Հայտարարություն

05.11.2020
Դիտումների քանակ՝ 1065

«Պետական բարձրագույն ուսումնական հաստատություննների ռեկտորների խորհուրդ» հասարակական կազմակերպության հայտարարությունը թուրք-ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ։

Հարգարժա՛ն գործընկերներ և միջազգային ակադեմիական հանրության ներկայացուցիչներ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ և միջազգային վարձկան ահաբեկիչների ակտիվ ներգրավմամբ, ոտնահարելով մարդասիրական իրավունքի նորմերը, ազգերի ինքնորոշման սկզբունքը, անտեսելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ համավարակի ընթացքում համընդհանուր հրադադարի կոչը, ռազմատենչ հռետորաբանությունից անցավ լայնամասշտաբ հարձակման Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության սահմանների ողջ երկայնքով: Ադրբեջանցի ագրեսորները, կիրառելով միջազգային հումանիտար իրավունքով արգելված զինատեսակներ, կրակ են բացել ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև Հայաստանի Հանրապետության սահմանի երկայնքով՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը և քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունները, ավերելով դրանք և պատճառելով բազմաթիվ մարդկային կորուստներ, ինչպես նաև խաթարելով կրթության իրավունքը:

Թուրքիան, օգտագործելով Ադրբեջանի տարածքային նկրտումների պատրվակը, իր զավթողական հեռահար նպատակների իրագործման ճանապարհին ակտիվ ջանքեր է գործադրում պատերազմի բորբոքման ուղղությամբ՝ ներգրավելով վարձու մարդասպան-ահաբեկիչների։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոչ միայն անում է հնարավորը՝ 1915 թ. իր նախնիների կողմից իրականացված Հայոց ցեղապանության լիակատար իրագործման համար, այլև փորձում է քայլ առ քայլ իրագործել պանթուրքիզմի գաղափարը։ Նրա վարած՝ կեղծիքով ու զրպարտանքով սեփական շահերը քողարկելու քաղաքականության հետևանքով արդեն տուժել են նաև մի շարք այլ երկրներ՝ Հունաստանը, Կիպրոսը, Սիրիան, Լիբիան և Իրաքը: Եվ հենց նրա այս երկդիմի և ագրեսիվ քաղաքականությունն է հիմք ընձեռում աշխարհի առաջադեմ վերլուծաբաններին և փորձագետներին ճշգրտորեն մատնանշելու այդ որդեգրած մարտավարության և դրա աշխարհաքաղաքական զարգացումների աղետալի հետևանքների վտանգը:

Ավա՜ղ, պատմության փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր չկանխված պատերազմ և ագրեսիայի դրսևորում հանգեցնում է աղետալի հետևանքների: Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը, Կամբոջայի և Ռուանդայի ցեղասպանությունները ապացուցում են, որ յուրաքանչյուր չկանխված ագրեսիա ծնում է էլ ավելի մեծ ողբերգություն՝ ի ցույց դնելով այդ աղետալի երևույթի պատմական տրամաբանությունը:

Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության հայ բնակչությունը, որը դարեր շարունակ կազմել է այդ տարածաշրջանի բնակչության ճնշող մեծամասնությունը, գտնվելով բնաջնջման տևական սպառնալիքի, իսկ սեպտեմբերի 27-ից ի վեր՝ արդեն իրական վտանգի տակ, իրավունք ունի լիակատար ինքնորոշման՝ ի դեմս սեփական անկախ պետականության հաստատման: Արցախի (Լեռնային Ղարաբաղ) անկախության միջազգային ճանաչումն է այն բանաձևը, որ հնարավորություն կտա կանխելու բնաջնջման և էթնիկ զտման ադրբեջանաթուրքաահաբեկչական կոալիցիայի ներկայիս լայնածավալ ագրեսիան և ապահովելու երկարատև խաղաղություն տարածաշրջանում:

Ելնելով վերոշարադրյալից, ինչպես նաև քաջ գիտակցելով, որ առկա զարգացումներում տարածաշրջանում գլուխ է բարձրացնում նաև ծայրահեղ վտանգավոր միջազգային ահաբեկչությունը, մենք՝ Հայաստանի Հանրապետության համալսարանական հանրությունը, խստագույնս դատապարտում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը և պատերազմական գործողությունները: Մենք կոչ ենք անում հանդես գալ միասնական ճակատով և ձևավորել խաղաղության իրական և գործուն պահանջ, այլ ոչ թե հռչակագրային կարգախոս: Կոչ ենք անում գործուն քայլեր անել ճանաչելու Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության անկախությունը, ինչը կծառայի միջազգային իրավունքով սահմանված նորմերի լիակատար իրացմանը, խաղաղության հաստատմանն ու ժողովրդավարական արժեքների ամրագրմանը:

Աներկբա վստահում ենք միջազգային համալսարանական հանրության հզոր ներուժին և հավատով ակնկալում նրա գործուն միջամտությունը՝ տարածաշրջանում սանձազերված ագրեսիան կանխելու և մարդկության խաղաղ զարգացմանը նպաստելու գործում:

Պետական բարձրագույն ուսումնականհաստատությունների ռեկտորների խորհուրդ