ՀՀ տնտեսական ակտիվության անկումներն ու վերելքները կանխատեսելի են
ՀՀ տնտեսական ակտիվության անկումներն ու վերելքները կանխատեսելի են
«Այս ամիս տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է (և կամ աճել է) … տոկոսով»: Նման վերտառությամբ գրառումների և հրապարակումների հանդիպում ենք յուրաքանչյուր ամիս, երբ ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվում է այդ ամսվա համար հաշվարկված տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ): Թեպետ զանգվածային լրատվության միջոցների շրջանում այս հարցի լուսաբանման ուղղությամբ այդչափ բարձր կենտրոնացածությունն ընկալելի է, սակայն, այնուամենայնիվ մասնագիտական տեսանկյունից իսկապես կարևոր է՝ արդյո՞ք արդարացված է ՏԱՑ-ի ամսական ցուցանիշների լուսաբանումը և դրանց հիման վրա հեռուն գնացող «արձանագրումների» և «կանխատեսումների» իրականացումը: Արդյո՞ք այս տեղեկատվությունն արտացոլում է տնտեսության իրական վիճակն ու զարգացման ընթացքը: Կարծում ենք, որ ոչ և փորձենք պարզաբանել, թե ինչու: Թեպետ այս խնդրին նախկինում էլ անդրադարձել ենք «Ինչպե՞ս չափել տնտեսության «զարկերակը» վերլուծականում, որտեղ ներկայացրել ենք ՀՆԱ ցուցանիշի սահմանափակումները տնտեսական զարգացումները նկարագրելու հարցում՝ կախված հաշվարկման տարբեր մեթոդներից: Իհարկե, ՏԱՑ-ը որոշակիորեն տարբերվում է ՀՆԱ-ից[1]: Սակայն այդ մեթոդական տարբերությունները պատկերը չեն փոխում, և այն սահամանափակումները, որոնք տնտեսական զարգացումները նկարագրելիս կարելի է վերագրել ՀՆԱ աճի ցուցանիշին, վերաբերում են նաև ՏԱՑ-ին։ Հետևաբար, տնտեսական ակտիվության ցուցանիշի մեկնաբանման մեջ է՛լ ավելի զգուշավոր պետք է լինել, հատկապես հաշվի առնելով, որ ՏԱՑ-ը ևս հաշվարկվում է մի քանի եղանակով՝
- նախորդ ամսվա նկատմամբ, %
- նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ, %
- նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ, աճողական, %
- ըստ շղթայակապ ինդեքսների:
Կախված հաշվարկման եղանակից՝ միևնույն ամսվա համար հաշվարկված ՏԱՑ-ը կարող է հաղորդել միանգամայն տարբեր ազդակներ: Ավելին, այդ ազդակները ենթարկվում են որոշակի օրինաչափության, ինչն էլ այս ցուցանիշը կանխատեսելի է դարձնում:
ՏԱՑ-ի արժեքները վերլուծելիս անհրաժեշտ է հաշվի առնել առնվազն 2 գործոն. առաջին՝ որպես բազիս ընդունված ցուցանիշը (ինչի հետևանքով հաճախ հանգում ենք բազային էֆեկտի) և երկրորդ՝ ՏԱՑ-ի դինամիկան ըստ տարիների, որտեղ արդեն ակնհայտ է դառնում ցուցանիշի սեզոնային բնույթը: Դիտարկենք առաջին գործոնը: Օրինակ 2019թ. հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է՝ կազմելով 53.3%: Չնայած արձանագրված անկմանը, սխալ չենք լինի, եթե պնդենք, որ 2019թ. հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է և կազմել 106.0%: Պարզապես առաջին դեպքում ՏԱՑ-ը հաշվարկված է նախորդ ամսվա նկատմամբ, իսկ երկրորդ դեպքում՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ: Ի դեպ, այս երկու պնդումներն էլ ճշմարտացի են ինչ-որ ժամանակահատվածի համար և կարող են օբյեկտիվորեն կամ սուբյեկտիվորեն օգտագործվել՝ կախված նրանից, թե լսարանի մոտ ինչպիսի սպասումներ ենք ցանկանում ձևավորել հաղորդվող տեղեկատվությամբ:
Ինչպես երևում է 2010-2018թթ. ՏԱՑ-ի դինամիկան բնորոշող ցուցանիշներից, դրանց
նվազումներն ու աճերը բոլորովին անսպասելի չեն: Բոլոր տարիների հունվար, ապրիլ և հոտկեմբեր ամիսներին այս եղանակով հաշվարկված ՏԱՑ-ի արժեքը կտրուկ նվազում է:
ՏԱՑ-ի փոփոխման միտումներին ընդհանրական բնորոշում տալու համար մենք հաշվարկել ենք նաև դրա սեզոնայնության ինդեքսները:
Ինչպես երևում է ՏԱՑ-ի՝ ըստ տարիների սեզոնայնության ինդեքսները և տարեկան միջին ինդեքսն արտացոլող գծապատկերից, նախորդ ամսվա նկատմամբ հաշվարկված ՏԱՑ-ն ամենացածր արժեքը միշտ ունենում է հունվարին, ապա փետրվարին և մարտին աստիճանաբար աճում, իսկ ապրիլին կտրուկ նվազում է: Հաջորդ կտրուկ նվազումը տեղի է ունենում հոկտեմբեր ամսին: Ուստի անհրաժեշտ է ոչ թե կենտրոնանալ այն ամիսների ցուցանիշների վրա, որոնք փոփոխման որոշակի միտում ունեն, այլ մեկնաբանել և վերլուծել այն ցուցանիշները, որոնք կարող են և բարձր արժեք ունենալ, սակայն որոշ տարիներին նվազում են: Այդ ամիսներն են հունիսը, հուլիսը և նոյեմբերը: Իսկ օգոստոս ամսին ՏԱՑ-ը միշտ ունեցել է ամենաբարձր արժեքը, սակայն այս տարի այդ միտումը չի պահպանել, ուստի հարկավոր է նաև վերլուծել դրա պատճառները:
Հայաստանում այսպիսին է ՏԱՑ-ի շարժընթացի վարքագիծը, որը տեղի ունի յուրաքանչյուր տարի: Ուստի ավելի արդյունավետ կլինի ոչ թե ամսական ՏԱՑ-ի լուսաբանումը, այլ ՏԱՑ-ի՝ այս սցենարից դեպի բացասական կամ դրական կողմ շեղվելու պատճառների բացահայտումը:
Այս տարի ՎԿ-ն հրապարակել է նաև սեզոնայնորեն ճշգրտված տնտեսական ակտիվության ցուցանիշը: Սակայն այն դեռ հասանելի է միայն վերջին երկու տարիների համար: Ուստի առկա բոլոր տարիներին ՀՀ տնտեսական ակտիվության իրական փոփոխությունը տեսնելու համար դիտարկենք շղթայակապ ինդեքսները՝ հաշվարկված մեկ տարվա՝ 2009թ. ցուցանիշի հիմքով:
Ըստ աղյուսակ 2-ի տվյալների՝ գրեթե միշտ ՀՀ տնտեսական ակտիվության իրական աճ է եղել: Դիտարկվող բոլոր ամիսներին ՏԱՑ-ը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է, բացառությամբ 2013թ. մայիսի, 2015թ. նոյեմբերի, 2016թ. հուլիսից հոկտեմբեր ամիսների և 2018թ.-ի սեպտեմբերի: Ընդ որում, սեպտեմբեր ամսվա ՏԱՑ-ի փոփոխությունը նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ ևս կարելի է բացատրել որոշակի վարքագծով (գծապատկեր 2):
Սեպտեմբեր ամսին ՏԱՑ-ն ունի փոփոխման օրինաչափ միտում: Յուրաքանչյուր 3-րդ տարում աճելով (2011, 2014 և 2017թթ.)՝ հաջորդող 2 տարիներից յուրաքանչյուրում նվազում է 4-5 տոկոսային կետով: Իհարկե մենք չենք բացառում, որ այս օրինաչափությունը կարող է պատահական գործոնների արդյունք լինել: Ուստի անհրաժեշտ է վերլուծել տնտեսական գործունեության տեսակների թողարկման ծավալների փոփոխություններն ու դրանց վրա ազդող գործոններն ըստ տարիների և ամիսների: Այնուամենայնիվ, եթե միտումը պահպանվի, 2019թ.-ի սեպտեմբեր ամսվա ցուցանիշը ևս ցածր կլինի 2018թ. սեպտեմբերի ցուցանիշից:
Անդրադառնանք առաջին գործոնից բխող հետևանքին՝ բազային էֆեկտին, ինչը ևս անհրաժեշտ է հաշվի առնել ՏԱՑ-ի վերլուծության ժամանակ: Այն է՝ որքան համեմատման բազան իր արժեքային արտահայտությամբ ավելի մեծ լինի, այնքան հաշվարկվող ցուցանիշը փոքր կստացվի: Կոպիտ ասված՝ որքան փոքր թվի հարաբերենք տվյալ ամսվա ցուցանիշը, այնքան ստացվող ցուցանիշի արժեքն ավելի մեծ կլինի: Բազային էֆեկտի տիպիկ օրինակ է ՏԱՑ-ի շարժընթացն ապրիլ ամսին (գծապատկեր 3), երբ դրսևորվում է հստակ միտում՝ ըստ տարիների հաջորդաբար աճ և նվազում: Իսկ հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2 տարի անընդմեջ աճում է, 3-րդ տարում նվազում, ապա կրկին 2 տարի գրանցում աճ: Հետևաբար, միտումների պահպանման դեպքում 2019թ. ապրիլին և հունիսին ՏԱՑ-ը 2018թ. նույն ամիսների համեմատ պետք է որ նվազի:
Այսպիսով, նախորդ ամսվա կամ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ հաշվարկված ՏԱՑ-ի արժեքները մեկնաբանելիս անհրաժեշտ է միշտ հաշվի առնել երկու գործոն՝ սեզոնայնությունը և բազային էֆեկտը: Կան նաև որոշ հետաքրքիր օրինաչափություններ, որոնք դրսևորվում են առանձին ամիսների դեպքում, և որոնց շարունակականությունը պարզելու համար հարկավոր է բացահայտել այդ օրինաչափությունների առանձնահատկությունները։ Տնտեսության տարբեր ոլորտներում արտադրանքի թողարկման ծավալները ևս փոփոխման որոշակի վարքագիծ ունեն, որոնք ևս կարող են հանգեցնել այդ օրինաչափություններին: Մյուս ամիսների դեպքում ևս, երբ հստակ միտում չի դրսևորվում, անհրաժեշտ է վերլուծել նվազումների պատճառները, քանի որ, ինչպես տեսանք, ՏԱՑ-ի արժեքները տնտեսության զարգացման իրական պատկերը չեն կարող միանշանակ ձևով արտացոլել:
Այս վերլուծականում մեր նպատակը ՏԱՑ-ի արժեքների փոփոխման միտումների ներկայացումն էր: Իսկ դրսևորված օրինաչափությունների պատճառներին կանդրադառնանք հաջորդ վերլուծականներում:
1. Ի տարբերություն ՀՆԱ ցուցանիշի իրական ծավալի ինդեքսի (որը հրապարակվում է եռամսյակային և տարեկան պարբերականությամբ), ամսական հրապակվող ՏԱՑ-ը բնութագրում է տնտեսությունում ապրանքների և ծառայությունների ոչ թե ավելացված արժեքի փոփոխությունը, այլ թողարկման ծավալների փոփոխությունը: Մյուս կողմից, ՏԱՑ-ը չի ընդգրկում արտադրանքի զուտ հարկերը և ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունները (ՖՄԱՉԾ), որոնք ներառվում են եռամսյակային և տարեկան ՀՆԱ-ի արտադրական եղանակով հաշվարկներում: