Գյուղատնտեսական հումքի մթերումների համակարգի վերլուծություն
Գյուղատնտեսական հումքի մթերումների համակարգի վերլուծություն
ՀՀ գյուղատնտեսության ամենաբարդ հիմնախնդիրներից մեկը արտադրանքի իրացման արդյունավետ կազմակերպումն է: Այս հիմնախնդիրն առկա է գրեթե բոլոր երկրներում, բայց, ի տարբերություն Հայաստանի, հատկապես զարգացած երկրներում ձևավորվել է ագրարային շուկայի կայացած համակարգ և կիրառվում են կարգավորման կառուցակարգեր: Հայաստանի ներքին շուկան փոքր է, իսկ արտաքին շուկայում հայաստանյան բուսաբուծական և անասնաբուծական ծագման մթերքները գերազանցապես իրացվում են ՌԴ-ում: Ինչպես հայտնի է, վերջին տարիներին հատկապես ռուսական ռուբլու փոխարժեքի իջնելը և շուկայի անկայունությունն իր բացասական ազդեցությունն ունեցավ ՀՀ-ից արտահանվող ալկահոլային խմիչքների ծավալի և դրանց իրացման գնի վրա: Վերջինս բնականաբար դժվարացնում է ՀՀ ագրովերամշակող կազմակերպությունների ֆինանսական վիճակը, որի պատճառով սահմանափակվում է գյուղատնտեսական հումքի մթերման հնարավորությունները: Այսպես, ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալներով 2016թ. մթերվել է 110 հազ. տոննա խաղող, որը շուրջ 50%-ով պակաս է 2015թ-ի ծավալից (216.8 հազ. տոննա): Այդ տարիներին 1կգ խաղողի մթերման միջին գինը համապատասխանաբար կազմել է՝ 129.7 և 145.1 դրամ:
Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ 2007-2016թթ. տվյալներով մթերումների ծավալը և մթերման գինը որևէ օրինաչափության չեն ենթարկվում: Մասնավորապես, մթերման գինը կարծես կապ չունի շուկայական առաջարկի և պահանջարկի հետ: Այնպես որ, թե´ վերամշակողները և թե´ խաղողագործները գտնվում են անորոշության դաշտում:
Ինչպես երևում է բերված տվյալներից՝ 2016թ.-ին խաղող վերամշակող կազմակերպությունների հնարավորությունը բավականին սահմանափակ է եղել, որի վկայությունը մթերման աննախադեպ փոքր ծավալներն ու ցածր գինն է: Այս հիմնախնդիրը կարգավորելու համար նախորդ տարիներին ՀՀ կառավարությունը բավարարվում էր մթերող կազմակերպությունների նկատմամբ սոսկ վարչական ճնշումներ գործադրելով, որը շուկայական տնտեսության պայմաններում իրեն չի արդարացնում: Ձևավորվել էր այնպիսի գործելաոճ, որ մթերող կազմակերպությունների կողմից մթերումների ծավալները ավելացնելու և գինը կայունացնելու խնդիրը կարգավորվում էր մինչև անգամ ՀՀ Նախագահի և վարչապետի միջամտությամբ: Ահավասիկ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության 2015թ. հաշվետվության մեջ արձանագրվել է. «2015 թվականին խաղողի մթերումների գործընթացն ունեցել է իր առանձնահատկությունները։ Մինչև մթերման գործընթացն սկսելը կատարվել է մթերվող խաղողի կանխատեսվող ծավալների մոնիթորինգ, ըստ որի՝ 2015 թվականի շուրջ 210 հազ. տոննա խաղողի մթերման առաջարկի դիմաց մթերման պահանջարկը կազմել է 160.0 հազ. տոննա (ընդգծումը Ս. Ա.-ի)։ Ստեղծված իրավիճակում, խաղողի մթերման կազմակերպման համար անհրաժեշտություն առաջացավ լուծելու շուրջ 50.0 հազ. տոննա խաղողի լրացուցիչ քանակության մթերման խնդիրը։ Իրականացված նախապատրաստական և հետագա ամենօրյա աշխատանքի, ինչպես նաև ՀՀ Նախագահի և ՀՀ Վարչապետի անմիջական աջակցության արդյունքում՝ 2015 թվականին մթերվել է 216.8 հազ. տոննա խաղող, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 32.7 հազ. տոննայով։ Խաղողի մթերումների հետ կապված՝ առանձնակի պետք է կարևորել վերամշակող ընկերությունների սեփականատերերի՝ անկախ իրենց մոտ առկա դժվարություններին, ընդառաջ գնալու հանգամանքը» [1]։ Պատահական չէ, որ երկու տարի անց դեռևս գյուղացիներն ընդվզում են, քանի որ վերամշակող կազմակերպություններն ամբողջությամբ չեն վճարել խաղողագործների պարտքը: Հանուն ճշմարտության պետք է նշել, որ հակառակ դեպքում, եթե այգում մնար մոտ 60 հազ. տոննա խաղողը, ապա սոցիալական լարվածությունն ավելի մեծ կլիներ:
Հաշվի առնելով այս դասը և կարևորելով մթերումների կարգավորման տնտեսական լծակների կիրառումը՝ ՀՀ կառավարությունը 2017թ. օգոստոսի 3-ի թիվ 33 արձանագրային որոշմամբ հավանություն տվեց «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրին»: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ վարկային շուկայում ձևավորված տոկոսադրույքը և այլ պայմանները չեն համապատասխանում գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության առանձնահատկություններին, որոշվեց գյուղատնտեսական հումքի մթերումների կազմակերպման համար նպատակային վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման միջոցով բարձրացնել վարկավորման մատչելիությունը: Նախատեսվում է ագրովերամշակման ոլորտի տնտեսավարողներին տրամադրվել մինչև 150.0 մլն դրամ առավելագույն չափով, 1 տարի մարման ժամկետով և տարեկան մինչև 12 % տոկոսադրույքով վարկեր, որոնց մինչև 9 տոկոսային կետը կսուբսիդավորվի: Այսինքն, տնտեսավարողներին վարկերը տրամադրվեն 3 % տոկոսադրույքով, իսկ գյուղացիական տնտեսությունները բերքը հանձնելուն զուգընթաց սպասարկող բանկից կստանան վաճառված ապրանքի արժեքը: 2017թ. սեպտեմբերի 29-ի դրությամբ նշված ծրագրից օգտվելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարություն է ներկայացվել 19 նախնական հայտ՝ 1864.0 մլն դրամի չափով: Նշենք, որ հիմնական մթերող կազմակերպությունների թիվը չորս տասնյակից ավելի է:
Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության օպերատիվ տվյալների՝ 2017թ. մթերումը հիմնականում կազմակերպված է ընթանում, խաղողի որակը բարձր է և նվազագույն գինը 120 դրամ է: Իհարկե, սուբսիդավորվող վարկերի դերակատարությունը անժխտելի է, սակայն մի շարք մթերող կազմակերպությունների կարծիքով այն առավել արդյունավետ կլիներ, եթե տրամադրվեր առնվազն 2-3 տարի ժամկետով: Այս կարծիքը հիմնավորված է, քանի որ մթերված խաղողից ստացված արտադրանքը գերազանցապես իրացվում է այդ ժամկետում: Կարծում ենք, որ պիլոտային ծրագրի արդյունքների վերջնական վերլուծությունը հնարավորություն կընձեռի ավելի կատարելագործել կիրառվող կառուցակարգերը և երկարացնել վարկի վերադարձման ժամկետը: