Քրաուդֆանդինգը նորարար գաղափարների ֆինանսավորման այլընտրանք

Հայկազ Արամյան
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի
փորձագետ

Վերջին ժամանակներս հաճախ ենք լսում, որ այս կամ այն նախագիծը, ընդ որում հայկական, կարողանում է արագորեն զգալի ֆինանսական ռեսուրսներ ներգրավել, զարգացնել գաղափարը և սերիական արտադրություն սկսել: Մեխանիզմը, որի միջոցով կյանքի են կոչվում տարբեր նորարար գաղափարներ, հայտնի է Քրաուդֆանդինգ անվանմամբ, ինչի հաջողությունը բազմիցս ապացուցվել է միջազգային փորձով:

Իսկ ինչպիսի՞ն են Քրաուդֆանդինգ հարթակի ներդրման և այդ հարթակի միջոցով ներդրումների ներգրավման հնարավորությունները մեր երկրում:

Նախ հասկանանք, թե ինչ է քրաուդֆանդինգը, ինչ տեսակներ ունի և ինչպես կարելի է ֆինանսական ռեսուրսներ ներգրավել դրա միջոցով:

Եթե բառացիորեն թարգմանենք «քրաուդֆանդինգ» տերմինը, ապա կստացվի crowd - ամբոխ, ժողովուրդ և funding ֆինանսավորում:

Այլ կերպ ասած՝ քրաուդֆանդինգն իրնեից ներկայացնում է հանրային (հանրության, ժողովրդի, ամբոխի կողմից իրականացվող) ֆինանսավորում: Նմանատիպ սխեմաները բազմազան են մեր իրականության մեջ՝ համայակական ֆոնդ, բջջային օպերատորների կողմից ուղարկվող հաղորդագրությունների միջոցով հավաքագրվող միջոցներ, նույնիսկ աշխատանքյին կոլեկտիվում համատեղ ներդրումներով նվերի գնում:

Այդուհանդերձ քրաուդֆանդինգի մեխանիզմըն այլ է: Դա առցանց հարթակ է, որտեղ գրանցվում են՝ հայտարարվում են գաղափարները ու ֆինանսավորում են ստանում ներդրողների կողմից:

Միջազգային մակարդակով աշխարհում հայտնի են Քրաուդֆանդինգի մի շարք սահմանումներ: Այսպես, Քրաուդֆանդինգը հասարակության լայն շրջանակների փոքր կապիտալների հավաքագրման միջոցով նոր, այդ թվում նաև վենչուրային`ռիսկային բիզնեսի ֆինանսավորումն է: Մեկ այլ բնորոշմամբ Քրաուդֆանդինգը հասարակության փոքր ֆինանսական միջոցների ներգրավման միջոցով ռիսկային նախագծերի ֆինանսավորումն է սոցիալական կայքերի միջոցով, այդ թվում` Facebook, Twitter և LinkedIn: Այսինքն, համաձայն այս սահմանման՝ անհատն իր բիզնեսի մասին տեղեկատվությունը նշված կայքերի միջոցով հասանելի է դարձնում ներդրողների մի ստվար զանգվածի և հետո ներգրավում է նրանց ֆինանսկան ռեսուրսները:

Իսկ թե ինչու է ֆինանսավորման այս ձևն այսքան տարածում գտնում և որոնք են նրա առավելությունները և հաջողության գրավականը ներկայացնենք ստորև՝

  1. Էժան միջոցների ներգրավման հնարավորություն – ըստ էության, միակ ծախսը Քրաուդֆանդինգ հարթակը տրամադրող ընկերության հարթակի միջնորդավճարն է: Այն հիմնականում տատանվում է 5-9%-ի սահմաններում: Եթե համեմատենք ավանդական ֆինանսավորման այլ ձևերի հետ, օրինակ բանկային վարկավորման, ապա անխոս սա բավական գրավիչ տարբերակ է համարվում,
  2. Ռիսկի նվազեցում և բաշխում - շատ մարդկանց հաշվին ֆինանսավորված ծրագրի դեպքում, երբ փոքր միջոցներ են ներդրվում չվերադրաձման հարցն ըստ էության երկրորդ պլան է մղվում,
  3. Հասանելիություն հսկայածավալ միջոցների - հնարավորություն է ստեղծվում գաղափարը ներկայացնելու միանգամից հազարավոր մարդկանց,
  4. Մարքեթինգի և PR միջոցառումների իրականացման դյուրինություն:

Ֆինանսավորման այս եղանակն միջազգային պրակտիկայում վերջին տարիներին շատ մեծ տարածում ունի՝ առավել մեծ տարածում գտնելով Հյուսիսային Ամերիկայում (50 տոկոս), այն բանից հետո, երբ նախագահ Բարաք Օբաման 2012թ.-ին ստորագրեց Աշտանաքային ակտը, որով և մասնավոր ընկերություններին թույլատրվեց միջոցներ ներգրավել հանրային եղանակով` հանրությանը դիմելով:

Ամբողջ աշխարհում Քրաուդֆանդինգ հարթակի միջոցով ներգրավված միջոցների շուրջ 40 տոկոսն ուղղվում է Բիզնես և ձեռնարկություններ և գիտություն ու տեխնիկա ոլորտներին, այսինքն բոլոր այն նորարար բիզնես գաղափարների ֆինանսավորմանը, որոնք ստեղծում են ապագայի արտադրանքներ: Փոքր չէ նաև Քրաուդֆանդինգի սոցիալական ուղղվածությունը՝ շուրջ 20 տոկոս:

Անդրադառնալով ՀՀ-ում Քրաուդֆանդինգի իրագործման հնարավորություններին նշենք, որ Indiegogo Քրաուդֆանդինգ հարթակով միջոցների ներգրավման հանրությանն ամենահայտնի օրինակը Վոլտերման դրամապանակների ստեղծման նախագիծն էր, որը նախատեսված 45,000 ԱՄՆ դոլարի փոխարեն կարողացավ ներգրավել 1,090,000 ԱՄՆ դոլար: Քրաուդֆանդինգի միջոցով միջոցների ներգրավման մեկ այլ օրինակ է նաև «Յելլ էքստրիմ Պարկ»-ի կողմից նախատեսված ամենարկար զիփլայնի կառուցումը: Չնայած հանրությունը լայն շերտերը Քրաուդֆանդինգի մասին տեղեկացան շնորհիվ Վոլտերման դրամապանակների՝ որքան էլ զարմանալի կարող է լինել, նախքան այդ արդեն իսկ մեր հանրապետությունում գործում էին Քրաուդֆանդինգի երեք հարթակներ՝

  1. Bosstbloom – Սա հայկական առաջին Քրաուդֆանդինգ հարթակն է, որի ներդրումային ոլորտներն են ՏՏ, արվեստ, պարային, դիզայներական և նկարչական նախագծեր, կինո, խաղեր, նորաձևություն, երաժշտություն, ֆոտոարվեստ, թատրոն և այլն, ընդ որում նախագիծը պետք է կապված լինի Հայաստանի կամ հայերի հետ:
  2. One Armenia – Հարթակի նպատակը ՀՀ-ում կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նախագծերի ֆինանսավորումն է, աշխատեղերի ստեծումը գյուղատնտեսության, ՏՏ, տուրիզմի ոլորտներում և տեղական ապրաքներ արտադրող ընկերություններում: Հարթակի միջոցով ներգրավվել է ավելի քան 230,000 ԱՄՆ դոլար:
  3. Weareayo - Հարթակի նպատակը ՀՀ բնակչության ամենակարիքավոր խմբերին աջակցությունն է: Հարթակի միջոցով ներգրավվել է ավելի քան 120,000 ԱՄՆ դոլար:

Չնայած ՀՀ-ում Քրաուդֆանդինգ հարթակների առկայությանը, պետք է նշենք նաև, որ այդ հարթակները հիմնականում սոցիալական, հանրային ուղղվածություն ունեցող հարթակներ են և միտված են ներկայումս հասարակության առաջ ծառացած բազմապիսի սոցիալան հարցերի լուծմանը՝ անապահով ընտանիքներին աջակցություն, դպրոցների, մանկապարտեզների վերանորոգում և այլն:

Ինչպես տեսանք ՀՀ-ում բացակայում են բիզնեսի ֆինանսավորմանն ուղղված հարթակները, իսկ հայկական ստարտափերը միջոցներ ներգավելու նպատակով ստիպված են լինում օգտվելու միջազգային հարթակներից, ինչպիսիք են Indiegogo, Kickstarter հարթակները: Չնայած այս հարթակները ունենալով միջազգային ճանաչում բիզնես գաղափարները հասանելի են դարձնում հնարավորինս մեծ թվով ներդրողների, պետք է նշենք, որ այդ հարթակներում միջոցներ ներգրավելը ամեն դեպքում ծախսատար է և նոր ձևավորվող ընկերությունը կարող է չունենալ անհրաժեշտ ռեսուրսներ իր գաղափարը այդ հարթակներում ներկայացնելու համար:

Ուստի ՀՀ-ում մրցունակ բիզնես ուղղվածությամբ Քրաուդֆանդինգ հարթակի ստեղծումը առավել քան արդիական է: Տեղական քրաուդֆանդինգ հարթակը հնարավորություն կտա առավել փոքր, նոր ձևավորվող ստարտափերին փոքր ծախսումներով (Միջազգային հարթակներում արշավի սկսումն ինքնին կապված է որոշ ծախսերի հետ) ներկայացնել իրենց գաղափարը հայկական շուկային, հավաքագրել որոշակի ռեսուրսներ, կատարելագործել գաղափարը և ապա դիմել միջազգային հարթակներ խոշորածավալ ներդրումների և բիզնես ընդլայնման ակնկալիքով: Մյուս կողմից, հայ հասարակությունը, հաշի առնելով նաև սփյուռքի գործոնը, պատրաստ է իր ներդրումն ունենալ հայկական ստարտափերում և ինչու չէ ստանալ իր մաս շահույթը հաջողված բիզնես նախագծերի իրականացումից:

Նոյեմբեր, 2017