Հեղափոխական զբոսաշրջություն. Նոր հնարավորությո՞ւն Հայաստանի համար
Հեղափոխական զբոսաշրջություն. Նոր հնարավորությո՞ւն Հայաստանի համար
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐՈՒՅԹ ՀՀ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ
Հեղափոխական զբոսաշրջությունը կարող ենք բնութագրել որպես զբոսաշրջության այն տեսակը, որի դեպքում զբոսաշրջիկներն այցելում են այնպիսի երկրներ կամ քաղաքներ, որտեղ տեղի է ունեցել կամ ունենում հեղափոխություն՝ դրան մասնակցելու կամ զուտ ականատեսը լինելու նպատակով:
Ներկայումս կա «կարմիր զբոսաշրջություն» հասկացությունը, որը համարվում է զբոսաշրջության տեսակ Ռուսաստանում և Չինաստանում: Այս դեպքում զբոսաշրջիկներն այցելում են պատմական վայրեր, որոնք կապված են կոմունիստական կուսակցության պատմության, կոմունիստական առաջնորդների և նրանց հեղափոխական անցյալի հետ: Օրինակ` Ռուսաստանում այդպիսիք համարվում են Լենինի բնակության, Հոկտեմբերյան հեղափոխության և Խորհրդային միության կոմունիստական կուսակցության իրադարձությունների վայրերը: Չինաստանում հիմնական այցելությունները տեղի են ունենում այն պատմական վայրերում, որոնք կապված են Մաո Ցզեդունի կյանքի, այլ կոմունիստական առաջնորդների և երկրի հեղափոխական անցյալի հետ: Կարմիր զբոսաշրջության չինական երթուղիները մշակվել են երկրի իշնանությունների կողմից՝ Չինաստանի քաղաքացիների համար, իսկ ռուսական կարմիր երթուղիները հիմնականում գրավում են չինացի զբոսաշրջիկների ուշադրությունը:
Կարմիր զբոսաշրջությունը որպես երևույթ առաջացել է 1949թ., երբ չինացիները սկսեցին ուխտագնացություն կատարել կոմունիստական կուսակցության սուրբ վայրեր՝ հեղափոխական ոգով ապրելու և 1934-1936թթ. չինացի կոմունիստների մեծ քայլը կրկնելու համար:
«Կարմիր զբոսաշրջություն» հասկացությունն առաջացել է 2004թ. Չինաստանում, երբ մշակվեց ազգային ծրագիր ներքին զբոսաշրջության զարգացման համար: Ծրագրում ներառվեցին 30 երթուղի և այցելության շուրջ 100 օբյեկտ: Ծրագիրն ուղղված էր և´ բնակչության ազգային ոգին բարձրացնելուն, և´ երկրի ավելի աղքատ շրջանների տնտեսական զարգացման խթանմանը: Ներկայումս չինական կարմիր զբոսաշրջության օբյեկտներն ընդունում են տարեկան շուրջ 700 մլն զբոսաշրջիկ:
Ռուսաստանում կարմիր զբոսաշրջության զարգացման խթան հանդիսացավ չինացի զբոսաշրջիկների հոսքը՝ պայմանավորված 2006թ. ստորագրված միջկառավարական համաձայնագրով, որը թույլ էր տալիս խմբային զբոսաշրջային այցելություններն իրականացնել առանց մուտքի արտոնագրի: Ռուսական առաջին կարմիր երթուղին չինացի զբոսաշրջիկներին ներկայացվեց 2013թ.: 2017թ. 1.5 մլն չինացի զբոսաշրջիկ է այցելել Ռուսաստան և նախատեսվում է չինացի զբոսաշրջիկների թիվը հասցնել տարեկան մինչև 5 մլն-ի: Նշենք նաև, որ կարմիր զբոսաշրջությունը ներառվել է մինչև 2020թ. Ռուսաստանի զբոսաշրջության զարգացման ռազմավարության մեջ:
Այժմ անդրադառնանք Հայաստանում հեղափոխական զբոսաշրջության զարգացման հնարավորություններին: 2018թ. ապրիլ-մայիս ամիսների իրադարձությունները և խաղաղ ու անարյուն հեղափոխության իրականացումը օրեր շարունակ արտասահմանյան մամուլի ու հեռուստաընկերությունների ուշադրության կենտրոնում էր գտնվում: Բոլորը զարմանքով ու հիացմունքով էին նշում Հայաստանի օրինակը՝ որպես եզակին համաշխարհային պատմության մեջ, որը տեղի ունեցավ խաղաղ եղանակով:
Պետք է նշել, որ հեղափոխությունը սկսվեց մարտի 31-ին Գյումրիից՝ «Իմ քայլը» ակցիայով, այնուհետև շարունակվեց Վանաձոր, Սպիտակ, Դիլիջան, Սևան, Հրազդան, Աբովյան քաղաքներում (ընդհանուր առմամբ 200կմ ճանապարհ, 300 հազար քայլ): Ապրիլի 13-ին շարժման մասնակիցները հասան Երևան, որտեղ ևս 10 օր շարունակ տեղի էին ունենում բողոքի ակցիաները: Մայիսի 8-ին կայացած վարչապետի ընտրություններով ավարտվեց հեղափոխական շարժումը:
Իսկ ի՞նչ ազդեցություն այն ունեցավ և կունենա զբոսաշրջային այցելությունների վրա: Բնականաբար այդ օրերին շատ զբոսաշրջիկներ, որոնք արդեն պլանավորել էին իրենց այցը Հայաստան, ունեցան մտավախություն այցելության հետ կապված: Ըստ տարբեր զբոսաշրջային կազմակերպությունների կողմից հրապարակված տեղեկատվության՝ եղան զբոսաշրջային խմբեր, որոնք չեղարկեցին այցը, եղան նաև այցելության ժամկետի փոփոխություններ, և եղան այնպիսի զբոսաշրջիկներ, որոնք չհրաժարվեցին այցելությունից: Ավելին, պետք է նշել, որ զբոսաշրջիկները մեծ խանդավառությամբ էին հետևում հայերի բողոքների ակցիաներին, կազմակերպած երթերին, փողոցների փակման գործողություններին, և այլն, նույնիսկ մասնակցում էին դրանց (օրինակ չինացի զբոսաշրջիկների մի խումբ հայ ցուցարարների հետ միասին փակել էին Թումանյան փողոցը): Զբոսաշրջիկները տեսանկարահանում ու տեղադրում էին սոցիալական կայքերի իրենց էջերում, թե ինչպես էին հայ ցուցարարները երգում, պարում, խորոված պատրաստում փողոցներում՝ ներկայացնելով դա որպես հեղափոխության յուրահատուկ հայկական ոճ: Հայաստան այցելության հիմնական մտավախությունը հնարավոր վտանգն էր, սակայն այցելած զբոսաշրջիկները համոզվեցին, որ իրականում իրենք կարող են հանգիստ, ապահով ու անվտանգ զբոսնել քաղաքի փողոցներով, օգտվել հյուրանոցների, ռեստորանների ծառայություններից, և այլն:
Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների՝ 2018թ. առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 346,458 ներգնա զբոսաշրջիկ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թիվն աճել է 16.1%-ով):
Հաշվի առնելով վերոնշյալը, կարող ենք ասել, որ 2018թ. երկրորդ եռամսյակում զբոսաշրջիկների թվի աճը գուցե մեծ չլինի՝ կապված հեղափոխության կարճաժամկետ ազդեցության հետ: Սակայն երկարաժամկետում այդ ազդեցությունը կարող է փոխվել և արձանագրել դրական միտումներ՝ հաշվի առնելով խաղաղ ելքերը և դրանց արձանագրումը միջազգային լրատվամիջոցներով:
Ավելին, պետք է նշել, որ եղածը կարող է դրական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի հեղինակության վրա, քանի որ Հայաստանի օրինակին հետևելով բողոքի ակցիաներ եղան նաև Ֆրանսիայում, Ռուսաստանում՝ պահանջելով նախագահների հրաժարականը: Ընդ որում, ռուս ցուցարարները վանկարկում էին «հայերը կարողացան, մենք էլ կկարողանանք» կարգախոսը, շատերն իրենց ձեռքերում պահում էին Հայաստանի դրոշը՝ որպես խաղաղ փոփոխությունների խորհրդանիշ և առաջնորդվում հայկական ոգով:
Այս ամենը պետք է օգտագործել ի շահ Հայաստանի զբոսաշրջության զարգացման՝ ներկայացնելով Հայաստանը որպես խաղաղ ու ապահով երկիր, ընդ որում այն կարող է նաև հետաքրքիր լինեն չինացի ու ռուս զբոսաշրջիկներին (որոնք հատկապես հետաքրքրված են իրենց կարմիր զբոսաշրջությամբ), որոնք կայցելեն Հայաստան՝ որպես խաղաղ հեղափոխություն կատարած երկիր:
Զբոսաշրջիկների համար այցելության երթուղին կարող է ներառել այն քաղաքները, որտեղ կատարվել են քայլերթերը՝ Գյումրի, Վանաձոր, Սպիտակ, Դիլիջան, Սևան, Հրազդան, Աբովյան, Երևան: Բացի այդ, հեղափոխության խորհրդանիշ դարձած մի շարք իրեր արդեն վաճառքում են, որոնք կարող են հետաքրքրել զբոսաշրջիկներին՝ որպես հուշանվերներ (վարչապետի նկարով և «դուխով» բառով գլխարկներ, վերնաշապիկներ, պայուսակներ, և այլն): Այցելության վայր կարող է լինել նաև ՀՀ Ազգային ժողովը, նախագահի, վարչապետի նստավայրերը (աշխարհի մի շարք երկրներում օրվա որոշակի ժամերի նման պետական հիմնարկները ընդունում են զբոսաշրջիկների, ուստի մենք ևս որոշ աշխատասենյակներ կարող ենք ներառել զբոսաշրջային այցերի ծրագրում, ինչից նաև լրացուցիչ գումար կստանանք):