Կրթական գործընթացի և տեխնոլոգիաների հետազոտություններ
«Ամբերդ» հետազոտական կենտրոնը անմիջականորեն ներգրավված է ՀՊՏՀ կրթական գործընթացի որակի ապահովման կառուցակարգերի մշակման, բարելավման, արտերկրի համալսարանների կրթական գործընթացի մշտադիտարկման և կրթական տեխնոլոգիաների ուսումնասիրման, ինչպես նաև տարբեր կրթաձևերի մասնագիտական կրթական ծրագրերի մշակման աշխատանքներում: Սա մեզ հնարավորություն է ընձեռել փորձ կուտակելու կրթական շուկայի, աշխատաշուկայի և կրթական գործընթացի հետազոտության, ինչպես նաև կրթական տեխնոլոգիաների ու մասնագիտական կրթական ծրագրերի մշակման բնագավառներում: Մասնավորապես մեր կենտրոնի հետազոտողների ջանքերով բարելավվել են ՀՊՏՀ կողմից իրականացվող բակալավրական կրթության մասնագիտությունների կրթական ծրագրերը, մշակվել և ներդրվել է որակի ապահովման գործընթացի տեղեկատվական ապահովման գործուն համակարգ, ինչը հնարավորություն է ընձեռում պարբերաբար մշտադիտարկելու բուհի կրթական գործընթացը և դրանում հարմարեցնելու ու ներդնելու արտերկրի առաջատար համալսարանների փորձը: Այս ուղղությամբ կենտրոնի կողմից իրականացվել են նաև մի շարք հիմնարար հետազոտություններ. իրականացվել է արտասահմանյան և հայաստանյան համալսարանների փորձի համալիր հետազոտություն և գնահատվել է ՀՊՏՀ-ում դրա կիրառելիության հնարավորությունը, իրականացվել է ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության շուկայի համալիր հետազոտություն և հստակեցվել են աշխատաշուկայի հետ վերջինի փոխառնչությունների վիճակը, ինչի արդյունքներով մշակվել են կրթական գործընթացի, աշխատաշուկայի և կրթական շուկայի մշտադիտարկման կառուցակարգեր:
Ցանկանում ենք նշել, որ մեր հետազոտություններն իրականացվում են ոչ միայն պաշտոնական վիճակագրության աղբյուրների, այլև«Ամբերդ» հետազոտական կենտրոնի կողմից իրականացվող դիտարկումների, փորձագիտական և սոցիոլոգիական հարցումների հիման վրա:
Ծրագրում աշխատում կամ իբրև փորձագետ ներգրավվում են տնտեսագիտության, վիճակագրության, կրթության կառավարման և կրթության որակի ապահովման բնագավառներում փորձառու և բարձր որակավորում ունեցող հետազոտողներ:
Կրթական գործընթացի և տեխնոլոգիաների հետազոտությունների և մշակումների բնագավառում «Ամբերդը» ներկայումս մասնագիտացել է հետևյալ ուղղություններում.
- Կրթական շուկայի և աշխատաշուկայի մշտադիտարկումներ,
- Արտերկրի կրթական հաստատությունների մասնագիտական կրթական ծրագրերի բենչմարքինգ,
- Արտերկրի կրթական հաստատությունների կրթական գործընթացի և դասավանդման տեխնոլոգիաների բենչմարքինգ,
- Կրթական գործընթացի մշտադիտարկումներ,
- Ուսանողական հարցումներ,
- Կրթական գործընթացի որակի ապահովման կառուցակարգերի մշակում և ներդրում,
- Մասնագիտական կրթական ծրագրերի մշակումներ: