Ինչպե՞ս է հեղափոխությունն ազդել զբոսաշրջության վրա
Ինչպե՞ս է հեղափոխությունն ազդել զբոսաշրջության վրա
Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների՝ 2018թ. ՀՀ է ժամանել 1.651.782 զբոսաշրջիկ, իսկ ՀՀ-ից մեկնել է 1.622.791 զբոսաշրջիկ: Նախորդ տարվա համեմատ ժամանողների թիվն աճել է 10.5%-ով:
ՀՀ ներգնա և արտագնա զբոսաշրջիկների թիվը, 2009-2018թթ.
Երբ դիտարկում ենք ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թվի աճի ցուցանիշները, ապա պարզ է դառնում, որ նախորդ տարվա համեմատ մեծ աճ եղել 2010թ.-ին՝ 18.9%, 2013թ.-ին՝ 28.2% և 2017թ.-ին՝ 18.7%:
ՀՀ ներգնա զբոսաշրջիկների թվի աճի ցուցանիշները, 2010-2018թթ.
2018թ-ին միջազգային զբոսաշրջիկների ներգրավման և միջազգային զբոսաշրջային շուկայում հայկական զբոսաշրջային ապրանքի առաջ մղման ուղղությամբ կատարված աշխատանքները քննարկելիս մեր նախորդ վերլուծականներում արդեն ներկայացրել ենք, որ զբոսաշրջության մարքեթինգային քաղաքականության շրջանակներում կազմակերպվել է օտարերկրյա 50 ԶԼՄ ներկայացուցիչների և բլոգերների լրագրողների ճանաչողական այց Հայաստան տարբեր թիրախային շուկաներից՝ Լիբանան, Ռուսաստան, Ֆրանսիա, Հնդկաստան, Չինաստան, որի արդյունքում նրանց կողմից տպագրվել է 100-ից ավելի հոդված և հրապարակում, նկարահանվել են 15-ից ավելի տեսանյութեր՝ 3 մլն-ից ավելի դիտումներով:
2018թ. ընթացքում Հայաստանը մասնակցել է 6 միջազգային ցուցահանդեսի՝ Իրանի 11-րդ Titex Expo 2018 ցուցահանդեսին, ITB Berlin 2018, ATM Dubai 2018, Japan 2018 Expo, WTM London 2018 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին, Profi.Travel / OTM CIS and Georgia առցանց ցուցահանդեսին: ՀՀ-ում կազմակերպվել են 30-ից ավելի փառատոններ:
Անցած տարվա ընթացքում www.armenia.travel կայքը հասանելի է եղել անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով, ունեցել է 720000-ից ավելի այցելուներ: Այս պահին ինստագրամում էջն ունի 41000-ից ավելի հետևորդ, իսկ ֆեյսբուքում՝ 62000-ից ավելի հետևորդ և 61000-ից ավելի հավանություն:
Այժմ դիտարկենք 2018թ. զբոսաշրջային այցելություններն ըստ եռամսյակների և դա համեմատենք նախորդ երկու տարիների ցուցանիշների հետ (Աղյուսակ 1):
2018թ. առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 346458 մարդ, ինչը 2017թ. առաջին եռամսյակի համեմատությամբ աճել է 16%-ով, իսկ 2016թ. առաջին եռամսյակի համեմատ՝ 37%-ով:
2018թ. երկրորդ եռամսյակում Հայաստան է այցելել 339521 մարդ, ինչը 2017թ. երկրորդ եռամսյակի համեմատությամբ աճել է շուրջ 5%-ով, իսկ 2016թ. երկրորդ եռամսյակի համեմատ՝ շուրջ 37%-ով:
2018թ. երրորդ եռամսյակում Հայաստան է այցելել 589230 մարդ, ինչը 2017թ. երրորդ եռամսյակի համեմատությամբ աճել է շուրջ 7%-ով, իսկ 2016թ. երրորդ եռամսյակի համեմատ՝ շուրջ 26%-ով:
2018թ. չորրորդ եռամսյակում Հայաստան է այցելել 376573 մարդ, ինչը 2017թ. չորրորդ եռամսյակի համեմատությամբ աճել է շուրջ 16.8%-ով, իսկ 2016թ. չորրորդ եռամսյակի համեմատ՝ շուրջ 29.5%-ով:
2018թ. երկրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատ ներգնա զբոսաշրջիկների թիվը նվազել է շուրջ 2%-ով, իսկ 2017թ. երկրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատ ներգնա զբոսաշրջիկների թիվն աճել էր շուրջ 8,5%-ով, 2016թ.՝ նվազել 1,5%-ով: 2018թ. երրորդ եռամսյակում երկրորդ եռամսյակի համեմատ ներգնա զբոսաշրջիկների թիվն աճել է շուրջ 74%-ով, իսկ 2017թ. երրորդ եռամսյակում երկրորդ եռամսյակի համեմատ ներգնա զբոսաշրջիկների թիվն աճել էր շուրջ 70%-ով, 2016թ.՝ աճել էր շուրջ 88%-ով: 2018թ. չորրորդ եռամսյակում երրորդ եռամսյակի համեմատ ներգնա զբոսաշրջիկների թիվը նվազել է շուրջ 36%-ով, իսկ 2017թ. չորրորդ եռամսյակում երրորդ եռամսյակի համեմատ ներգնա զբոսաշրջիկների թիվը նվազել էր շուրջ 41%-ով, 2016թ.՝ նվազել էր շուրջ 38%-ով:
Եթե դիտարկենք նաև վճարային հաշվեկշռի ճանապարհորդության կրեդիտի թվերը ըստ եռամսյակների (Աղյուսակ 2), ապա կտեսնենք, որ 2018թ. առաջին եռամսյակում ՀՀ ներգնա զբոսաշրջիկները ծախսել են 714 դոլար, երկրորդ եռամսյակում՝ 703 դոլար, երրորդ եռամսյակում՝ 746 դոլար (երեք եռամսյակների համար՝ միջինը 721 դոլար, նշենք, որ չորրորդ եռամսյակի վճարային հաշվեկշռի տվյալները դեռ առկա չեն, իսկ 2017թ. զբոսաշրջիկների միջին ծախսը տարեկան կտրվածքով կազմել էր 749 դոլար):
Իսկ ինչպե՞ս ազդեց 2018թ. գարնան թավշյա հեղափոխությունը զբոսաշրջության վրա: Դեռ գարնանն անդրադարձել ենք ՀՀ-ում հեղափոխական զբոսաշրջության զարգացման հնարավորություններին, ներկայացրել կարմիր զբոսաշրջությունը Ռուսաստանում և Չինաստանում: 2018թ. ներգնա զբոսաշրջության թվերը վկայում են, որ զբոսաշրջիկների կտրուկ աճ չի եղել ՀՀ-ում (10,5% նախորդ տարվա 18,7%-ի դիմաց): Իհարկե ակնկալել, թե այս տարի աճը պետք է զգալի լիներ, նաև սխալ կլինի, քանի որ թավշյա հեղափոխության իրականացումը շատ զբոսաշրջիկների համար կարող է հետաքրքիր լինել և այցելության խթան հանդիսանալ, շատերի մոտ էլ կարող է բացասական արձագանք առաջացնել, որոնք կվախենան հնարավոր վտանգներից և ռիսկերից: Իհարկե ռիսկի առկայությունը կարճաժամկետ բնույթ էր կրում և վերաբերում էր միայն ապրիլ-մայիս ամիսներին, սակայն դա ևս հնարավոր է ազդեցություն ունենա այն հանգամանքի վրա, որ 2018թ. երկրորդ եռամսյակում 2017թ. երկրորդ եռամսյակի համեմատ ժամանողների թիվն աճել է 5%-ով, այն դեպքում, երբ 2017թ. երկրորդ եռամսյակում 2016թ. երկրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել էր 30%:
Պետք է նաև ընդունենք, որ 2017թ. զբոսաշրջության ոլորտի 18,7% աճը 2016-2017թթ. իրականացված մարքեթինգային միջոցառումների արդյունք էր:
Ինչ խոսք, մեր հեղափոխությունը դրական արձագանք ունեցավ միջազգային մամուլում, և դրան հաջորդող 9 ամիսների կտրվածքով զբոսաշրջության թվերը միայն կարճաժամկետում են տալիս ստացված պատկերը: Միևնույն ժամանակ կարծում ենք, որ այս ընթացքում պետք է մշակվեր համապատասխան հեղափոխական զբոսաշրջային արդյունք (այս մասին արդեն խոսել ենք նախորդ վերլուծականներից մեկում), դա ակտիվ գովազդել, ինչն իհարկե դեռ կարելի է անել, քանի դեռ շատ ժամանակ չի անցել և հետաքրքությունը չի կորել:
Հարկ ենք համարում նաև ներկայացնել հետևյալ հետաքրքաշարժ վիճակագրությունն առ այն, որ ՄԱԿ-ի ԶՀԿ-ի տվյալները ցույց են տալիս, որ չնայած պատերազմական գործողություններին և քաղաքական անկայուն վիճակին՝ մի շարք երկրներում զբոսաշրջիկների հոսքն աճում է: Օրինակ, 2017թ. Պաղեստինում օկուպացված տարածքներում միջազգային զբոսաշրջիկների աճը կազմել է 57,8%: Եգիպտոսում որտեղ 2015թ. ռուսական ինքնաթիռի վթարից հետո, որը համարվեց ահաբեկչություն, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հրաժարվեցին այս տարածաշրջան թռիչքներից, միջազգային զբոսաշրջիկների թիվն աճել է 51%-ով՝ 2017թ. հասնելով 8 մլն-ի (2010թ.ին 14 մլն է եղել): Թունիսում, որտեղ 2010-2011թ. հեղափոխություն եղավ, իսկ 2015թ. Սոուս լողափում զինված մարդասպանը սպանեց 38 մարդու, 2017թ. զբոսաշրջիկների թիվն աճել է 32,5%-ով՝ հասնելով 7,5 մլն-ի: Նիկարագուայում, որը հայտնի է իր հեղափոխական անցյալով, զբոսաշրջիկների աճը 2017թ. կազմել է 28,4%՝ հասնելով 2 մլն-ի: Իսրայելում զբոսաշրջիկների թիվը 2017թ. աճել է 25,1%-ով՝ հասնելով 3,7 մլն մարդու: Իսրայելն ու Պաղեստինը համարվում են Մերձավոր Արևելքի ամենաարագ աճող ուղղությունները:
Անշուշտ, Հայաստանյան խաղաղ հեղափոխության իրականացումը կարող է հետաքրքիր լինել զբոսաշրջիկներին և խնդիրը միայն հասցեական ու նպատակային մարքեթինգի իրականացումն է՝ Հայաստանը ներկայացնելով որպես ապահով ու անվտանգ երկիր, խաղաղ հեղափոխություն կատարած երկիր:
Ինչպես նախկինում նշել էինք՝ զբոսաշրջիկների համար այցելության երթուղին կարող է ներառել այն քաղաքները, որտեղ կատարվել են քայլերթերը՝ Գյումրի, Վանաձոր, Սպիտակ, Դիլիջան, Սևան, Հրազդան, Աբովյան, Երևան: Այցելության վայր կարող է լինել նաև ՀՀ Ազգային ժողովը, նախագահի, վարչապետի նստավայրերը (աշխարհի մի շարք երկրներում օրվա որոշակի ժամերի նման պետական հիմնարկները ընդունում են զբոսաշրջիկների, ուստի մենք ևս որոշ աշխատասենյակներ կարող ենք ներառել զբոսաշրջային այցերի ծրագրում, ինչից նաև լրացուցիչ գումար կստանանք: Նշենք, որ այսօր արդեն Ազգային Ժողովի և Վարչապետի նստավայրերի բակերի մուտքերն ազատ են այցելությունների համար):
Այսպիսով, լավ մարքեթինգի պարագայում հնարավոր է հեղափոխության արդյունքում ավելացնել զբոսաշրջիկների թիվը, ներգրավել նոր ներդրումներ, մեծացնել երկրի իմիջը դրսում, և այլն: Ուստի հուսանք, որ երկարաժամկետում կտեսնենք հեղափոխության դրական ազդեցությունը և´ զբոսաշրջիկների թվի աճի, և´ ներդրումների ու տնտեսական աճի վրա: