ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության զարգացումները 2018թ հունիսին
ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության զարգացումները 2018թ հունիսին
2018թ. հունիս ամսին ևս ՀՀ ֆինանսական շուկան սպասում էր ՀՀ ԿԲ նիստին, որի ընթացքում պետք է քննարկվեին ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության հիմանական տոկոսադրույքների փոփոխման հարցը: Չնայած շուկայում ձևավորված սպասումներին ՀՀ ԿԲ-ն այս ամիս ևս անփոփոխ թողեց վերոնշյալ տոկոսադրույքները: Մասնավորապես 2018թ. Հունիսի 26-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստում նշվում է` «ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել ընդլայնող դրամավարկային պայմանները՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, համաշխարհային տոկոսադրույքների աճի ներքո: Միևնույն ժամանակ Խորհուրդը գնահատում է, որ, չնայած առկա ցածր գնաճային միջավայրին, միջնաժամկետ հատվածում դեռևս պահպանվում է խթանող դրամավարկային պայմանների աստիճանական չեզոքացման անհրաժեշտությունը՝ գնաճի նպատակի իրագործման համար»:
ՀՀ ԿԲ-ն ընդլայնող դրամավարկային պայմանների պահպանումը նախևառաջ բացատրել է 2018թ. երկրորդ եռամսյակում տնտեսական ակտիվության սպասվածից բարձր գնահատմամբ՝ պայմանավորված շինարարության և ծառայությունների ոլորտներում դիտված արտադրողականության բարձր աճով, ինչպես նաև տնտեսության վրա իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության սպասվածից զսպող ազդեցությամբ:
2017թ. փետրվար ամսից ի վեր սահմանված են դրամավարկային քաղաքականության հետևյալ տոկոսադրույքները՝ դրամական միջոցների ներգրավման տոկոսադրույք - 4,5%, լոմբարդային ռեպո տոկոսադրույք - 7,5%, վերաֆինանսավորման տոկոսադրույք - 6%:
Չնայած տոկոսադրույքների անփոփոխ մնալուն, ՀՀ ԿԲ-ն հունիս ամսվա ընթացքում բավականին ակտիվ է եղել դրամավարկային քաղաքականության շուկայական գործառնություններն իրականացնելիս, որի արդյունքում տնտեսությունում փողի բազան մայիս ամսվա համեմատ աճել է 7.15 տոկոսով և կազմել 975,849 մլն ՀՀ դրամ: Ընդ որում փողի բազայի կառուցվածքում զգալի աճել է արտարժույթով թղթակցային հաշիվների հոդվածը. աճը նախորդ ամսվա համեմատ կազմել է 36.14 տոկոս: Չնայած դրան արտարժույթով թղթակցային հաշիվների տեսակարար կշիռը նվազել է մայիս ամսվա համեմատ, փոխարենը աճել է դրամով թղթակցային հաշիվների և ԿԲ-ից դուրս կանխիկ դրամի տեսակարար կշիռները փողի բազայի կառուցվածքում: Աճը կազմել է համապատասխանաբար 4.53 և 1.48 տոկոս:
Փողի բազայի կառուցվածքը 2018թ. մայիս-հունիս ամիսներին
Չնայած այն հանգամանքին, որ փողի բազան հունիս ամսվա ընթացքում աճել է, ՀՀ ԿԲ-ն դրամավարկային քաղաքականության գործիքների միջոցով նպաստել է իրացվելիության կրճատմանը (ինչպես արդեն նշել ենք փողի բազայի աճը պայմանավորված է եղել գերազանցապես առևտրային բանկերի արտարժույթով թղթակցային հաշիվների աճով, այն է ՀՀ ԿԲ պահուստավորման քաղաքականությամբ (փուլերով)):
Իրացվելիության ներարկման նպատակով հունիս ամսվա ընթացքում ՀՀ ԿԲ-ն կիրառել է ռեպո, լոմբարդային ռեպո գործիքները, և վերջիններիս միջոցով շուկա է ներարկել 141,000,000,000 ՀՀ դրամ (համապատասխանաբար 100,000,000,000 և 41,000,000,000 ՀՀ դրամ ծավալներով): Համեմատելով նախորդ ամսվա հետ ՀՀ ԿԲ-ն 1.88 տոկոսով պակաս գումար է ներարկել ֆինանսական շուկա, ընդ որում, ռեպո գործիքի կիրառմամբ ներարկված դրամական միջոցների ծավալը աճել է 47 տոկոսով, իսկ լոմբարդային ռեո գործիքի կիրառմամբ նվազել 46 տոկոսով:
ՀՀ ԿԲ-ի կողմից իրացվելիության ներարկման նպատակով կիրառված գործիքների ծավալը 2018թ. մայիս-հունիս ամիսներին
Իրացվելիության կրճատման նպատակով ՀՀ ԿԲ-ն հունիս ամսվա ընթացքում կիրառել է արտարժույթի ներգրավման սվոփ, դրամական միջոցների ներգրավման սակարկություն և դրամական միջոցների ներգրավում (ավանդ) դրամավարկային քաղաքականության գործիքները, որոնց միջոցով շուկայից ներքաշել է 191,375,000,000 ՀՀ դրամ ծավալով դրամական միջոցներ (համապատասխանաբար 25,000,000, 35,400,000,000, 155,950,000,000 ՀՀ դրամ ծավալներով): Համեմատելով նախորդ ամսվա հետ ՀՀ ԿԲ-ն 0.44 տոկոսով պակաս գումար է ներքաշել ֆինանսական շուկայից, ընդ որում, արտարժույթի ներգրավման սվոփ և դրամական միջոցների ներգրավում գործիքների կիրառմամբ ներքաշված դրամական միջոցների ծավալը նվազել է համապատասխանաբար 32 և 4 տոկոսով, իսկ դրամական միջոցների սակարկության գործիքի կիրառմամբ աճել 22 տոկոսով:
ՀՀ ԿԲ-ի կողմից իրացվելիության կրճատման նպատակով կիրառված գործիքների ծավալը 2018թ. մայիս-հունիս ամիսներին
Ամփոփելով նշենք, որ հունիս ամսվա ընթացքում չնայած դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքների անփոփոխ մնալուն՝ ՀՀ ԿԲ-ն վարել է զսպող դրամավարկային քաղաքականություն՝ առավել հաճախ ու մեծ ծավալներով կիրառելով իրացվելիության կրճատմանն ուղղված դրամավարկային քաղաքականության գործիքներ: Այդուհանդերձ, փողի բազան նախորդ ամսվա համեմատ աճել է պայմանավորված առևտրային բանկերի արտարժութային թղթակցային հաշիվների աճով: