, միջազգային նշանակություն ունեցող հակամարտությունների և հիմնախնդիրների կարգավորմանը:
Բնական է, որ նման գործընթացը պահանջում է արհեստավարժություն, ինչպես նաև կազմակերպական, ֆինանսական ռեսուրսներ ու գործուն կառուցակարգերի մշակում և ներդնում: Միաժամանակ հարկ է նշել, որ սույն վերլուծական ակնարկը նպատակ չի հետապնդում համապարփակ կերպով և ամբողջ բացվածքով ներկայացնել բոլոր անհրաժեշտ քայլերը*։ Այս հրապարակմամբ խնդիր է դրված նախ և առաջ բարձրացնել Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող այս խնդիրը՝ հիմքեր ստեղծելով հանրային և մասնագիտական հետագա քննարկումների համար, ինչպես նաև փորձ կատարել՝ ուրվագծելու որոշ առաջնահերթ քայլեր:
Ամփոփելով նշենք, որ հատկապես արտերկրի փորձագիտական հանրույթի հետ երկարաժամկետ, համընդգրկուն և արդյունավետ քաղաքականություն իրականացնելու համար, նախ և առաջ, անհրաժեշտ է Հայաստանում ձևավորել համապատասխան միջավայր, այդ թվում՝ նպաստել փորձագիտական քննարկումների հարթակների ձևավորմանը և միջազգային մակարդակի փորձագիտական հանդիպումների, աշխատաժողովների, խորհրդակցությունների, գիտաժողովների և տարատեսակ այլ ձևաչափի միջոցառումների կազմակերպմանը: Այս գործընթացում անհրաժեշտ է փորձել ներգրավել նաև Սփյուռքի փորձագիտական հանրույթի ներուժը: Հարկ է նշել, որ այդ ուղղությամբ նախկինում իրականացված եզակի արժեքավոր աշխատանքներից է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի կողմից 2013թ. հրապարակված «Սփյուռքի գիտավերլուծական հանրությունը» հետազոտությունը, որը հնարավորություն է տալիս նախնական պատկերացում կազմել արտերկրի ակադեմիական կառույցներում և ուղեղային կենտրոններում ներգրավված հայկական մտավոր ռեսուրսի մասին: Ինչ վերաբերում է այդ գործընթացում Հայաստանի փորձագիտական հանրույթի կազմակերպման աշխատանքներին, ապա, կարծում ենք, որպես այդ ուղղությամբ առաջնահերթ քայլ՝ նպատակահարմար է ձևավորել տարբեր շահագրգիռ շրջանակներ ընդգրկող աշխատանքային խումբ**, որը կարող է ստանձնել առկա փորձագիտական ռեսուրսի գնահատման, առավել ակտիվ միջազգային գործունեություն ծավալող փորձագետների և արտերկրում ճանաչում ունեցող ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների նույնականացման խնդիրների լուծումը: Այնուհետև ամփոփված տեղեկատվության հիման վրա հնարավոր կլինի ձևավորել «կադրային բանկ» և մշակել փորձագիտական հանրույթի հետ արդյունավետ աշխատանքի կազմակերպման համար անհրաժեշտ կառուցակարգերի և ձևաչափերի վերաբերյալ առաջարկությունների ծրագիր:
* Համապատասխան արձագանքի և պաշտոնական առաջարկի դեպքում ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը պատրաստ է իր ներդրումն ունենալ վերոնշյալ ծրագրի մշակման աշխատանքներում:
** Աշխատանքային խումբը կարող է բաղկացած լինել ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Անվտանգության խորհրդի գրասենյակի և անհրաժեշտության դեպքում՝ այլ գերատեսչությունների, ուղեղային կենտրոնների և ակադեմիական հաստատությունների ներկայացուցիչներից: