ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019-2023 ԹԹ. ԾՐԱԳՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Սամվել Ավետիսյան
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի
«Տնտեսագիտական հետազոտություններ» ծրագրի ավագ հետազոտող
ծրագրի համակարգող

Թեև ՀՀ-ում 2000-ական թվականների առաջին տասնամյակի վերջերից գյուղատնտեսությունը հռչակվել էր տնտեսության առաջնային ոլորտ, սակայն պետական բյուջեից խիստ սահմանափակ հատկացումների, դրանց ոչ միշտ հիմնավորված տեղաբաշխման և ոչ հաշվենկատ օգտագործման պատճառով ակնկալվող արդյունքները խիստ համեստ էին: Ավելին, հատկապես 2011-2016 թվականներին գյուղատնտեսության նախարարությունը մազպետարանների և համայնքների ղեկավարների հետ պայմանավորվելով, սկսեց անհիմն բարձրացնել ցանքատարածությունների, բերքատվության, անասնագլխաքանակի և գյուղատնտեսության համախառն արտադրանքի ցուցանիշները: Անգամ այդ պայմաններում ՀՀ գյուղատնտեսության զարգացման մակարդակը և արդյունավետությունը մնում էր ցածր մակարդակի վրա: Վերջինիս վկայությունն է, որ 2010-2017 թթ. գյուղատնտեսության ոլորտի մեկ զբաղվածի հաշվով տարեկան ՀՆԱ-ի ամենաբարձր ցուցանիշը (2017թ.) կազմել է 2623,4 հազ. դրամ, իսկ համախառն արտադրանքը՝ 2863,7 հազ. դրամ: Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ում գյուղատնտեսության մեկ զբաղվածի հաշվով տարեկան ՀՆԱ-ն 2018թ. կազմել է 82947,6 դոլար, իսկ օրական հաշվարկով՝ 227,2 դոլար[1]: Իսրայելում 2018թ. տվյալներով այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմել են՝ 114583 և 314 դոլար[2]:

Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, այդ երկրների հաջողության գաղտնիքը նորամուծական տեխնոլոգիաների և արդյունավետ կառավարման համակարգի ներդրումն է, ինչպես նաև՝ ենթակառուցվածքների ու շուկայահանման լոգիստիկայի զարգացումը: Իհարկե, այդ տեսանկյունից Հայաստանում որոշակի դժվարություններ կան, սակայն դրանք կարելի է հաղթահարել, եթե գյուղատնտեսության ոլորտում արմատավորվի կոոպերացիայի գաղափարը:

Դեռևս մեկ տասնամյակ առաջ նշել ենք, որ <<Եթե բիզնեսի մյուս ոլորտներում գործարարը տարբեր պատճառներով տանուլ է տալիս, ապա նա վատագույն դեպքում սնանկանում ու հեռանում է բիզնեսից: Գյուղատնտեսության մեջ այդ երևույթը, բացի տնտեսական հետևանքից, նաև սոցիալ-ժողովրդագրական լուրջ հիմնախնդիրներ է ստեղծում: Այս ոլորտում ցածր եկամտաբերությունը և տարբեր ռիսկերի ազդեցությամբ պայմանավորված վնասները, գյուղացուն ուղղակիորեն հարկադրում են հեռանալ գյուղից>>[3]: Նաև այս առանձնահատկությունը հաշվի առնելով, ՀՀ կառավարության 2019-2023 թթ. ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) 5.10. «Գյուղատնտեսությունը» բաժնի առաջին պարբերության մեջ նշվում է. «Կառավարության գյուղատնտեսական քաղաքականության առանցքը լինելու է գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը…»[4]։ Ընդունված է վկայակոչել, որ գյուղատնտեսության ցածր արդյունավետության հիմնական խանգարող գործոնը մեծ թվով փոքր չափեր ունեցող տնտեսությունների առկայությունն է, առկա ռեսուրսների անհաշվենկատ օգտագործումը և ոլորտի համակարգված կառավարման բացակայությունը:

Նախ անդրադառնանք վերջինին: Հայաստանի նման երկրում ուղղակի շռայլություն է 10 մարզպետարանների գոյությունը, որոնք հիմնական գործառույթներով ուղղակի և անհարկի կրկնում են ոլորտային նախարարություններին: Ըստ իս, անհրաժեշտ է իրականացնել տարածքային կառավարման ապակենտրոնացման քաղաքականություն, յուրաքանչյուր բնակավայրի դիմագիծը պահպանելով, շարունակել համայնքների միավորման գործընթացը, ընդլայնել տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները և պայմանագրային հիմքերի վրա դնել ոլորտային նախարարությունների (կառավարության) հետ համագործակցությունը:

Ծրագրում հատուկ շեշտադրվում է. <<Կառավարությունն անթույլատրելի է համարում, որ գյուղատնտեսական նշանակության հողերի շուրջ 1/3-ը մնացել է անմշակ։ Կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկելու չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերը նպատակայնորեն օգտագործելու ուղղությամբ: Այս նպատակին հասնելու համար մշակվելու են խթաններ ու մեխանիզմներ>>[5]։ Իհարկե, խնդիրը նոր չէ, բայց գնալով ավելի սուր բնույթ է ստանում:

Լավ կլիներ, որ վերջին երկու նախադասության փոխարեն Ծրագրում նշվեր մի քանի «գործուն քայլեր»: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ չօգտագործվող հողերը գերազանցում են Ծրագրում նշված թվին: Դիցուք, 2018 թվականին, երբ վիճակագրական տվյալների հավաստիությունը ավելի բարձր է, վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը կազմել է ընդամենը 54.4%: Հաշվարկման մեթոդաբանության առումով, այս ցուցանիշը ևս ճշգրտման կարիք ունի, քանի որ տնամերձ հողերի ցանքերը ևս ներառվում է ցանքատարածությունների մեջ, բայց հողային հաշվեկշռում դրանք դասվում են բնակավայրերի հողերին: Օրինակ, 01.07.2018թ. դրությամբ տնամերձ հողերը կազմել են մոտ 90 հազ. հա[6], որի զգալի մասը վարելահողեր են:

Մեր կարծիքով հողօգտագործման արդյունավետությունը կարելի է բարձրացնել և տնտեսությունների չափերը օպտիմալացնել հետևյալ տարբերակներով.

ա) Հողերի միավորում և գյուղացիական տնտեսությունների կոոպերացում: Սա աշխարհում ընդունված ամենաարդյունավետ և քաղաքակիրթ ձևն է: Այս ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը Հայաստանում դեռևս սպասված արդյունք չի ապահովում, որը սակայն պետք է շարունակել և դարձնել ավելի նպատակամետ:

բ) Հողի շուկայի ակտիվացման շնորհիվ, գյուղատնտեսական հողատեսքերի գնումների և երկարաժամկետ վարձակալության միջոցով գյուղում նպաստել խոշոր հողօգտագործող-ձեռներեցների ձևավորմանը: Այս տարբերակը, անշուշտ, կուժեղացնի գյուղաբնակների բևեռացումը, որը սկզբնական փուլում կմեծացնի սոցիալական լարվածությունը, բայց աստիճանաբար, աշխատանքի բնականոն բաժանման շնորհիվ, շատերը զբաղվածություն կգտնեն խոշոր ձեռներեցների մոտ: Ինտենսիվ գյուղատնտեսության զարգացումը կնպաստի նաև ոչ գյուղատնտեսական բնույթի միջհամայքային ծրագրերի, ծառայությունների ու վերամշակող ձեռնարկությունների զարգացմանը, որը կբարձրացնի գյուղական բնակչության զբաղվածության մակարդակը և հիմքեր կստեղծի գյուղական աղքատության հաղթահարման համար:

գ) Կատարել օրենսդրական փոփոխություններ և սեփականաշնորհված հողը չօգտագործող կամ ոչ նպատակային նշանակությամբ օգտագործող սուբյեկտների նկատմամբ կիրառել խիստ վարչարարություն: Ակնհայտ է, որ ներկայումս գրեթե բոլոր գյուղական համայնքներում կան լքված հողեր, որոնց սեփականատերերը համայնքից բացակայում են: Արդյունքում՝ այդ հողերը ոչ միայն չեն մշակվում, այլև տարիներ շարունակ դրանց համար հողի հարկ չի վճարվում: Մեր կարծիքով նման պայմաններում, համայնքի ավագանու որոշմամբ, պահպանելով սեփականության իրավունքը, այդ հողամասերը պետք է օգտագործման տրամադրել առավել ակտիվ գյուղատնտեսներին: Նման գործարքի համար անհրաժեշտ է ստանալ սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը, իսկ դրա անհնարինության կամ առանց հիմնավոր պատճառների անհամաձայնության դեպքում՝ գործել օրենքի ուժով: Վերջինս պահանջում է ՀՀ Հողային օրենսգրքի հոդվածներ 43-ում, 44-ում և 102-ում, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի հոդվածներ 12-ում, 18-ում, 32-ում և 43-ում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել և իրավական հիմքեր ստեղծել պասիվ սեփականատերերի կողմից անօգտագործելի թողնված հողամասերը որոշակի ժամանակահատվածով անհատույց օգտագործման կամ վարձակալության սկզբունքով հանձնել առավել ակտիվ գյուղատնտեսներին[7]:

Ծրագրում նշվում է, որ «Կառավարությունը գյուղատնտեսության ոլորտում ևս մեկ ռազմավարական նպատակ է ձևակերպում. այն է՝ Հայաստանում ոռոգման ջուրը նույնքան հասանելի և տարածված պետք է լինի, ինչպես էլեկտրամատակարարումն է տարածված և հասանելի»: Կարծում ենք, որ այս ռազմավարական նպատակը խիստ հավակնոտ է և իրականացման առումով դժվարին: Խնդիրն այն է, որ ոռոգման ջրի հասանելիությունը չի կարող համեմատվել էլեկտրաէներգիայի մատակարարման հետ, քանի որ ոռոգման ջրի տեղափոխման բարդություններն ու դժվարությունները անհամեմատ ավելի մեծ են: Ուստի անհրաժեշտ է նախապատվությունը տալ ջրախնայողական տեխնոլոգիաներին և բարձրար­դյունավետ մշակաբույսերին:

Ծրագրում նշվում է, որ «Նոր տեխնոլոգիաների և գիտական հենքի վրա հիմնված մրցունակ և արդյունավետ գյուղատնտեսություն ստեղծելու ճանապարհին Կառավարությունը խնդիր է դրել» կարևորել 9 հիմնական ուղղություններ։ Հարկ է նշել, որ այդ ուղղություններով պետական աջակցության ծրագրեր իրականացվել են նաև նախորդ տարիներին և այն հանգամանքը, որ դրանք նորից են շեշտադրվում ոչ միայն պետական աջակցության շարունակականության սկզբունքի դրսևորում է, այլև առավել նորովի ու արդյունավետ իրականացման ակնկալիք:

Ծրագրում նաև նշվում է. «Կառավարությունը նաև գործուն քայլեր է ձեռնարկելու մեքենատրակտորային համակազմի թարմացման և Հայաստանի գյուղատնտեսության կարիքներն առավելագույնս բավարարելու ուղղությամբ»: Այս դրույթի իրականացումը օրհասական անհրաժեշտություն է:

Վերջին երկու տասնամյակում հաճախակի էր շահարկվում Գյուղատնտեսական տեխնիկայի կա­յան­ների (ԳՏԿ) գաղափարը: Բայց մեր վերլուծությունները ցույց էին տալիս, որ ԳՏԿ-ի ծրագիրը խիստ ռիսկային է, քանի որ գյուղատնտեսական գործունեություն իրականացնող սյուբեկտների ցածր վճարունակության, տեխնիկական սպասարկում իրականացնող մասնավոր անձանց հետ անհավասար մրցակցության պայմաններում, մեքենատրակտորային կայանները մրցունակությանը չէին դիմանալու: Այդպիսի փորձնական ծրագիր իրականացվել է նաև Արցախի Հանրապետությունում և մեծ գումարի բյուջետային վարկերի վերադարձը հարցականի տակ է:

Այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2017 թվականի մարտի 30-ին ընդունեց «Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման մասին» N 342-Ն որոշումը և 700 մլն. դրամ տրամադրեց «Նաս Ջեներալ Թրեյդինգ» ՍՊԸ-ին՝ տեխնիկա ներկրելու համար: Այս որոշման կատարման ընթացքը ցույց տվեց, որ ծրագրի հեռանկարը խիստ մշուշոտ է: Ուստի միանգամայն տրամաբանական էր, որ ՀՀ կառավարության 2019 թվականի 28 փետրվարի N 175-Ն որոշումով ուժը կորցրած ճանաչվեց նախկին որոշումը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Նաս Ջեներալ Թրեյդինգ» ՍՊԸ-ի միջև կնքվող հաշտության համաձայնագրով փորձ է արվում վերականգնել հատկացված պետական միջոցները[8]: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ, ի թիվս այլ, այս հիմնախնդրի լուծման լավագույն տարբերակը նույնպես կոոպերացիայի զարգացումն է:

Վերջին տարիներին ջերմոցային տնտեսությունների աննախադեպ զարգացման փորձը ցույց է տալիս, որ ՀՀ ագրարային ոլորտի լավագույն տեսլականը արդյունաբերական գյուղատնտեսությունն է: Ուրեմն, ողջունելով խելացի անասնաֆերմաների և ինտենսիվ այգեգործության գաղափարը, պետք է խթանել նաև ձկնաբուծական փակ համակարգերի, կուլտուրական արոտավայրերի, խելացի պլանտացիաների, սպառողական կոոպերացիայի միջոցով գյուղատնտեսական արտադրանքի մեծածախ շուկաների և արտահանման խթանման լոգիստիկ համակարգերի, ագրարային գիտության և կրթության, խորհրդատվության և տեղեկատվության, սերմնաբուծական, տնկարանային և տոհմաբուծական տնտեսությունների ցանցի ձևավորման, քաղաքային գյուղատնտեսության, գյուղի սոցիալական զարգացման, ոչ գյուղատնտեսական զբաղվածության, ապահովագրության և բնական ռիսկերի կանխարգելման, ագրովերամշակման և ագրո-արդյունաբերական ինտեգրացիայի զարգացման ծրագրերը: Թվարկածներից յուրաքանչյուրը առանձնահատուկ է և կարևոր: Հայաստանի առանձնահատկությունների պայմաններում դրանց իրականացման լավագույն գործիքը գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացումն է:

Մայիս 2019

[1] https://visasam.ru/emigration/canadausa/vvp-usa.html
[2] https://aggeek.net/ru-blog/agrarnyj-sektor-izrailya-kogda-pesok-produktivnee-chernozema
[3] Սամվել Ավետիսյան, Հայաստանի գյուղատնտեսությունը և ագրովերամշակումը. – Եր.: <<Լիմուշ>> հրատ., 2010թ. Էջ 27:
[4] ՀՀ կառավարության 2019-2023 թթ. ծրագիր, էջ 50:
[5] ՀՀ կառավարության 2019-2023 թթ. ծրագիր, էջ 50:
[6] https://www.cadastre.am/storage/files/pages/pg_4062968307_22.pdf
[7] Առավել մանրամասն տես՝ https://asue.am/amberd/publications/analysis-of-agricultural-land-use-in-the-ra