ՀՀ ինովացիոն ներդրանքի առավել թույլ կողմերն ըստ Գլոբալ ինովացիոն ինդեքսի
ՀՀ ինովացիոն ներդրանքի առավել թույլ կողմերն ըստ Գլոբալ ինովացիոն ինդեքսի
Ըստ Գլոբալ ինովացիոն ինդեքսի (ԳԻԻ) ՀՀ ինովացիոն ներդրանքի (innovation input) առավել թույլ կողմերից է Մարդկային կապիտալ և հետազոտություններ ցուցանիշների խումբը` մասնավորապես Կրթության վրա կատարվող ծախսերի, ինչպես նաև Գիտության և տեխնիկայի շրջանավարտների տեսակարար կշռի ցուցանիշների գծով:
Կրթության վրա կատարվող ծախսերի ցուցանիշի գծով՝ ՀՆԱ-ի 2.8%, դիտարկվող 126 երկրների շարքում Հայաստանը 107-րդն է (ըստ ԳԻԻ 2018-ի՝ հիմնված 2016թ.-ին երկրների կրթությանն ուղղված ծախսերի վրա): Մինչդեռ միջինից ցածր եկամուտներ (ՄՑԵ) ունեցող երկրների խմբում, որոնց մեջ մտնում է նաև Հայաստանը (մինչև 2018 թ. հուլիս 1-ը, երբ Համաշխարհային բանկը թարմացրեց ըստ եկամուտների երկրների դասակագումը՝ Հայաստանը ներառելով միջինից բարձր եկամուտներ ունեցող երկրների խմբում) կրթության վրա կատարվող ծախսերը 2011-2016թթ. միջինում կազմել են ՀՆԱ-ի 4.26-4.45%:
Միջինից ցածր եկամուտներ ունեցող երկրների և ՀՀ-ի կրթության վրա կատարած ծախսերը (ՀՆԱ-ի նկատմամբ %) 2011-2019թթ.1
2011-2016թթ. Կրթության վրա կատարված ծախսերով Հայաստանի ցուցանիշը միշտ ցածր է եղել անգամ եկամուտների միևնույն խմբի երկրների ցուցանիշի միջինից (2016թ. հետո ՄՑԵ խմբի որևէ երկրի, բացառությամբ Ինդոնեզիայի, կրթության վրա կատարած ծախսերը դեռևս առկա չեն UNESCO-ի տվյալների բազայում): Ընդ որում, կրթության վրա կատարվող ծախսերը շարունակում են ցածր մնալ և չեն աճում ՀՆԱ աճին զուգահեռ: 2019թ. բյուջեի նախագծով նախատեսվում է կրթությանը տրամադրել 141.6 մլրդ դրամ (11%-ով ավելի քան 2018թ.) որը թեև գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, թե բացարձակ թվով, թե ՀՆԱ-ի նկատմամբ տոկոսով, սակայն դեռևս շարունակում է ցածր մնալ:
Բարձրագույն կրթության շրջանավարտների կազմում Գիտության և տեխնիկայի շրջանավարտների տեսակարար կշռի ցուցանիշով՝ 11.3% (տվյալը 2016թ.) Հայաստանը 90-րդ տեղում է աշխարհում: Այս ցուցանիշն ընդգրկում է բնական գիտությունների, մաթեմատիկայի, վիճակագրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտության շրջանավարտներին: Ընդ որում այս ցուցանիշը նախորդ տարի կազմել է 14.1% (տվյալը 2015թ.), իսկ մինչ այդ Հայաստանի մասով այդ տվյալը բացակայում է: Հաշվի առնելով, որ հիմնականում այս ոլորտի մասնագետներն են ինովացիաների «պատասխանատուները», ուստի անհրաժեշտ է կառավարության հատուկ ուշադրությունն այս խնդրին: Կարծում ենք անհրաժեշտ է ըստ մասնագիտությունների հատկացվող տեղերը վերաբաշխել ի օգուտ գիտության և տեխնիկայի ոլորտի մասնագիտությունների:
Այս խմբի հաջորդ ցուցանիշը, որը ՀՀ թույլ կողմերից է համարվում, երկրում ցուցակված(listing) գլոբալ գիտահետազոտական և փորձնակոնստրուկտորական աշխատանքներ կատարող (ԳՀՓԿԱ) ընկերությունների թոփ 3-ի ծախսերն են մլն դոլարով հաշվարկված: Հայաստանի համար այս ցուցանիշը 0 է, ինչը նշանակում է, որ աշխարհի 2500 ԳՀՓԿԱ ընկերություններից և ոչ մեկ Հայաստանում ցուցակված չէ: Սա բնական է Հայաստանի նման եկամուտներ ունեցող երկրների համար: Այդ ընկերությունները մեծամասամբ գտնվում են զարգացած երկրներում, ուստի պատահական չէ, որ ՄՑԵ խմբի 31 երկրներից միայն Հնդկաստանում և Թայլանդում կան նման ըներություններ, իսկ մնացած բոլորի միավորը 0 է, հորիզոնականը՝ 40: Ուստի, կարելի է եզրակացնել, որը ընդամենը 40 երկրում են ցուցակված աշխարհի լավագույն 2500 ԳՀՓԿԱ ընկերությունները:
Մարդկային կապիտալ և հետազոտություններ խմբի մյուս վատագույն ցուցանիշը համալսարանների վարկանշավորման QS համակարգում երկրի լավագույն 3 համալսարանների միջին ցուցանիշն է: Ընդ որում, այդ համալսարանները պետք է ընդգրկված լինեն QS-ի թոփ 700 վարկանշավորման սանդղակում, որոնց մեջ փաստորեն հայաստանյան որևէ համալսարան ընդգրկված չէ: Այդ 700 համալսարանները գտնվում են ԳԻԻ-ում ընդգրկված 126 երկրներից 77-ում: ՄՑԵ խմբի 31 երկրներից 14-ն ունեն միավորներ այս ցուցանիշում, սակայն հիմնականում գտնվում են 70-77 հորիզոնականներում: Իսկ առավել լավ դիրքեր ունեն Հնդկաստանը (21-րդ հորիզոնական), Ինդոնեզիան (37-րդ հորիզոնական) և Թայլանդը (38-րդ հորիզոնական): ՄՑԵ խմբին պատկանող մյուս 16 երկրները ևս QS-ում վարկանշավորված որևէ համալսարան չունեն: QS-ը վարկանշավորում է համալսարանները` հենվելով 4 հիմնական ցուցանիշի վրա. հետազոտություններ, կրթության որակ, միջազգայնացում և գործատուների շրջանում հեղինակություն: Ընդ որում, ամենամեծ տեսակարար կշիռը տրվում է հետազոտություններին` 60%: Ուստի մեր համալսարաններն աշխարհում ընդունված չափանիշներին համապատասխանեցնելու համար պետք է ուշադրությունը կենտրոնացնեն հետազոտությունների վրա, ստեղծեն հետազոտական կենտրոններ և ակտիվորեն զբաղվեն հետազոտական գործունեությամբ:
ՀՀ ինովացիոն ներդրանքի հաջորդ թույլ կողմը ենթակառուցվածքներ խումբն է, որն իր մեջ ներառում է ինֆորմացիոն և տեղեկատվական տեխնոլոգիաներ, ընդհանուր ենթակառուցվածքներ, ինչպես նաև էկոլոգիական կայունություն ցուցանիշները՝ իրենց ենթացուցանիշներով: Մեր դիրքերը հատկապես թույլ են ընդհանուր ենթակառուցվածքներ ցուցանիշի գծով, որով Հայաստանը 113-րդն է 126 երկրների շարքում: Ընդ որում, այս ցուցանիշի գծով այդպիսի դիրքն առավելապես պայմանավորված է Լոգիստիկայի արդյունավետության ենթացուցանիշով, որով Հայաստանը 6.6 միավորով 120-րդ տեղում է ընդգրկված երկրների շարքում: Լոգիստիկայի արդյունավետության ինդեքսը (ԼԱԻ) հաշվարկվում է Համաշխարհային բանկի կողմից 2 տարին մեկ անգամ (ԳԻԻ-ի 2018թ. ցուցանիշի համար օգտագործվել է ԼԱԻ-ի 2016թ. ցուցանիշը): Այն ընդգրկում է միջազգային առևտրին և լոգիստիկային վերաբերող 6 չափորոշիչներ, որոնք են՝ Մաքսային ծառայության արդյունավետությունը, Առևտրի և տրանսպորտային ենթակառուցվածքների որակը, Միջազգային բեռնափոխադրումների կազմակերպման հասանելիությունը, Լոգիստիկ ծառայությունների որակը, Փոխադրման ընթացքում բեռների վերահսկման համակարգի առկայությունը, Բեռների սահմանային անցակետերից անցնելու և մաքսազերծելու ժամկետը: Հատկանշական է, որ այս բոլոր ցուցանիշներից ամենացածրը մաքսային ծառայության արդյունավետության ցուցանիշն է (5 բալանոց սանդղակով 1.95 միավոր) և ոչ թե Միջազգային բեռնափոխադրումների կազմակերպման հասանելիություն ցուցանիշը, որը հաշվի առնելով ծովային ելքի բացակայությունը և փակ սահմանները՝ ավելի տրամաբանական կլիներ: Մաքսային ծառայությունների արդյունավետության և Փոխադրման ընթացքում բեռների վերահսկման համակարգի առկայության ցուցանիշները 2010-2016 թթ. միշտ վատագույն գնահատականն են ապահովել: Ուստի ենթակառուցվածքների բարելավումը պետք է սկսել հենց մաքսային ծառայության և փոխադրման ընթացքում բեռների վերահսկման համակարգի աշխատանքներից:
ՀՀ լոգիստիկ արդյունավետության ինդեքսի տարրերի դինամիկան 2010-2016թթ.2
Շուկայի զարգացում խմբում մեր թույլ կողմերն են Շուկայի կապիտալիզացիան և ներքին շուկայի ծավալը: Շուկայի կապիտալիզացիան (ՀՆԱ-ի նկատմամբ %-ով արտահայտված) հաշվարկվում է որպես ցուցակված տեղական ընկերությունների շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի և դրանց գնի արտադրյալ: Ըստ ԳԻԻ 2018-ի ՀՀ շուկայի կապիտալիզացիան կազմում է ՀՆԱ-ի 1.4%-ը (տվյալը 2012թ. է, քանի որ դրանից հետո Համաշխարհային բանկն այդ տվյալը ՀՀ համար չի հաշվարկել): Մեր հաշվարկներով այն 2017թ. կազմել է 2.53%, որը թեև գերազանցում է 2012թ.-ի ցուցանիշը, բայց դեռ շատ ցածր է համարվում: Որոշ հետազոտություններ, փաստում են, որ առկա է ուժեղ կապ ընկերության գիտատար ակտիվների և շուկայի կապիտալիզացիայի միջև: Ուստի կապիտալիզացիայի այդքան ցածր մակարդակը ևս փաստում է, որ տեղական ընկերությունները, ունենալով փոքր շուկայական արժեք, չեն կարող ունենալ մեծածավալ գիտատար ակտիվներ:
Շուկայի զարգացում խմբի մեր հաջորդ թույլ կողմը ներքին շուկայի ծավալի ցուցանիշի գծով է, որի համար օգտագործվում է գնողունակության պարիտետով հաշվարկված ՀՆԱ-ն: Հայաստանի համար 2017թ. այն կազմել է 27.2 մլրդ դոլար, որով այն զբաղեցրել է 113-րդ հորիզոնականը դիտարկվող 126 տնտեսությունների շարքում:
Ինովացիոն ներդրանքի վերջին՝ Գործարար զարգացում խմբում ՀՀ թույլ կողմը ընկերությունների կողմից առաջարկվող պաշտոնական թրեյնինգների ցուցանիշի գծով է: Այն հաշվարկում է, թե համաշխարհային բանկի ձեռնարկությունների հետազոտությունների ընտրանքում ընդգրկված տեղական ընկերությունների քանի տոկոսն է իր մշտական, ամբողջ հաստիքով աշխատողներին թրեյնինգներ առաջարկում:
Այսպիսով, ըստ գլոբալ ինովացիոն ինդեքսի՝ ՀՀ ինովացիոն ներդրանքի բոլոր 5 խմբերից միայն Ինստիտուտներ խմբում է, որ թույլ կողմեր չեն արձանագրվել, իսկ գործարար զարգացում խմբում արձանագրվել է միայն ընկերությունների կողմից առաջարկվող պաշտոնական թրեյնինգների ցուցանիշի գծով: Մյուս երեք խմբերից առավել շատ թույլ կողմեր ունենք հատկապես Մարդկային կապիտալ և հետազոտություններ խմբում, այնուհետև ենթակառուցվածներ և շուկայի զարգացում խմբերում: Ինովացիոն ներդրանքի թույլ կողմերից որոշների համար (մասնավորապես Հայաստանում ցուցակված գլոբալ ԳՀՓԿԱ ընկերություններ ունենալնու, ներքին շուկայի ծավալի ու շուկայի կապիտալիզացիայի), մոտ ապագայում իրատեսական լուծումներ հնարավոր չէ գտնել: Մինչդեռ օրինակ կրթության վրա կատարվող ծախսերի, գիտության և տեխնիկայի շրջանավարտների ցածր տեսակարար կշռի, ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները հնարավոր է լուծել:
1Հաշվարկները կատարվել են հեղինակի կողմից UNESCO-ի (http://data.uis.unesco.org/) (2011-2016) տվյալների, 2017-2019 IMF կանխատեսումների, 2017, 2018 ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի և 2019 ՀՀ պետական բյուջեի նախագծի հիման վրա
2ԳԻԻ 2018-ում ներառվել են 2016թ. ցուցանիշները