Մեկնարկում է Դավիթ Գրիգորյանի անվան կրթամրցանակի մրցույթը

02.10.2023
Դիտումների քանակ՝ 1293

ՀՊՏՀ սիրելի′ ուսանողներ, «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում են երախտագիտության և հարգանքի «Ոսկե սերմեր» նոր կրթամրցանակի մրցույթի մեկնարկը։

Կրթամրցանակը նվիրված է Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ուսանող Դավիթ Լյովայի Գրիգորյանի հիշատակին։

Տաղանդաշատ երիտասարդի և հայրենատեր քաղաքացու մասին՝ այստեղ։

Պայմանները

Նախատեսվում է տարեկան 300,000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով կրթամրցանակ ՀՊՏՀ բակալավրիատի (սկսած 2-րդ կուրսից) կամ մագիստրատուրայի այն ուսանողին, որի տվյալները կհամապատասխանեն հետևյալ պայմաններին․

  • բարձր առաջադիմություն,
  • գիտահետազոտական աշխատանք,
  • նորարարական միտք,
  • հասարակական ակտիվություն։

Մրցույթին մասնակցելու կարգը

Մրցույթին մասնակցելու համար մինչև 2023 թ․ նոյեմբերի 10-ը studentssientificsociety@gmail.com էլհասցեին կարող եք ուղարկել ձեր

  • CV-ն,
  • մոտիվացիոն նամակը,
  • կրթական և գիտական հաջողությունները վկայող փաստաթղթերը։

Կրթամրցանակակրի ընտրության պատշաճ ընթացքը կկազմակերպի հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են ՀՊՏՀ դասախոսներ, փորձագետներ, Դավթի ընտանիքի անդամներ և «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի ներկայացուցիչներ: Կրթամրցանակի հովանավորը Գրիգորյան ընտանիքն է։

Մրցունակ կրթությունն ու գիտությունն են այն հիմնարար հենասյուները, որոնց վրա պետք է կառուցվի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ապագան։ Այս մասին են երազել Դավիթ Գրիգորյանը և անմահացած մեր մյուս հերոսները՝ մեր ոսկի սերմերը, որոնց մենք զարգացող Հայրենիք ենք պարտք։

«Մեզ թաղեցին, բայց մենք սերմեր էինք»․ սա է ծրագրի կարգախոսը։ Ոսկի սերմերից ոսկի ծիլեր դուրս կգան։