«ՏՏ-ն բիզնեսում» մագիստրոսական որակապես նոր ծրագիր՝ ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 4232

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, «Հայաստանի օպերատորների միություն» հասարակական կազմակերպությունը և «ԱՐՓԻՆԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն այսօր Տնտեսագիտական համալսարանում ստորագրեցին համատեղ փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված Հայաստանի Հանրապետությունում կրթության և գիտության զարգացման ընդհանուր նպատակների իրագործմանը, համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի կազմմանը և իրականացմանը, ուսանողների փորձառությունների կազմակերպմանը, արդյունավետ համագործակցության հաստատմանը: Փաստաթուղթը ստորագրեցին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, «Հայաստանի օպերատորների միություն» հասարակական կազմակերպության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը և «ԱՐՓԻՆԵՏ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանը:

Հուշագրի համաձայն՝ 2020-2021 ուսումնական տարվանից Տնտեսագիտական համալսարանում կներդրվի «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում» անվանումով միջգիտակարգային մագիստրոսական նոր կրթական ծրագիր, որն ուսանողներին կտա տեխնոլոգիաների կառավարման, կիբերանվտանգության, ստարտափ համակարգերի, տնտեսագիտության, վարչարարության մասին համապարփակ գիտելիքներ: Մագիստրոսական կրթական սույն ծրագիրը կտևի 1,5 տարի: Այս մասին եռակողմ փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը նշեց Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը՝ նշելով, որ ծրագիրն իրագործվելու է ՀՊՏՀ տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի կողմից և այն իրականություն դարձնելու հարցում մեծ է ամբիոնի վարիչ Վարդան Սարգսյանի ջանքերը:

ՀՊՏՀ ղեկավարը, շնորհակալություն հայտնելով գործընկերներին համագործակցության պատրաստակամության համար, նշեց, որ Տնտեսագիտական համալսարանում այժմ վերափոխվում են մագիստրոսական կրթական ծրագրերը և փորձառությունների կազմակերպման ձևաչափը, ինչի համատեքստում մեծապես կարևորվում է գործատուների հետ հարաբերությունների հաստատումը: Այս ծրագիրը ևս, Դիանա Գալոյանի խոսքով, մեծ հնարավորություն է ընձեռում ուսանողներին ոչ միայն ստանալ անհրաժեշտ գիտելիքներ, այլև՝ մասնակցել արդյունավետ փորձառությունների:

«ԱՐՓԻՆԵՏ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանը, ևս շնորհակալություն հայտնելով փոխգործակցության համար, նշեց, որ սույն համագործակցությունը նորարարություն է և գործատուի համար շատ կարևոր խնդիր է լուծում: Նրա խոսքով՝ մասնակցելով համալսարանական կրթությանը՝ կազմակերպությունը կկարողանա ուսանողներին փոխանցել իր համար անհրաժեշտ հմտությունները և հետագայում ավելի դյուրին կերպով նորավարտներին կընդունի աշխատանքի:

«Հայաստանի օպերատորների միություն» հասարակական կազմակերպության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը համագործակցությունը համարեց նշանակալի՝ ընդգծելով, որ այն կրթական և բիզնես հատվածների սերտ գործակցության հրաշալի հնարավորություն է, որի արդյունքում կազմակերպությունների ներկայացուցիչները ուսուցման նոր մեթոդներով ուսանողներին կհաղորդեն աշխատաշուկայում հաստատվելու համար անհրաժեշտ գիտելիքներ: «Շնորհակալ եմ համագործակցության համար և լիահույս եմ, որ շատ շուտով մենք կունենանք իրենց ուժերին վստահ, աշխատանքին պատրաստ, անհրաժեշտ հմտություններով և գիտելիքներով օժտված մասնագետներ»,- ասաց Քրիստինե Գյոնջյանը:

Վերջում ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը ծրագրի իրագործման համար շնորհակալություն հայտնեց ՀՊՏՀ տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ Վարդան Սարգսյանին, արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանին, շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի պետ Աղավնի Հակոբյանին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին