Գյուղատնտեսությունը բիզնե՞ս է, թե կենսաձև

Սամվել Ավետիսյան
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի
«Տնտեսագիտական հետազոտություններ» ծրագրի ավագ հետազոտող
ծրագրի համակարգող

Դեռևս անցյալ դարի սկզբներին ԱՄՆ-ում, և այլ երկրներում քննարկման առարկա էր դարձել «գյուղատնտեսությունը բիզնե՞ս է, թե կենսաձև» հարցադրումը: Մոտեցումները տարբեր էիր, բայց նպատակը մեկն էր՝ գյուղատնտեսական ոլորտում զբաղվածների համար ապահովել տնտեսավարման առավել նպաստավոր պայմաններ: Ի վերջո, կարծես թե այդպես էլ եղավ, քանի որ գյուղատնտեսական գործունեություն իրականցնողներն օգտվեցին ոչ միայն փոքր և միջին բիզնեսի պետական աջակցության ծրագրերից, այլև ստացան լրացուցիչ արտոնություններ:

Ներկայումս նման հարցադրում է հնչում նաև Հայաստանի գիտական և բիզնես շրջանակներում: Ի դեպ, ինչպես մեր իրականության մեջ հաճախ է պատահում, պատասխանը ծայրահեղորեն միանշանակ է: Հատկապես բանկային համակարգի ներկայացուցիչների համար գյուղատնտեսությունը բիզնես է և վերջ: Հակառակ կարծիքի են քաղաքացիական հասարակության, գիտական և արտադրական ոլորտի շահագրգիռ ներկայացուցիչները: Վերջիններիս պնդում են, որ իր առանձնահատկությունների պատճառով գյուղատնտեսությունն ունի պետական խնամակալության կարիք, դասական առումով բիզնես չի և վերջ: Իհարկե, այս մոտեցումների դրդապատճառները միանգամայն հասկանալի են, բայց, ինչպես հայտնի է՝ ճշմատությունը մեկն է: Ուրեմն, եկեք փնտրենք այդ ճշմարտությունը:

Մինչև 20-րդ դարի 20-ական թվականները, ավելի ստույգ՝ 1926թ. տվյալներով, գյուղական բնակչությունը կազմում էր Հայաստանի բնակչության մոտ 81%-ը, իսկ մնացած 19 %-ին պայմանականորեն կարելի էր համարել քաղաքային, քանի որ նրանց մի զգալի մասը վարում էր օժանդակ տնտեսություն՝ ընտանի կենդանիներ էր պահում և զբաղվում հողագործությամբ[1]: Հետևաբար, գյուղատնտեսության ապրանքայնության մակարդակը շատ փոքր էր և գյուղացիները վարում էին փակ բնաիրային տնտեսություն, որի պայմաններում կապը շուկայի և ծառայություններ մատուցող կառույցների հետ գրեթե աննշան էր: Հասկանալի է, որ այսպիսի տնտեսավարումը հեռու էր դասական ձեռնարկատիրությունից և չէր կարող բիզնես կոչվել:

Հետագայում զանգվածային կոլեկտիվացման ու պետական գյուղատնտեսական ձեռնարկությունների՝ սովխոզների, ձևավորման պայմաններում դրանք դարձան գյուղատնտեսական հումքի և պարենի շուկայի հիմնական մատակարարը: Այս պայմաններում, արտադրության հիմնական միջոցներից զրկված գյուղացին առավելապես վարձու աշխատողի կարգավիճակ ուներ:

Ձեռնարկատիրության որոշակի տարրեր ի հայտ եկան 80-ական թվականի կեսերին, երբ ԽՍՀՄ-ի ղեկավարությունը ՉԺՀ-ի փորձով սկսեց խթանել ընտանեկան և կոլեկտիվ կապալի սկզբունքով գյուղատնտեսական արտադրության կազմակերպումը:

Հայաստանի անկախության հռչակումից հետո, հատկապես 1991-1994 թվականներին, երբ ագրարային վերափոխումների շրջանակում կատարվեց հողի, անասնագլխաքանակի և գյուղատնտեսական տեխնիկայի զանգվածային սեփականաշնորհում, կարծես թե անհրաժեշտ նախապայմաններ ստեղծվեցին գյուղատնտեսության ոլորտում ձեռնարկատիրական գործունեության զարգացման համար: Հատկապես գյուղացիական տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների, ինչպես նաև տարաբնույթ ծառայություններ (ոռոգում, վարկավորում, տեխնիկական սպասարկում, խորհրդատվություն և այլն) կատարող սյուբեկտների հետ պայմանագրային հարաբերությունների զարգացումը, գյուղացիական տնտեսություններին ծանրաբեռնեց բիզնեսին յուրահատուկ գործառույթներով: Այսպիսի պայմաններում որքան էլ ցանկանանք պնդել, որ գյուղատնտեսությունը բիզնես չէ՝ իրականությունից խուսափել չենք կարող: Մասնավորապես, եթե տնտեսությունը վարկային պարտավորություն ունի, ուրեմն, առևտրային բանկը նրան դիտարկում է որպես բիզնես և ոչ միյան արտոնություններ չի տրամադրում, այլև, նկատի ունենալով ոլորտի ռիսկայն բնույթը, կիրառում է գրավադրման և տոկոսադրույքի ավելի խիստ պահանջներ: Նույնպիսի մոտեցում են ցուցաբերում նաև ապահովագրական, լիզինգային և այլ ծառայություններ մատուցող կազմակերպությունները: Իսկ ագրովերամշակող ձեռնարկությունների համար գյուղատնտեսական արտադրողները, անկախ նրանց կարգավիճակից՝ ընդամենը մատակարարներ են: Ուստի այս կազմակերպությունները հարաբերվում են գյուղատնտեսական արտադրողների հետ որպես գործընկերոջ, այսինքն՝ երաշխավորված մթերումների համար կարող են ի սկզբանե նրանց տրամադրել կանխավճար կամ տարաժամկետ վճարման սկզբունքով՝ պարարտանյութեր, թունաքիմիկատներ և այլ շրջանառու միջոցներ: Այսպիսի փոխհարաբերությունների պայմաններում գյուղացիական տնտեսությունների գործունեությունը միանշանակ կազմակերպվում է դասական բիզնեսի կանոններով: Իհարկե, եթե տնտեսությունը ինքնաբավ է և չունի պայմանագրային պարտավորություններ ու առևտրային բնույթ, ուրեմն այն կարելի է դիտարկել ոչ թե որպես բիզնես, այլ գյուղական կենցաղին հարիր կենսաձև:

Այդուհանդերձ, միանգամայն հասկանալի է մեր ընդդիմախոսների՝ «գյուղատնտեսությունը բիզնես չէ» արտահայտության շարժառիթն ու ենթատեքստը: Նրանք նկատի ունենալով՝ գյուղատնտեսության բարձր ռիսկայնությունն ու ցածր արդյունքային ցուցանիշները (եկամտաբերություն, աշխատանքի արտադրողականություն և այլն), գյուղական աղքատության համեմատաբար բարձր մակարդակը և վերարտադրության սահմանափակ կարողությունները, իրավացիորեն պնդում են, որ բանկային վարկի տոկոսադրույքը պետք է ցածր լինի, իսկ գյուղատնտեսական արտադրանքի գնման գները՝ երաշխավորված ու բարձր: Բայց, ինչպես նշեցինք, այս հիմնախնդիրների լուծման համար էական նշանակություն ունի գյուղատնտեսության պետական կարգավորումն ու աջակցությունը: Ներկայումս աշխարհի գրեթե բոլոր երկրներում գյուղատնտեսական վարկերի մատչելիությունը կարգավորվում է տոկոսադրույքների պետական սուբսիդավորման, իսկ գների մակարդակն ու կայունությունը՝ նվազագույն կամ երաշխավորված գների սուբսիդավորման կառուցակարգերով: Իհարկե, պետական աջակցության ծրագրերը դրանով չեն սահմանափակվում, բայց դա արդեն այլ թեմա է:

Այսպիսով, սեփականության և տնտեսավարման բազմաձևության պայմաններում, եթե գյուղացիական տնտեսությունն ունի ապրանքային բնույթ և տնտեսական փոխհարաբերություններ իրավական անձ հանդիսացող այլ կազմակերպությունների հետ, ուրեմն այն միանշանակ բիզնես է, բայց առանձնահատուկ բիզնես, որին բազմակողմանի աջակցություն է ցուցաբերում պետությունը:

Մարտ, 2019 թ.

[1] Բյուլլետեն Հայաստանի կենտրոնական վիճակագրական վարչության, N 1-2, հունվար-փետրվար; Երևան, 1926թ. էջ 5;- Ա. Մյասնիկյանի անվան հանրային գրադարանի ֆոնդ: