Վերլուծական կենտրոնների վարկանշավորումը. մեթոդաբանական հարցեր

Շուշան Մովսիսյան
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի
«Ազգային անվտանգության հետազոտություններ»
ծրագրի կրտսեր փորձագետ

Աշխարհի առաջատար վերլուծական կենտրոնների (ուղեղային կենտրոնների) վարկանշավորումն իրականացվում է սկսած 2006 թվականից՝ Փենսիլվանիայի համալսարանի «Վերլուծական կենտրոններ և քաղաքացիական հասարակություն» ծրագրի շրջանակներում: Վարկանշավորման ստեղծման սկզբնական նախագիծը պատասխան էր պետական ծառայողների, դոնորների, լրագրողների և գիտնականների՝ լավագույն վերլուծական կենտրոնների վարկանշավորման ստեղծման խնդրանքին: Այսօր զեկույցըհամարվում է «ուղեցույց դեպի գաղափարների համաշխարհային շուկա»: Վարկանշավորումն անցկացվում է մի քանի փուլով: Տարբեր կատեգորիաներում առաջադրումից և ընտրությունից առաջ ճշտվում է «Վերլուծական կենտրոններ և քաղաքացիական հասարակություն» ծրագրի՝ աշխարհի ուղեղային կենտրոնների տվյալների բազան (2014 թ. առանձնացվել են 6618 վերլուծական կենտրոններ, մինչդեռ նախորդ տարի դրանք 6826 էին):    Վարկանշավորման առաջին փուլում տվյալների բազայում ընդգրկված 6618 կենտրոններին, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրների ավելի քան 9000 լրագրողների, պետական և մասնավոր հովանավորչական կառույցների ու քաղաքական գործիչների ուղարկվում են նամակներ՝ առաջադրման գործընթացին մասնակցելու համար: 10 և ավելի մասնակիցների կողմից առաջադրված կազմակերպություններն անցնում են հաջորդ փուլ՝ ընդգրկվում են լրացուցիչ էլեկտրոնային ցուցակում: Այնուհետև նոր ցուցակն ուղարկվում է նույն կենտրոններին, լրագրողներին, պետական և մասնավոր հովանավորչական կառույցներին ու քաղաքական գործիչներին՝ նոր ցանկի հիման վրա տարբեր կատերգորիաներում լավագույն ՈՒԿ առաջադրման համար: Առաջադրումների քանակի հիման վրա կազմվում են վարկանշավորման աղյուսակներ, որոնք ներկայացվում է փորձագետների խորհուրդներին: Վերջիններս կատարում են անհրաժեշտ ճշգրտումներ և կազմում վարկանշավորման վերջնական աղյուսակները:    Վարկանշավորման մեթոդաբանությունը հաճախ քննադատությունների թիրախ է դառնում: Թեև տարեցտարի մեթոդաբանությունը կատարելագործվում է՝ վարկանշավորման օբյեկտիվության ու որակի բարձրացման նպատակով, սակայն առկա թերացումները հաճախ հանգեցնում են արդյունքների խեղաթյուրմանը: Նշենք դրանցից մի քանիսը.

  1. զեկույցում ուղեղային կենտրոնների բավականին լայն սահմանում է տրվում, ինչի արդյունքում որոշ կազմակերպություններ, որոնք փաստացի վերլուծական կենտրոն չեն, ներառվում են վարկանշավորման տվյալների բազայում, իսկ որոշ ուղեղային կենտրոններ դուրս են մնում այդ ցուցակից: Օրինակ, «Համալսարանին կից գործող լավագույն ուղեղային կենտրոններ» կատեգորիայում ընդգրկված է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ (MGIMO) համալսարանը: «Կրթական քաղաքականության ոլորտում լավագույն վերլուծական կենտրոն» կատոգորիայում ներկայացված Կրթության և վերապատրաստման բաժինը (Education and Training Unit (Armenia)), ըստ էության, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ICHD)մի ստորաբաժանում է:
  2. չկան կենտրոնների գնահատման քանակական չափորոշիչներ. զեկույցում ներկայացվում է 28 չափանիշներ, որոնցով փորձագիտական խորհրդի անդամները պետք է առաջնորդվեն վարկանշավորում իրականացնելիս: Տվյալ չափորոշիչների մեծ մասը օբյեկտիվ գնահատման ենթակա չէ (օրինակ, «քաղաքական իշխանության և հասարակության միջև խզումը հաղթահարելու կենտրոնի ունակությունը»), իսկ թե որքանով են հետևել չափորոշիչներին, միայն իրենց՝ փորձագետներին է հայտնի: Իրականում վարկանշավորումը խիստ սուբյեկտիվ է:
  3. բացակայում են խորհուրդներում փորձագետների ընդգրկման հստակ չափորոշիչներ. փորձագետների ընտրությունը կատարվում է վերլուծական կենտրոնների առաջարկությամբ:
  4. յուրաքանչյուր կատեգորիայի համար փորձագետների առանձին խորհուրդ է կազմվում, արդյունքում նույն կենտրոնը զեկույցի տարբեր կատեգորիաներում երբեմն ստանում է իրար հակասող գնահատականներ: Օրինակ, 2014 թ. Վրաստանի «Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման կովկասյան ինստիտուտը» (Caucasus Institute for Peace, Democracy and Development (CIPDD)) աշխարհի լավագույն ուղեղային կենտրոնների շարքում զբաղեցնում է 150-րդ տեղը, այն դեպքում, երբ «Կենտրոնական Ասիայի առաջատար ուղեղային կենտրոններ» կատեգորիայում հետ է մնում լավագույն կենտրոնների ցանկում չներառված մի շարք այլ կենտրոններից, օրինակ, հայաստանյան Արմատ ժողովրդավարության և քաղաքացիական զարգացման կենտրոնից:
  5. գնահատվում է ոչ թե որոշակի ժամանակահատվածում (օրինակ, 2014թ.) վերլուծական կենտրոնների գործունեության արդյունքները, այլ դրանց գործունեությունն ընդհանրապես: Վարկանշավորման աղյուսակում նախորդ տարվա համեմատությամբ ավելի բարձր դիրքեր զբաղեցնելը ուղղակիորեն չի բխում տվյալ ժամանակահատվածում ավելի լավ արդյունքներ ցուցաբերելուց:

Ամփոփելով, նշենք, որ չնայած աշխարհի առաջատար ուղեղային կենտրոնների վարկանշավորումը վերջիններիս գործունեության գնահատման միակ գործիքն է, այնուամենայիվ, առկա լուրջ մեթոդաբանական բացթողումները վարկանշավորման արդյունքները դարձնում են կասկածելի և ոչ օբյեկտիվ: Կարծում ենք, հստակ պատկեր ստանալու համար անհրաժեշտ է մշակել քանակական չափորոշիչների վրա հիմնված մեթոդաբանություն:

ՄԱՅԻՍ 2015