Լրացուցիչ եկամտի ստացման և գեղատեսիլ գյուղական լանդշաֆտի ձևավորման նպատակով դաշտապաշտպան անտառաշերտերի հիմնման համառոտ ծրագիր

Սամվել Ավետիսյան
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի
«Տնտեսագիտական հետազոտություններ» ծրագրի ավագ հետազոտող
ծրագրի համակարգող

Կլիմայի փոփոխության հետևանքով օդի ջերմաստիճանի բարձրացումը, մթնոլորտային տեղումների և ոռոգման ջրի պաշարների նվազումը, երաշտի, քամիների և խորշակների հաճախակա­նութ­յան մեծացումը, պահանջում են երկարաժամկետ կայուն ազդեցություն ունեցող և համեմա­տա­բար ոչ ծախսատար ագրոմելիորատիվ համակարգերի կիրառում: Հանրա­պետության հարթ ռելիեֆ ունեցող տարածքներում որպես այդպիսի համակարգ առաջարկվում է դաշտապաշտպան անտա­ռաշերտերի հիմնումը: Վերջիններս նվազեցնում են քամու արա­գությունը, ձյունը պահում են դաշտում, մեծացնում են հողի խոնավությունը, բարելավում են միկրոկլիման, ցանքերը պաշտպանում են երաշ­տից և նպաստում բերքատվության բարձ­րաց­մանը: Բազմամյա տարիների դիտարկումները ցույց են տվել, որ դաշտապաշտպան անտա­ռա­շերտերի առկայության պայմաններում, բաց տեղանքի դաշ­տերի համեմատությամբ մշակա­բույսերի բերքատվությունը բարձրանում է 10-25%-ով:

Դաշտապաշտպան անտառաշերտերը հիմնվում են մինչև 15 մետր ընդհանուր լայնությամբ 3-4 շարք ծառատնկումով: Կախված ծառերի տեսակից կարելի է կիրառել 2.5-4 մ միջշարքային և 2-3 մ միջբուսային հեռավորությամբ սխեման: Տեղանքի առանձնահատկությունից կախված յուրաքանչյուր դաշտապաշտպան անտառաշերտ կարող է ձգվել դաշտի լայնքով 200-600մ և եր­կա­րությամբ՝ 1000-1200մ: Գյուղատնտեսական տեխնիկայի և փոխադրամիջոցների համար թողնվում է 10-15մ լայնությամբ միջանցքներ: Եթե բերքահավաքից հետո տարածքը օգտա­գործվում է անասունների արածեցման համար, ուրեմն միջանցքների լայնությունը կարելի է հասցնել մինչև 20-25մ: Ծառատեսակներից նախապատվությունը տրվում է ավելի սաղարտախիտ ծառերին (դեկորատիվ ծառատեսակներից՝ արագաճ բարդիներ, հաճարենի, թղկի և այլն, պտղատուներից՝ խնձորենի, սալորենի, տանձենի, կեռասենի և այլն): Կիրառվում է ծառատնկումների այնպիսի սխեմա, որի դեպքում քամու ներթափանցումը դժվարանում է: ՀՀ-ի գյուղացիական տնտեսությունների հողակտորները փոքր են և համեմատաբար մեծ մակերես ունեցող տարածքի վրա հողօգտագործողների և սեփականատերերի թիվը կարող է հասնել մի քանի տասնյակի: Ուստի շահառուների համաձայնությամբ անտառաշերտերի համար կարող են օգտագործվել նաև տվյալ բնակլիմայական պայմաններին լավ հարմարված պտղատու ծառա­տեսակներ:

ԴԱՇՏԱՊԱՇՏՊԱՆ ԱՆՏԱՌԱՇԵՐՏԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ

Հողի սեփականաշնորհումից հետո և նախորդ դարի 90-ական թվականների էներգետիկ ճգնաժամի զանգվածային ծառահատումների պատճառով հիմնականում անտառաշերտերը վերացել են: Բացի դրանից, 1992-1993թթ. հողի հապճեպ և զանգվածային սեփականաշնորհման արդյունքում ձևավորվել են ավելի քան 140 հազ. ընտանեկան գյուղացիական տնտեսություններ, որոնց սեփականության իրավունքով պատկանող հողակտորի միջին չափը 1.4 հա է: Դրա հետ մեկտեղ, քանի որ յուրաքանչյուր տնտեսություն համայնքի վարչական տարածքի տարբեր հատվածներում ունի 2-3 հողամաս, ստացվում է, որ հողակտորների ընդհանուր թիվը անցնում է 1.2 միլիոնից, որոնց միջին չափը կազմում է մոտ 0.5 հա, որից վարելահողերը՝ 0.39 հա: Այսինքն, ՀՀ համայնքների վարչական տարածքում միջին հաշվով յուրաքանչյուր 100 հա վարելահողը բաժանված է ավելի քան 256 հողօգտագործողների միջև: Բայց, դաշտերի երկկողմանի պաշտպանության դեպքում, այս 256 շահառուներից ոչ բոլորի հողակտորներն է ամբողջովին սահմանակից անտառաշերտին: Ուստի անհրաժեշտ է նախապես համաձայնեցնել անտառա­շերտին հատկացվող տարածքի սեփականատիրոջը պատճառած վնասի փոխհատուցման պայմանները: Դա կարող է կատարվել ինչպես արժեքային, այնպես էլ բնեղեն ձևով:

Հետազոտությունները ցույց են տվել, որ տարբեր գյուղատնտեսական գոտիներում դաշտա­պաշտպան անտառաշերտերի վրա ծախսված 1 դրամը ապահովում է 10-30 դրամ փոխհատուցում: Այդուհանդերձ, անտառաշերտերի հիմնադրման ակտիվությունը բացակայում է, որը բացատրվում է տեխնիկա-տնտեսական պատճառներով և մասնագիտական խորհրդա­տվության բացակայությամբ: Իհարկե, դաշտապաշտպան անտառաշերտերն ավելի բարձր արդյունք են տալիս զանգվածային ցանքատարածքներում: Հայաստանի պայմաններում այդպիսի տարածքները համեմատաբար սահմանափակ են: Եթե զանգվածային ընդունենք 5 հա-ից ավել տարածություն ունեցող վարելահողերը, ապա դրանց ընդհանուր տարածքը կկազմի մոտ 90 հազ. հա: Այսպիսով, անտառաշերտերի պահանջարկ ունեն ՀՀ բոլոր մարզերի զանգվածային վարելահողեր ունեցող շուրջ 230,7 հազ. հողօգտագործողներ (90000/0.39):

ԴԱՇՏԱՊԱՇՏՊԱՆ ԱՆՏԱՌԱՇԵՐՏԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

ՀՀ-ում յուրաքանչյուր 100հա տարածքի վրա դաշտապաշտպան անտառաշերտերի մակերեսը կարող է կազմել 1600մ * 15մ=24000 ք.մ. կամ 2.4հա: Եթե 4 շարքով անտառաշերտի տնկման սխեման ընդունենք 3.75մ * 3մ ապա ծառերի թիվը կկազմի 2133: Ընդամենը տնկումների և խնամքի ծախսերը 100 հա հաշվով, կախված ծառատեսակի ընտրությունից, առաջին տարին կարող է կազմել 4,6 մլն դրամ, որից պահպանման ծախսերը՝ 4,2 մլն. դրամ: Ծառերի բարձրությունը 3 տարի հետո կանցնի 3.5 մետրից և աստիճանաբար կապահովեն դաշտերի պաշտպանությունը: 185 հազ. շահառուների անտառաշերտերի պահանջ ունեցող վարելահողերի տարածքը կկազմի 90 հազ. հա, իսկ անտառաշերտերի տարածքը մոտ 2160 հա: Հետևաբար, Ստացվում է, որ 2160 հա դաշտապաշտպան անտառաշերտերի հիմնադրման և խնամքի համար առաջին տարին կպահանջվի 99,36 մլն. դրամ, իսկ հետագա տարիներին միայն պապանման համար՝ 90,72 մլն. դրամ:

Դաշտապաշտպան անտառաշերտերի բացակայության դեպքում գյուղատնտեսական մշակաբույսերի բերքի կորուստը միջին հաշվով կազմում է 17 %: Դիցուկ, Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանի օրինակով 100 հա-ի հաշվով դաշտապաշտպան անտառաշերտի հիմնադրման տնտեսական արդյունավետության հաշվարկը ցույց է տալիս, որ ցանքատա­րածությունների՝ հացահատիկ (52%), կարտոֆիլ (12%), բանջարաբոստանային (16%) և կերային (20%) կառուցվածքի դեպքում, անտառաշերտերի առկայության պարագայում ի հաշիվ բերքատվության բարձրացման ստացվում է լրացուցիչ 3,2 մլն դրամ զուտ եկամուտ: Քանի որ անտառաշերտերի անմիջական բարենպաստ ազդեցությունը զգացվում է հիմնադրման 3-րդ տարուց սկսած, ուրեմն ներառյալ այդ տարիների խնամքը ընդհանուր ծախսը կկազմի 13 մլն դրամ, իսկ ծախսերի հետգնման ժամկետը կկազմի 4 տարի: Բացի տնտեսական արդյու­նա­վե­տությունից, դաշտապաշտպան անտառաշերտերն ապահովում են՝ բնապահպանական արդյու­նավետություն ի հաշիվ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման, քամու էրոզիայի և խոնավության կորստի կանխման, ինչպես նաև սոցիալական արդյունավետություն, քանի որ ձևավորվում է գեղատեսիլ լադշաֆտ, առողջարար մթնոլորտ և հանգստի գոտի :

Դաշտապաշտպան անտառաշերտերի կարևորությունը և արդյունավետությունը մատչելիորեն ներկայացնելու, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից այս միջոցառումը նախաձեռնելու դեպքում, որպես ֆինանսավորման աղբյուր կարելի է դիտարկել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի դրամաշնորհային միջոցները: Դաշտապաշտպան անտառա­շերտերի հիմնադրումը կարելի իրականացնել նաև 230,7 հազ. շահառուների միջոցներով: Այս դեպքում յուրաքանչյուր շահառուից հիմնադրման համար կպահանջվի ընդամենը 430 դրամ, այդ թվում յուրաքանչյուր տարվա խնամքի համար՝ մոտ 400դրամ:

Հոկտեմբեր, 2017 թ.