Ինչպիսի՞ն էր ՀՀ զբոսաշրջության ոլորտը 2017 թվականին
Ինչպիսի՞ն էր ՀՀ զբոսաշրջության ոլորտը 2017 թվականին
Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների՝ 2017թ. ՀՀ է ժամանել 1.494.779 զբոսաշրջիկ, իսկ ՀՀ-ից մեկնել է 1.481.755 զբոսաշրջիկ[1]: Նախորդ տարվա համեմատ ժամանողների թիվն աճել է 18.7%-ով: 2017թ. զբոսաշրջիկների թվի հիմնական աճ ապահովել են ՌԴ-ն, Վրաստանը, Իրանը, ԱՄՆ-ն, Ուկրաինան: 2017թ. ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 1.086.707 մարդ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 10.9%-ով[2]:
Եթե դիտարկենք ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թվի փոփոխությունը, ապա ակնհայտ է, որ նախորդող տարվա համեմատ աճի մեծ ցուցանիշ ապահովվել է 2010թ.-ին՝ 18.9%, 2013թ.-ին՝ 28.2% և 2017թ.-ին՝ 18.7%: Միակ տարին երբ ներգնա զբոսաշրջիկների թվի անկում է գրանցվել 2015 թվականն է (1%-ով), չնայած այն հանգամանքին, որ 2015 թվականին են իրականացվել Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները և Համահայկական խաղերը: Ուշագրավ է, որ 2015 թվականի անկումը հիմնականում մեկնաբանվում էր Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի նվազմամբ:
Ներգնա և արտագնա զբոսաշրջիկների ընդհանուր թվաքանակի հաշվարկման համար հիմք են հանդիսանում սահմանային անցման կետերում ուղևորների հաշվառման արդյունքում արձանագրված` ՀՀ ժամանողների և ՀՀ-ից մեկնածների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ստացված ՀՀ ազգային անվտանգության ծառայության ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով, ինչպես նաև ԱՎԾ կողմից 2013թ. իրականացված «Ժամանողների և մեկնողների ընտրանքային հետազոտության» արդյունքները: Այս հետազոտության ընթացքում շուրջ 22100 անձանց շրջանում կատարված հարցումների հիման վրա ձևավորված գործակիցները հիմք են հանդիսացել այդ և հետագա տարիներին զբոսաշրջիկների թվի հաշվարկի համար: Բնական է, որ արդյունքներն այդքան էլ ճշգրիտ չեն ստացվի, ուստի ներկայումս մշակվել է նախագիծ՝ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ)[1] ներդրման համար: Ճշգրիտ վիճակագրության առկայությունը, բնականաբար, կնպաստի նաև ոլորտի հետազոտությունների իրականացման, զարգացման հիմնախնդիրների վերլուծության արդյունավետության բարձրացմանը:
2017թ. մշակվել են «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը, Զբոսաշրջության զարգացման 2017-2022թթ. հայեցակարգի, Սպորտային զբոսաշրջության զարգացման հայեցակարգի նախագծերը, «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությունը: 2017թ.-ին ստեղծվել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը, որն ըստ կանոնադրության աջակցում է ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեին՝ իրականացնելու զբոսաշրջության ոլորտի մարքեթինգային քաղաքականությունը, ապահովելու համաշխարհային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ և բարենպաստ զբոսաշրջային երկրի նկարագրի ամրապնդումը, զարգացումն ու խթանումը, ապահովելու հայկական զբոսաշրջային արդյունքի և դրա շուկաների դիվերսիֆիկացումը, նոր, մրցունակ զբոսաշրջային արդյունքների ձևավորումն ու խթանումը[2]:
2017թ. կատարված աշխատանքների հետ կապված նշենք, որ զբոսաշրջության մարքեթինգային քաղաքականության շրջանակներում կազմակերպվել է օտարերկրյա 102 լրագրողների ճանաչողական այց Հայաստան աշխարհի 11 երկրներից (ՌԴ, ԱՄՆ, Գերմանիա, Իսրայել, Ուկրաինա, Ֆիլիպիններ, Չինաստան, Կորեա, Լիտվա, Ղազախստան, Լիբանան), որի արդյունքում նրանց կողմից տպագրվել է շուրջ 100 հոդված, նկարահանվել են 12 հեռուստաֆիլմեր ու հաղորդումներ Հայաստանի զբոսաշրջային գրավչությունների մասին, որոնք ցուցադրվել են ՝ National Geographic Russia, CNN-Anthony Bourdain, Travel&Leisure, Россия24, НТВ, ОРТ լրատվամիջոցներով: 2017թ. ընթացքում Հայաստանը մասնակցել է 5 միջազգային ցուցահանդեսի Իրանում, Գերմանիայում, ՌԴ-ում և Ղազախստանում (ITB, World Expo Astana, Iran-TITE, Отдых, Астрахань 2017): Իրականացվել է սահմանային անցման գործընթացի դյուրացում ՌԴ-ի, Չինաստանի, ԱՄԷ-ի, Ճապոնիայի, Հնդկաստանի, Քաթարի քաղաքացիների համար:
Հայաստանի մարզերում 4 տեղեկատվական կենտրոններ են գործարկվել Գորիսում, Սևանում (շարժական), Գառնիում, Դիլիջանում, նոր կենտրոններ են բացվել Գյումրիում և Մեղրիի ազատ տնտեսական գոտում: 2017թ. կազմակերպվել են փառատոններ. Գորիսում՝ «Սյունյաց ավանդույթներ» փառատոնը, Դիլիջանում՝ «Մշակութային վերածնունդ» խորագրով գորգագործության և դեկորատիվ-կիրառական արվեստների փառատոնը, Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում՝ «Գաթայի» փառատոնը, Արենիում՝ Գինու ավանդական փառատոնը, Ախթալայում՝ ավանդական ուտեստների մրցույթ փառատոնը և այլն:
Անցած տարվա ընթացքում ամենակարևոր քայլերից մեկը armenia.travel կայքի գործարկումն էր, որը թույլ է տալիս պաշտոնական տեղեկատվություն տրամադրել զբոսաշրջիկներին ՀՀ-ի մասին: Կայքը 1 ամսվա ընթացքում ունեցել է 530.000 այցելություն 144 երկրից: Այս առումով նշենք, որ նախկինում Հայաստանի զբոսաշրջության մասին առկա պաշտոնական տեղեկատվական կայքը վերջին անգամ թարմացվել էր 2013թ., այսինքն 4 տարի մենք նման կայք չունեինք մինչ այս կայքի գործարկումը: Իսկ այս կայքի հետ կապված, կարծում ենք, որ տեղեկատվությունը սահմանափակ է (գուցե դեռ մշակման ու տեղեկատվության լրացման փուլում է): Կարծում ենք՝ եղած տեղեկատվությունը պետք է ավելացնել: Օրինակ կրոնական վայրեր խորագրի տակ շատ քիչ վանական համալիրներ են ներկայացված՝ սահմանափակ տեղեկատվությամբ: Նույն կերպ առողջարանային զբոսաշրջության վերաբերյալ տեղեկատվությունը ևս խիստ սահմանափակ է՝ ներկայացնելով միայն հանքային ջրերի վերաբերյալ հակիրճ ընդհանուր տեղեկատվություն: Այնինչ ՀՀ Առողջապահության նախարարության «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից Հայաստանում առանձնացվել են 10 կուրորտային գոտիներ, որոնք ունեն առողջարանային զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ բոլոր բնական բուժիչ ռեսուրսները (հանքային ջրեր, բուժիչ ցեխեր և տորֆեր, կլիմայաբուժության կազմակերպման համար բարենպաստ կլիմայական պայմաններ), որոնց վերաբերյալ տեղեկատվությունը ևս կարելի է մանրամասն ներկայացնել: Կարելի է նաև ներկայացնել Հայաստանի խոշոր քաղաքները՝ իրենց զբոսաշրջային գրավչություններով՝ քաղաքային զբոսաշրջության զարգացման խթանման համար: Նշենք նաև, որ կայքը դեռ միայն անգլերեն լեզվով է, հուսանք այն կլինի նաև ռուսերեն, իսպաներեն, ֆրանսերեն և այլ լեզուներով:
2017թ. պետական բյուջեից զբոսաշրջության ոլորտին հատկացվել էր 100 մլն դրամ, իսկ 2018թ. պետական բյուջեի մասին օրենքով՝ 272 մլն դրամ[3]: Նշենք, որ «2017թ. զբոսաշրջության մրցունակության զեկույցում» ՀՀ-ը զբոսաշրջիկների ներգրավմանն ուղղված մարքեթինգի և բրենդինգի ցածր արդյունավետության ցուցանիշով 95-րդ տեղում է: Հուսանք 2018թ.-ին ՀՀ զբոսաշրջային գրավչությունն արտերկրում ներկայացնելու նպատակով նշված ուղղություններով աշխատանքների շարունակական իրականացումը (լրագրողների ճանաչողական այցերի կազմակերպում, ցուցահանդեսներին մասնակցություն, փառատոնների կազմակերպում) կտա ցանկալի արդյունք, և հնարավոր կլինի ապահովել ներգնա զբոսաշրջային այցելությունների առնվազն 15% աճ` 2018թ. այցելությունների թիվը հասցնելով առնվազն 1.725.0 հազարի[4], իսկ 2022թ. ունենալ ՀՀ կառավարության 2017-2022թթ. իրականացվելիք միջոցառումների արդյունքում ակնկալվող 3 մլն զբոսաշրջիկ: Սակայն նախորդ տարիներին զբոսաշրջիկների թվի արձանագրված աճը ցույց է տալիս, որ 2017թ.-ին արձանագրված աճը չի կարելի բացառիկ իրադարձություն և անակնկալ համարել, ուստի անհրաժեշտ է առավել խորը վերլուծել դեպի Հայաստան այցելությունների աճին նպաստած գործոնները, դրանք համադրել նախորդող ժամանակահատվածներում արձանագրված աճին նպաստող գործոնների հետ: Միայն աճին նպաստող և այն զսպող գործոնների խոր իմացությամբ է հնարավոր մշակել ավելի լայնածավալ, համալիր և ամենակարևորը հասցեական միջոցառումներ՝ զբոսաշրջության զարգացման համար:
2018թ. Երևանը կդառնա 2800 տարեկան: Այս հանգամանքը պետք է շահեկան օգտագործել և ակտիվ գովազդել Երևանը՝ որպես աշխարհի հնագույն քաղաքներից մեկը՝ տոնակատարություններին ներգնա շատ զբոսաշրջիկներ բերելու համար: Դրանից բացի, ՀՀ–ն արտերկրում պետք է ներկայացնել նաև որպես վաղ շրջանի քրիստոնեական ճարտարապետություն ունեցող երկիր (այլ ոչ թե միայն առաջին քրիստոնյա երկիր), աշխարհում հայտնի ազգությամբ հայերի հայրենիք (ինչի մասին տեղեկատվությունը ևս պետք է ներառվի www.armenia.travel կայքում): Մարքեթինգային քաղաքականության արդյունավետության բարձրացումը կնպաստի ՀՀ-ում զբոսաշրջության զարգացմանը բոլոր տեսակներով՝ կրոնական, պատմամշակութային, արկածային, գաստրոնոմիական, առողջարանային, քաղաքային, ագրո և էկո, սպորտային, գիտական, կրթական, և այլն:
- ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2017թ. հունվար-դեկտեմբերին, էջ 132
- ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2018թ. հունվարին, էջ՝ 97
- Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության վիճակագրության վարման մեթոդի կատարելագործմանն ուղղված միջոցառումների մասին
- ՀՀ կառավարություն որոշում, 29 հունիսի 2017 թվականի N 785-Ն, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամ ստեղծելու, ՀՀ 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու և ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեին գումար հատկացնելու մասին
- ՀՀ օրենքը ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին՝ ընդունված 2017 թվականի դեկտեմբերի 8-ին
- ՀՀ Կառավարության 2018թ. Բյուջետային ուղերձ, էջ՝ 6, Երևան 2017թ.