ՀՀ մարզերում փոքր և միջին բիզնեսի զարգացման ազդեցությունը աղքատության կրճատման վրա
Աղքատություն գոյություն ունի ժամանակակից աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Կախված երկրի զարգացման աստիճանից, պետության սոցիալական քաղաքականությունից և այլ պատճառներից՝ աղքատությունն ունի առաջացման և դրսևորման տարբեր ձևեր և չափեր: Մինչև Խորհրդային Միության փլուզումը աղքատության և գործազրկության մակրոտնտեսական ցուցանիշները Հայաստանում ամենացածրն էին: 1987 թ. աղքատության գծից ցածր եկամուտ էր ստանում Խորհրդային Հայաստանի բնակչության միայն 20 տոկոսը: Անկախացումից հետո աղքատության մակարդակն աճեց: Վերջին տարիներին աղքատության մակարդակը Երևանում գնահատվում է շուրջ 30 տոկոս, իսկ մարզերում՝ ավելի բարձր:
Հայտնի է, որ աղքատության կրճատման արդյունավետ ուղիներից մեկը փոքր և միջին ձեռնարկատիրությունն է: Այն նպաստում է միջին խավի ձևավորմանը, սոցիալական լարվածության թուլացմանը, գործազրկության կրճատմանը: Ուստի, սույն աշխատանքում փորձ է արվել մշակել փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման միջոցով ՀՀ մարզերում աղքատության կրճատման մի շարք ուղիներ, որոնք ունեն ինչպես մեթոդական, այնպես էլ գործնական նշանակություն և կարող են կիրառվել ոլորտում իրականացվող պետական քաղաքականության մշակման գործընթացներում: