ՀՊՏՀ-ում մեկնարկում է նոր դասընթաց՝ գնումների գործընթացի կազմակերպման մասնագետների համար
Փետրվարի 8-ին ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի կողմից կմեկնարկի նոր դասընթաց՝ «Հանրային գնումների համակարգը ՀՀ–ում» խորագրով։
Ծրագրի անվանումը՝ «Հանրային գնումների համակարգը ՀՀ–ում» (Գնումների գործընթացի կազմակերպման մասնագետների դասընթաց)։
Դասընթացի նկարագիրը՝
Հանրային գնումների (ՀԳ) կայուն համակարգի ձևավորումը և զարգացումը բոլոր ժամանակների, պետությունների, պետական և տեղական իշխանությունների համար տնտեսական կայունության ապահովման, համախմբված բյուջեի կապիտալ ծախսերի բաշխման և վերաբաշխման գործընթացի արդյունավետության ապահովման գրավականներից է։
Հանրային գնումների համակարգը (ՀԳՀ) սերտորեն կապված է հանրային ֆինանսական համակարգի և հանրային ներդրումային հոսքերի հետ և նպաստում է հանրային միջոցների արդյունավետ և նպատակային օգտագործմանը՝ ապահովելով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում` համարժեք հատուցմամբ, ՀԳՀ-ի նպատակներից մեկը գնումների և գնումների գործընթացի տնտեսող, արդյունավետ և օգտավետ իրականացումն է։
Դասընթացը մասնակիցներին հնարավորություն կտա լիարժեք տեսական և գործնական գիտելիքներ ստանալ պետական և համայնքային (հանրային) գնումների համակարգերի իրավական գործնական կիրառելիության առանձնահատկությունների ամբողջ գործընթացի վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետությունում պետությունը և համայնքը հաստատակամորեն մնում են ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ամենախոշոր պատվիրատուները՝ հավաքագրելով հանրային կարիքների բավարարման համար համապատասխան եկամուտներ (բյուջեի կապիտալ ծախսեր)։
Այդ պատճառով էական նշանակություն ունի և կարևորվում է հանրային գնումների այնպիսի համակարգի և օրենսդրության մշակումը և կիրառումը, որը մի կողմից՝ կնվազեցնի այդ ոլորտի ռիսկերը, իսկ մյուս կողմից՝ չի խոչընդոտի տնտեսական հավասար, թափանցիկ, ոչ խտրական մրցակցությանը և երկկողմ կարողությունների ձևավորմանը։
Դասընթացի ընթացքում ստացած գիտելիքները, մասնագիտական հմտությունների ձեռքբերման և ամրապնդման, գործնական օրինակների քննարկումը և գնման ձևերի փորձարկումը հիմք կստեղծեն արդյունավետ կերպով կիրառել հանրային գնումների համակարգի հմտությունները պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության տարբեր մակադակներում, տարբեր ոլորտներում, ինչպես նաև մասնավոր հատվածում։
Դասախոսությունները վարում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Հանրային ներդրումների քաղաքականության» վարչության պետ, «Պետական գնումների փորձագետների միություն» ՀԿ–ի նախագահ, միջազգային և պետական գնումներում 11 տարվա փորձ և որակավորում ունեցող փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Գայանե Գաբրիելյանը:
Դասընթացի մանրամասները՝
Դասընթացի ավարտին մասնակիցները՝
- Կուսումնասիրեն հանրային գնումների պլանավորման փուլը,
- Ձեռք կբերեն գնումների պլանի և դրանում փոփոխությունների և լրացումներ իրականացնելու բավարար հմտություններ,
- Կկարողանան կազմել և գնահատել գնումների կազմակերպման փուլում մշակվող և հաստատվող գնման հայտեր,
- Կծանոթանան մրցույթ իրականացնելու համար անհրաժեշտ օրինակելի ձևերին, ինչպես նաև մասնակիցներին կտրամադրվեն հրապարակված օրինակելի ձևերի բացակայող փաթեթը,
- Կուսումնասիրեն գնումների պայմանագրի կնքման փուլը,
- Կտիրապետեն գնումների պայմանագրի կազմման և դրանում լրացումներ և փոփոխություններ իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքներ,
- Կծանոթանան գնումների ներկայիս օրենսդրական համակարգին և դրանում նախատեսվող փոփոխություններին,
- Կկարողանան մշակել ապրանքների, ծառայությունների և աշխատանքների «Գնումների մասին» ՀՀ օրենքին համապատասխան ապրանքների, աշխատանքների և ծառայությունների տեխնիկական բնութագրեր։
Դասընթացը նախատեսված է՝
- Հանրային հատվածի մասնագետների,
- Գնումների որակավորում ստանալ ցանկացողների,
- Գնումների համակարգողների,
- Բակալավրի ավարտական կուրսերի ուսանողների, մագիստրոսների, ասպիրանտների համար,
- Մասնավոր հատվածի կազմակերպությունների,
- Բոլոր նրանց, ովքեր ունեն հանրային գնումներին առնչվող պարտականություններ կամ ցանկանում են մասնակել մրցութային գործընթնացների։
Դասընթացի արժեքը՝ 46 000 ՀՀ դրամ։
Դասընթացի տևողությունը՝ 18 ժամ, 9 հանդիպում, երկուշաբթի և չորեքշաբթի, ժամը 18։30-ին։
Դասընթացի ավարտին թեստավորման 80% շեմը հաղթահարած մասնակիցներին կշնորհվեն ավարտական հավաստագրեր։
Գրանցվելու համար այցելեք այստեղ։
Ավելացնենք նաև, որ ՀՊՏՀ աշխատակիցները և ուսանողները դասընթացին մասնակցում են 30%, շրջանավարտները՝ 10% զեղչով։