Չինաստանը որպես նպատակային զբոսաշրջային շուկա Հայաստանի համար

Գայանե Թովմասյան
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի
ավագ հետազոտող

Վերջին տարիներին Հայաստանում գրանցվում է զբոսաշրջության ոլորտի զար­գացում։ Դրան զուգահեռ քայլեր են ձեռնարկվում տարբեր նպատակային շուկաներից զբոսաշրջիկների հոսքը մեծացնելու ուղղությամբ։ Այդպիսի շուկա կարելի է համարել Չինաստանը, որտեղ թիրախային մարքեթինգային միջոցառում­ներն անհրաժեշտ են Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը լավ ներկա­յացնելու և զբոսաշրջիկներ ներգրավելու համար։

Մինչ Չինաստանից Հայաստան զբոսաշրջության առկա վիճակը ներ­կա­յաց­նելը՝ հակիրճ անդրադառնանք Չինաստանի վերաբերյալ որոշ տվյալների և չինացի­ների զբո­սաշրջային հետաքրքրություններին։ Ինչպես գիտենք, Չինաս­տանի Ժողովրդական Հանրապետությունը գտնվում է Արևելյան Ասիայում, բնակ­չութ­յան թվով աշխարհում զբա­ղեցնում է առաջին տեղը՝ 1,404 մլրդ մարդ, 9.6 մլն քառ. կմ-ով աշխարհի չորրորդ երկիրն է տարածքով՝ Ռուսաստանից, Կանադայից և ԱՄՆ-ից հետո: Չինաստանը բաղ­կացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քա­ղաք­ներից (Պե­կին, Տյանցզին, Շանհայ և Չունցին), երկու գրեթե ինքնավար քա­ղաք­նե­րից (Հոն­կոնգ և Մակաու) և իր սուվերենությունը պնդող Թայվանից:

2017թ. Չինաստան ներգնա այցելությունների թիվը կազմել է 143 մլն (նախորդ տար­­վա համեմատ աճել է 3.5%-ով), իսկ արտագնա այցելությունների թիվը՝ 127 մլն այ­ցե­­լութ­յուն, միջազգային զբոսաշրջությունից եկամուտները կազմել են 126 մլրդ դոլար: 2017թ. Չինաստանում զբոսաշրջության ուղղակի ազդեցությունը ՀՆԱ-ում եղել է 402.3 մլրդ դոլար (ՀՆԱ-ի 3.3%-ը), իսկ համախառն ազդեցությունը ՀՆԱ-ում՝ 1,349.3 մլրդ դո­լար (ՀՆԱ-ի 11.0%-ը): 2017թ. զբոսաշրջության ուղղակի ազդե­ցութ­յունը զբաղ­վա­ծութ­յանը կազմել է 28.250.000 աշխատատեղ (զբաղվածության 3.6%-ը), իսկ հա­մախառն ազ­դե­ցությունը՝ 79.900.000 աշխատատեղ (զբաղ­վա­ծության 10.3%-ը): Ներդրումները զբո­սաշրջության ոլորտում կազմել են 154.7 մլրդ դոլար: Ըստ Համաշխարհային տնտե­սական ֆորումի կողմից հրա­պա­րակ­ած «2017թ. Զբո­սաշրջության մրցունա­կութ­յան զե­կույ­ցի»՝ Չինաստանը 136 երկրների շարքում եղել է 15-րդը՝ 4.72 գործակցով, իսկ Հայաստանը՝ 84-րդը՝ 3.53 գոր­ծակցով:

Չինական մեծ պատը, Բուդդայականության և այլ կրոնների ուխտա­գնա­ցութ­յան վայրերը, բազմաթիվ հուշարձանները մշակութային զբոսաշրջության հայտնի վայ­րեր են Չինաստանում: Զարգացած է նաև առողջարարական զբոսաշրջութ­յունը՝ շնորհիվ չի­նացի բուժակների, որոնք հազարավոր տարիներ, նաև այժմ, տիրապետում են բժշկա­կան տարբեր մեթոդների: Չինաստանում զարգացած է նաև էկոտուրիզմը, և իհարկե շոփինգ տուրիզմը:

Չինաստան առավել շատ այցելում են Հոնկ Կոնգից, Մակաուից, Թայվանից, ԱՄՆ-ից: Չինացի արտագնա զբոսաշրջիկներն առավել շատ գնում են Թաիլանդ, Հարա­վային Կորեա, Ճապոնիա, Ինդոնեզիա, Սինգապուր, ԱՄՆ, Մալազիա, Մալդիվ­ներ, Վիետ­նամ, Ֆիլիպիններ: 2016թ. չինացի զբոսաշրջիկների համար առավել հան­րա­ճա­նաչ արտա­սահման­յան թանգարաններից են եղել՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թան­­գա­րանը, Փա­րիզի Լուվրի թանգարանը, Վատիկանի թան­գարանները, Բրիտա­նա­կան թան­գա­րանը: Չինացի զբոսաշրջիկները շատ գումար են ծախսում նաև բժշկական զբո­սաշրջության համար՝ առավել շատ այցելելով Ճապոնիա, Հարավային Կորեա, ԱՄՆ, Թայվան, Գերմանիա, Սինգապուր, Մալազիա, Շվեյցարիա, Թաիլանդ, Հնդկաս­տան: Չինացի արտագնա զբոսաշրջիկները մեծ ուշադրություն են դարձնում եր­թևեկութ­յանը (33.7%), տեսարժան վայրերին (20.9%), սննդին (15.4%), առևտրին (6.5%), եղանակին (3.5%), և այլն:

Ըստ ՀՀ Ազգային վի­ճա­կագ­րական ծառայության տվյալների` 2017թ. ՀՀ է ժամանել 1.494.779 զբո­սաշրջիկ (2016թ. համեմատ ցուցա­նիշն աճել է 18,7%-ով): Նշենք, սա­կայն, որ Չինաստանից ՀՀ ժամանած և հակառակ ուղղությամբ զբո­սաշրջիկների թիվն առկա չէ, այլ միայն Չինաստանից Հայաստան կատարած այցելությունների քա­նակը, որը ստացվել է ըստ ՀՀ սահմանային անցման կետերի տվյալների (աղյուսակ 1):

Աղյուսակ 1. Չինաստանից Հայաստան կատարած այցելությունների քանակը 2014-2017թթ.

*Տեղեկատվությունը տրամադրել է ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբո­սաշրջության պետական կոմիտեն, որը համարում է, որ այցելությունների գերակշիռ մասը կատար­վել է զբոսաշրջային նպատակներով։

Նշենք, որ 2017թ. հոկտեմբերին կազմակերպվել է Չինաստանից լրագրող­ների ճանաչողական այց Հայաստան: Մինչ օրս մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով զբո­սաշրջութ­­յան ոլորտի պետական և մաս­նավոր հատվածի մասնագետներ վերա­պատրաստվել են Չինաստանում: 2018թ. հունիսի 15-18-ը Հայաստանի զբոսաշրջության զարգացման, «Հայաստանի խաղողագործության և գինեգործության» և «Արենի Փառատոն» հիմնադրամները մասնակցել են Չինաստանի Ցինդաո քաղաքում կազմակերպված միջազգային ցուցահանդեսին՝ ներկայացնելով Հայաստանի զբոսաշրջային ներուժը և գինու մշակույթը:

Այժմ 45 երկրի քաղաքացիներ ազատված են ՀՀ մուտքի արտոնագրի ձեռք­բեր­ման պահանջից, իսկ Չինաստանը դրանց ցանկում չկա:

Չինաս­տա­նի սովորական անձնագիր կրող քաղաքացիներին անհրաժեշտ է ստա­նալ մուտքի վիզա ՀՀ մուտք գործելու համար: Նրանք մուտքի վիզա կարող են ստա­նալ ՀՀ սահ­մա­նային անցակետերում կամ առցանց` E-VISA համակարգի միջո­ցով: Դրա համար անհրաժեշտ է ներկայացնել վավեր անձնա­գիր, լուսանկար, լրաց­նել դիմումի ձևը, կա­տա­րել չվերադարձվող պե­տական տուրքի վճարում և ներկա­յաց­նել այլ ոչ պար­տա­դիր փաստաթղթեր (ավիա­տոմս, հյուրանոցի ամրագրում, հրա­վեր և այլն)՝ կախ­ված Հայաստան ժա­մա­նելու նպատակից: Քաղաքացու անձնագիրը պետք է վա­վեր լինի ՀՀ-ում գտնվելու ողջ ընթացքում: Էլեկտրոնային վիզան տրա­մադրվում է առա­վելա­գույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում: Չինաս­տա­նի դիվանագիտական, ծառա­յո­ղա­կան, հատուկ անձնագիր կրող քաղաքացի­ներն ազատված են ՀՀ մուտքի վիզա ստանալու պահանջից:

Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ թռիչք չկա: Հնարավոր կապուղիները տա­րանցիկ են, որոնք երկար ժամանակահատված են պահանջում: Առանց սպա­սելա­ժամանակի՝ Երևանից Մոսկվայով թռիչքը դեպի Շանհայ և Պեկին տևում է միջինը 12-14 ժամ, Նովոսիբիրսկով թռիչքը դեպի Պեկին տևում է միջինը 11 ժամ, Դո­հայով թռիչքը դեպի Շանհայ և Պեկին՝ միջինը 11 ժամ, Դուբայով թռիչքը դեպի Պեկին՝ միջինը 11 ժամ, և այլն: Նվազագույն գինը սկսվում է միջինը 600 դոլարից Նովոսիբիրսկով թռիչքների համար:

Օդային հեռավորությունը Հայաստանի և Չինաստանի միջև կազմում է 3690 մղոն կամ 5938 կմ, ուղիղ թռիչքը կտևի մոտ 6-7 ժամ:

Հաշվի առնելով Չինաստանի ներուժը, այն կարող է մեզ համար լինել ներգնա զբոսաշրջության մեծ աղբյուր, ուստի անհրաժեշտ է թիրախավորված մարքեթինգ իրականացնել Չինաստանի նպատակային շուկաներում: Հայաստանն իր հին ու հա­րուստ պատմությամբ ու մշակույթով կարող է գրավիչ լինել չինացի զբո­սաշրջիկ­ների համար՝ նրանց առաջարկելով պատմամշակութային, ագրո- և էկո-, առող­ջարանային, բժշկական, արկածային, գաստրոնոմիական և զբոսաշրջութ­յան այլ տեսակներ:

Բացի այդ կարելի է ձևավորել համատեղ զբոսաշրջային փաթեթ հարևան Վրաս­տանի և Իրանի հետ և կազմակերպել Չինաստանից զբոսաշրջիկների մուտքը տարածաշրջանի 3 երկրներ:

Կարծում ենք՝ հայ-չինական զբոսաշրջային կապերը կարող են ակտիվանալ նաև «Մետաքսի նոր ճանապարհ»-ին Հայաստանի հնարավոր ներգրավման դեպ­քում, քանի որ Հայաստանը կլինի տարանցիկ գոտի Արևմուտքի և Արևելքի միջև:

Այսպիսով, հաշվի առնելով տարեց տարի Չինաստանից Հայաստան այցելություն­ների թվի աճը, կարող ենք ասել, որ մեծանում է հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, ուստի նպատակային մարքեթինգային և այլ միջոցառումների արդյուն-քում Չինաստանը մեզ համար զբոսաշրջային հոսքի մեծ աղբյուր կարող է հանդի-սանալ:

Հունիս, 2018 թ.