Երևանի ֆենոմենը կամ որտեղ կարող է սխալվել հետազոտողը վաճառքի աշխարհագրական բաշխվածքը պլանավորելիս

Արմեն Գրիգորյան
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի
«Ազգային մրցունակության և միջազգայնացման հետազոտություններ»
ծրագրի տնօրեն

Այս վերլուծական ակնարկով քննարկելու ենք մի առանցքային խնդիր, որին ծանոթ են բազմաթիվ հետազոտողներ և, հատկապես, նրանք, ովքեր զբաղվում են վաճառքների պլանավորման հարցերով: Խոսքը վերաբերվում է մանրածախ առևտրաշրջանառության ծավալներում Երևան քաղաքի անասելի մեծ մասնաբաժնին, ինչը վերջին 10 տարիների ընթացքում, ըստ պաշտոնական վիճակագրության տվյալների, կազմել է ավելի քան 83% (տես աղյուսակ 1-ում):

Աղյուսակից երևում է, որ Երևանի մասնաբաժինը վերջին 11 տարիներին (և 2014թ I-IX ամիսներին) անընդհատ տատանվել է 85% + 2% միջակայքում: Սակայն խնդիրն այնքան մասնաբաժինը չէ, որքան հարցը՝ կարո՞ղ է արդյոք նման մեծ մասնաբաժինն ապահովել ընդամենը մի քաղաք, որտեղ պաշտոնապես բնակվում է Հայաստանի բնակչության մոտ 35%-ը: Եթե այո, ապա կստացվի, որ Հայաստանի բնակչության շուրջ 65%-ը, որն ապրում է մարզերում, չնչին առևտուր է իրականացնում: Ավելի պատկերավոր լինելու համար ներկայացնենք որոշ թվական տվյալներ: Այսպես, եթե այս հիպոթեզը ճշմարտացի է, ապա ստացվում է, որ Երևան քաղաքի միջին վիճակագրական բնակչի՝ պարենային և ոչ պարենային ապրանքների ձեռք բերման սպառողական ծախսերը մարզերի բնակչի համանման ցուցանիշը գերազանցում են մոտ 9.5 անգամ: Ավելին, Երևանի ցուցանիշը Հայաստանի միջին վիճակագրական բնակչի սպառողական ծախսերից ավել է 3.9 անգամ, իսկ մարզերինը՝ պակաս է մոտ 2.4 անգամ: Եթե պաշտոնական վիճակագրությունը «չի սխալվում» ապա ստեղծված իրավիճակը ոչ միայն վատ է, այլև խիստ վտանգավոր: Ստացվում է, որ Երևանի և մարզերի բնակիչների սպառողական ծախսերը միմյանցից տարբեր են մոտ 10 անգամ, ինչը վկայում է, որ վերջինների եկամուտներն էլ մոտ 7-8 անգամ բևեռացված են: Բացի այդ ակնհայտ է, որ մարզերի բնակիչները զգալի չափով պակաս եկամուտներ ունեն նաև միջին վիճակագրական ՀՀ քաղաքացուց:
Մանրածախ առևտրաշրջանառության, ինչպես նաև ծառայությունների ծավալներում Երևանի և մարզերի նման անհամաչափ մասնաբաժիններն էականորեն ազդում են նաև մարզերի ներքին արդյունքների հաշվարկման աշխատանքների վրա, քանի որ այս երկու գործոններն էականորեն «բարելավում» են Երևանի ցուցանիշը: Բացի այդ սրվում է վաճառքի պլանավորման խնդիրը՝ հատկապես շուկա նոր մուտք գործող և վերլուծական բավարար փորձ չունեցող ընկերություններում:
Այստեղ հարց է առաջանում. այնուամենայնիվ հավատա՞լ պաշտոնական վիճակագրությանը, թե՞ ոչ: Եվ եթե հավատալ կամ չհավատալ, ապա ի՞նչ հիմքերով:
Միանգամից նշենք, որ ինչպես պաշտոնական վիճակագրությունը, այնպես էլ Երևանի ցուցանիշները բնակչության բարեկեցության հետ անմիջականորեն կապողները որոշակիորեն սխալվում են, ինչն ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ:
Նախ սուբյեկտիվի մասին: Ըստ ԱՎԾ մեկնաբանության՝ մանրածախ առևտրի շրջանառության ցուցանիշը ձևավորվում է առևտրի օբյեկտների և առևտրի իրականացման վայրերի (սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ) միջոցով իրականացված առևտրի շրջանառության հիման վրա: Ինձ թվում է, որ մեծ հայտնագործություն չեմ անի, եթե փաստեմ, որ Երևանում առևտրի օբյեկտների կողմից հայտարարագրվող դրամարկղային շրջանառությունն անհամեմատ մեծ է մարզերում ֆիքսվածից: Պատճառն այն է, որ Երևանում հարկային վարչարարությունն անհամեմատ արդյունավետ է մարզայինից: Փաստացի Երևանում արձանագրվող մանրածախ առևտրի շրջանառությունը մարզերից մեծ է ստացվում նաև տեխնիկական պատճառով, քանի որ մարզերի առևտրի օբյեկտները Երևանի օբյեկտների համեմատ շատ ավելի մեծ ծավալի առևտուր են կարողանում «ցույց չտալ»: Սրանում հնարավոր է համոզվել ցանկացած շրջայցի ընթացքում: Համենայն դեպս, նման պատկեր է արձանագրվել մարզերի ու Երևանի առևտրի օբյեկտներում մեր կողմից իրականացված դիտարկումների արդյունքում: Կարծում եմ տարիներ շարունակ արձանագրվող պատկերն էապես կփոխվի, եթե մարզերում հարկային վարչարարության մակարդակը մոտենա Երևանի մակարդակին: Բացի այդ հատկապես պարենային ապրանքների շրջանառության արձանագրումը մարզերում բարդանում է նաև նրանով, որ ոչ մեծ քաղաքներում ու հատկապես գյուղական վայրերում նման ապրանքները ձեռք են բերվում առևտրի վայրերից (որտեղ դրամարկղային շրջանառություն չի ֆիքսվում) կամ, որ ավելի հաճախ է պատահում՝ գյուղացիական անհատական տնտեսություններից: Ցանկացած փոքրիկ դիտարկում մարզերի փոքր քաղաքներում (Ստեփանավան, Դիլիջան, Գորիս, Սիսիան) ու գյուղերի մեծամասնությունում հնարավորություն կտա հասկանալ, որ մեծ թվով ապրանքներ (ձու, պանիր, միս, կաթ և այլն) տեղի բնակիչները առավել հաճախ գնում են տեղում գյուղացիական արտադրանք թողարկող տնային տնտեսություններից (ովքեր նույնպես շրջանառության ֆիքսման խնդիր չունեն):
Մանրածախ առևտրաշրջանառության մեջ Երևանի մեծ մասնաբաժինն ունի նաև օբյեկտիվ մեկնաբանումներ: Տվյալ դեպքում, խոսքը մանրածախ առևտրաշրջանառության 85% մասնաբաժնի օբյեկտիվության մասին չէ: Անհերքելի է, որ Երևանի մասնաբաժինը առևտրաշրջանառության ծավալներում պետք է, որ օրինաչափորեն մեծ լինի Հայաստանի բնակչության մեջ վերջինի մասնաբաժնից: Առաջին օբյեկտիվ մեկնաբանության հիմքում ՀՀ մշտական ու առկա բնակչության ցուցանիշներում Երևանի տարբեր մասնաբաժինն է: Բանը նրանում է, որ Երևանում բնակվում է ՀՀ մշտական բնակչության մոտ մեկ երրորդը, սակայն Երևանում առկա բնակչությունը կազմում է Հայաստանի առկա բնակչության ավելի քան 37%-ը (ըստ 2011 թվականի մարդահամարի: Աղյուսակ 2): Ակնհայտորեն Երևանում փաստացի բնակվողների մասնաբաժինն անհամեմատ մեծ է պաշտոնական վիճակագրությամբ ֆիքսված ցուցանիշից:

Աղյուսակից ակնհայտ է, որ բացի բնակչության թվակազմում մեծ մասնաբաժին ունենալուց, Երևանը ՀՀ այն եզակի բնակավայրերից է, որտեղ առկա ու մշտական բնակչության շեղումն աննշան է (ընդամենը 5400 մարդ): Փաստացի Երևանի առկա բնակչությունը մշտական բնակչությունից պակաս է 0.5%-ով, այն դեպքում, երբ մյուս մարզերում առկա բնակչությունը մշտականից պակաս է ավելի քան 5%-ով (բացի Արմավիրի և Կոտայքի մարզերից): Հատկանշական է, որ այս պակասորդը ձևավորվում է, ոչ միայն ՀՀ-ից արտագնա աշխատանքի մեկնածների հաշվին, այլև Հայաստանում իրենց մշտական բնակավայրերից դուրս և հիմնականում Երևանում բնակվողների հաշվին: Ասվածից հետևում է, որ Երևանում է արձանագրվում ՀՀ այլ մարզերի մշտական բնակչության մի ստվար հատվածի սպառումը, ովքեր սովորելու, աշխատելու կամ այլ նպատակներով բնակվում են Երևանում, սակայն վիճակագրական մարմինների կողմից չեն կարող դիտարկվել իբրև Երևանի մշտական բնակչություն:
Բացի այս Երևանին է բաժին ընկնում նաև գործնական ու բուժման նպատակներով կազմակերպվող ներքին զբոսաշրջության մի զգալի մասը, ինչպես նաև միջազգային զբոսաշրջիկների տեղաբաշխման զգալի մասը: Հիմնականում Երևանում են բնակվում նաև միջազգային կազմակերպությունների ու դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները: Բացի այդ Երևանում մեծ է նաև ամենօրյա ռեժիմով բնակչության ներհոսքի ու արտահոսքի ցուցանիշը (մոտակա մարզերի ուսանողներ, այլ մարզերից այլ մարզեր Երևանով տեղափոխվող անձինք): Անհերքելի է, որ թվարկված բոլոր կատեգորիաների ներկայացուցիչները օգտվում են Երևանի մանրածախ առևտրի օբյեկտներից՝ «արհեստականորեն» մեծացնելով դրանց շրջանառության ծավալները: Բացի այս կան նաև որոշակի սպառողական ապրանքներ (կահույք, կենցաղային տեխնիկա, էլեկտրատեխնիկա, օծանելիք, բրենդային հագուստ, նոր ավտոմեքենաներ), որոնք մարզերի համեմատաբար բարեկեցիկ ընտանիքները մեծամասամբ ձեռք են բերում հենց Երևան քաղաքում:
Կատարված վերլուծությունը հնարավորություն է ընձեռում պնդել, որ Երևանի և մարզերի բնակչության սպառողական ծախսերը չեն կարող վերը արձանագրված շեղումն ունենալ, քանի որ.

  • Երևանի առևտրի օբյեկտներում արձանագրվող առևտրաշրջանառության ցուցանիշը չի ապահովվում միայն դրա մշտական բնակչության ջանքերով: Երևանում արձանագրվող առևտուրը դրա առկա բնակչության, միջազգային զբոսաշրջիկների, տարանցիկ կերպով Երևանով անցնող ՀՀ այլ քաղաքացիների գնումների հանրագումարն է, որին պետք է գումարել նաև Երևանում ոչ Երևանցիների կողմից գնված այն ապրանքների ծավալը, որոնք մարզերում հնարավոր չէ գնել:
  • Երևանի առևտրի օբյեկտներում արձանագրվող առևտրաշրջանառության ցուցանիշը մարզային համանման ցուցանիշից ավել է ստացվում նաև հարկային վարչարարության ու վերահսկողության արդյունավետ կամ ոչ արդյունավետ լինելու արդյունքում:

Չնայած սրան, պետք է նշել, որ կապված կրթության, աշխատանք գտնելու կամ այլ նպատակներով դեպի Երևան միգրացիայի մեծ ծավալների հետ, դրանում ձևավորված սպառողական մշակույթի և նախասիրությունների ազդեցությունը շուկայի ընդհանուր միտումների, սպառողական մշակույթի և նոր միտումների ձևավորման ու այլ մարզերում տարածման վրա ծանրակշիռ է: Մյուս կողմից անհրաժեշտ է նաև արձանագրել, որ առևտրաշրջանառության ֆիզիկական ծավալները բնակչության թվաքանակի վրա բաժանելու միջոցով միջին սպառողական ծախսերի գնահատման մոտեցումը սխալ է և կանխատեսումների կատարման կամ որոշումների կայացման համատեքստում պարունակում է մեծ ռիսկեր: Նման ռիսկերից խուսափելու միակ արդյունավետ միջոցը խորքային քանակական ու որակական հարցումների իրականացումն է, առանց որոնց ուղղակի անհնար է նկարագրել որևէ բնակավայրի բնակչության սպառողական ծախսերի մեծությունը, կազմն ու կառուցվածքը:

Դեկտեմբեր, 2014