ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԱՆՎՏԱՆԳ ՉԷ

Սամվել Ավետիսյան
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի
«Տնտեսագիտական հետազոտություններ» ծրագրի ավագ հետազոտող
ծրագրի համակարգող

Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեն (ՀՀ ԱՎԿ) եռամսյակային կտրվածքով ներկայացնում է «Պարենային ապահովություն և աղքատություն» բավականին ծանրակշիռ հրապարակումը: Ցավոք, եռամսյակային պարբերականությանը համահունչ չէ այդ հրապարակման վիճակագրական տվյալների թարմությանը, քանի որ դրանք հրապարակվելիս արդեն մեկից-երկու տարվա վաղեմություն ունեն: Իսկ ժամկետանց տվյալներով պարենային անվտանգության վիճակի օպերատիվ վերլուծություն, առավել ևս, բարելավման միջոցառումներ առաջարկելը, սպասվող արդյունք չի ապահովում: Այդուհանդերձ, ունենք այն, ինչ որ ունենք և պարտադրված ենք առաջնորդվել առկա պաշտոնական տվյալներով: Ահավասիկ, 2020թ. փետրվարի 24-ի «Պարենային ապահովություն և աղքատություն, 2019թ. հունվար-դեկտեմբեր» հրապարակումը ներկայացնում է 2018 թ. պարենային հաշվեկշիռը: Նույն փաստաթղթում 2019թ. տվյալներով առկա են գյուղատնտեսական արտադրանքների արտադրության, պարենամթերքի ներմուծման և արտահանման, անգամ մարդասիրական օգնության խողովակով ստացված բուսաբուծական և կենդանական ծագման, ինչպես նաև պատրաստի սննդամթերքի ծավալները, սակայն սպառման ցուցանիշների բացակայության պատճառով, ինչպես նշեցինք՝ 2020 թ-ին հրապարակվում է միայն 2018թ-ի պարենային հաշվեկշիռը: Սա այն դեպքում, երբ պարենային անվտանգության համակարգի կառավարման ամենակարևոր օղակը ելակետային տեղեկատվության հավաստիությունն ու օպերատիվությունն է: Հատկանշական է, որ օրինակ՝ Ղրղզստանի Ազգային վիճակագրական կոմիտեն յուրաքանչյուր տարի, դարձյալ եռամսյակային պարբերականությամբ, այն էլ՝ ըստ մարզերի և բնակչության սեռահասակային ու սոցիալական խմբերի, հրապարակում է նախորդ տարվա պարենային ապահովության և աղքատության ցուցանիշները, իսկ ՀՀ ԱՎԿ-ի օգտատերերին հասնում է սոսկ ժամանակավրեպ տեղեկատվություն:

Բնակչության պարենային անվտանգության և աղքատության վիճակագրության հաջորդ խիստ անհանգստացնող թերությունը տվյալների հավաստիությունն է: Անգամ ոչ մասնագետի համար նկատելի է, որ հատկապես 2012-2016 թվականներին գյուղատնտեսական մշակաբույսերի տարածության և համախառն բերքի ցուցանիշների օրինաչափությունը խախտվել է: Ավելին, այդ ժամանակահատվածում, երբ իրականում ավելանում էին անմշակ վարելահողերը, վիճակագրությունը տարեկան միջին հաշվով 42,5 հազ. հա ցանքատարածության ավելացում էր ցույց տալիս: Մասնավորապես, ցորենի ցանքատարածությունն ավելացել է 25.64 հազ. հեկտարով կամ 33%-ով: Միանգամայն հնարավոր էր, որ այսպիսի «աճպարարության» շնորհիվ ՀՀ-ում ցորենի ինքնաբավությունը հասներ 49-53%-ի, իսկ ցորենի տեղական արտադրությունը՝ մինչև 362 հազ. տոննայի (աղյուսակ 1): Այս «հաջողության» միակ պատճառը կեղծ տվյալների հրապարակումն է, որի կանխարգելման ուղղությամբ 2017թ. որոշակի միջոցներ ձեռնարկեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Թերևս, շատ հեշտությամբ «տնտեսական աճ» ապահովող այդ կեղծիքների և ոլորտում համակարգային միջոցառումներ չիրականացնելու պատճառով չի «շտկվում գյուղատնտեսության մեջքը» և վերջին տարիներին միայն անկում է արձանագրվում:

Այս հիմնախնդրի մասին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում, ուստի միայն արձանագրենք, որ սկսած 2017թ-ից որոշակի դրական միտում է նկատվում: Ակնհայտ է, որ ոչ հավաստի տեղեկատվությունը խեղաթյուրվում է տնտեսության իրական պատկերը, որը բերում է ներճյուղային և միջոլորտային համամասնությունների, հատկապես՝ արտադրության գործոնների և արդյունքների, արտադրության և սպառման, արտահանման և ներմուծման, վերջապես առաջնային անհրաժեշտության ապրանքների, հատկապես՝ պարենի հաշվեկշռի  անտրամաբանական հարմարեցման:

Աղյուսակ 1.

Վերադառնանք ՀՀ պարենային անվտանգության առավել առանցքային խնդիրներին: Որպես կանոն, գոյություն ունի երկրի պարենային ապահովության բավարարման երեք հիմնական տարբերակ: Առաջինը և համեմատաբար հազվադեպ կիրառվողն այն տարբերակն է, երբ երկիրը բոլոր պարենային ապրանքներով ինքնաբավ է: Երկրորդ տարբերակի դեպքում երկրի պարենային ապահովումը հիմնականում կախված է արտաքին շուկայից: Երրորդ, ամենատարածված տարբերակը  հիմնվում է երկրի համեմատական առավելությունների վրա և ըստ տնտեսական նպատակահարմարության՝ արտահանում ու ներմուծում պարենային ապրանքներ: Այդուհանդերձ, ցանկացած տարբերակի դեպքում երկրի տնտեսական անվտանգության շահերը պահանջում են սահմանել առանցքային կարևորություն ունեցող պարենային ապրանքների ինքնաբավության շեմային մակարդակ և ստեղծել ռազմավարական ապրանքների փոխանցվող կամ անձեռնամխելի պաշարներ:

Հայաստանը, սկսած 2020թ. մարտի երկրորդ տասնօրյակից, կորոնավիրուսի համավարակի և արտակարգ դրության պայմաններում տակավին պարենի անբավարարություն չի զգացել: Ավելին, ՀՀ վարչապետը դիմելով արտահանմամբ և ներկրմամբ զբաղվող խոշոր ընկերությունների ղեկավարներին նշել է. «Նախ, ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների, շարունակում եք աշխատել որքան հնարավոր է բնականոն ձևով»: Սակայն դեռևս դժվար է կանխատեսել, թե որքան կշարունակվի համավարակը և ինչպիսի սոցիալ-տնտեսական ու քաղաքական հետևանքներ կունենա: Ուստի, կառավարությունը ոչ միայն պետք է ապավինի ձեռներեցների արդյունավետ գործունեությանը, այլև ճգնաժամային իրավիճակների համար պետք է ձևավորի պարենի ռազմավարական պահուստներ: Այս առումով, հուսադրող է, որ ՀՀ ԱԺ-ն 2020թ. մարտի 4-ին ընդունել է «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և ներկայում քննարկվում են ենթաօրենսդրական ակտեր, որոնց նպատակը նյութական պահուստի համակարգի զարգացման իրավական դաշտի ստեղծումն է:

Ի դեպ, անհրաժեշտ է ընտրել այդ պահուստների ձևավորման այնպիսի կառուցակարգեր, որոնք միաժամանակ կնպաստեն գյուղատնտեսական արտադրանքի իրացման համակարգի բարելավմանը, պարենային շուկայի կարգավորմանը, բյուջետային միջոցների խնայողաբար օգտագործմանն ու կոռուպցիոն երևույթների կանխարգելմանը:

Պարենային անվտանգության ցուցանիշների հավաստիության բարձրացման հաջորդ խնդիրն առնչվում է ՀՀ և Արցախի Հանրապետության հաշվեկշիռների փոխհամաձայնեցմանը: ՀՀ տնտեսական զարգացումը ուղղակիորեն ազդում է ԱՀ տնտեսական զարգացման վրա: Միաժամանակ, որոշակի գործոններով պայմանավորված, նկատելի է նաև ԱՀ-ի փոխազդեցությունը: Ելնելով այս իրականությունից՝ աներկբա է, որ Հայաստանի և Արցախի տնտեսությունները շուրջ երեք տասնամյակ զարգանում են աստիճանական սերտաճման ճանապարհով: Հայկական երկու հանրապետությունների միջև մաքսային սահմանի բացակայությունը, միևնույն ազգային արժույթը և դրամավարկային քաղաքականությունը, ըստ էության՝ ընդհանուր շուկան և նույնանման օրենսդրական դաշտը, ընդհանուր արժեհամակարգերն ու մշակութային քաղաքականությունը տնտեսական ինտեգրման հիմնավոր պայմաններ են ստեղծել: Այլևս անթաքույց է, որ ՀՀ ազգային և տնտեսական անվտանգության հայեցակարգն անհնար է պատկերացնել առանց Արցախի, և երկու երկրները փաստացի գտնվում են միևնույն տնտեսական տարածքում: Ահավասիկ, երկու երկրների պարենային հաշվեկշիռների վերլուծությունը ցույց է տալիս, որ ազգային վիճակագրական մարմինները դրսևորում են ստանդարտ մոտեցում, հաշվի չեն առնում ՀՀ-ի և ԱՀ –ի միջև պարենային հոսքերը, ինչը բացասաբար է անդրադառնում ցուցանիշների հավաստիության վրա: Այս տեսանկյունից, քննարկենք մի քանի նկատառում և փորձենք կատարել հետևություններ: Նախ, ՀՀ պարենային հաշվեկշռի ամբողջական առաջարկի կարևոր բաղադրամասերն են պարենի տեղական արտադրության և ներմուծման ցուցանիշները: Վերջիններիս և տարեսկզբի պահուստի հանրագումարով ձևավորվում է տվյալ պարենամթերքի ամբողջական առաջարկը, որը հիմք է սպառումը հավասարակշռելու և ինքնաբավության մակարդակը հաշվարկելու համար: ՀՀ ԱՎԿ-ն այդ ամբողջական առաջարկը բաշխում է երկրի ներսում՝ սննդի, սերմի, անասնակերի նպատակով սպառման, կորուստների հաշվարկման և տարեվերջի պահուստների ձևավորման համար: Այսինքն՝ հաշվի չի առնվում այն փաստը, որ այդ ծավալի մի մասը սպառվում է ԱՀ-ում: Երկրորդ, ՀՀ բնակչության սպառած պարենի մեջ իր որոշակի չափաբաժինն ունի արցախյան ծագումով արտադրանքը, որը ՀՀ ԱՎԿ-ն չի ներառում պարենային հաշվեկշռի ներմուծման բաժնում: ՀՀ և ԱՀ պարենային շուկայի և պարենային անվտանգության իրական ու ամբողջական պատկերը ներկայացնելու համար անհրաժեշտ է կա՛մ վերանայել պարենային հաշվեկշռի կազմման մեթոդաբանությունը, կա՛մ որպես այլընտրանք կազմել միասնական պարենային հաշվեկշիռ և իրականացնել պարենային շուկայի կարգավորման միասնական քաղաքականություն:

Այսպիսով, կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակը, որը շարունակվում է մոտ մեկ ամիս, բացահայտեց, որ ՀՀ պարենային անվտանգությունը կառավարելի է և հիմնական պարենային ապրանքների մասով առկա են բավարար պահուստներ: Միաժամանակ, մասամբ համավարակի և մասամբ եղանակային պայմանների պատճառով, խաթարվեց բեռնափոխադրումների ռիթմը ՌԴ-Վրաստան-Հայաստան շղթայում: Ուստի, արտակարգ իրավիճակի տևողությունից կախված, կարող են առաջանալ պարենի անխափան մատակարարման ռիսկեր: Այսպիսի իրողությունները հարկադրում են ուշադրություն դարձնել ՀՀ պարենային անվտանգության համակարգի «թույլ» կողմերին և իրականացնել հետևյալ միջոցառումները.

  1. բարձրացնել պարենային անվտանգության վիճակագրության հրապարակման օպերատիվությունը և ելակետային տվյալների հավաստիությունը,
  2. հիմնովին վերանայել ՀՀ նյութական պահուստների ձևավորման կառուցակարգերը և ստեղծել արդիական արդյունավետ համակարգ,
  3. կազմել ՀՀ և ԱՀ միասնական պարենային հաշվեկշիռ և իրականացնել պարենային շուկայի կարգավորման միասնական քաղաքականություն: