Նոր համակարգ՝ ՀՊՏՀ քննական գործընթացում
ՀՊՏՀ-ում գործարկվել է համահամալսարանական դասընթացների համակարգչային քննությունների հերթերի կառավարման նոր համակարգ, որն աննախադեպ է ոչ միայն մեր համալսարանի, այլև Հայաստանի մյուս բուհերի համար: Համակարգը գործարկվում է ապրիլի 6-ից մեկնարկած և այժմ ընթացող 2016-2017 ուսումնական տարվա առկա բակալավրիատի 2-րդ և 3-րդ կուրսերի 2-րդ կիսամյակի միջանկյալ ստուգումների ժամանակ:
Այսօր համակարգի ներդրման և գործարկման աշխատանքներին ծանոթանալու համար քննասենյակներ այցելեց ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը: Այսօր շուրջ 100 ուսանողներ քննություններ էին հանձնում մարքեթինգ և հաշվապահական հաշվառում առարկաներից: Ռեկտորը տեղում ծանոթացավ նոր համակարգի աշխատանքներին, գործընթացի պատասխանատուներից հետաքրքրվեց, թե ինչպես են ուսանողները վերաբերվել նոր համակարգի ներդրմանը՝ ի պատասխան ստանալով դրական արձագանքներ:
ՀՊՏՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց, որ նոր համակարգի, այն է՝ ժամանակակից տերմինալների ներդրման շնորհիվ հնարավոր է դարձել ընդամենը 5 րոպեում միաժամանակ 5 քննասենյակում ապահովել մինչև 150 ուսանողների բաշխվածություն, ինչը շատ արագ կանոնակարգում է քննական ընթացքը։
ՀՊՏՀ ուսումնական բաժնի պետ Աղավնի Հակոբյանի խոսքով՝ համակարգի գործարկմամբ բարձրացել է քննությունների կազմակերպման արդյունավետությունը, քննական գործընթացը դարձել է անհամեմատ պատշաճ և հաջողվել է ոչ միայն խուսափել ուսանողների կուտակումներից, ավելորդ իրարանցումից, այլև նվազագույնի հասցնել քննասենյակում միևնույն դասընթացից քննություն հանձնող ուսանողների թիվը: Աղավնի Հակոբյանը նաև հավաստիացրեց, որ այս կիսամյակում համահամալսարանական դասընթացների թեստային շտեմարանները արդիականացվել են՝ համալրվելով նոր հարցերով և առաջադրանքներով: Նա վստահեցրեց, որ այսուհետ ուսումնական բաժինը տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ հետևողականորեն շարունակելու է քննական գործընթացի արդյունավետության բարձրացման աշխատանքները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին