Համալսարանական ուղեղային կենտրոնների ֆինանսավորման հարցեր. միջազգային փորձ, իրողություններ և հնարավորություններ
Համալսարանական ուղեղային կենտրոնների ֆինանսավորման հարցեր. միջազգային փորձ, իրողություններ և հնարավորություններ
Հունվարի 31-ին հրապարակվեց Փենսիլվանիայի համալսարանի ուղեղային կենտրոնների համաշխարհային վարկանիշավորման հերթական տարեկան զեկույցը (այսուհետ՝ Զեկույց): Հայտնի է, որ նախորդ տարվա համեմատ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը (այսուհետ՝ «Ամբերդ») աննախադեպ առաջընթաց է գրանցել՝ տեղ զբաղեցնելով աշխարհի Top 100 համալսարանական ուղեղային կենտրոնների շարքում: Հաշվի առնելով վերլուծական ակնարկների ծավալային սահմանափակումները՝ չենք փորձի անդրադառնալ Զեկույցին առնչվող բոլոր հարցերին: Այս հրապարակման նպատակն է քննարկել «Ամբերդի» և Հայաստանի համալսարանական համայնքի այլ համանման կառույցների համար հետաքրքրություն ներկայացնող այնպիսի խնդիրներ, որոնք կարող են ճանաչողական առումով օգտակար լինել գաղափարների արտադրության շուկայում հետագա դիրքավորման և գործնական հարթությունում զարգացման մարտավարության կառուցման հարցերում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է աշխարհի առաջատար համալսարանական ուղեղային կենտրոնների ֆինանսավորման արտերկրի փորձին և ոլորտում ձևավորված մշակույթին:
Վերոնշյալ նպատակով մեր կողմից ուսումնասիրվել են աշխարհի համալսարանական Top 20 ուղեղային կենտրոնների պաշտոնական կայքերում և այլ բաց աղբյուրներում առկա տեղեկատվությունն ու տարեկան հաշվետվությունները: Հատկանշական է, որ ուսումնասիրության արդյունքում հաջողվեց ֆինանսավորմանն առնչվող տեղեկատվություն գտնել միայն թվով 4 կառույցի վերաբերյալ: Դրանք են՝
· IDEAS/Public Policy Group, London School of Economics and Political Science (Միացյալ Թագավորություն),
· Baker Institute for Public Policy, Rice University (ԱՄՆ),
· Institute of Development Studies, University of Sussex (Միացյալ Թագավորություն),
· Hoover Institution, Stanford University (ԱՄՆ):
2018 թ. հուլիսին հրապարակված վերլուծական ակնարկում մենք արդեն իսկ անդրադարձել ենք ուղեղային կենտրոնների ֆինանսական թափանցիկության խնդրին և դրա կարևորությանը: Ուստի, չծանրանալով վերոնշյալ հարցի քննարկման վրա, համառոտ նշենք, որ ֆինանսական հոսքերի թափանցիկության խնդիրն անչափ կարևոր է՝ նման կառույցների օբյեկտիվությունն ու անաչառությունը գնահատելու համար: Գաղտնիք չէ, որ ֆինանսական թափանցիկության հարցերը անչափ կարևորվում են որոշում կայացնողների, փորձագիտական շրջանակների ու լայն հանրության կողմից և էական ազդեցություն են գործում ուղեղային կենտրոնների հեղինակության և վարկանիշի վրա:
Անդրադառնալով խնդրո առարկա հարցին՝ նախ ներկայացնենք վերոնշյալ թվով 4 կառույցների 2018 թ. տարեկան բյուջեների մեծությունը (տե՛ս Աղյուսակ 1):
Ընդհանուր առմամբ վերոնշյալ ուղեղային կենտրոնների ֆինանսական ռեսուրսները ձևավորվում են 6 հիմնական աղբյուրներից՝
· հետազոտական պատվերներ,
· նվիրատվություններ,
· նպատակային հիմնադրամներ (endowments),
· դրամաշնորհներ,
· մտավոր արտադրանքի վաճառք և խորհրդատվություն,
· կրթական ծառայություններ:
Բնականաբար, յուրաքանչյուր առանձին հաստատության դեպքում վերոնշյալ աղբյուներից ստացված ֆինանսական հոսքերի մասնաբաժինը տարբեր է: Այսպես, IDEAS/Public Policy Group-ի հետազոտությունների համար ստացված միջոցները կազմում են բյուջեի մուտքերի 28,6 %-ը: Բրիտանական մյուս կառույցի՝ Institute of Development Studies-ում այդ մասնաբաժինը կազմում է 87 %:
Ի տարբերություն Հին աշխարհը ներկայացնող վերոնշյալ հաստատությունների՝ քննարկվող ամերիկյան երկու համալսարանական ուղեղային կենտրոնները 2018 թվականին հետազոտական պատվերներ չեն ունեցել: Այնուամենայնիվ, Baker Institute for Public Policy-ն ստացել է 3 մլն դոլարի հետազոտական դրամաշնորհ, որը կազմում է հաստատության բյուջեի եկամտային մասի 19,4 %-ը: Մյուս կողմից՝ հետազոտական ծրագրերի վրա կատարված ծախսերը կազմել են բյուջեի ծախսային հատվածի (≈ 12 մլն դոլար) 77,2 %-ը կամ 9,24 մլն դոլար: Փաստացիորեն, վերոնշյալ հաստատությունը ավելի քան երեք անգամ շատ գումար է ծախսել հետազոտությունների վրա, քան ստացել է որպես հետազոտական դրամաշնորհ:
Առավել հետաքրքրական պատկեր է ստացվում Hoover Institution-ի տարեկան հաշվետվությունն ուսումնասիրելիս: Այսպես, հաստատությունը իր շուրջ 70,5 մլն դոլար բյուջեով հետազոտություն իրականացնելու նպատակով պատվեր կամ դրամաշնորհ չի ստացել, սակայն այդ ուղղությամբ ծախսել է մոտ 35,7 մլն դոլար, ինչը կազմում է ընդհանուր ծախսերի շուրջ 51 %-ը: Հատկանշական է նաև այն, որ Hoover Institution-ը հաստատության զարգացման և առաջմղման (միջոցառումներ, PR, GR և այլն) նպատակով ծախսել է ավելի քան 7,7 մլն դոլար կամ իր ծախսերի ընդհանուր մեծության շուրջ 11 %-ը:
Խնդրի քննարկման համատեքստում հարկ է անդրադառնալ ուղեղային կենտրոններին հատկացվող նվիրատվություններին: Պետք է նշել, որ այդ երևույթը լայնորեն տարածված է Արևմուտքում և հատկապես բնորոշ է ամերիկյան հասարակությանն ու քաղաքական մշակույթին: Նվիրատվությունները, որոնք տրամադրվում են ԱՄՆ ուղեղային կենտրոններին անհատներից, տարբեր կառույցներից և գործարար շրջանակներից կազմում են ուղեղային կենտրոնների եկամուտների բավականին նշանակալի մասը: Աղյուսակ 2-ում ներկայացված են մեր կողմից քննարկվող ամերիկյան համալսարանական ուղեղային կենտրոնների ստացած նվիրատվությունների վերաբերյալ տվյալները: Հատկանշական է, որ դրանց տոկոսային մասնաբաժինը երկու հաստատությունների բյուջեների եկամտային մասում նույնական է:
Ինչ վերաբերում է նպատակային հիմնադրամներից ստացած եկամուտներին, ապա Baker Institute for Public Policy-ում դրանք կազմել են շուրջ 4,7 մլն դոլար կամ բյուջեի եկամտային մասի շուրջ 30 %-ը, իսկ Hoover Institution-ի պարագայում՝ շուրջ 28,5 մլն դոլար կամ բյուջեի եկամտային մասի շուրջ 40 %-ը:
Փաստ է, որ ի տարբերություն Արևմուտքի համանման կառույցների՝ մեզանում համալսարանական (և ոչ միայն) ուղեղային կենտրոնները տիրապետում են հարյուրապատիկ անգամ համեստ ֆինանսական հնարավորությունների: Դրա պատճառները բազմաթիվ են, որոնց թվում նաև Հայաստանի ներքին շուկայում հետազոտական պատվերների (թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածից ստացվող) և ներպետական դրանաշնորհների անբավարարությունը, ոլորտում նպատակային հիմնադրամների բացակայությունը, ինչպես նաև նվիրատվությունների մշակույթի թույլ զարգացվածությունը: Ակնհայտ է, որ ֆինանսական ռեսուրսների սահմանափակությունը մեծապես անդրադառնում է համալսարանական ուղեղային կենտրոնների թեմատիկ բազմազանության, աշխատակազմի մեծության, գործունեության կայունության, ինտելեկտուալ արտադրանքի հրապարակման և միջոցառումների անցկացման պարբերականության վրա, ինչպես նաև արգելակում է ինստիտուցիոնալ կայացումը, տեխնոլոգիական հագեցվածությունը*, ենթակառուցվածքների զարգացումը և հանրային քաղաքականության տիրույթում նման կառույցների առաջմղումը (PR, GR): Բացի այդ, դրանցից շատերը հաճախ ֆինանսավորման դադարեցման կամ այլ խնդիրներով պայմանավորված՝ գործունեության չափազանց կարճ ժամանակահատված են ունենում և այդ պատճառով մեզանում գրեթե չեն ձևավորվում պատմություն ունեցող և ոլորտում մշակույթ ձևավորող, թելադրող համալսարանական փորձագիտական-վերլուծական կառույցներ, որոնք ունեն բավարար ճանաչվածություն և հանրային հեղինակություն, այդ թվում՝ ինստիտուցիոնալ ավանդույթներ, ինչը առկա է Արևմուտքի քաղաքական մշակույթում: Այս առումով պատկերավոր օրինակ է մեր կողմից քննարկվող Սթենֆորդի համալսարանի Hoover Institution-ը, որն այս տարի նշում է իր հիմնադրման հոբելյանական 100-ամյակը:
Բնականաբար, նման իրավիճակը և հայրենական համալսարանական ուղեղային կենտրոնների սահմանափակ ներուժն ու ռեսուրսները մեծապես ազդեցություն են ունենում նաև համաշխարհային վարկանիշավորման զեկույցներում վերջիններիս ներկայացվածության և, խոշոր հաշվով, զարգացման վրա: Այս համատեքստում ու նման համեմատության մեջ այս տարվա համաշխարհային վարկանիշավորման Զեկույցում «Ամբերդի» զբաղեցրած նշանակալի դիրքը թեև աննախադեպ է և էականորեն առանձնանում է Հայաստանի համալսարանական այլ ուղեղային կենտրոնների արձանագրած արդյունքներից ու ընդհանուր օրինաչափությունից, սակայն ակնհայտ է, որ հաջորդող ժամանակահատվածում՝ այդ հաջողությունը պահպանելու, ամրապնդելու և հետագա առաջընթացը ապահովելու համար լրացուցիչ քայլեր ու գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն կա: Միևնույն ժամանակ, Հայաստանի համալսարանական ուղեղային կենտրոնների զարգացումը ապահովելու համար անհրաժեշտ են համապատասխան քայլեր պետության և որոշում կայացնողների կողմից, որոնք կարող են իրականացվել ուղեղային կենտրոններին հետազոտական պատվերների տրամադրման, դրամաշնորհային հնարավորությունների ընդլայնման և նման հաստատությունների ֆինանսական հնարավորությունների մեծացման նպատակով համապատասխան կառուցակարգերի** ներդրման միջոցով:
*Արտերկրում բազմաթիվ ուղեղային կենտրոններ իրենց հետազոտությունները, վերլուծությունները և ապագայի կամ գործընթացների զարգացման սցենարային մշակումներն իրականացնելիս արդեն իսկ օգտվում են մեծ տվյալների (big data) և արհեստական բանականության (artificial intelligence) տեխնոլոգիաներից:
** Օրինակ՝ համապատասխան նպատակային հիմնադրամների ստեղծման խթանման միջոցով: