Համառոտ դիտարկումներ արդյունաբերության ոլորտի զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ
Համառոտ դիտարկումներ արդյունաբերության ոլորտի զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ
Արդյունաբերությունը եղել և մնում է տնտեսության զարգացման շարժիչ ուժը: Այդ իսկ պատճառով, ՀՀ կառավարության համար օրակարգային է արդյունաբերական զարգացման քաղաքականության մշակումն ու հետևողական և արդյունավետ իրագործումը, որը միտված է տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը:
Հարկ է նշել, որ դեռևս խորհրդային տարիներին արդյունաբերության ոլորտը կարևորագույն դերակատարություն է ունեցել բնակչության զբաղվածության և եկամուտների ապահովման գործում: Մինչդեռ ԽՍՀՄ փլուզումից հետո ՀՀ տնտեսության արդյունաբերության ճյուղի կտրուկ անկում արձանագրվեց, ինչը պայմանավորված էր մի շարք գործոններով, այդ թվում՝ երկաթուղու շրջափակմամբ, ձեռնարկությունների միջև տնտեսական կապերի խզումով, պետական ձեռնարկությունների համատարած ոչ արդյունավետ մասնավորեցմամբ, էներգետիկ խոր ճգնաժամով: Չնայած1991թ.-ին մեկնարկեցին տնտեսական բարեփոխումներ, որոնք ուղղված էին առաջին հերթին տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմանը, սակայն արտաքին և ներքին սպառնալիքների առկայությամբ իրականացված միջոցառումները բավարար չէին արդյունաբերության ոլորտի երբեմն հզորությունը վերականգնելու համար: Սա հատկապես ակնհայտ դարձավ 2008 թվականին, երբ արդյունաբերության ոլորտի աճի տեմպը կտրուկ նվազեց և կազմեց 2 տոկոս։ Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ պայմանավորված տնտեսական անկումը շարունակվեց և իր գագաթնակետին հասավ 2009 թվականի հուլիսին (7.8 տոկոս անկում)։ Իրավիճակը սկսեց բարելավել 2010թ. (9.7 տոկոս հավելաճ), իսկ արդեն 2017թ.-ի հունվար-մայիսին արդյունաբերական արտադրության աճի ցուցանիշը կազմեց 14.4 տոկոս:
Չնայած արդյունաբերական արտադրանքի ծավալի աճին, այնուամենայնիվ, ոլորտում նկատելի դրական տեղաշարժեր չեն արձանագրվել: Պատկերն առավել ակնհայտ է դառնում արդյունաբերության ոլորտի կառուցվածքի ուսումնասիրությունից: Այսպես, նախորդ տարիների համեմատ ՀՀ արդյունաբերության կառուցվածքում մեծացել է հանքագործական արդյունաբերության տեսակարար կշիռը. 2016թ. հունվար-դեկտեմբեր տվյալներով մշակող արդյունաբերության կողմից ստեղծվում է արդյունաբերության ոլորտում ստեղծվող ավելացված արժեքի 61.9 տոկոսը, իսկ հանքագործական արդյունաբերության կողմից` 17.9 տոկոսը, այն դեպքում, երբ 1991-2001թթ. հանքագործական արդյունաբերության մասնաբաժինը չէր գերազանցում ՀՆԱ-ի 7 տոկոսը:
Խնդրահարույց է նաև մշակող արդյունաբերության կառուցվածքը: Այսպես, մշակող արդյունաբերության մոտ մեկ երրորդը ապահովում է սննդի արդյունաբերության ճյուղը, մինչդեռ մեքենաների և սարքավորումների արտադրությունը չի գերազանցում մշակող արդյունաբերության 0.5 տոկոսը, ինչը խիստ բացասական երևույթ է` հաշվի առնելով, որ սա է հանդիսանում տեխնոլոգիական առաջընթացի հիմքը և այս ոլորտներում հատույցը առավելագույնն է:
Ոլորտի լրջագույն հիմնախնդիրներից շարունակում է մնալ արդյունաբերության տեխնիկական վերազինումը և արդիական տեխնոլոգիաների ներդրումը: Հարկ է նշել, որ 2007-2011թթ. արդյունաբերության ոլորտի ընկերությունների կողմից հիմնական միջոցներում և ժամանակակից սարքավորումներում կատարված ներդրումները կազմել են 226.7 մլրդ դրամ: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդյունաբերության ճյուղերում հիմնական ֆոնդերի մաշվածքը բնութագրող ցուցանիշները արձանագրում են բարձր մակարդակ, իսկ արտադրական հզորությունների օգտագործման աստիճանը բնութագրող ցուցանիշները համեմատաբար ցածր մակարդակ, ապա կարելի է եզրակացնել, որ արդյունաբերության ոլորտում ներդրումների մեծ մասն ուղղվում է հիմնական միջոցների արժեքի վերականգնմանը, այլ ոչ թե տեխնոլոգիական վերազինմանն ու կատարելագործմանը:
Ինչ վերաբերվում է արտահանմանը, ապա այստեղ լուրջ հիմնախնդիր է ինչպես ապրանքատեսականու սահմանափակությունը, այնպես էլ միջազգային շուկայում ապրանքների ցածր մրցունակությունը: Այս առումով վառ օրինակ է ՀՀ գինեգործության ոլորտը: Չնայած հայկական գինիները որակապես զիջում են ֆրանսիական կամ իտալական գինիներին, սակայն դրանք ռուսական շուկայում վաճառվում են գրեթե նույն գնով: Հայաստանի գինեգործների միության նախագահի համոզմամբ, անգամ ԵԱՏՄ ՀՀ անդամակցությունը ընդամենը 10-15 տոկոս գնային առավելություն է տվել, որը հայկական արտադրանքի բարձր ինքնարժեքի և տրանսպորտային մեծ ծախսերի պարագայում էական ազդեցություն չի թողնում:
Այսպիսով, կարող ենք փաստել, որ արդյունաբերության ոլորտում ձեռնարկված միջոցառումները դեռևս բավարար չեն ոլորտի արդյունավետ կառուցվածքի ձևավորման և հայրենական ապրանքների մրցունակության բարձրացման համար: Այս տեսանկյունից, արդյունաբերական արդյունավետ քաղաքականության մշակումն ու կենսագործումը պահանջում է արդյունաբերության ոլորտում իրականացված բարեփոխումների համալիր գնահատում: Այդ նպատակով նախատեսվում է լուծել հետևյալ հիմնական խնդիրները.
- կատարել հարցումներ հայրենական արդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարների շրջանում, որը հնարավորություն կտա հստակեցնել ոլորտում առկա հիմնախնդիրները, պետական քաղաքականության նպատակայնությունը, պետություն-մասնավոր հատված համագործակցության հնարավորությունները,
- գնահատել ՀՀ մշակող արդյունաբերության կառուցվածքի տեղաշարժերի ազդեցությունը տնտեսության աճի վրա,
- գնահատել արդյունաբերական ներուժը, այդ թվում՝ տարածքային տնտեսությունների կտրվածքով,
- բացահայտել զարգացման տարբեր մակարդակ ունեցող երկրների արդյունաբերական քաղաքականության հիմնական մոդելները, հետազոտել ՀՀ-ում տեղայնացման հնարավորությունները,
- դասակարգել երկրները ըստ արդյունաբերության ոլորտը բնութագրող առանցքային ցուցանիշների, բացահայտել առանձին երկրների շեղումը լավագույն արդյունք արձանագրած երկրներից,
- գնահատել կազմակերպությունների ինովացիոն ներուժը,
- հետազոտել հարկային, մաքսային ռեժիմները, վերհանել արտահանման հիմնախնդիրները,
- դիտարկել ԵԱՏՄ գործընկեր երկրների կազմակերպությունների հետ տեխնոլոգիական շղթաների կառուցման հնարավորությունները:
Վերոնշյալ խնդիրների լուծումը հնարավորություն կտա բացահայտել ոլորտի զարգացման առանձնահատկությունները, գնահատել ներուժը, վերհանել հիմնախնդիրները, դրանց լուծման ուղիները և խորացնել ոլորտում բարեփոխումների իրականացման հնարավորությունները: