Ինչպե՞ս ենք «զբաղվել գործարարությամբ»
Ինչպե՞ս ենք «զբաղվել գործարարությամբ»
Ներկայումս միջազգային տարբեր հեղինակավոր կառույցների կողմից մշակվում են տարաբնույթ ընդհանրական ցուցանիշներ, որոնք գնահատում են տարբեր ոլորտներում իրականացրած պետական քաղաքականության արդյունքները: Այդ գնահատականների շարքում լայն կիրառություն ունի Համաշխարհային բանկի կողմից մշակվող «Գործարարությամբ զբաղվելու» համաթիվը: Այն գնահատում է գործարարության համար նպաստավոր պայմանների (կարգավորումների) առկայությունը աշխարհի 190 երկրներում:
Համաթվի բաղադրիչներն են՝ ձեռնարկատիրական գործունեության գրանցում, շինարարական աշխատանքների համար թույլտվության ստացում, էլեկտրաէներգիայի ստացում, սեփականության գրանցում, հարկերի վճարում, միջազգային առևտուր, վարկերի ստացում, փոքր ներդրողների շահերի պաշտպանություն, պայմանագրերի իրականացման ապահովում, ձեռնարկության լուծարում և աշխատանքի շուկայի կարգավորում*:
Վերոնշյալ բաղադրիչներից յուրաքանչյուրն իր հերթին բաղկացած է ցուցանիշներից, որոնք հիմնականում գնահատում են գործընթացների թիվը, տևողությունը և ծախսերը: Այսպիսով, համաթվի բաղադրիչների արժեքների միջինացման արդյունքում դուրս է բերվում գործարարության զբաղվելու համաթիվը, որն, ըստ էության, արտացոլում է դիտարկվող 11 ոլորտներում երկրների առաջընթացը կամ հետընթացը:
Անդրադառնալով Համաշխարհային բանկի «Գործարությամբ զբաղվել 2018. բարեփոխումներ աշխատատեղերի ստեղծման համար» զեկույցին, հարկ է նշել, որ 2017թ. հունիսի 1-ին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 119 տնտեսություններում գրանցվել է 264 կարգավորումների բարելափոխումներ: Ընդ որում, դրական տեղաշարժեր են արձանագրվել հիմնականում ձեռնարկատիրական գործունեության գրանցման և վարկերի ստացման ոլորտներում: Հատկանշական է, որ առավել նշանակալի առաջընթաց գրանցած երկրների շարքում են Բրունեյ Դարուսալամը, Թաիլանդը, Մալավին, Կոսովոն, Հնդկաստանը, Ուզբեկստանը, Զամբիան, Նիգերիան: Նկատենք, որ առավել մեծ թվով բարեփոխումներ իրականացրած երկրների ճնշող մեծամասնությունը Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից են[1]:
Ինչ վերաբերվում է Հայաստանին, նախորդ տարվա համեմատ Հայաստանը 9 տեղով վատթարացրել է իր դիրքը՝ հայտնվելով վարկանիշային աղյուսակի 47 տեղում: Համեմատության համար նշենք, որ հարևան երկրներից Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, նախորդ տարվա համեմատ նկատելիորեն բարելավել են իրենց դիրքը (տե՛ս գծապատկեր 1):
Կարելի է նկատել, որ թեև Հայաստանի վարկանիշային միավորը նախորդ տարվա համեմատ աճել են՝ էլեկտրաէներգիայի ստացում և սեփականության գրանցման ոլորտներում իրականացրած բարեփոխումների արդյունքում, այնուամենայնիվ, այդ ոլորտներում աճը բավարար չի եղել մյուս ոլորտներում արձանագրված դիրքի անկումը վերականգնելու համար (տե՛ս աղյուսակ 1):
Մասնավորապես, աղյուսակ 1.-ից կարելի է նկատել, որ Հայաստանի վարկանիշային միավորը նվազել է վարկերի ստացում, պայմանագրերի իրականացման ապահովում, ձեռնարկության լուծարում, շինարարական աշխատանքների համար թույլտվության ստացում և փոքր ներդրողների շահերի պաշտպանություն բաղադրիչներով: Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության ծրագրում անդրադարձ է կատարվել այս վարկանիշում Հայաստանի դիրքի բարելավմանը: Մասնավորապես, 2017թ.-ի հունիսին հրապարակված 2017-2022թթ. ՀՀ Կառավարության ծրագրի համաձայն առաջիկա 4-5 տարիների նախատեսվում է գործարար միջավայրի և տնտեսական զարգացման այնպիսի քայլերի իրականացում, որոնց արդյունքում Հայաստանը կդիրքավորվի Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու վարկանիշում լավագույն 20 երկրների շարքում[4]: Այսինքն, կարող ենք եզրակացնել, որ այս վարկանիշում Հայաստանի դիրքի բարելավման արդյունքում ակնկալվում է խթանել գործարար ակտիվությունը: Մինչդեռ չնայած գործարարությամբ զբաղվելու համաթվի լայն կիրառելիությանը, պետք է փաստել, որ այն ունի լուրջ մեթոդական թերություններ, որն էլ սահմանափակում է համաթվի կիրառելիությունը: Մասնավորապես, համաթիվը հաշվարկվում է բաղադրիչների արժեքների պարզ միջինացման արդյունքում՝ անկախ իրենց կարևորության աստիճանից: Սա մեր կարծիքով, մեթոդական լուրջ բացթողում է: Ակնհայտ է, որ գործարար միջավայրը նկարագրող ցուցանիշներն ունեն տարբեր կարևորություն, հետևապես, այն բնութագրող ցուցանիշները չեն կարող ունենալ միևնույն տեսակարար կշիռները:
Ոչ պակաս կարևոր հանգամանք է նաև այն հիմնահարցը, թե ինչքանով են համաթվում ընդգրկված ցուցանիշները համակողմանիորեն և ամբողջական բնութագրում գործարարությամբ զբաղվելու դյուրինությունը: Այսպես՝ գործարարությամբ զբաղվելու համաթիվը գնահատում է միայն ձեռնարկատիրական ոլորտի նորմատիվային բարեփոխումները և տեղեկատվություն չի տալիս գործարար միջավայրի որակական փոփոխությունների մասին: Արդյունքում, գործարար ակտիվությունը պայմանավորող կարևորագույն գործոնների շրջանակը դուրս է մնում համաթվի հաշվարկման տիրույթից: Մասնավորապես՝ համաթիվը հաշվի չի առնում երկրի տնտեսական իրավիճակը, ինստիտուտների զարգացվածությունը, ֆինանսական համակարգի կայունությունը, ինչպես նաև կոռումպացված լինելու հանգամանքը, որոնք էապես կարող են խոչընդոտել գործարար միջավայրի բարելավմանը: Խնդրահարույց է նաև այն մոտեցումը, որի համաձայն երկրների մեծամասնության համար գնահատականը որոշվում է ընդամենը մի քաղաքի (Հայաստանի դեպքում՝ Երևանի) գործարար միջավայրի բնութագրիչներից ելնելով: Բացի այդ, համաթիվը ձևավորվում է հիմնականում ձեռնարկատերերի շրջանակներում անցկացվող հարցումների արդյունքների հիման վրա, որոնք արտացոլում են հասարակության ընդամենը մի խմբի հայացքներն ու գնահատականները:
Վերոնշյալ դիտարկումներից ելնելով կարող ենք եզրակացնել, որ չնայած համաթիվն հնարավորություն է տալիս գնահատել գործարարության զբաղվելու համարր գործող կարգավորումների ոլորտում իրականացրած բարեփոխումները, այնուամենայնիվ, այն չի արտացոլում գործարարների տեսանկյունից առանցքային համարվող ցուցանիշները և հետևապես, ազդակ չի կարող հանդիսանալ ներդրողների համար երկրի գործարար միջավայրը գնահատելիս, ուստի, այս վարկանիշում Հայաստանի նկատելի բարելավումը գործնական կարևոր նշանակություն չի կարող ունենալ ներդրումների ներգրավման տեսանկյունից:
- Doing Business 2018: Reforming to Create Jobs, World Bank Group, էջ 22
- Doing Business 2018: Reforming to Create Jobs, World Bank Group, էջ 4, տե՛ս նաև Doing Business 2017: Equal Opportunity for all, World Bank Group, էջ 7
- Doing Business 2018: Reforming to Create Jobs, World Bank Group, էջ 144, տե՛ս նաև Doing Business 2017: Equal Opportunity for all, World Bank Group, էջ 190
- Տե՛ս Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագիր 2017-2022թթ., Եր., 2017, էջ 48, տե՛ս նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները, Հավելված N2 ՀՀ Կառավարության 2017թ. հունվարի 12-ի N 122 – Ն որոշման, Երևան 2017, էջ 18:
*Հարկ է նշել, որ վերջին զեկույցում ներառված չէ աշխատանքի շուկայի կարգավորում բաղադրիչը: