Կենտրոնական գործընկերոջ համակարգի միջազգային փորձի և ՀՀ-ում դրա ներդրման հնարավորությունների վերլուծություն
Կենտրոնական գործընկերոջ համակարգերի (CCP) միջազգային փորձի ուսումնասիրությունը և քլիրինգի ու վերջնահաշվարկի ոլորտում ժամանակակից միտումների դիտարկումը թույլ է տալիս եզրակացնել, որ այն հանդիսանում է արժեթղթերի շուկայում գործարքների կատարման, ռիսկերի նվազեցման կարևորագույն մեխանիզմներից մեկը: Այնուհանդերձ շատ երկրներ, գիտակցելով հանդերձ CCP համակարգի անհրաժեշտությունը կամ հաշվի առնելով համակարգի ծախսերը, իրենց շուկաների ծավալները, չեն ձևավորում CCP համակարգ կամ գնում են տարածաշրջանային CCP համակարգերին ինտեգրման ուղիով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ պատվերով ՀՊՏՀ Ամբերդ գիտահետազոտական կենտրոնի կողմից կատարված հետազոտության իրականացման արդյունքում ուսումնասիրվել են արժեթղթերի շուկայում գործարքների կատարման համակարգերի և կենտրոնական գործընկերոջ համակարգի Թուրքիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Լեհաստանի, Շվեդիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Ղազախստանի, ԱՄՆ-ի փորձը: Այնուհետև ուսումնասիրվել և ամփոփվել են քլիրինգի և վերջնահաշվարկի ոլորտում կենտրոնական գործընկերոջ համակարգերի հետ կապված միջազգային միտումները: Մի շարք երկրների փորձի ուսումնասիրման արդյունքում իրականացվել է կենտրոնական գործընկերոջ համակարգի առավել մանրամասն հետազոտություն պարզելու համակարգի գործողության առանձնահատկությունները՝ առավել ուշադրություն դարձնելով կարգավորման պահանջներին և դեֆոլտ մենեջմենթի համակարգին: Այնուհետև հետազոտվել է ՀՀ-ում կենտրոնական գործընկերոջ համակարգի ներդրման նպատակահարմարությունը և հնարավորությունները: