ՀՀ տնտեսության ոլորտային զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնախնդիրները մաքսային միության անդամակցության պայմաններում
Այսօր առավել սուր հնչեղություն են ստանում տնտեսական ու սոցիալական անվտանգության հիմնահարցերը, գլոբալացման ընթացքը հաշվեկշռվում է տարածաշրջանային ինտեգրացիոն միավորների աճող ներգործությամբ, սրվում է արդյունքների նկատմամբ վերահսկողության անհրաժեշտությունը:
Ներկայում, ինչպես պետական մարմիններին, այնպես էլ տնտեսագետներին և հասարակության լայն շերտերին հետաքրքրող կարևորագույն հարցերից մեկը Մաքսային միությանն անդամակցության ազդեցությունն է ՀՀ տնտեսության վրա: Հետազոտական աշխատանքում քննարկվում են ՀՀ ներդրումային և հարկային առանձնահատկությունները Մաքսային միությանն անդամակցելու պայմաններում:
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության միանալու տնտեսական էֆեկտը հնարավոր չէ միանշանակ գնահատել, կապված այնպիսի գործոնների հետ, ինչպիսիք են սահմանների բացակայությունը ՄՄ անդամ երկրներից որևէ մեկի հետ, արդյունաբերության զարգացման վրա ազդող տնտեսական գործոնները, վերջին տարիներին ՀՀ արտահանման դինամիկան և կառուցվածքը, ԱՊՀ միջև գործող համաձայնագրերը, և Ռուսաստանի հետ այլ երկկողմ համաձայնագրերը:
Սակայն այսօր ամբողջ աշխարհը մտնում է զանազան ինտեգրացիոն նախագծերի զարգացման փուլ, քանի որ սա է համարվում լիակատար գոյատևման պայմանը ժամանակակից իրականության մեջ, այդպիսին է պետության տնտեսական հաջողության այսօրվա բանաձևը: