Չինաստանը որպես նպատակային զբոսաշրջային շուկա Հայաստանի համար
Չինաստանը որպես նպատակային զբոսաշրջային շուկա Հայաստանի համար
Վերջին տարիներին Հայաստանում գրանցվում է զբոսաշրջության ոլորտի զարգացում։ Դրան զուգահեռ քայլեր են ձեռնարկվում տարբեր նպատակային շուկաներից զբոսաշրջիկների հոսքը մեծացնելու ուղղությամբ։ Այդպիսի շուկա կարելի է համարել Չինաստանը, որտեղ թիրախային մարքեթինգային միջոցառումներն անհրաժեշտ են Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը լավ ներկայացնելու և զբոսաշրջիկներ ներգրավելու համար։
Մինչ Չինաստանից Հայաստան զբոսաշրջության առկա վիճակը ներկայացնելը՝ հակիրճ անդրադառնանք Չինաստանի վերաբերյալ որոշ տվյալների և չինացիների զբոսաշրջային հետաքրքրություններին։ Ինչպես գիտենք, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը գտնվում է Արևելյան Ասիայում, բնակչության թվով աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը՝ 1,404 մլրդ մարդ, 9.6 մլն քառ. կմ-ով աշխարհի չորրորդ երկիրն է տարածքով՝ Ռուսաստանից, Կանադայից և ԱՄՆ-ից հետո: Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից (Պեկին, Տյանցզին, Շանհայ և Չունցին), երկու գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ և Մակաու) և իր սուվերենությունը պնդող Թայվանից:
2017թ. Չինաստան ներգնա այցելությունների թիվը կազմել է 143 մլն (նախորդ տարվա համեմատ աճել է 3.5%-ով), իսկ արտագնա այցելությունների թիվը՝ 127 մլն այցելություն, միջազգային զբոսաշրջությունից եկամուտները կազմել են 126 մլրդ դոլար: 2017թ. Չինաստանում զբոսաշրջության ուղղակի ազդեցությունը ՀՆԱ-ում եղել է 402.3 մլրդ դոլար (ՀՆԱ-ի 3.3%-ը), իսկ համախառն ազդեցությունը ՀՆԱ-ում՝ 1,349.3 մլրդ դոլար (ՀՆԱ-ի 11.0%-ը): 2017թ. զբոսաշրջության ուղղակի ազդեցությունը զբաղվածությանը կազմել է 28.250.000 աշխատատեղ (զբաղվածության 3.6%-ը), իսկ համախառն ազդեցությունը՝ 79.900.000 աշխատատեղ (զբաղվածության 10.3%-ը): Ներդրումները զբոսաշրջության ոլորտում կազմել են 154.7 մլրդ դոլար: Ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակած «2017թ. Զբոսաշրջության մրցունակության զեկույցի»՝ Չինաստանը 136 երկրների շարքում եղել է 15-րդը՝ 4.72 գործակցով, իսկ Հայաստանը՝ 84-րդը՝ 3.53 գործակցով:
Չինական մեծ պատը, Բուդդայականության և այլ կրոնների ուխտագնացության վայրերը, բազմաթիվ հուշարձանները մշակութային զբոսաշրջության հայտնի վայրեր են Չինաստանում: Զարգացած է նաև առողջարարական զբոսաշրջությունը՝ շնորհիվ չինացի բուժակների, որոնք հազարավոր տարիներ, նաև այժմ, տիրապետում են բժշկական տարբեր մեթոդների: Չինաստանում զարգացած է նաև էկոտուրիզմը, և իհարկե շոփինգ տուրիզմը:
Չինաստան առավել շատ այցելում են Հոնկ Կոնգից, Մակաուից, Թայվանից, ԱՄՆ-ից: Չինացի արտագնա զբոսաշրջիկներն առավել շատ գնում են Թաիլանդ, Հարավային Կորեա, Ճապոնիա, Ինդոնեզիա, Սինգապուր, ԱՄՆ, Մալազիա, Մալդիվներ, Վիետնամ, Ֆիլիպիններ: 2016թ. չինացի զբոսաշրջիկների համար առավել հանրաճանաչ արտասահմանյան թանգարաններից են եղել՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը, Փարիզի Լուվրի թանգարանը, Վատիկանի թանգարանները, Բրիտանական թանգարանը: Չինացի զբոսաշրջիկները շատ գումար են ծախսում նաև բժշկական զբոսաշրջության համար՝ առավել շատ այցելելով Ճապոնիա, Հարավային Կորեա, ԱՄՆ, Թայվան, Գերմանիա, Սինգապուր, Մալազիա, Շվեյցարիա, Թաիլանդ, Հնդկաստան: Չինացի արտագնա զբոսաշրջիկները մեծ ուշադրություն են դարձնում երթևեկությանը (33.7%), տեսարժան վայրերին (20.9%), սննդին (15.4%), առևտրին (6.5%), եղանակին (3.5%), և այլն:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2017թ. ՀՀ է ժամանել 1.494.779 զբոսաշրջիկ (2016թ. համեմատ ցուցանիշն աճել է 18,7%-ով): Նշենք, սակայն, որ Չինաստանից ՀՀ ժամանած և հակառակ ուղղությամբ զբոսաշրջիկների թիվն առկա չէ, այլ միայն Չինաստանից Հայաստան կատարած այցելությունների քանակը, որը ստացվել է ըստ ՀՀ սահմանային անցման կետերի տվյալների (աղյուսակ 1):
Աղյուսակ 1. Չինաստանից Հայաստան կատարած այցելությունների քանակը 2014-2017թթ.
*Տեղեկատվությունը տրամադրել է ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն, որը համարում է, որ այցելությունների գերակշիռ մասը կատարվել է զբոսաշրջային նպատակներով։
Նշենք, որ 2017թ. հոկտեմբերին կազմակերպվել է Չինաստանից լրագրողների ճանաչողական այց Հայաստան: Մինչ օրս մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով զբոսաշրջության ոլորտի պետական և մասնավոր հատվածի մասնագետներ վերապատրաստվել են Չինաստանում: 2018թ. հունիսի 15-18-ը Հայաստանի զբոսաշրջության զարգացման, «Հայաստանի խաղողագործության և գինեգործության» և «Արենի Փառատոն» հիմնադրամները մասնակցել են Չինաստանի Ցինդաո քաղաքում կազմակերպված միջազգային ցուցահանդեսին՝ ներկայացնելով Հայաստանի զբոսաշրջային ներուժը և գինու մշակույթը:
Այժմ 45 երկրի քաղաքացիներ ազատված են ՀՀ մուտքի արտոնագրի ձեռքբերման պահանջից, իսկ Չինաստանը դրանց ցանկում չկա:
Չինաստանի սովորական անձնագիր կրող քաղաքացիներին անհրաժեշտ է ստանալ մուտքի վիզա ՀՀ մուտք գործելու համար: Նրանք մուտքի վիզա կարող են ստանալ ՀՀ սահմանային անցակետերում կամ առցանց` E-VISA համակարգի միջոցով: Դրա համար անհրաժեշտ է ներկայացնել վավեր անձնագիր, լուսանկար, լրացնել դիմումի ձևը, կատարել չվերադարձվող պետական տուրքի վճարում և ներկայացնել այլ ոչ պարտադիր փաստաթղթեր (ավիատոմս, հյուրանոցի ամրագրում, հրավեր և այլն)՝ կախված Հայաստան ժամանելու նպատակից: Քաղաքացու անձնագիրը պետք է վավեր լինի ՀՀ-ում գտնվելու ողջ ընթացքում: Էլեկտրոնային վիզան տրամադրվում է առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում: Չինաստանի դիվանագիտական, ծառայողական, հատուկ անձնագիր կրող քաղաքացիներն ազատված են ՀՀ մուտքի վիզա ստանալու պահանջից:
Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ թռիչք չկա: Հնարավոր կապուղիները տարանցիկ են, որոնք երկար ժամանակահատված են պահանջում: Առանց սպասելաժամանակի՝ Երևանից Մոսկվայով թռիչքը դեպի Շանհայ և Պեկին տևում է միջինը 12-14 ժամ, Նովոսիբիրսկով թռիչքը դեպի Պեկին տևում է միջինը 11 ժամ, Դոհայով թռիչքը դեպի Շանհայ և Պեկին՝ միջինը 11 ժամ, Դուբայով թռիչքը դեպի Պեկին՝ միջինը 11 ժամ, և այլն: Նվազագույն գինը սկսվում է միջինը 600 դոլարից Նովոսիբիրսկով թռիչքների համար:
Օդային հեռավորությունը Հայաստանի և Չինաստանի միջև կազմում է 3690 մղոն կամ 5938 կմ, ուղիղ թռիչքը կտևի մոտ 6-7 ժամ:
Հաշվի առնելով Չինաստանի ներուժը, այն կարող է մեզ համար լինել ներգնա զբոսաշրջության մեծ աղբյուր, ուստի անհրաժեշտ է թիրախավորված մարքեթինգ իրականացնել Չինաստանի նպատակային շուկաներում: Հայաստանն իր հին ու հարուստ պատմությամբ ու մշակույթով կարող է գրավիչ լինել չինացի զբոսաշրջիկների համար՝ նրանց առաջարկելով պատմամշակութային, ագրո- և էկո-, առողջարանային, բժշկական, արկածային, գաստրոնոմիական և զբոսաշրջության այլ տեսակներ:
Բացի այդ կարելի է ձևավորել համատեղ զբոսաշրջային փաթեթ հարևան Վրաստանի և Իրանի հետ և կազմակերպել Չինաստանից զբոսաշրջիկների մուտքը տարածաշրջանի 3 երկրներ:
Կարծում ենք՝ հայ-չինական զբոսաշրջային կապերը կարող են ակտիվանալ նաև «Մետաքսի նոր ճանապարհ»-ին Հայաստանի հնարավոր ներգրավման դեպքում, քանի որ Հայաստանը կլինի տարանցիկ գոտի Արևմուտքի և Արևելքի միջև:
Այսպիսով, հաշվի առնելով տարեց տարի Չինաստանից Հայաստան այցելությունների թվի աճը, կարող ենք ասել, որ մեծանում է հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, ուստի նպատակային մարքեթինգային և այլ միջոցառումների արդյուն-քում Չինաստանը մեզ համար զբոսաշրջային հոսքի մեծ աղբյուր կարող է հանդի-սանալ: